Սիրովՙ նրա վերջերս նշված 95-ամյակին
Դպրոցի ավարտական դասարանում էինք, երբ հայոց լեզվի եւ գրականության մեր սիրելի ուսուցչուհինՙ աժմ լուսահոգի Ազգանուշ Ջուլհակյանը մի օր եկավ ու ասացՙ պատրաստվեք, հաջորդ դասին ազատ թեմայով շարադրություն ենք գրելու. «Ավտոբուսի կանգառում»: Երկար մտորումներից հետո ի վերջո գրեցի պատանեկան մի թրթռուն, գեղեցիկ պատում, արժանանալով դրվատանքի:
…1968 թվականի սեպտեմբերի 12-ն էր, դպրոցն ավարտածս տարին: Մեր ընտանիքը նստած էր ճաշի, ես այն ժամանակվա բազմալիք մեծ ռադիոընդունիչը Երեւան միացրածՙ ծածուկ սպասում էի պատանիների համար տրվող «Հասակակիցներ» ռադիոհանդեսի այդ օրվա թողարկմանը: Այն սկսվեց եւ արդեն որոշ ժամանակ ընթանում էր, երբ հաղորդավարուհին ասաց. «Այս օրերին մենք շատ նամակներ ենք ստանում (այստեղ լսողությունս լարեցի): Հանրապետության տարբեր վայրերից մեզ գրում են այս-այս բաների մասին… Իսկ ահա Լենինականի (սիրտս սկսեց արագ զարկել) Մեսրոպ Մաշտոցի անվան միջնակարգ դպրոցի (տեղիցս թռա) շրջանավարտ (մերոնք էլ ճաշը թողեցին, սկսեցին հետաքրքրված լսել, հաղորդավարը տվեց անունս)… գրել է պատմվածք առաջին սիրո մասին»: Հնչեց համընթաց մեղմ երաժշտությունը, հաղորդավարը սկսեց արտահայտիչ կարդալ…
Դա իմ կյանքի գիտակցված առաջին ամենաերջանիկ պահերից մեկն էր, անմոռաց պարգեւ Հայկական ռադիոյից, որին ուղարկել էի շարադրությունս:
Բայց միայն դա չէր: Պետական ռադիոյի մի համեստ, գործուն օղակը ծննդավայրիս քաղաքային ռադիոխմբագրությունն էր, եւ տակավին պատանի, նրա զույգ հաղորդավարներից մեկը լինելու պատիվն ունեցա ինքս երկու տարի, մինչեւ բանակ զորակոչվելը: Հիմա գրիչս շարժողը, սակայն, իմ մասին պատմելու անհամեստ ցանկությունը չէ, այլ այսքան տարիների հեռվից ժամանակի մեր հանրապետական ռադիոյի այն կարեւոր հատկանիշներից մեկը նշելը, որի վկան ու հաղորդակիցն եմ եղել «դրսից»ՙ իբրեւ ունկդիր, ու նաեւ «ներսից»:
Թող համեմատությունս մեղք չհամարվի, բայց Աստվածաշնչի լեզվով ասածՙ ի սկզբանե էր Բանն, եւ հայերեն Բանն այդ ժամանակ… հայկական ռադիոյում էր: Դա իսկական, մաքուր, այսօրվա վիճակի համեմատ դասականի արժեք ունեցող Հայոց լեզուն ու խոսքն էր, որ անցյալ դարի գոնե իմ իմացած 60-70-ական թվականներին ու հետո մեր բնակարաններում, գործատեղերում եւ ամենուր առավոտից երեկո հնչում էր հաղորդավարների մի հրաշալի փաղանգի բերանով, հնչում էր հիրավի արքայական լեզվի իր ողջ հմայքով ու գեղեցկությամբ: Հաղորդավարական այդ անկրկնելի դպրոցը, արդեն ներառելով նաեւ հեռուստատեսության խոսնակների ձեւավորվող ընտանիքը, հայոց լեզվի մի իսկական ակադեմիա կարելի էր համարել:
Այնտեղ հնչող ամեն բառն իր ճիշտ տեղում էր խոսքի տրամաբանական ու իմաստային շղթայում: Արտասանվող ամեն հնչյունն ու վանկն իր կանոնական ու պատճառաբանված հնչերանգն ուներ, որով մատուցվող կառուցիկ խոսքը հնչում էր նաեւ որպես ներդաշնակ երաժշտություն, հասնում ունկնդրի մտքին ու հոգուն: Իսկ երբ մեջտեղ էր գալիս ժամանակի բյուրեղացած գեղարվեստական խոսքը, բանաստեղծությունը, վարպետության ամենաբարձր աստիճանը շեմած հաղորդավարի ասմունքը, այստեղ Բառը նաեւ ոգի էր առնում, կենարար թրթիռով լցվում մեր մեջ, մեզ վեր էր հանում…
Այս սրտաբուխ տողերը սեւագիր (ցավոք, այն ժամանակ կիսատ մնացած) գրել եմ դեռ երեք-չորս տարի առաջՙ ի հիշատակ կյանքից հեռացած Վերա Հակոբյանի , վերնագրելով «Նա Հայոց ոգեղեն Բառի արեւահամը թողեց մեր սրտերում»: Հաճելի, հմայիչ հոգով տկն. Վերա Հակոբյան, ի թիվս այլ կարեւոր բաների նաեւ սփյուռքահայության համար տրվող հաղորդումը երկուսովՙ Հրաչուհի Ջինանյանի հետ վարող («Երեւա՛նն է խոսում, լսեցեք Հայաստանի ձայնը…») պատկառելի ու հեղինակավոր բարձրագույն դիկտոր Մարատ Հալաջյան ՙ հաղորդավարության իմ անմոռանալի ուսուցիչ-վարպետը, վաստակաշատ Սոս Մայիլյան , Թամարա Գալստյան , Ջոն Հակոբյան , վարպետ հաղորդավարներ Սուսաննա Ղազարյան , Կիմա Մուրադյան , այդ շրջանում երեւի դեռ երիտասարդ Սուրեն Պետրոսյան , Ռազմիկ Արզոյան … էլի անուններ, որոնք ներողություն, եթե ժամանակի այսքան հեռավորությունից չհիշեցի ու բաց թողեցի: Հաղորդավարներ, որոնց աշխատանքում խոսքի մշակույթը, գրական հայերենի ուղղախոսությունն առաջին տեղում էին ու էտալոնային ազդեցություն ունեին ունկնդիր լսարանի վրա: Այդ հատկանիշները հնարավորինս պահպանված են թվում նաեւ Հայկական ռադիոյի այսօրվա հիմնական հաղորդավարների խոսքում, ինչը տիրող ներկա լեզվավիճակի պայմաններում առանձնապես ուրախալի է:
Ռադիոյի այդ մաքուր ու գեղեցիկ լեզուն այն ժամանակ պայմանավորված էր նաեւ դրա նկատմամբ պետության հոգածությամբ ու հաղորդումների, նյութերի լեզվին ներկայացվող պահանջներով: Այդ նյութերը բազմազան ու հետաքրքրական էին նաեւ քաղաքիս օրական կարծեմ 40 րոպե տրվող հաղորդումներում, որոնք պատրաստում էին պատասխանատու խմբագիր Մելիքսեթ Մելքոնյանը , մյուս խմբագիրներ, բազմավաստակ Ցողիկ Դուրգարյանը , Լուսյա Սաֆարյանը , դրամատուրգ, ուրույն գրչի տեր պայծառ մարդ Վարդգես Մովսիսյանը , գրական աշխատող, հետագայում խմբագիր Սամվել Հանեսօղլյանը , հնչյունային օպերատոր եւ ռեժիսոր Ալբերտ Սարգսյանը :
Մեր քաղաքն ուներ Արամ Խաչատրյանի ձեռքով գրված իր ազդականչերը, որոնք դեռ մինչեւ երկրաշարժն ու դրանից հետո էլ մի քանի տարի ամեն ուղիղ ժամի հնչում էին քաղաքային գլխավոր ժամացույցով ու հատկապես գիշերային լռության մեջ հատ-հատ լսվում բնակավայրի ամբողջ տարածքում: Բոլոր այդ տարիներին այն լսելիս միշտ հաճելիորեն լարվել-զգաստացել եմ, որովհետեւ ամեն անգամ այդ հնչյուններով էր սկսվում նաեւ մեր ռադիոհաղորդումը, որից հետո հրաշալի գորընկերուհուսՙ Գոհար Շատվորյանի հետ միացնում էինք խոսափողն ու… «Խոսում է(ր) Լենինականը»:
Ավա՜ղ, արդեն երրորդ տարին էՙ ճանապարհ անցած այդ ռադիոն չի խոսում, չկա…