Անցած նոյեմբերի 23-ին Երեւանի օպերային ստուդիայում ներկայացված Գլյուկի «Օրփեոս եւ Եվրիդիկե» օպերայի բեմադրության մեջ (բեմադրիչՙ Վռամ Կարապետյան) Օրփեոսի դերում հանդես եկավ ֆրանսիացի մեցցո-սոպրանո Քամի Բորդե-Ստուռլան: Մենք բացահայտեցինք ոչ միայն հրաշալի ձայն եւ արտիստիզմ ունեցող մի երիտասարդ երգչուհու, այլեւ մեր ժողովրդի բարեկամներից մեկին: Մեկ տարուց մի փոքր ավելի է, ինչ կայացել է Քամիի ծանոթությունը հայ ժողովրդի ու մշակույթի հետ, սակայն նա հասցրել է հայերեն սահուն խոսել, նաեւՙ գրել ու կարդալ:
Ստորեւ ներկայացված մեր զրույցը նույնպես տեղի ունեցավ հայոց լեզվով, որը գրառելիս աշխատել եմ հիմնականում պահպանել հայախոս ֆրանսուհու հայերենի առանձնահատկությունները…
– Սիրելի՛ Քամի, դու սկզբից սովորել ես պատմություն եւ քաղաքագիտություն, ուսանել ես նաեւ գեղարվեստի դպրոցում: Այս ամենից հետո ինչպե՞ս դարձար երգչուհի, այն էլՙ այսպիսի լավ երգչուհի:
– Շատ շնորհակալ եմ ձեր գնահատականի համար: Իմ երաժշտական պատմությունը շատ շուտ է սկսվել: Ես ստեղծագործ երեխա էի, որը փորձում էր իրեն արտահայտել տարբեր ձեւերով: Փոքրուց զբաղվում էի նկարելով, գրելով, երգելով… Ուզում էի դերասան լինել: Մենք ապրում էինք Բուրգունդիայի Դիժոն քաղաքի մոտ, որտեղ ես մասնակցում էի մի դպրոցի հատուկ ծրագրում եւ ամեն շաբաթ-կիրակի երգում էի եկեղեցում: Հետո սովորել եմ դաշնամուրի, կլավեսինի, ֆլեյտայի հիմքերը: Երաժշտությունը միշտ ներկա էր իմ կյանքում: Իմ ընտանիքում շատ երաժիշտներ կան, բայց ընդհանրապեսՙ ոչ պրոֆեսիոնալներ. հայրս բժիշկ է, մայրսՙ սոցիալական աշխատող: Նրանց մտածելակերպովՙ ես պետք է զբաղվեի «լուրջ» գործով, այդ պատճառով չէի մտածում, որ երգչուհի կդառնամ, եւ ես սկսեցի ավանդական ուսում ստանալ: Ես շատ հետաքրքրված էի ամեն ինչով, հատկապես այնպիսի առարկաներով, որոնք ինձ օգնում էին աշխարհը հասկանալ, օրինակՙ պատմություն եւ քաղաքագիտություն… Տասներեք տարեկանում մի դոկումենտալ ֆիլմ նայեցի Աֆղանստանի մասին եւ այնքան սիրեցի այն, որ որոշեցի լրագրող դառնալ ու նման ֆիլմեր սարքել: Երբ ընդունվեցի Փարիզի քաղաքագիտության ինստիտուտը, որոշեցի, որ չպիտի մտածեմ արվեստի մասին եւ ավարտեցի գործերս արվեստի հետ: Բայց ես ուրախ չէի, ինչ-որ մի բան պակաս էր իմ կյանքում: Ինստիտուտում տարբեր դասակարգի մարդկանց հետ էիՙ հարուստների, քաղաքական գործիչների, սա անսովոր էր ինձ համար, եւ հանգիստ չէի այս մթնոլորտում: Չորրորդ տարում, երբ պիտի աշխատեի մի ընկերության մեջ, ինձ համար շատ դժվար էր ութ ժամ աշխատել համակարգչի առաջ, սուս մնալ եւ հարգել տնօրենին, ում հետ ես համաձայն չէի… Եվ մտածեցիՙ եթե շարունակեմ այս ճանապարհը, գուցե շատ հաջողակ լինեմ, շատ փող աշխատեմ, բայց ուրախ չեմ լինի: Դրա համար փորձեցի ուրիշ ճանապարհ: Ընդունվեցի Փարիզի Դեկորատիվ արվեստի ազգային բարձրագույն դպրոց, ավարտեցի մագիստրատուրան եւ քանի որ ավելի ժամանակ ունեի, որոշեցի վերադառնալ կոնսերվատորիա: Աստիճանաբար ես անդրադարձա, թե ինչքան սիրում եմ երգել, եւ իմ հետաքրքրությունը բեմի համար վերադարձավ… Այնտեղ ես ազատ եմ զգում: Կյանքի նման է, բայց առանց սահմաններ, ամեն ինչ կարելի է, ամեն զգացմունք ավելի ուժեղ է: Անհավատալի տպավորություն է: Դրա համար ես գնացի Բազելի կոնսերվատորիա ու այնտեղ սկսեցի իմ պրոֆեսիոնալ երգչուհու ուսումը:
– Հիմնականում բարոկկո օպերաներում ես երգել, քիչ բեմադրվող գործերում: Դա քո՞ ընտրությունն է, թե՞ քո ձայնն է հարմար նման օպերաների համար:
– Երկուսն էլ: Մեր ընտանիքում շատ էին լսում բարոկ երաժշտություն, ու ես բնականաբար գնացի դեպի այդ ոճը: Իմ տեսակ ձայնին, այսինքնՙ թեթեւ կոլորատուրա մեցցո-սոպրանո ձայնին բարոկ եւ կլասիկ ռեպերտուարը շատ է սազում: Պրոդյուսերների համար կարեւոր է իմանալ երգչի ինքնությունը ու դրան համապատասխան դերեր առաջարկել: Ոնց որ բարոկ երաժշտության մեջ ինձ բախտ է բերում. անցյալ ամառվանից ես սկսեցի աշխատել կատալոնացի հայտնի բարոկ դիրիժոր Ժորդի Սավալի հետ եւ ընդունվեցի նրա մեկ ծրագրում, որ օգնում է երիտասարդ երգիչներին կարեւոր մարդկանց դիմաց ներկայանալ ու աշխատանք գտնել: Նրանց հետ երգեցի Հենդելի «Ագրիպինա» օպերայում, որտեղ ես Ներոնի դերերգը կատարեցի: Հիանալի փորձառություն էր…
– Անդրեա Բոչելին ասել է. «Օպերային երգիչը նման է մարզիկիՙ ելույթից առաջ»: Ճի՞շտ է ասում:
– Հարյուր տոկոս: Ես համաձայն եմ տարբեր առումով: Երգիչների մեծ մասը պետք է շատ խիստ հիգիենա ունենա (լավ քնել եւ ուտել, հեռու մնալ ալկոհոլից եւ ծխելուց…): Իհարկե, բացառություններ կան, բայց դա մեծ մասին չի վերաբերում: Երգելը, ինչպես մարզանքը, պահանջում է սեփական մարմնի եւ մտքի գերազանց տիրապետություն եւ իմացություն: Դրանից բացի, երգեցողությունն արդյունք է կարեւոր մկանային գործի, որ ինչպես հիշողությունը, պետք է վարժվիՙ առողջ մնալու համար: Մարզանքի հետ համադրելի է նաեւ հոգեբանական գործը: Երաժշտական աշխարհը բարի չի, հատկապես երբ նորմալ ճանապարհի վրա չես: Քանի որ ես ուշ սկսեցի պրոֆեսիոնալ լինել, ինձ թվում է, որ ես ավել մարտահրավեր պետք է հաղթահարեմ իմ նպատակին հասնելու, քանի որ մոտավորապես հինգ տարի ուշանում եմ: Մարդիկ այս աշխատանքը կատարելու համար պիտի հոգեպես նույնպես շատ ուժեղ լինեն, սպորտսմենի նման: Պետք է սովորենք կառավարել անհաջողությունը, ընկնելը, էլի քայլել, չհուսահատվելՙ մինչեւ լույս գա:
– Ասում են, որ օպերա գնում են հիմնականում տարիքով մարդիկ: Ինչպե՞ս անել, որ երիտասարդությունը 21-րդ դարում հետաքրքրվի օպերայով:
– Շատ լավ հարց է, եւ այս հարցն ինձ շատ է մտազբաղում, որովհետեւ վստահ պատասխան չունեմ: Իմ կարծիքովՙ երեւի առաջին քայլը կրթությունն է: Երաժշտությունը քիչ եւ վատ են սովորեցնում ավանդական դպրոցներում, գոնե իմ երկրում: Արեւմտյան երաժշտության մեջ օպերան ամենաթանկագին, ամենակրթված արվեստն է: Չի նշանակում, որ ավելի արժեք ունի, քան ուրիշ ոճեր, բայց բոլոր տեսակետներից (հարմոնիական, ռիթմական…) ավելի զարգացած է, հետեւաբարՙ ավելի բարդ: Անգամ ես, որ պրոֆեսիոնալ երաժիշտ եմ, լսելով կլասիկ երաժշտություն, գիտեմ, որ դրա տասը տոկոսը կարող եմ հասկանալ: Մեկը, որ նոր հայտնաբերում է օպերա, երեւի երկու տոկոս կարող է ստանալ կոմպոզիտորի ցանկություններից: Սա մեծ խնդիր է ու պատահում է բոլոր ոլորտներում: Ինչքան կրթված մարդիկ են, այնքան ճաշակը հարստանում է եւ ավելի հավանական է, որ նրանք գնան դեպի ավելի բարդ արվեստական ձեւերը:
Երկրորդ, չպետք է «քաղաքավարի» լինենք օպերայի հետ: Կոմպոզիտորի ցանկությունները հարգելովՙ մենք պիտի ադապտացնենք օպերան մեր ժամանակին եւ դուրս բերենք այն, ինչ ունիվերսալ է: Չնայած հին տեքստերը, հին թեմաները, պատմությունների խոր հարցերը տարիք չունեն: Ինձ դուր են գալիս բեմադրիչները, ովքեր կառուցում են կամուրջներ անցյալ դարերի երաժշտության եւ իմ իրականության միջեւ, որոնք ինձ հնարավորություն են տալիս մոտ զգալ հերոսներին եւ նրանց խնդիրներին: Օրինակ, Օրփեոսի հետ աշխատելով` ես փորձեցի ստիպել պատմությանը խոսել. ի՞նչ պատգամ, ի՞նչ մետաֆորներ, ի՞նչ սիմվոլներ կան պատմության մեջ: Դժոխքը ի՞նչ է ներկայացնում, ի՞նչ է խորհրդանշում: Պատանու սերն ինչպե՞ս է: Ի՞նչ է նշանակում առաջին անգամ սիրահարվել: Պատրաստ լինել ամեն ինչի համարՙ այս սերը պահպանելու: Եվ այլն… Սա ամենահետաքրքիր աշխատանքն է, որովհետեւ դու սկսում ես պատկերացնել, երազել եւ վերջիվերջո, ստեղծագործ դառնալ, որ իմ հերթին ես էլ կամուրջ կառուցեմ հանդիսատեսի հետ:
– Քամի, դու մի քանի լեզու ես խոսում: Ինչպե՞ս եղավ, որ տիրապետեցիր հայերենին, մինչեւ անգամՙ գրավոր խոսքին:
– Այս պատմությունը շատ սիրուն է: Սկսեցի մոտավորապես վերջին պատերազմի ընթացքում: Այդ ժամանակ ոչ մի բան չէի իմանում Հայաստանի մասին: Ես ուզում էի գերմաներեն սովորել. դրա համար սկսեցի մի վեբսայթ օգտագործել, որ կապում է մարդկանց, որ ուզում են լեզուներ սովորել: Այդպես ծանոթացա մի գերմանախոս հայ տղայի հետ, նա սկսեց պատմել իր երկրի մասին եւ սկսեց ինձ ցույց տալ հայերեն բառեր: Ու ես մտածեցիՙ ինչքա՜ն գեղեցիկ է այս այբուբենը: Աստիճանաբար սկսեցի շատ հետաքրքվել այս երկրովՙ ի՜նչ հետաքրքիր երկիր է, մի քանի մշակույթի մեջտեղումՙ թե՛ ռուսական ազդեցություն ունի, թե՛ արեւելյան, թե՛ եվրոպական: Շատ քիչ հետո պատերազմը սկսվեց: Չգիտեմ ինչուՙ ես շատ ուժեղ զգացի այդ ցավը, որ ձեր ժողովուրդը տարավ եւ չկարողացա դադարել մտածել Հայսատանի մասին: Սկսեցի այբուբենը սովորել, հետո աստիճանաբարՙ լեզուն: Ես մտածեցի, որ հաստատ պիտի գտնեմ մի կապ իմ աշխատանքի հետ, որովհետեւ ես չեմ կարողանում ուտել, չեմ կարողանում քնել, կորցնում եմ հետաքրքրությունս իմ գործի հանդեպ: Սկսեցի հետաքրքրվել հայ երաժշտությամբ, հայտնաբերեցի Կոմիտասին: Գորդումՙ Ֆրանսիայի հարավում, մի երգի մրցույթում հաղթեցիՙ կատարելով Կոմիտասի «Օրորը», առանց դաշնամուրի, իմպրովիզացիաներով: Ամեն անգամ համերգներիս աշխատում եմ Կոմիտաս կատարել: Պատերազմի ընթացքում ես փորձեցի կապվել շատ հայերի հետ. ուզում էի օգնել, ցույց տալ ձեր ժողովրդին, որ ինքը մենակ չէ: Այդ ժամանակ ծանոթացա մի պարսիկ երաժիշտի, որ շատ լավ հայերեն գիտի: Քանի որ նա էլ օտար էր, ավելի հեշտ էր նրա համար ինձ բացատրել լեզվի կանոնները, եւ ինքը ինձ հայերեն սովորեցրեց: Պատճառները, որ ես այնքան արագ սովորեցի, այն է, որ ես համբերատար չեմ, դրա համար ամեն օր պարապեցի, փորձեցի խոսել հնարավորինս շատ, առանց վախենալու սխալմունքներից եւ գրեցի ամեն նոր բառերը տետրակի մեջ, որպեսզի հետո կարողանամ սովորել: Մինչեւ հիմա այդպես եմ պարապում: Գրել սովորեցի «Արեւելահայերեն անգլիախոսների համար» գրքով: Ու քանի որ արվեստ եմ սովորել, աչքերս արագ սովորում են ու սիրում եմ գծել, նկարել այդ սիրուն ալիքավոր տառերը:
Շուտով, բնականաբար, որոշեցի գնալ Հայաստան. Իմաստ չուներ այդքան շատ սովորել առանց ծանոթանալու երկրի հետ: Այս տարվա հունվարին առաջին անգամ մենակ եկա Հայաստան: Բախտս բերեցՙ միշտ հանդիպել լավ մարդկանց, ընդ որում, ինձ դիմավորեց օդանավակայանում ու ինձ համար բնակարան գտավ մեկ ընկերս (այդ ժամանակ բոլոր ընկերներիս դեռ չէի հանդիպել, միայն ինտերնետով էի խոսել): Այդ հունվարին այստեղ նաեւ հանդիպեցի իմ հայ ընկերոջը: Մեր հարաբերությունը սկսվեց անգլերենով եւ կամաց-կամաց ես պնդեցի, որ հայերեն խոսենք: Հիմա համարյա միշտ խոսում ենք հայերեն:
– «Օրփեոս եւ Եվրիդիկեի» երեւանյան բեմադրությունը, կարծում եմ, Հայաստանի օպերային թատրոնի պատմության մեջ մեծ նորություն էր, միջազգային փայլուն կազմով: Մենք շատ գոհ մնացինք, իսկ դո՞ւ:
– Այո, իհարկե: Օրփեոսը շատ մեծ եւ հետաքրքիր դեր է, ու ինձ համար շատ լավ էր, որովհետեւ առաջին անգամ կատարեցի այդքան կարեւոր դեր ու ավելի հետաքրքիր էր, որ այն եղավ Հայաստանում: Եվ մարտահրավերները շատ էինՙ ժամանակը կարճ էր, քիչ փորձեր եղան, ես պետք է աշխատեի ուրիշ լեզվով, որ շատ դժվար էր եւ շատ տարբեր մշակույթում, այսինքնՙ ես պիտի ադապտացվեի տարբեր կոնտեքստի, որ թե՛ աշխատանքի, թե՛ կյանքի համար հետաքրքիր էր: Ոգեւորված էի, ինչքան տաղանդավոր երաժիշտների հետ աշխատեցի: Բեմադրիչ Վռամ Կարապետյանի հետ մենքՙ երգիչներս, շատ ակտիվ էինք: Ինքը ասում էր իր տեսանկյունը, ապա լսում էր մեր առաջարկները: Չգիտեմ, եթե նման ազատություն կարող եմ ունենալ Եվրոպայում: Վերջապես, ես շատ հուզված էի ներկայացման ընթացքում, իսկ ներկայացումից հետո շատ լավ մեկնաբանություններ ստացա հանդիսատեսից եւ ինձ նորից ուրախացնում է, որ դուք էլ հավանեցիք մեր գործը:
– Վերադարձիդ ի՞նչ նոր նախագծեր ունես Ֆրանսիայում:
– Մի քանի լսումներ ունեմ: Պատրաստում եմ Դորաբելլայի դերըՙ հաջորդ տարվա ամռանը ներկայացվող Մոցարտի «Բոլոր կանայք անում են դա» օպերայի բեմադրության մեջ: Ժորդի Սավալի հետ պիտի մասնակցեմ Հենդելի Մեսսայի կատարմանը: Դեկտեմբերին նաեւ համերգներ ունեմ Գորդում, որը ես շահել եմՙ այդտեղի մրցույթում մրցանակ ստանալով: Պատրաստվում եմ տարբեր համերգների իմ դաշնակահարի հետՙ կատարելու ֆրանսիացի կոմպոզիտոր Դեոդա դը Սեւերակի գործերը: Ուզում եմ վերջապես գրել երաժշտական-խոսակցական մի շոու Հայաստան ու Արցախ կատարած իմ առաջին ճամփորդության մասին, որի ընթացքում շատ գրառումներ եմ կատարել: Մի խոսքովՙ անելիքներս շատ են…
– Ասում ենՙ Հայաստան մեկ անգամ եկողը սկսում է անընդհատ վերադառնալ:
– Գիտեմ: Ես այս Նոր տարուն վերադառնալու եմ…