«Ցինիկը նա է, ով գիտի ամեն ինչի գինը, բայց տեղյակ չէ արժեքներից»:
Օսկար Ուայլդ
XIX դարում հայոց ազատագրական միտքն իր խանձարուր Սահմանադրական շարժումից սկսած մի խնդիր ուներ` դարավոր ընդարմացումից դուրս բերել հայությանը: Նրա մեջ արթնացնել սեփական կյանքին ու ինչքին տեր լինելու եւ արժանապատիվ ապրելու ձգտումը: Աստիճանաբար նրանից դուրս մղել ստրուկի հոգեկերտվածքը, որ դարերի ընթացքում նստվածք էր տվել, արմատացել էր նրա հոգում: Պատահական չէ, որ ժամանակի մեր բոլոր մեծերն իրենց նպաստը բերեցին այդ ազգաշահ կարեւոր գործընթացին: Խրիմյան Հայրիկ, Մկրտիչ Փորթուգալյան, Արփիար Արփիարյան, Մկրտիչ Ավետիսյան, Մինաս Չերազ, Խաչատուր Աբովյան, Րաֆֆի, Գրիգոր Արծրունի…շատ-շատ են, բոլորին չես թվարկի:
Սերմնացան գաղափարախոսներին սատարեց նաեւ ազգի նվիրյալ մարտական ուժը: «Ֆիդայի» կամ «հայդուկ» անունով ոտքի ելավ մեր պայծառ ու մաքուր, քաջ ու անվեհեր, անուղղելի ռոմանտիկ սերունդը, որը չխնայելով նույնիսկ սեփական կյանքը` կայծքարի հրացանով դոնկիխոտյան կռվի նետվեց թնդանոթների դեմ: Ու չնայած նրա հերոսական մաքառումներին ու թափած ջանքերին` նրան հաջողվեց անել ընդամենը մեկ բան` տերափոխություն: Տարբերություն, իհարկե, կար, ամենակարեւորը ֆիզիկական ոչնչացման դամոկլյան սուրն այլեւս չէր ճոճվում, թուխ ու տձեւ արտաքինին էլ փոխարինել էր գեղեցկատես սպիտակ-շիկահերը, սակայն տեր ու ենթակա հարաբերությունները գրեթե նույնը մնացին…
Ազգս էլ նույնը մնաց: Իսկ հիմա` «Զարթնիր, լաո»-ն է կրկին մեջտեղ եկել…
Մենք այդպես էլ չսովորեցինք անցյալից դասեր քաղել, հետեւություններ ու ճիշտ հաշվարկներ անել: Չհասկացանք, կամ չենք ուզում հասկանալ, որ ոչ մի ազգ աշխարհիս երեսին այնքան հակում չունի դեպի գաղթականությունը, դեպի միմյանցից հեռանալը, միմյանցից փախչելը, որքան հայերը: Հայը լավ է համարում բախտավոր ապրել ու հրաշքներ արարել օտարության մեջ, քան թե բաժանել իր արյունակիցների հետ նրանց բոլոր ցավերը եւ ուրախությունները: Դա է միշտ եղել հայի թուլությունը, եւ Հայաստանի, որպես քաղաքական մարմնի, անկման պատճառը: Հայը կարծես չունի սեր դեպի հայրենիք. նա առաջին իսկ անախորժ դիպվածում փախչում է իր հայրենիքից եւ հետո միայն հեռվից սկսում է սիրահարական երգեր երգել նվիրված իր հայրենիքին: Իսկ «այն ազգը, որի մեջ սիրո զգացմունքը մեռած է, նա ստրուկ է, իսկ ստրուկը ընդունակ չէ որեւէ բարոյական եւ հասարակական առաջադիմության», – դեռ դարուկես առաջ ասել է «Մշակի» անխոնջ մշակ Գրիգոր Արծրունին:
Ժամանակին նվաճող կայսրություններն էին անում, հիմա էլ աշխարհի հզորները Եվրոպայում ներդրեցին մուլտիկուլտուրալիզմը (բազմամշակութայնու-թյան մոդել, որը ենթադրում է, թե միգրանտների համայնքները կպահպանեն իրենց տարաբնույթությունը, բայց որոշակի հարթություններում կգործեն որպես նույն հասարակության անդամներ): Նրանք չքմեղանալով ասում են՝ ի՞նչ վատ բան է, մարդիկ են, թող գան, միասին ապրեն: Բայց իրականում խառնարաններ են սարքում, ժողովուրդներին զրկում են ազգայինից, իրենց հոգեւորից, մշակույթից, դարձնում խամաճիկ: Սա ոչ թե մարդասիրություն է, այլ մարդասիրությամբ քողարկված մարդատյացության բարձրագույն աստիճան: Այդպես վարվել են տարածաշրջան թափանցած բոլոր ցեղերը, այդպիսի խառնարանում է դարեր գոյատեւել հայ ժողովուրդը: Այսօր էլ ոչ միայն վտանգը չի անցել, այլեւ թուխ ու տձեւի վերադառնալու իրական պայմաններ են առաջացել: Սակայն ինչպես Սերգեյ Գորոդեցկին է ասել. «Յուրաքանչյուր ազգ ունի իր խորհրդավոր ամրությունները: Երբ ազգի ճակատագիրը երջանիկ ընթացք է ունենում, այդ խորհրդավոր ամրությունը դառնում է ազգի մշակութային եւ քաղաքական մտքի կենտրոն: Իսկ երբ ազգն ունենում է ողբերգական ճակատագիր, այդ գաղտնախորհուրդ ամրոցը վերածվում է հույսի կղզյակի, դառնում՝ ազգային ինքնության ապաստարան եւ վերածննդի գրավական: Ահա հենց այս նշանակությունն է ունեցել եւ այսօր էլ ունի Լեռնային Ղարաբաղը հայոց կյանքի մեջ»: Իսկ բրիտանական դիվանագիտության խարդավանքների, հրեական տեսաբանների նյութած դավերի, Ռուսաստանի եւ Թուրքիայի գաղտնի սիրո պտուղ արհեստածին Ադրբեջանն անում է ամեն ինչ այն կլանելու, վերջնականապես կուլ տալու համար: Հետաքրքրական է, որ չափահաս դառնալուց հետո էլ այդ Ադրբեջանն իր ծնողներից արեւի տակ բնակվելու տարածք ստանալուց հետո այժմ էլ ակնկալում է հարգանք իր նկատմամբ: Ամեն ինչ հարթ էլ ընթանում է: Միակ վիճելի խնդիրը մնացել է, թե Ռուսաստանից ու Թուրքիայից, ո՞րը պիտի ճանաչվի նրա հայրը եւ ո՞րը` մայրը:
Իսկ մենք հազարավոր տարիներ հետո, 21-րդ դարում ենք փորձում արթնացնել լաոյին: Արդյո՞ք շատ չենք ուշացել: Մտորելու տեղիք է տալիս նաեւ այն հանրահայտ գաղափարը, թե. «Լեգիտիմությունը նաեւ կառավարողի մոտ սեփական իշխանության իրականացման բարոյական իրավունքի գիտակցումն է»: Հուսադրող է, որ այս օրերին երթերին ու ցույցերին մասնակցող պատանիների ու աղջնակների հայացքներում ավելի շատ պատասխանատվության, էթիկայի եւ պատվախնդրության զգացում եւ ընկալում կա, քան նրանց գործողությունների մեջ, ովքեր մեր բախտախնդրության արդյունքում դարձան երկիր կառավարող: Նախկինում, երբ մեկը գեղից քաղաք գնացած Գիքորի աչքերով շուրջն էր նայում ու իր բախտի վրա զարմանում, մյուսը, որ հայտնի էր իր օդիոզ հայտարարություններով, զգուշացվել է, որ բերանը չբացի եւ իր չնաշխարհիկ մտքերով եվրոպացիներին չզարմացնի: Երրորդը, որ երեւի րոպեներն է հաշվում, թե երբ է խնջույքի պահը գալու, որ ալկոհոլի սովորական չափաբաժինն ընդունի: Չորրորդն էլ նույն կերպ րոպեներն է հաշվում, թե երբ է «քթերը քաշելու» եւ այլն: Իսկ այժմ կույրի համար էլ նկատելի են որակական փոփոխությունները, որոնք կատարվել են շարժման մեջ վերջին օրերի ընթացքում:
1. Երթերի ժամանակ աննախադեպ ավելացել է երիտասարդության թվաքանակը եւ նրանց ակտիվացումը, որը նախկինում այդքան էլ նկատելի չէր:
2. Կանանց ու աղջիկների թվի էական ավելացումը ցուցարարների շարքում (ի դեպ 88-ի համաժողովրդական շարժամ ժամանակ էլ կարեւոր էր կանանց եւ աղջիկների ակտիվությունը),
3. Քայլերթին աջակցող վարորդների՝ ի պաշտպանություն հնչող ազդանշաների ավելացումը, եթե նախկինում 10-ից 2-3 էին ի աջակցություն-ազդանշան հնչեցնում, ապա այսօր 10-ից` 8-ը: Նույնը կարելի է ասել շենքերի պատշգամբներից եւ պատուհաներից ի աջակցություն հնչող կոչերի մասին: Հավանաբար ժողովրդի մոտ արթնանում է հավատը, որ մենք թուրքին Հայրենիք չունենք հանձնելու, մեր համար նրա ամեն մի քարը արժեք է, որ վերջ պետք է տալ Հայաստանի օկուպացիային:
Կարեւոր հանրային մի դիսկուրս էլ եմ նկատել վերջին շրջանում: Շատերն ասում են, որ պետք է շատ աշխատես, քո տեղում գործը լավ անես, եւ երկիրը կզարգանա ու կուժեղանա: Բան չեմ ասում աշխատելու եւ լավ աշխատելու պահով: Հհարկե, կարեւոր է: Բայց պատմությունը (որից սովորելը հաստատ չի խանգարի), ցույց է տալիս, որ եթե չկա անվտանգություն, ինչքան ուզում ես աշխատիր ու բարիք ստեղծիր: Մի օրում էդ քո ստեղծածը կկորցնես: Ու եթե կյանքդ էլ չկորցնես, կարող է էլի շարունակես լավ աշխատել, բայց կա՛մ ինչ-որ մի սփյուռքյան համայնքում, կա՛մ էլ նվաճողիդ համար: Այնպես որ, եթե չես կարողանում անվտանգությունդ ապահովել, մնացած ամեն ինչը փուչ, գեղեցիկ փաթեթավորված խոսքեր են:
Ամեն ինչ ներսից տեսնելու, անձնական կարծիք ունենալու ու պատմաբանիս դիտողականությունը բավարարելու նպատակով 1988-ից սկսած` գրեթե միշտ մասնակցել եմ հանրահավաքներին: Հետո էլ դրանք իմ սերնդի համար պոռթկումի, ինքնադրսեւորման դպրոց էին եւ անտարբեր ուղղակի հնարավոր չէր մնալ: Մերօրյա հանրահավաքների այս օրերին եկա այն եզրակացության, որ այս դժգոհության ակցիաներն իրականացվում են երկրին տեր կանգնելու համար եւ, անչափ կարեւոր է, որ ինչպես հավաքների պարագլուխներն էլ են ասում, այս ընթացքում իջեցված են կուսակցական դրոշները, որ պայքարի միասնականությունը չխաթարվի:
Մի կարեւոր դիտարկում էլ եմ ուզում նշել. Հանրահավաքի պարագլուխները բազմիցս հայտարարել են, որ իրենց պայքարը իշխանության համար չէ, այլ՝ երկիրը փրկելու: Ողջունում եւ միանում եմ, բայց զարմանում եմ, որ համաժողովրդական դժգոհությունը արտահայտող հանրահավաքներին չեն մասնակցում, այսպես ասած, ազգային ուժերը, եթե կան այդպիսիք: Մի պահ եթե ընդունենք, որ չեն միանում միայն նրա համար, որ ակցիայի կազմակերպիչները նախկին թալանչիներն են, եւ իրենք չեն կարող միանալ այդ թալանչիներին: Այստեղից կարելի է եզրակացնել, որ նրանք նախընտրում են ներկա վարչախմբին: Ուրեմն ի՞նչ է ստացվում, որ ըստ իրենց ավելի լավ է երկիրը կործանվի, քան թե նախկինները նորից գան իշխանությա՞ն: Եթե այդպիսի մտածելակերպով են առաջնորդվում, ուրեմն այդտեսակ վարքագծով նրանք միայն վարկաբեկում են իրենք իրենց: Իսկական ազգային պայքարող ուժերը հիմա պետք է լինեին ժողովրդական դժգոհության էպիկենտրոնում, որպեսզի թույլ չտային շեղումներ ակցիայի իրագործման նպատակների առումով: Ի՞նչ է ստացվում, ում որ ժողովուրդը չի համարել պայքարող տեսակ, պայքարում է, թեկուզ թալանածը ապահովագրելու համար, իսկ ում որ ժողովուրդը ընդունել է պայքարող, ապստամբ տեսակ, չի մտնում պայքարի մեջ, արդյոք սրան կա՞ արդարացում:
Գաղտնիք չէ, որ հավաքների կազմակերպիչներն ընդդիմադիրներն են, որոնց ղեկավարման պուլտը, իմ կարծիքով, գտնվում է մոսկվաներում: Հետեւաբար հիմա որեւէ մեկը կարող է բացատրել, թե ինչպե՞ս են պատրաստվում ազատագրել Արցախը առանց մոսկվաների համաձայնության: Հենց այս հարցերի հարցն է, որ իմ համար անպատասխան է մնում: Եվ որքան խորհում եմ այդ ուղղությամբ, չափից ավելի մարդասեր լինելով` հանգում եմ այն եզրակացությանը, որ երանի հայերը թուրքերին ատեին նույնքան, որքան իրար…Այս թանձր ատելությունն անտանելի է ու սարսափազդու…Իսկ այդպիսի դեպքերում սթափ աշխարհընկալման, իրավիճակը լավ ըմբռնելու եւ լուծումներ գտնելու համար դիմում եմ պատմության օգնությանը:
Օրինակ` վերջերս ինձ շատ է զարմացնում ու զայրացնում ֆրանսիացիների պահվածքը, քանի որ ֆրանսիացիները ոչ ոքի այդքան պարտական չեն աշխարհում, որքան ռուսներին: 1814թ., երբ Ալեքսանդր Առաջին կայսրը մտավ Փարիզ, ավստրիացիներն ու գերմանացիները մոտեցել էին նրան խնդրանքով՝ թույլ տալ Փարիզը մի լավ թալանել: Ալեքսանդրը մերժել է: Այնուհետեւ, երբ բանակցություններ էին գնում հետնապոլեոնյան Ֆրանսիայի ճակատագրի մասին, Ֆրանսիայի այսօրվա դաշնակիցները՝ Ավստրիան ու Գերմանիան, առաջարկում են մասնատել Ֆրանսիան փոքր պետությունների եւ իրենց էլ մասնաբաժին տալ: Ալեքսանդր Առաջինը գլխավոր հաղթողի իրավունքով այդ առաջարկը նույնպես մերժում է, եւ Ֆրանսիան որպես միասնական պետություն պահպանվում է:
1944-45թթ., երբ Ֆրանսիայում իշխանության է գալիս Շառլ դը Գոլը եւ ուրվագծվում է գալիք աշխարհակարգի կառուցվածքը, ֆրանսիացիների բախտը չի բերում, քանզի իրենց վարչապետը ԱՄՆ նախագահ Ռուզվելտի հետ մի տեսակ չէր հարմարվում: Այդպես երբեմն լինում է, երբ երկու հզոր անհատականություններ ոչ միայն չեն հասկանում իրար, այլեւ հակակրանք են տածում միմյանց նկատմամբ:
Իսկ Ստալինի հետ դը Գոլը լեզու գտավ: Ամերիկացիներն ու անգլիացիները կտրուկ դեմ էին Ֆրանսիային մեծ տերության կարգավիճակ շնորհելուն, բայց Ստալինը պնդեց եւ հասավ նրան, որ Ֆրանսիան դարձավ հինգ մեծ տերություններից մեկը նոր աշխարհում: Ավելին, Ստալինը պահանջեց, որ ֆրանսիացի գեներալ դը Տասինին մասնակցի Գերմանիայի կապիտուլյացիայի ակտի ստորագրմանը, եւ երբ ֆելդմարշալ Քեյթելը դահլիճում տեսնում է նրան, զարմացած հարցնում է. «Մենք սրանց էլ ենք պարտվե՞լ»: Այսինքն` ռուսները երկրորդ անգամ մեծ ծառայություն մատուցեցին ֆրանսիացիներին՝ դարձնելով նրանց մեծ տերություն, ինչի արժանիքը չունեին, գոնե այն պատճառով, որ պարտված եւ օկուպացված երկիր էր, ոչ թե հաղթող: Չլիներ Ստալինի բարի կամքը եւ համակրանքը դը Գոլի հանդեպ, Ֆրանսիան այսօր մեծերի մեջ փոքր եւ փոքրերի մեջ մեծ կարգավիճակով, Իսպանիայի կամ Իտալիայի կարգի շարքային երկիր կլիներ աշխարհում:
Պատահական չէ, որ երբ գեներալ դը Գոլը 1966-ին պաշտոնական այցով ժամանում է Մոսկվա, խնդրում է իրեն ուղեկցել Ստալինի գերեզման: Ֆրանսիայի նախագահը ժամերով կանգնում է Ստալինի շիրիմի մոտ: Մի քանի ժամ լուռ անցկացնում է Ստալինի գերեզմանի մոտ եւ զարմանք առաջացնում Կրեմլում: Թե ինչ մտքերով է տարվել լեգենդար գեներալը այդ օրը՝ դժվար է ասել, բայց դժվար չէ կռահել: Քանի որ դը Գոլը երախտամոռ շանորդի չէր, ոչ էլ միասեռական կամ պեդոֆիլիայի զոհ, ծնվել եւ դաստիարակվել էր նորմալ ֆրանսիական կաթոլիկ ընտանիքում: Ի տարբերություն վերջին ժամանակների թյուրիմացությունների, որոնք սպաների են ուղարկում ուկրաինացիներին օգնելու, որպեսզի ավելի մեծ վնաս հասցնեն Ռուսաստանին: Մի պետության, որին Ֆրանսիան պարտական է ե՛ւ իր փրկությամբ 1814թ., ե՛ւ իր այսօրվա՝ մեծ տերության կարգավիճակով: Ի դեպ, չափազանց հետաքրքրական ու մարգարեական միտք է արտահայտել դը Գոլը Ստալինի մասին: Նա ասել է. «Ստալինը չգնաց անցյալ՝ նա լուծվեց ապագայում…» (Сталин не ушел в прошлое – он растворился в будущем…): Աստված իմ, որքան մտածելու, որքան սովորելու, օրինակ վերցնելու բան կա: Երանի մեզանում էլ այդքան խորածավալ մտածողներ ու դրա իրականացնողներ լինեն…
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պրոֆեսոր