Մայիսի 3-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հերթական՝ երրորդ հանդիպումն է տեղի ունեցել: Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը եւ դեսպան Սերդար Քըլըչը երրորդ անգամ հանդիպել են Վիեննայում ու վերահաստատել երկու երկրների միջեւ լիարժեք կարգավորման հասնելու նպատակը: Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության՝ կողմերը «հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ» փոխանակում են ունեցել, քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել «շոշափելի առաջընթացի» հասնելու համար:
Թե ինչ ճակատագիր կունենա Հայաստան-Թուրքիա երկխոսությունը, իրապես բարդ է կանխագուշակել. նախորդ երկու փորձերը, համենայնդեպս, հաջողությամբ չեն պսակվել: Եթե դիվանագիտական շփումները որոշակի արդյունք տան, ապա դրան պետք է հաջորդի հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ արդեն հարբերություններ ու շփումներ սկսելու գործընթացը: Թե կհաջողվի՞ արդյոք տարբեր մշակույթ, ավանդույթներ ու կրոն ունեցող ժողովուրդների միջեւ բարիդրացիականություն հաստատել, «Ազգ»ը քննարկել է թուրքագետների հետ:
«Տասնամյակներ շարունակ Թուրքիայում պետական մակարդակով հակահայ քարոզչություն է տարվել, ասում է թուրքագետ, ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ու շարունակում,- դրա հետեւանքով թուրք ժողովրդի մոտ բացասական վերաբերմունք կա հայ ժողովրդի նկատմամբ: Հայ ժողովուրդը Թուրքայի համար որպես համար առաջին վտանգ է ընկալվում: Բայց եթե հնարավորություն լինի սահմանը բացել առանց զիջումների, ապա իմաստ կա երկխոսություն սկսելու.սահմանը տասնամյակներ շարունակ չի կարելի փակ պահել: Թեեւ, այո՛, Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք, գիտենք նաեւ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Անկարան ինչքան ու ինչպես օգնեց Ադրբեջանին, բայց Թուրքիայի հետ պաշտոնապես պատերազմի մեջ չենք գտնվում»:
Ըստ թուրքագետի՝ եթե սահմանը բացելու հնարավորություն ստեղծվի, ապա դրան պետք է լավ նախապատրաստվել ու չմոռանալ, որ այն ոչ միայն Հայաստան-Թուրքիա, այլ նաեւ Հայաստան-ԵԱՏՄ-Թուրքիա սահմանն է, ու դա մեզ կարող է որոշակի տնտեսական օգուտներ բերել:
ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի համոզմամբ էլ Հայաստանն ու հայ ժողովուրդը տարբեր կրոնների, հատկապես մուսուլմանների հետ շփվելու, հարաբերությունններ հաստատելու, հարեւանություն անելու փորձ ունեն: Ըստ նրա՝ քրիստոնեության ու իսլամի համատեղման լավ պատմություն ու փորձ ունենք: Հետեւաբար ինքն այն տեսակետին չէ, թե երկու երկրների հարաբերակցման խնդիրը կրոնն է, ավելին՝ մենք երբեք կրոնական թշնամանքի կողմակից չենք եղել: «Խնդիրը պետական գաղափարախոսությւոնն է. թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան ատում են Հայաստանն ու հային, ու դժվար է լինելու շփվել մի պետության հետ, որն իր բոլոր ինստիտուտիցիոնալ կառույցներով պայքարում է մեր դեմ: Իսկ դա պետք է ճիշտ ներկայացնել մեր հանրությանն ու նրան դեղատոմս տալ հետագա շփման համար: Այն բանում, որ պետք է շփվենք թուրքերի հետ, երկրորդ կարծիք չկա, ինչը, իհարկե, չի նշանակում մոռանալ ու ոտնահարել ազգային արժանապատվությունը»,- շեշտում է դեկանը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ