Հոկտեմբերի 23-24-ը Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի «Հայաստան» տաղավարում անցկացվեց «Հայոց գրերի օր» միջոցառումը, որը 2013 թվականից ամեն տարի նշվում է Ռուսաստանի մայրաքաղաքումՙ համաձայն Մոսկվայի կառավարության որոշման։
Ռուսաստանի հայերի միության եւ Մոսկվայի կառավարության համատեղ ուժերով կազմակերպվող այս ավանդական միջոցառումն ամեն անգամ վերածվում է հայոց գրերի ու դպրության եւ հայկական մշակույթի ներկայացման յուրօրինակ տոնիՙ ռուսաստանաբնակ հայերին, ռուս հանրությանն ու քաղաքի հյուրերին ծանոթացնելով մեր ժողովրդի փառավոր անցյալին, ձեռքբերումներին, ինչպես նաեւ նպաստում է ռուս-հայկական կրթական եւ մշակութային կապերի ամրապնդմանը:
Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել ՌԴ պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ, ազգային-մշակութային միավորումների ղեկավարներ, ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը, Ռուսաստանի հայերի միությունըՙ Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի գլխավորությամբ, ուսանողության, գրական հաստատությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքագետներ, արվեստաբան Կարինա Վարդանովան, Խորհրդային Միության մարշալներ Հովհաննես Բաղրամյանի եւ Չույկովի թոռները, բազմաթիվ հյուրեր, լրագրողներ:
Իր խոսքում Մոսկվա քաղաքի ազգային քաղաքականության եւ միջտարածաշրջանային կապերի վարչության պետ Վիտալի Սուչկովը նշեց. «Այս տոնի արմատները խորանում են պատմության մեջ, ինչի շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ սերնդեսերունդ տարածել եւ փոխանցել իր գիտելիքները, կրթություն ստանալ, զարգացնել, պահպանել իր մշակույթն ու ավանդույթները: Մոսկվայում ամենամյա տոնակատարությունը նպաստում է պատմական հիշողության պահպանմանը, միջմշակութային երկխոսության հետագա զարգացմանը եւ բազմազգ Մոսկվայի բնակիչների միջեւ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը»:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նշեց, որ Հայոց գրերի ստեղծումը հայ ժողովրդի կյանքում ունեցավ պատմական մեծ նշանակություն: Մաշտոցյան գրերից հետո ծաղկեց ամբողջ հայ մշակույթը, կրթական գործը, մատենագրությունը: Գրերի գյուտով ամրապնդվեց հայ ժողովրդի ինքնագիտակցությունը:
«Ռուսաստանի հայերի միությունը հարյուրավոր տարբեր միջոցառումներ է անցկացնում Մոսկվայում եւ Ռուսաստանի այլ շրջաններում, ինչպես նաեւ Հայաստանում եւ այլ երկրներում: Բայց «Հայոց գրերի օրը» առանձնահատուկ տեղ ունի, որովհետեւ երկար դարեր պետականությունից զրկված, թվով, տարածքով ու բնական պաշարներով շատերին զիջող մեր ժողովուրդը երբեք չի զիջել իր կրթությամբ»,-հավելեց պարոն Աբրահամյանը:
Տոնի նախօրեինՙ հոկտեմբերի 23-ին, թեմատիկ միջոցառումներ են անցկացվել Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կենտրոնում։ Այստեղ կազմակերպվել է հայոց այբուբենի տառերի ցուցադրություն եւ նկարչության վարպետության դաս, անցկացվել է դասախոսությունՙ «Մշակութային դիվանագիտություն. Հայաստան-Ռուսաստան» թեմայով, իսկ Մոսկվայի հայկական թատրոնը հանդես է եկել «Լույս Մարի» ներկայացումով։
Հոկտեմբերի 24-ին Մոսկվայի Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի «Հայաստան» տաղավարում անցկացվել է թեմատիկ ցուցահանդես եւ վարպետության դասՙ հայոց այբուբենի տառերի ուսուցմամբ: Համերգային մասում ելույթ են ունեցել ինչպես արվեստի ականավոր վարպետներ, այնպես էլ էթնիկ ու մանկական պարային համույթներ։ Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի եւ Մոսկվայի պետական համալսարանի ուսանողները հայ դասականների ստեղծագործություններ կատարեցին այնպիսի հին հայկական նվագարաններով, ինչպիսիք են քամանչան, քանոնը եւ, իհարկե, դուդուկը:
Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ կլոր սեղանՙ «Այբուբենի ստեղծումից մինչեւ տպագրություն» թեմայով, որի շրջանակում հանդես եկան հայտնի գիտնական-հայագետներ, բանաստեղծներ եւ թարգմանիչներ, որոնք ներկայացնում էին Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Ռոստով եւ Պյատիգորսկ քաղաքների բուհերի գիտական կենտրոնները եւ հայագիտության բաժինները։ Ի դեպ, առաջին անգամ միասին հավաքվել էին Ռուսաստանի բոլոր հայագետները: Զեկուցումների թեմաներն էին. «Հայոց գրերի եւ գրավոր խոսքի ձեւավորումը 5-րդ դարում. պոեզիա, պատմագրություն, աստվածաբանություն», «Հայկական թարգմանչական շարժումը վաղ միջնադարում», «Ռուսական գեղարվեստական մշակույթը «Գեղարվեստ» հայկական ամսագրի էջերում 1908-1921 թթ.», «Կերպարվեստի դերը հայոց լեզվի ուսուցման գործում» եւ այլն։
Միջոցառման բազմաթիվ մասնակիցներ նշում էին, որ կորոնավիրուսային համավարակի խստագույն սահմանափակումներից հետո վերջապես հաջողվեց շունչ քաշել եւ Մոսկվայում Հայոց գրերի օրըՙ այս համաքաղաքային տոնը, ոչ միայն լրացնում եւ հարստացնում է Մոսկվայի գրական եւ մշակութային առօրյան, այլեւ այն դառնում է հայ-ռուսական հարաբերությունների տարեգրության եւս մեկ հիշարժան էջ:
Մասնակիցները տպավորված էին Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի տարածքում տեղակայված «Հայաստան» տաղավարի ամբողջովին վերակառուցված տեսքից եւ հարմարություններից: Հայաստանի Հանրապետության ցուցահանդեսային այս կենտրոնը ներկայացնում է ցուցասրահ, ինչպես նաեւ հանդես է գալիս որպես տարբեր միջոցառումների անցկացման հարթակ, որն այցելուներին ծանթացնում է երկրի պատմության, մշակույթի, տնտեսության հետ։ Միջոցառումներն անցկացվում են Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ։
«Հայաստան» տաղավարի ղեկավար Արտեմ Մուսայելյանը նշում է, որ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը մեծ ներդրում է ունեցել «Հայաստան» տաղավարին նոր շունչ եւ դիմագիծ հաղորդելու գործում եւ հայկական մշակույթի տարածման առաքելությունում:
Այսօր «Հայաստան» տաղավարում արժանապատվորեն ներկայացված է մեր հանրապետությունը: Սրահներում հայկական եկեղեցիների մանրակերտերն են, այցելուները կարող են ծանոթանալ մեր երկրի պատմությանը, պատշաճ ներկայացված են հայ նկարիչների, քանդակագործների եւ երաժիշտների գործերը, որոնք պարբերաբար թարմացվում են։ Տաղավարը հայկական արտադրողների համար ցուցահանդեսային յուրօրինակ հարթակ է: Այն դարձել է նաեւ մշակութային կենտրոն, որտեղ պարբերաբար կազմակերպվում են մեծ միջոցառումներ, անցկացվում կլոր սեղաններ եւ այլն:
ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից