Հինգ ամսվա կալանքից հետո «Հայաստան» դաշինքի պատգամավոր, բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանը դեկտեմբերի 10-ին հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց:
Նախ եւ առաջ նա համբուրեց կնոջը, հետո ողջագուրվեց ընկերների, մտերիմների, թիմակիցների, կոլեգաների հետ, որոնք խմբված էին դատարանի դահլիճում ու սպասում էին երանելի պահին:
Արմեն Չարչյանը չթաքցրեց ուրախությունը, ասաց, որ առաջին խնդիրը, որ պետք է լուծի, խաթարված առողջությունը վերականգնելն է:
Նրան կալանավորելու որոշումը ընդդիմադիր դաշտը մշտապես համարել է քաղաքական որոշում, իշխանության «պատժիչ գործողությունը», քանի որ Արմեն Չարչյանը հունիսի 20-ի ընտրություններից առաջ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցներին խնդրել, հորդորել, պահանջել էր, որ անպայման մասնակցեն ընտրություններին, իր խոսքում նաեւ նշել էր, որ ներկա իշխանություններն ամեն ինչ տապալել են, հետեւաբար, ճիշտ կլինի ընտրել ընդդիամդիր ուժերին:
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը «Հայաստան» դաշինքի 23-րդ համարով անցել էր խորհրդարան, ուներ օրենքով սահմանված պատգամավորական անձեռնմխելիություն, սակայն նրա նկատմամաբ ընտրվել էր կալանքըՙ որպես խափանման միջոց, ինչի դեմ փաստաբաններն ամիսներ շարունակ պայքարում էին եւ վերաքքնիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշումը համարում ապօրինի, իշխանությունների հարկադիր թելադրանք:
Արմեն Չարչյանը Վարդաշեն քկ-ում ստացել էր 2-րդ կաթվածը, շաքարային դիապետն ավելի էր սրվել, առողջական վիճակի վատթարացման պատճառով նա մի քանի օրով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն շարունակել կալանավորված մնալ:
Նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել, որ ելնելով Արմեն Չարչյանի առողջական վատթարացող վիճակիցՙ հարկավոր է կալանքը որպես խափանման միջոց անմիջապես փոխել, քանի որ բանտը կարող է անդառնալի հետեւանքներ թողնել ոչ միայն Արմեն Չարչյանի առողջության, այլեւ կյանքի վրա:
Փաստաբանի միջնորդության հիմքովՙ դատաբժշկական հանձնաժողովը պետք է եզրակացություն տար, ինչը մոտ երկու ամիս ձգձգվում էր, եւ հանկարծ դատական մարմինները որոշեցին Արմեն Չարչյանին ազատ արձակելՙ հիմք ընդունելով սահմանադրության 96-րդ հոդվածը, ըստ որիՙ պատգամավորն անձեռնմխելիություն ունի եւ նրան չի կարելի պահել անազատության մեջՙ առանց ԱԺ-ի համաձայնության: Իսկ նման գործընթաց, ինչպես բոլորս գիտենք, չի եղել: Արմեն Չարչյանը կալանավորվել էրՙ առանց անձեռնմխելիությունից զրկվելու, առանց ԱԺ-ի համաձայնության:
«Հայաստան» դաշինքն այս հարցով Սահմանադրական դատարանին դիմում էր ներկայացրել, ինչից հետո դատական մարմինները որոշեցին հաշվի առնել Սահմանադրության 96-րդ հոդվածը: Այդ հոդվածը նոր չի գրվել, դրա մասին անգամ մասնագիտական միջին ունակությունների տեր փաստաբաններն ու դատավորները գիտեն, բայց դրա գոյությունը հաշվի առնվեց Արմեն Չարչյանին կալանավորելուց 5 ամիս հետո միայն: «Հայաստան» դաշինքի պատգամավորները ԱԺ-ի ամբիոնից մշտապես կոչ են արել իշխանական կուսակցության պատգամավորներին չներգրավվել ապօրինության, հանցանքի մեջ, վկայակոչել 96-րդ հոդվածը, որը բոլոր պատգամավորների համար է հավասար իրավունքներ ստեղծում:
«Ի՞նչ կլիներ, եթե «Հայաստան» դաշինքում չլինեին փաստաբաններ, իրավապաշտպաններ, ուրմեն Արմեն Չարչյանը պետք է մշտապես ապօրինի կալանքի մե՞ջ մնար, նրա նկատմամբ անարդար որոշումը պետք է ուժի մե՞ջ մնար ու մինչեւ ե՞րբ, մինչեւ վերջնականապես քայքայվե՞ր Արմեն Չարչյանի առողջությունը:
Ինչո՞ւ է նա ապօրինաբար կալանքի տակ եղել, եւ ոչ միայն նա, «Հայաստան» դաշինքի մյուս երկու պատգամավորներըՙ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը եւս: Ինչո՞ւ պետք է Մխիթարը զրկված լիներ պատշաճ բուժօգնությունից, չէ՞ որ նա պատերազմի ժամանակ վիրավորվել էր ու այդպես վիրավոր ձեռքով էլ կալանավորվեց: Ինչո՞ւ պետք է Արթուր Սարգսյանն այսքան ժամանակ զրկված լիներ իր երեխաներին տեսնելու իրավունքից»,- ոչ հռետորական հարց է ուղղում «Հայաստան» դաշինքի պատգամավոր, փաստաբան Արամ Վարդեւանյանը :
Դեկտեմբերի 10-ին, նույն 96-րդ հոդվածի հիմքով, առանց դատարանի որոշման, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեցին նաեւ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ու Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը:
Պատգամավորներին ազատ արձակելու մասին որոշումը Սահմանադրական դատարանը հրապարակել էր դեկտեմբերի 7-ին:
Նշենք, որ Մխիթար Զաքարյանը կալանավորվել է հուլիսի 13-ին: Դատարանը նրա ձերբակալումը ճանաչել է ապօրինի, բայց կալանքն, այնուամենայնիվ, իրականացվել է, սկզբումՙ երկու ամսով, հետո երկարաձգվել է:
Մխիթար Զաքարյանը մեղադրվում է Մեղրի համայնքում օտարումն արգելված հողատարածքն օտարելու եւ համայնքին վնաս հասցնելու մեջ:
Արթուր Սարգսյանը ձերբակալվել է հուլիսի 16-ին, այնուհետեւ կալանավորվել: Հոկտեմբերի 14-ին 20 միլիոն գրավի դիմաց ազատ է արձակվել, սակայն նոյեմբերի 15-ին նորից կալանավորվել: Նա մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ:
«Հայաստան» դաշինքի երեք պատգամավորների խափանման միջոց կալանքն է հանվել, դատական գործը դեռ ընթացքի մեջ է: Դատավոր Վահե Միսկարյանը հայտարարեց, որ քրեական գործով ամբաստանյալ Արմեն Չարչյանը երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ է ազատ արձակվել:
Հիմա էլ, ՀՀ գլխավոր դատախազը կարող է որեւէ պահի մտնել ԱԺ, միջնորդություն ներկայացնել, դիմել խորհրդարանի պատգամավորներինՙ «Հայաստան» դաշինքի երեք պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար ԱԺ-ի համաձայնությունը ստանալու:
Հայտնի է, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը երեք ամբաստանյալներին ազատ արձակելու օրը դուրս եկավ խմբակցությունից ու դարձավ անկուսակցական պատգամավոր:
Կարելի՞ է արդյոք վստահ լինել, որ եթե գլխավոր դատախազն Արմեն Չարչյանին, Մխիթար Զաքարյանին ու Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար դիմի Ազգային ժողովին, ապա Իշխան Զաքարյանը դեմ կքվեարկի:
Մյուս կողմից էլ, եթե երեք պատգամավորները նոր հանցանք չգործեն, գործի քննությանը չխոչընդոտեն, չթաքնվեն, ապա նույն հոդվածի հիմքով կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվի: