2021 թվականի հոկտեմբերի 1-ին լրացավ հայ ավանդականներից Ռամկավար Ազատական կուսակցության 100-ամյակը: Նրա անցած մեկդարյա ոչ հեշտընթաց ճանապարհը լի է եղել մաքառումներով, զանազան հաջող նախաձեռնություններով ու նաեւ խորը հիաթափություններով: Սակայն մշտապես է եղել շատ կարեւոր մի հանգամանքՙ անկախ իրավիճակից կուսակցությունն ի դեմս իր նվիրյալների, երբեք չընկրկեց դժվարությունների առաջ եւ հպարտ ու գալիքի հաղթանակների հստակ գիտակցումով ընթացավ իր գոյության բոլոր տարիների ընթացքում:
Հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի երկարատեւ ընթացքի կարեւորագույն սահմանագիծ է 1885թ., երբ թուրքական դժնդակ պայմաններում տառապող եւ երբեմն-երբեմն աշխարհին ապրելու իր իրավունքը ազդարարող հայ ժողովուրդը ինքնակազմակերպման տեւական փնտրտուքից հետո կարողացավ թոթափել դարավոր ընդարմացումը եւ երկնեց Արմենական կուսակցությունը : Քաղաքական կազմակերպություն, որը պիտի մեկտեղեր հայերի համար ընդունելի տեսական ու գործնական պայքարի բոլոր հնարավոր ձեւերը:
Արմենական կուսակցության գաղափարական հայրերն էին Մկրտիչ Խրիմյանը եւ Մկրտիչ Փորթուգալյանը, իսկ հիմնադիրն ու առաջնորդըՙ Մկրտիչ Թերլեմեզյան-Ավետիսյանը#: Հենց այդ Մկրտիչների «շունչին տակ» Վան-Վասպուրականում հասակ առավ մի սերունդ, որը հանուն բաղձալի ազատության պատրաստ էր զոհաբերելու ամեն ինչ, նույնիսկՙ կյանքը: Գործնական քայլեր ձեռնարկելով նվիրյալների այդ փաղանգը կրթում-լուսավորում էր ժողովրդին, զինավարժում երիտասարդությանը, զենք կուտակում, մասնաճյուղեր հիմնում եւ անում ամեն ինչ ապագա փոթորիկներին դիմակայելու եւ ազատության դրոշը պարզելու համար: Կուսակցության կազմակերպական վերելքի շրջանում վրա հասավ ծանր մի փորձությունՙ Վանի 1896թ. հերոսական ինքնապաշտպանությունը: Արմենականները Մ. Ավետիսյանի ղեկավարությամբ եւ ՀՅԴ ու Հնչակյան կուսակցությունների գործուն աջակցությամբ կարողացան Վան-Վասպուրականի հայությանը փրկել վերահաս կոտորածներից: Սակայն Ս. Բարդուղիմեոս վանքի հարակից դաշտում աննախադեպ կորուստներ ունեցան ու թեեւ հետագայում կարողացան որոշ չափով շտկել իրերի դրությունը, սակայն այլեւս նախկին հզորությունը չունեցան:
1908թ. տեղի ունեցավ երիտթուրքական հեղաշրջումը եւ երկրում սահմանադրորեն հռչակվեցին դեմոկրատական ազատություններ: Արմենականները եւս կուլ տալով «երիտասարդ» շապիկ հագած եւ ժողովրդավարություն քարոզող թուրքական ոճրագործ իշխանությունների խայծը, քաղաքական մյուս բոլոր ուժերի նման, հանդես եկան նոր վերաձեւված մտածողությամբՙ առաջարկելով համակիր բոլոր ուժերին միավորվել մեկ քաղաքական կազմակերպության մեջ: Արմենական եւ Վերակազմյալ Հնչակյան կուսակցությունների միջեւ տեղի ունեցան միավորման բանակցություններ, որոնք ավարտվեցին 1908թ. հոկտեմբերի 31-ինՙ Հայ Սահմանադրական Ռամկավար կուսակցության (ՀՍՌԿ) ստեղծմամբ#: Կուսակցությունը հրաժարվեց արմենականության հետապնդած քաղաքական նպատակներից, որդեգրած ռազմավարությունից ու մարտավարությունից եւ իր նպատակ հռչակեց «վերականգնված» Օսմանյան սահմանադրության էլ ավելի դեմոկրատացումը: Երկրի ամբողջականության եւ անկախության պահպանման պայմաններում հայության ազգային ինքնության հետագա զարգացումը, մերժելով որեւէ անջատողական մտայնություն:
1908թ. տեղի ունեցած «հեղափոխության» խաբկանքը, որը ծնունդ էր տվել ՀՍՌ կուսակցությանը, շատ շուտով հայտնի դարձավ իր իրական նպատակներով: Հայ ժողովրդի բնաջնջման, իր հարազատ տարածքներից նրա բռնավտարման քաղաքականությունը, որ որդեգրել էր «նոր ու հեղափոխական» իշխանությունը, պարտադրեց «սահմանադրականներին» սթափվել, մի կողմ նետել թուրքական կայսրությունում դեմոկրատական բարեշրջումների միջոցով հայ ժողովրդի համար ազգային կեցության եւ զարգացման երազախաբությունը: Հստակ դարձավ այլեւս, որ կուսակցության որդեգրած ծրագիրը ժամանակավրեպ է: Այդ պատճառով էլ ՀՍՌԿ-ն սկսած 1910-ական թթ. վերջերից գործնականում հազվադեպ էր օգտագործում, իսկ շուտով ամբողջապես իր վրայից նետեց «Սահմանադրական» ինքնանվանումը (պաշտոնապես դա վավերացվեց ավելի ուշ-Ս.Ս.) եւ «հիմնական նպատակի խնդրում գրեթե ամբողջովին վերադարձավ Արմենական կուսակցության սկզբունքներին»: Չնայած որ այս փոփոխությունը ծրագրային տեսքով արձանագրվեց միայն 1919 թվականին, սակայն մինչ այդ կուսակցական մամուլը լի է արմատներին վերադառնալու կոչերով, հատկապես, երիտթուրքական սահմանադրությունը «սին ու պատիր» որակումներով եւ ծրագրային փոփոխություններ կատարելու ցանկությամբ: Ուղղակի սկսված համաշխարհային պատերազմը, Մեծ եղեռնը եւ այլ օբյեկտիվ պատճառներ ի մի հավաքելու եւ կուսակցության նոր ծրագիր մշակելու հնարավորություն չէին տալիս: Կասկածից դուրս է նաեւ, որ ՀՍՌԿ-ին փոխարինելու եկած ՌԱ կուսակցության ծրագիրը զերծ էր արմենականության հեղափոխական ռոմանտիզմից, եղեռնի դաժան փորձությունից իմաստնացած էր ու առաջ էր քաշում ժամանակի համար բավական իրատեսական պահանջներ:
Դեռեւս 1919թ. Փարիզում Ազգային պատվիրակության շուրջը համախմբված մտավորականության մեջ շարժում է սկսվում միավորելու Սահմանադրական ռամկավար եւ Վերակազմյալ հնչակյան կուսակցությունները: 1919թ. հունիսի 5-ին միավորման գաղափարով տոգորված նշանավոր գործիչներ Արշակ Չոպանյանը , Արշակ Սաֆրաստյանը , Միհրդատ Միհրդատյանցը , Նշան Տեր-Ստեփանյանը , Երվանդ Աղաթոնը , Պողոս Էսմերյանը , Տիգրան Կամսարականը , Գարեգին Ֆնտըգլյանը , Էմիլ Շահինյանը , Նորայր Մարտիրոսյանը եւ ուրիշներ կազմում են «Հայ Ազգային Ազատական Միությունը» եւ Փարիզում սկսում են հրատարակել «Հայաստան» պարբերականը: Հայ Ազգային Ազատական միությանը (այսուհետեւ` ՀԱԱՄ-Ս.Ս.) ակտիվորեն գործակցում էին Վ. Թեքեյանն ու Ա. Թերզիպաշյանը : «Հայաստանի» առաջին համարում Ա. Չոպանյանը մի հոդված է հրապարակում, ուր քննադատելով միասնության բացակայությունը հայ ազգի մեջ, ողջունում է Վերակազմյալ հնչակյան, Սահմանադրական ռամկավար եւ Հայ Ժողովրդական կուսակցությունների միավորման գաղափարը: Նույնանման տեսակետներով հանդես են գալիս նաեւ Փարիզում գտնվող ՀԺ կուսակցության «երկու վարիչները»ՙ Միքայել Պապաջանյանը եւ դոկտոր Էնֆիաջյանը : Նախաձեռնող խմբի ջանքերով հրավիրվում է ՀԱԱՄ-ի հիմնադիր ժողով, որտեղ նորաստեղծ միության դերի ու նպատակների լուսաբանմամբ ելույթ է ունենում Մ. Միհրդատյանցը : Խոսելով ՀԱԱՄ-ի դերի մասին, բանախոսը նշում է, որ դա համանման ծրագրեր ունեցող երեք կուսակցությունների (ՀՍՌ, Վերակազմյալ, Հժ) միավորումն է «չեզոքների ամենաստուար մեծամասնութեան հետ»: Այնուհետեւ, ըստ Մ. Միհրդատյանցի, գոյացած ազգային-ազատական մեծ մարմնին պիտի միանան մյուս կուսակցությունների բոլոր այն անդամները, որոնք «հակում չպիտի ունենան ծայրայեղ ընկերվարական ձգտումներուն հետեւիլ»:
ՀՍՌ կուսակցության Հայաստանի շրջանակն էլ 1919թ. գումարեց համագումար, որն ընդունեց «Հայ Ռամկավար կուսակցություն» անվանումը, իսկ Ամերիկայի շրջանակը նույնՙ 1919թ. հիմնում է նորՙ «Ազգային Ռամկավարական կուսակցություն» անունով կազմակերպությունը:
1920թ. սեպտեմբերին Կ. Պոլսում տեղի ունեցավ ՀՍՌԿ Գ Ընդհանուր պատգամավորական ժողովը: Այն ընդունեց ծրագիր, որի ամենաառաջին թեզն էր. «Կուսակցութեան անունն է. Հայ Ռամկավար կուսակցութիւն»:
Այդ նույն ժամանակահատվածում նմանատիպ գործընթաց էր տեղի ունենում նաեւ Վերակազմյալ հնչակյան կուսակցության մեջ: 1908 թվականից ինքնուրույն գոյատեւող ոչ բազմանդամ այս կուսակցությունը, որը եւս որդեգրել էր աստիճանական բարեփոխումների (ռեֆորմների) ուղին, պահանջում էր Արեւմտյան Հայաստանի ինքնավարություն Թուրքիայի կազմում` եվրոպական վերահսկումով: Վերջիններս, որ ավելի չափավոր էին, քան Սահմանադրական ռամկավարները, Եղեռնից հետո եւս սթափվեցին եւ սկսեցին նորովի գնահատել իրականությունը: Արդեն 1918թ. նոյեմբերին Վերակազմյալ հնչակյան կուսակցության ամերիկյան հատվածը որոշում է, որ իրենք այլեւս «կկոչվին Հայ Ազատական Կուսակցութիւն»#, իսկ մի ուրիշ փաստաթղթում հայտարարում են. «Վաղը` Հայկական ազատութեան օրերուն` Վերակազմեալ Հնչակեան կուսակցութիւնը` իբր Ազգայնական Ազատական կուսակցութիւն պիտի աշխատի հետայսու»: Մի այլ վավերագրում էլ կազմակերպությունը պարզապես անվանվում է «Ազատական Կուսակցութիւն»: «Անշուշտ,- իրավացիորեն գրում է հարցի խորագիտակ Կառլեն Դալլաքյանը,- նոր անվանումների որոնումներն արդեն իսկ վկայում են, որ հիշյալ կուսակցությունները (ՀՍՌԿ եւ Վերակազմյալ հնչակյան-Ս.Ս.) ջանում էին դեն նետել նախկին տարազը»:
Սակայն խնդիրը լոկ անունների մեջ չէր: Առաջացել էին նոր պայմաններ` Եղեռն, Սփյուռք (որպես նոր որակի գաղթաշխարհ), հայոց պետականության վերականգնում եւ այլն, որոնց զուգահեռ ծնվել էին նոր խնդիրներ: Եվ պատահական չէր, որ թե՛ Հայ Ռամկավար եւ թե՛ Ազատական նորաստեղծ կուսակցությունների ծրագրերում հիմնական գաղափարը հայության ֆիզիկական գոյության ապահովումն էր, որին ստորադասվում էին մնացած բոլոր ձգտումները: Հենց այդ նպատակով էլ առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ռամկավարներն իրենց գլխավոր առաքելությունը համարեցին աշխարհով մեկ սփռված հայ գաղթականության օգնության կազմակերպումը եւ նրան դեպի Արեւելյան Հայաստան վերադարձին օժանդակելը, որի համար ստեղծվեց «Հայաստանի Վերաշինաց հանձնաժողովը» : Դրա համար ՀՌԿ-ն մաս կազմեց Արեւմտահայ եւ նրան ենթակա Ապահովության խորհուրդներին եւ իր ավանդը ներդրեց Թուրքիայից առժամանակ ազատագրված Արեւմտյան Հայաստանի վերաշինության գործին:
Հետեղեռնյան տարիներին հայ քաղաքական-հասարակական ուժերը ծավալել էին Եղեռնից հրաշքով կենդանի մնացած որբերին հավաքելու շարժում: Ռամկավարներն զգալի քայլեր կատարեցին այդ ուղղությամբ: Ազգանվեր այդ գործում հատկապես աչքի ընկավ ռամկավար գործիչ Ռուբեն Հերյանը : Պատերազմից հետո, անտեսելով անասելի դժվարություններն ու իրական վտանգը, Հերյանը թափառում էր արաբական անապատներումՙ իրեն նվիրելով հայ որբեր փնտրելու, գտնելու եւ որբախնամ կազմակերպություններին հանձնելու ծանր առաքելությանը: Ծպտվելով անգլիական պաշտոնյայի կամ ամերիկյան միսիոների հագուստներովՙ ազգանվեր գործիչը հարյուրավոր որբերի է ազատում անապատներից ու թուրքական հարեմներից: Հերյանը կոչով հորդորում էր ամերիկահայությանն ու եգիպտահայությանը իրեն գումարներ տրամադրել, որ կարողանա արաբ շեյխերին կաշառելով գլուխ բերել որբափրկիչ այդ գործը: Հաջողելով որոշակի գումար հայթայթելՙ Հերյանը ծրագրում էր կրկին մեկնել անապատներ: Այս մտադրությամբ նա ժամանում է Կահիրե, որտեղ սակայն 1921թ. հուլիսի 7-ին հանկարծամահ է լինում:
Փարիզի խաղաղության կոնֆերանսում ռամկավարները պաշտպանում էին Ազգային պատվիրակության տեսակետները: 1921թ. Լոնդոնի կոնֆերանսում եւ Լոզանում նրանք շարունակեցին աջակցել Պողոս Նուբարի պատվիրակության դիվանագիտական ջանքերին, այն խորին համոզմամբ, որ Միացյալ եւ Անկախ Հայաստանը պիտի բաղկացած լինի Արեւմտյան եւ Արեւելյան Հայաստաններից, Կիլիկիայից ու անպայման ելք ունենա դեպի ծով:
Կուսակցության այդ շրջանի գործունեության կարեւոր գործառույթներից էր այն, որ Եգիպտոսի շրջանակը ծրագրում է Անգլիայից գնել 20 ինքնաթիռ, «օժտելու համար Հայաստանի բանակը օդային տորմիղով մը»#: Անհրաժեշտություն է առաջանում նաեւ պատրաստել օդաչուներ հայկական բանակի համար: Այդ նպատակով դիմումներ են արվում Իզմիրի եւ Ամերիկայի ռամկավար շրջանակներին, որպեսզի 50 օդաչու պատրաստեն: Օդանավերի համար բանակցություններն ընթանում են անգլիական զինվորական իշխանությունների հետ` 1920թ. ապրիլից-օգոստոս: Մինչ հոկտեմբեր գնվում է 10 ինքնաթիռ, իսկ նոյեմբերի 27-ին նաեւ մնացած 10 (յուրաքանչյուր ինքնաթիռ գնահատված էր 100 եգիպտական ոսկի): Բայց մինչեւ ռամկավար շրջանակները զբաղված էին օտար օդաչուներ գտնելու եւ հայերից օդաչուներ պատրաստելու գործով, իրադրությունը կտրուկ փոխվում է: Թուրք-հայկական պատերազմում հայկական բանակի պարտությունից եւ Հայաստանի խորհրդայնացումից հետո անգլիական իշխանություններն արգելում են ինքնաթիռները Հայաստան ուղարկել:
Ռամկավարներն այս շրջանում նաեւ շատ ջանքեր թափեցին, որպեսզի ԱՄՆ-ի Սենատն ընդունի Հայաստանի մանդատը, սակայն դա չիրականացավ: 1920թ. մայիսի վերջերին ԱՄՆ Սենատը քննարկեց այդ հարցը եւ 23 կողմ 52 դեմ ձայների քանակով մերժեց:
1921թ. շարունակվող միության բանակցությունները Հայ Ռամկավար եւ Ազատական կուսակցությունների միջեւ փետրվարին մտնում են ավարտական փուլ: Կողմերը համաձայնության են գալիս միասնական ծրագրի ու կանոնագրի շուրջ: Որոշ բանավեճի տեղիք է տալիս միայն նոր կազմավորվող կուսակցության անվան հարցը: Բանակցություններն ընդհանրապես ընթանում էին Մ. Սվազլի եւ Ա. Թերզիպաշյանի փոխնիփոխ ատենապետությամբ եւ կառուցողական ու համերաշխ մթնոլորտում: Նիստերից մեկում վերակազմյալ Մ. Գալֆայանն առաջարկում է նոր ստեղծվելիք կուսակցությունն անվանել «Ազատական Ժողովրդապետական», որը միանշանակ չի ընդունվում եւ երկար բանավեճերի առիթ է դառնում: Ի վերջո ռամկավար Ա. Ինճիճյանն առաջարկում է «Ազատական Ռամկավար» անունը: Սակայն կուսակցության անվան հարցը հետաձգվում է մինչեւ միության բանակցություններին Հայ Ժողովրդական կուսակցության մասնակցության խնդրի վերջնական ճշտումը: 1921թ. օգոստոսին ՀԺԿ ներկայացուցիչ Մ. Պապաջանյանը մեկնում է Կ.Պոլիս, հանդիպում ունենում ռամկավարների ու վերակազմյալների հետ, որի արդյունքում վերջնականապես պարզվում է, որ ՀԺԿ-ն ստեղծվելիք միությանը չի մասնակցելու:
Միության բանակցությունները գրեթե զուգահեռաբար ընթանում էին նաեւ ռամկավարների ու վերակազմյալների ամերիկյան հատվածների միջեւ եւ մշտական կապ էր պահպանվում նրանց ու Կ.Պոլսի կենտրոնների հետ: Երկար քննարկումներից ու բանավեճերից հետո, մասնավորապես միմյանց հասցեին կուսակցական պարբերականներում (ռամկավարական «Ժողովուրդի Ձայն» եւ ազատական «Առավոտ») հնչած ոչ տեղին ու անհարկի փոխադարձ մեղադրանքների խնդիրը հարթելուց հետո 1921թ. սեպտեմբերին միության պայմանները վերջնականապես մշակելու եւ ի մի բերելու համար երկու կուսակցությունների կողմից ընտրվում են հավասար թվով` երեքական ներկայացուցիչ: Այդ թվում ռամկավարներիցՙ Ա. Մալեմեզյանը , Կ. Փափազյանը եւ պրոֆ. Լ. Անանիկյանը, իսկ ազատականներից` Հ. Ծովիկյանը , Լ. Կյուլեզյանը եւ Ա. Տեր-Մարկոսյանը : Բանակցություններն սկզբում ընթանում էին ազատականների ամերիկյան շրջանակի Բոստոնում հրատարակվող պաշտոնաթերթ «Պահակի» խմբագրատանը:
Ի վերջո տարբեր տեղերում մաս-մաս եւ զուգահեռաբար ընթացող բանակցությունները, որոնք ընդհանրապես ընթանում էին կառուցողական մթնոլորտում եւ խոչընդոտները հաղթահարելու նպատակամղումով, տալիս են բաղձալի արդյունք: Ռամկավար եւ Ազատական կուսակցությունների լիազորները համաձայնում են միության վերջնական պայմաններին եւ նոր կուսակցության կազմավորմանը, որը պիտի կրեր «Ռամկավար-Ազատական» (Democrat-Liberal) անունը: Այն հռչակվում է Կ.Պոլսում` 1921թ. հոկտեմբերի 1-ին: Նոր կուսակցության ստեղծման փաստաթուղթը ստորագրում են ազատականներից` կենտրոնական վարչության անդամներ Մ. Սվազյանը , Հ. Երվանդը , Լ. Գույումջյանը , ռամկավարներից` Ա. Թերզիպաշյանը , Ա. Ինճիճյանը , Գ. Պեոզիկյանը :
Հիմնարար փաստաթուղթը, որ կրում էր «Ռամկավար եւ Ազատական կուսակցութեանց միութեան» վերնագիրը, հայտարարում էր, որ «Ազգայնական երկու կուսակցություններու (ՀՌԿ եւ ՌԱԿ-Ս.Ս.) միացումին համար յառաջ տարված բանակցությունները հաջողությամբ վերջացած ըլլալով այսօր կհռչակենք անոնց անպայման եւ վերջնական միությունը` Ռամկավար Ազատական կուսակցություն անունին տակ»: Նորակազմ կուսակցությունը համագործակցության էր հրավիրում «ազգանվեր բոլոր կազմակերպություններին, որոնք այլեւայլ կերպով նվիրված են Հայաստանի ազատության եւ վերաշինության գործին»:
Ռամկավար Ազատական նորաստեղծ կուսակցությունը թիվ մեկ շրջաբերականով կուսակցության բոլոր շրջանային վարչություններին ու ակումբներին տեղեկացնում էր միության ակտի մասին եւ շեշտում, որ այն ինքնանպատակ չէ եւ բոլոր կուսակցականներին պարտավորեցնում է այսուհետեւ ավելի համախմբված լծվել հայանպաստ գործունեության: Իսկ Կալիֆոռնիայի շրջանի պաշտոնաթերթ «Նոր կեանքի» խմբագիր Սարաֆյանը «Հայ ռամկավար կուսակցութիւնը» հոդվածում գրում է. «Մեզի համար հայ ազգի ուրոյն գոյութիւնը ամենասուրբ գաղափարական մըն է, զի հայ ազգի ինքնուրոյն գոյութեան պահպանումը ապահովելու համար էր, որ հայ ժողովուրդը դարերու ընթացքին յանձն առաւ քալել խաչի ճամփայէն»: Իսկ ինչ վերաբերում է «ռամկավար» բառին, ապա նշվում է, որ «կուսակցութիւնը կը հաւատայ, թէ հայ ժողովուրդը միշտ ձգտած է դէպի ռամկավարութիւն: Անիկա կը հաւատայ,- գրում է Սարաֆյանը,- թէ հայ ժողովուրդը Հայաստանի անկախութեան հոյակապ տաճարը պիտի կանգնէ ռամկավարութեան անխորտակելի հիմունքին վրայ ուր հաստատուած են Ամերիկայի, Անգլիայի, Ֆրանսիայի ազատական պետութիւնները»:
Նախկին կուսակցությունների բոլոր շրջանակները շտապեցին ողջունել միությունը: Միության հայտարարությունից հետո աշխարհի տարբեր հայաշատ կենտրոններում, որտեղ կային երկու կուսակցությունների տեղական կազմակերպություններ, միավորման գործընթացը շարունակվում էր: Նույնը կատարվում է նաեւ ՀՌԿ եւ ԱԿ պաշտոնաթերթերի հետ. նրանք միանում են եւ միասնական խմբագրակազմով լույս են տեսնում համատեղ անվամբ, ինչպես օրինակ «Ազգ» եւ «Պահակ» օրաթերթերը միացան եւ շարունաեցին լույս տեսնել «Ազգ-Պահակ» միասնական անվամբ: Լավատես ու հուսադրող հեռանկարներով խանդավառված, բազմաթիվ ոչ կուսակցականներ եւ խմբակներ ընդունվեցին նորակազմ ՌԱԿ-ի շարքերը, եւ նորածին ՌԱԿ-ը քանակով ու որակով հասավ բավականին բարձր մակարդակի:
Ստեղծված նոր` Ռամկավար ազատական կուսակցությունն (ՌԱԿ) ուներ իր յուրահատուկ խնդիրները եւ նոր որակ էր հայ քաղաքական կյանքում: Վերածվելով գաղութահայ կարեւոր գործոնի, նորածին կուսակցությունը հետապնդում է երկու գլխավոր նպատակՙ ազգապահպանում եւ Հայ դատի հետապնդումՙ միաժամանակ աշխատելով բոլոր հնարավոր միջոցներով օժանդակել հայրենիքի բարգավաճմանն ու հզորացմանը:
1922թ. հունիսի 2-ին Կ. Պոլսի Գնալը կղզում գումարված ՌԱԿ-ի անդրանիկ համագումարը հստակ նշեց այն ճանապարհը, որով պիտի հետագայում ընթանար կուսակցությունը: Չկիսելով կոմունիստական վարչակարգի գաղափարախոսությունն ու գործելաոճը, ռամկավարները ճիշտ կողմնորոշվեցին ստեղծված խառնաշփոթ իրավիճակում եւ հայտարարեցին, որ Խորհրդային Հայաստանում առնվազն հայ ժողովրդի գոյությունն ապահովված է արդեն եւ Արեւմտահայաստանի Դատը հետապնդելու հետ միասին, իրենք բոլոր հնարավոր միջոցներով կաջակցեն Հայաստանի տնտեսական եւ բարոյական վերաշինությանը:
Մեծ ջանքերի գնով հաջողվեց 1924-25թթ. կազմակերպել հինգհազարանոց քարավանի ներգաղթը հայրենիք: Առավելապես ՌԱԿ-ի ջանքերով սկսեց կառուցվել ու ամրապնդվել հայրենիք-սփյուռք կամուրջը: 1924թ. հունվարի 14-ին Փարիզում տեղի ունեցած երկրորդ ընդհանուր պատգամավորական ժողովը կարեւոր դերակատարություն ունեցավ կուսակցության համար, որովհետեւ նրա որդեգրած ուղեգիծը գրեթե նույնությամբ շարունակվեց եւ հասավ մինչեւ մեր օրերը: Համագումարը մասնավորապես բանաձեւեց, որ սփյուռքահայությունը կգործի հայրենիքի կառավարությանը համախորհուրդ, կաջակցի հայրենիքի վերաշինությանը, ազգահավաքման եւ ազգապահպանման գործին, ավելի կկազմակերպի հայ գաղութները եւ կամրապնդի հայրենիք-սփյուռք կապերը:
Մշտապես հավատարիմ մնալով կուսակցության տեսական եւ գործնական քայլերի միասնականության սկզբունքներին, ՌԱԿ-ը սատար կանգնեց ՀԲԸՄ-ի, 1922թ. ծնունդ առած ՀՕԿ-ի, Կարմիր խաչի Հայաստանի մասնաճյուղի հայրենանվեր գործունեությանը, երկրորդ համաշխարհայինի տարիներին հակաֆաշիստական պայքարին եւ, հատկապես, 1924-48 եւ 1967թթ. ծավալված զանգվածային կամ մասնակի ներգաղթերին: Խիստ կարեւոր դերակատարություն ունեցավ ՌԱԿ-ի ծավալած հայանպաստ եւ հայրենանպաստ քարոզչական աշխատանքը, որին լավագույնս ձեռնամուխ էին այն բազմաքանակ պարբերականները, որոնք մեծագույն զոհողությունների գնով լույս էին ընծայվում ռամկավարներն աշխարհի տարբեր մասերում:
Իր կազմավորման հենց սկզբից ՌԱԿ-ը շարունակաբար հետապնդեց Հայ դատը, մինչեւ որ 1965թ. տեղի ունեցան համազգային հուշատոներն ու երջանկահիշատակ Գերսամ Ահարոնյանի խմբագրությամբ լույս տեսավ «Յուշամատեան Մեծ Եղեռնի» կոթողային հատորը: Հետաքրքրական է, որ 1971թ. ՌԱԿ-ի 13-րդ համագումարում բանաձեւվեց. «Հետապնդել Հայկական դատը, արեւմտահայ նահանգները ազատելու եւ հայերուն վերադարձնելու նպատակով: Միաժամանակ սկսիլ Ղարաբաղն ու Նախիջեւանը բարեկամական դիմումներով եւ այլ ճանապարհներով վերստանալու աշխատանքները, որովհետեւ Ղարաբաղն ու Նախիջեւանը կսպասեն իրենց իրավատերերուն»: Ընդհանրապես, ՌԱԿ-ը մշտապես ունեցել է մեկ գերագույն նպատակՙ հայ ժողովրդի ազատությունն ու իր իրավունքների վերականգնումը պատմական հայրենիքում: Նրա գոյատեւման ապահովությունը, որպեսզի կարողանա իր ազգային ազնվագույն հատկանիշները զարգացնել, իր ստեղծարար աշխատասիրության, իր գեղապաշտ հոգու վեհ թռիչքների, իր իմացական հարաճուն հանճարի արգասիքներով հասարակության առաջադիմության տաժանելի ճիգին իր խոնարհ նպաստը մատուցել:
Հավատարիմ իր հայրենապաշտ դավանանքին, ՌԱԿ-ը ոչ միայն ամբողջովին սատար կանգնեց Արցախյան շարժմանը, Սպիտակի երկրաշարժից տուժածներին առավելագույն նպաստ բերելու գործին, այլեւ առաջամարտիկներից մեկը դարձավ Հայաստանի անկախացման գործում ու անմիջապես լծվեց բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով սատարելու նորանկախ հանրապետությանըՙ առկա բազմաթիվ ու բազմապիսի դժվարությունները հաղթահարելու համար:
Դառնալով նորանկախ Հայաստանի երրորդ հանրապետության խորհրդարանական կուսակցություններիցՙ ի դեմս նորածին ՀՌԱԿ-ի, եւ ունենալով մեծաքանակ խմբակցություններից մեկը, ռամկավարները կառուցողական ընդդիմության դիրքերից եւ հավատարիմ ազատական ռամկավար սկզբունքներին, շարունակեցին իրենց համեստ նպաստը բերել հայրենաշեն սրբազան գործին: Սակայն մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով այսօր կուսակցության հետագա ընթացքը շեղվել է իր զարգացման բնականոն ուղուց, ինչն, իմ խորին համոզմամբ, ժամանակավոր բնույթ ունի եւ մոտ ապագայում, հուսով եմ, կշտկվի, եւ ամեն ինչ կընթանա հարթ, խաղաղ եւ ստեղծագործական նվաճումներով լեցուն ճանապարհով: Որովհետեւ ոչ միայն ՀՀ-ում, այլեւ աշխարհի զարգացած բոլոր երկրներում, անհատի ազատության ու սեփականության իրավունքի հիմնարար դրույթները, որոնք ռամկավար-ազատական գաղափարախոսության հենքն են, կարողացել են քննություն բռնել, ապացուցել իրենց կենսունակությունը: Ավելին, ինչպես գրում է լիբերալ-դեմոկրատական գաղափարախոսության ժամանակակից տեսաբան Ֆ. Ֆուկույաման , «լիբերալ-դեմոկրատիան կարող է լինել մարդկության գաղափարական զարգացման վերջնակետը եւ մարդկային կառավարման վերջնական ձեւը», իսկ հայ ժողովուրդը դա հասկացել է սրանից ուղիղ 100 տարի առաջՙ ի դեմս ՌԱԿ-ի ստեղծման:
Շնորհավոր 100-ամյա հոբելյանդ, սիրելի ՌԱԿ…
Նկար 1. Հայ Սահմանադրական Ռամկավար Կուսակցութեան Ընդհանուր ժողովի մասնակիցները, Պոլիս, 1920
Նկար 2. ՌԱԿ Ա ընդհանուր պատգամաւորական ժողովի մասնակիցները, Պոլիս, 1922
Նկար 3. Ռամկավար Ազատական կուսակցութեան առաջին ընդհանուր պատգամաւորական ժողովի մասնակիցները, Պոլիս, 1922