Covid-19-ի պատճառով մահերի օրական թիվը Հայաստանում վաղուց հաստատվելՙ 5 տասնյակի միջակայքում: Ստացվում է, որ կորոնավիրուսից ամսական 1500 մարդ է մահանում եւ այս թիվը աճելու միտում ունի: Նոյեմբերի 29-ի դրությամբ մեկ օրում Հայաստանում մահացել է 22 վարակակիր:
Վարակի տարածումը կանխելու նպատակով կառավարությունը կիրառում է բոլոր հնարավոր եւ անհնարին միջոցները. բայց անարդյունք:
ՀՀ վարչապետը հայտարարում է, որ Հայաստանում հնարավոր է օրական 20-25 հազար պատվաստում իրականացնել, իսկ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է. «Մենք պատրաստ ենք, մնում է, որ մեր քաղաքացիները օր առաջ պատրաստվեն»: Բայց քաղաքացիները չեն պատվաստվում:
Պատճառները հասկանալու համար կարելի է ուղղակի մոտենալ պատվաստման կետերից որեւէ մեկին, օրինակՙ Հյուսիսային պողոտայի շրջիկ կետը: Աննկատ մոտենալու եւ ուղղակի հետեւելու արդյունքում հնարավոր է տեսնել, թե ինչ է կատարվում: Տեսարանը հեռվից շատ փորձություններով լի է, խոսքը ոչ թե պատվաստման հետեւանքների կամ ասեղի ծակոցից վախենալու մասին է, այլՙ արհամարհական ու անհարգալից վերաբերմունքի:
«Որոշեցի պատվաստվել ու որպես ամենամոտ պատվաստման կետՙ գնացի Հյուսիսային պողոտա: Ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության այդ կետը աշխատանքը սկսում է 12:00-ից: Շուտ էի հասել, բայց պարզվեցՙ ինձանից առաջ դեռ երկու սպասող կա: 20 րոպեի ընթացքում հերթը հասավ 10-ի, իսկ պատվաստման պատասխանատուները դեռ չէին երեւում: Կեսօրին մոտ երեւացին Կարմիր խաչի աշխատակիցները, որոնք պետք է հերթագրեին սպասողներին: Իմանալով, որ մենք արդեն մեր նախաձեռնությամբ հերթագրվել ենքՙ ստացանք արհամարական պատասխան: Երբ հերթագրվածների թիվը հասել էր արդեն 50-60-ի եւ արդեն 12:30 էր, «սպիտակավոր» կանայք ժամանեցին ու իջան «Տաշիր սթրիթ», որտեղ կատարվում են պատվաստումները:
Մոտ 15 րոպե, կրկին, սպասելուց հետո հերթում լսվեցին դժգոհություններ, որոնց ի պատասխան ստացանք կծկտուր պատասխաններ. բժիշկները դեռ «տեղավորվում են», «պատրաստվում են», «համակարգիչն են միացնում», «ինտերնետին են միանում, ներքեւում կապը լավը չէ» եւ այլն, ու խոստացան` «հենց պատրաստ լինեն, կկանչեն»: Անցավ եւս մի քանի րոպե ու շշուկներ լսվեցին, որ ներսում արդեն պատվաստումները սկսվել են, մինչդեռ մարդիկ վերեւում հերթի մեջ սառչում են»,- պատմում է 29-ամյա Արմինեն, ապա վրդովված շարունակում,- «Տեղեկությունները Կարմիր խաչի աշխատակիցները հերքեցին, բայց որոշեցի սրամտություն անել ու հերթից դուրս գալով «Տաշիր սթրիթի» մյուս մուտքից իջա ցած: Ներքեւումՙ իրենց տաքուկ անկյունում, մոտ տաս մարդ հերթ էր կանգնել, իսկ մի քանիսն էլ արդեն պատվաստվում էին:
Երբ բորբոքված սկսեցի պարզաբանում պահանջել պատասխանեցին, որ հավաքվածները գրանցվել են առցանց Earlyone հավելվածով: Բայց հերթում սպասելու ընթացքում միայն մի հոգի ասաց, որ գրանցվել է հավելվածի միջոցով: Երբ ասացի, որ զանգահարելու եմ նախարարության թեժ գիծ, հերթում սպասողներից շատերն անհետացան եւ ի հայտ եկավ մեկը, որը ներկայացավ որպես առողջապահության նախարարության աշխատակից, նրա հետ զրույցս նույնպես հարթ չանցավ, բայց իմ համառության շնորհիվ ի վերջո կարողացա «օրինական» հերթով պատվաստվել»: Զրույցի ավարտին Արմինեն ասաց, որ պատվաստումը ստացել է ոչ թե կեսօրին, այլ 14:15 ու քանի որ պատվաստման կետը աշխատում է մինչեւ ժամը 16:30-ը, «օրինական» հերթում գտնվողներից ընդամենը 10-ը հասցրին պատվաստվել, իսկ թե ինչ եղավ մյուսների հետՙ հայտնի չէ:
Ահա՛, նաեւ այսպիսի դեպքերն են, որ քաղաքացիներին վանում են պատվաստվելուց: Զրուցակիցս նաեւ նշեց, որ կապ է հաստատել Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարի հետ հայտնել եղելությունը ու առաջարկել տրամադրել իր ձեռքի տակ եղած տեսանյութերն ու ձայնագրությունները, սակայն առաջարկն ու ահազանգը մնացել են օդում կախված. «Ձեր ահազանգին շուտով կկպատասխանենք: Խնդրում ենք սպասել»,- եղել է լիազոր մարմնի պատասխանը:
Այս ամենից հետո պաշտոնյաներին խորհուրդ է տրվում ոչ թե քաղաքացիներին մեղադրել չպատվաստվելու մեջ ու ԱԺ ամբիոնից բարձրագոչ ճառեր ասել, այլ ուղղակի լուռ ու մունջ, առանց թափորի ու նախապես հայտարարելու այցելել, օրինակ, Հյուսիսային պողոտայի շրջիկ պատվաստման կետ ու իրավիճակին ծանոթանալ տեղում: