Երևանի և Արցախի շախմատի ֆեդերացիաների միջև սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել Արցախի անկախության օրվան նվիրված հատուկ մրցաշար:
«Ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդին, Հայաստանի, Արցախի և սփյուռքի մեր հայրենակիցներին Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Մենք որոշեցինք շախմատային յուրովի ձևով տոնել այս պատմական օրը և երկու ֆեդերացիաների նախաձեռնությամբ ունենալ գեղեցիկ և հատկանշական մրցաշար, որին մասնակցում են շախմատիստներ երկու կողմերից»,- նշել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Յուրաքաչյուր թիմում հանդես են եկել 10-ական մասնակիցներ՝ 2-ական գրոսմայստեր, 5-ական տղա և 2-ական աղջիկ շախմատիստներ: Երևանի թիմում խաղացել են ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը և Հրայր Սիմոնյանը, ՖԻԴԵ-ի վարպետության թեկնածու Ռոբերտ Փիլիպոսյանը, շախմատիստներ Արմեն Գալաջյանը, Ժորես Միտոյանը, Էդգար Հայրապետյանը, Վաչե Քոչարյանը, Անահիտ Մկրտչյանը, Սոնա Կրկյաշարյանը:
Արցախի թիմից խաղատախտակները կիսել են ֆեդերացիայի նախագահ Ջիվան Հայրապետյանը, գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Հովիկ Հայրապետյանը, շախմատիստներ Ալեքս Մանուկյանը, Սևակ Մանուկյանը, Տիգրան Պետրոսյանը, Մխիթար Սարգսյանը, Դավիթ Գրիգորյանը, Մանե Ադամյանը, Էլինա Նազարյանը:
Մրցաշարային արդյունքներով՝ 23:17 հաշվով հաղթել է արցախյան թիմը: