Դավադրական բոլոր տեսությունները գոյության իրավունք են ստանում, երբ հետադարձ քննական հայացք ենք գցում 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին եւ դրանց հետեւած զարգացումներին, որոնք շարունակվում են արդեն երեք տարիՙ մեր երկրի ու ժողովրդի համար ողբերգական հետեւանքներով: Իշխանությունների ու գլխավոր իշխանավորի նկատմամբ մեր ունեցած համակրանքներից ու հակակրանքներից անկախ, ողջամիտ մարդու գնահատականը պիտի լինի այն, որ այս մարդիկ բնավ պետք չէ լինեին այն դիրքերում, պետության գլխին, որտեղ այժմ կան:
Անշուշտ դժվար է ասել, թե ինչ կանեին ուրիշները, կգտնեի՞ն ձեւերն ու միջոցները նվազ կորուստներով մեր երկիրը դուրս բերելու աշխարհաքաղաքական փորձանավոր այս ճգնաժամից, սակայն վստահորեն կարելի է պնդել, որ, առնվազն, այսպես եւ այսքան կուրորեն չէին մխրճվի ամեհի հորձանուտների մեջ:
Արցախյան 2-րդ պատերազմն իր մարդկային ու տարածքային կորուստներից, այլեւ մեր պետական ինքնիշխանության զիջումներից անդին, հանդիսացավ դեկտոնային փլվածք կամ բեկում, որին հետեւելու են, արդեն իսկ հետեւում են հզոր երկրաշարժները, ընդգրկելով եվրասիական գրեթե ողջ տարածքը:
Գույների թանձրացում չէ սա. մեր սահմաններին այսքան մոտիկ, նույնիսկ վրա, 44-օրյա պատերազմից ի վեր գրեթե ամեն շաբաթ տեղի ունեցող տարատեսակ զորավարժությունները, դրանց դիմաց եւ ընդդեմ այս օրերին իրանական ռազմական հզորանքի ցուցադրումը չունեն ուրիշ որակում, քան պատերազմի տրամադրվածություն: Իրանը թույլ չի տա աշխարհագրական փոփոխություններ սահմանակից երկրում, հատկապես Զանգեզուրում, որտեղով անցնում է իր կարեւորագույն ճանապարհը դեպի Վրաստան եւ Ռուսաստան: Թույլ չի տա փակել իր ճանապարհը եւ փոխարենը հաստատել այսպես կոչված հաղորդակցության նոր ուղիներ կամ միջանցքներ: Միջանցքներՙ որոնք եթե մինչեւ հիմա ծանոթ էին Չինաստանից մինչեւ Սեւ ծով, Ռուսաստան ու եվրոպական երկրներ ձգվող «Մետաքսի ճանապարհ» անունով, այժմ միջազգային որոշ վերլուծաբաններ կոչում են «Թուրքական ապագա միջանցք»: Միջազգային նույն վերլուծաբաններից ոմանք այժմ վերնագրերով իսկ հարց են տալիս, թե ո՞ւմ է պատկանում Զանգեզուրը…
Հետագա էջերում մեր վերլուծաբաններն ու հեղինակները ձեռնհասորեն անդրադառնում են Իրանի շուրջ թուրք-ադրբեջանական-իսրայելական սեղմվող օղակին եւ դրա հայաստանյան, ընդունենքՙ անզոր հակազդեցությանը: Հետեւաբար կարիք չկա, առայժմ, դրան անդրադառնալու: Բայց կարիք կա շեշտելու. ի՞նչ է անում Ռուսաստանը, տարածաշրջանի մեծ խաղացողը, որի իրավարարությամբ կնքվեց նոյեմբերի 9-ի տխրահռչակՙ մեզ համար կապիտուլացիոն համաձայնագիրըՙ կոմունիկացիաների վերաբացման իր խոստումով հանդերձ: Մի՞թե սա էր նախատեսվածը, այսինքն ոտնատակ անելով Հայաստանը ստեղծել «թուրքական միջա՞նցք»: Մի՞թե Ռուսաստանը ցանկանում էր Հայաստանը կտրված տեսնել Իրանից եւ հակառակը: Իսկապեսՙ ո՞ւմ է պատկանում կամ պատկանելու Զանգեզուրը, այսինքնՙ Հայաստանը, որն այսօր նման է այն էգ եղջերուին, որն ակնդետ սպասում է, թե արուներից ո՞վ կհաղթի…
Վիրավորակա՞ն է պատկերը, այո՛: Վիրավոր է ամբողջ Հայաստանը, հայ ժողովուրդը: Ու դրա մեջ մեղքի իր բաժինն ունի Կրեմլը, ի՛նչ էլ որ լինեն նրա պատճառաբանությունները: Մեկ էՙ մեր ժողովուրդը, մամուլը, վերջին օրերին, տեսնելով իրանական սպառազինության հզորանքըՙ ընդդեմ Ալիեւի լակոտական հոխորտանքներին, հրճվում է, իսկ շատերն էլ կրկնում են ժողովրդային ասացվածքըՙ «Լավ հարեւանը հեռու բարեկամից լավ է»:
Իրերի ներկա կացության դիմաց ի՛նչ կարող ենք անել մենք: Նկատի ունենալով մեր երկրի շուրջ սրընթաց զարգացող իրադարձություններըՙ ներկա պահին իրատեսական չէ պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Փոխարենը անհրաժեշտ է նրան ստիպել գեթ մեկ անգամ ձերբազատվել մեգալոմանիայից եւ բոլոր կարող ուժերի մեկտեղումով կազմել կոալիցիոն կառավարությունՙ միասնաբար գտնելու այն քիչ, շա՛տ քիչ լուծումները, որոնք կարող են երկիրը փրկել վատթարագույնից: Այլապես մեզ բոլորիս սպասում է այն նույն ճակատագիրը, որը եղավ 101 տարի առաջ, Բյուռո-կառավարության օրոք: