Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ուժեղ երկրաշարժերի գիտական ուսումնասիրությունները Հայաստանում

ՀՀ ԳԱԱ Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում հետազոտվել է սեյսմիկ նախանշանների ձեւավորման  կախվածությունը սպասվող ուժեղ երկրաշարժերի օջախի մեխանիզմից:

Գիտնականների կողմից կատարված  հետազոտություններում օգտագործվել է այն հանգամանքը, որ սպասվող ուժեղ երկրաշարժերին նախորդող ժամանակահատվածում կարող են դիտվել  թույլ սեյսմիկայնության պարբերական տատանումներ, որոնք նկատվում են սպասվող երկրաշարժի օջախային գոտում 3-5 տարվա ընթացքում:

Սպասվող ուժեղ երկրաշարժի օջախային գոտում թույլ սեյսմիկայնության անոմալ ռեժիմի ուսումնասիրման նպատակով գիտնականների  կողմից կատարվել է Հայաստանի լեռնաշխարհի եւ հարակից շրջանների մի շարք ուժեղ երկրաշարժերին նախորդող սեյսմիկ իրավիճակի վերլուծություն: Կատարվել է սպասվող ուժեղ երկրաշարժի օջախային գոտու ձեւավորման տեղայնացումն ըստ նախորդող թույլ երկրաշարժերի էպիկենտրոնների տարածաժամանակային պատկերի, ֆոնային սեյսմիկայնության առանձնահատկությունների հիման վրա: Հաստատվել է ֆոնային սեյսմիկայնության կարեւոր հատկությունը. թույլ երկրաշարժերի էպիկենտրոնները ժամանակի ընթացքում ենթարկվում են միգրացիայի դեպի սպասվող ուժեղ երկրաշարժի օջախային գոտի: Տեղի է ունենում խմբավորման եւ կենտրոնացման գործընթաց: Ուժեղ երկրաշարժերի նախանշան հանդիսացող այս երեւույթը դրսեւորվում է թույլ երկրաշարժերի էներգետիկ մակարդակի լայն տիրույթում:            

Ուժեղ երկրաշարժին նախորդող թույլ երկրաշարժերը համատեղվում են խզման երկայնքով տեղի ունեցող կրիպային երեւույթների (սողք) հետ: Դրանք կարող են հանդիսանալ որպես սեյսմիկ նախանշաններ երկրաշարժերի կանխատեսման խնդիրների լուծման ժամանակ: Այս օրինաչափությունը հաստատվել է ԱՄՆ-ի Պարկֆիլդի շրջանում՝ Սան-Անդրեասի բեկվածքի տարածքում:

Հաճախ տեղի են ունենում երկրաշարժեր, որոնց առաջացման մեխանիզմը կապված չէ կրիպային երեւույթների հետ: Օրինակ` 1988թ-ին Հայաստանում տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժը: Տարածքի այլ երկրաֆիզիկական դաշտերի տվյալներն Սպիտակի երկրաշարժից առաջ նույնպես թույլ չեն տվել  բացահայտել որեւէ նշանակալից անոմալիա, որը կդիտվեր որպես նախանշան: Դիտվել էին որոշակի մթնոլորտային եւ կենսաբանական նախանշաններ, որոնք միարժեք կապ այս երկրաշարժի հետ չեն ունեցել:

Նշված առանձնահատկություններն  օգտագործվել են հետազոտելու համար նախապատրաստվող ուժեղ երկրաշարժերի օջախներում տեղի ունեցող ֆիզիկական գործընթացների առանձնահատկությունների տվյալները  երկրաշարժերի օջախների մեխանիզմների պարամետրերի հետ համադրելու միջոցով:

Երբ սպասվող ուժեղ երկրաշարժի օջախի մեխանիզմի տիպն իրենից ներկայացնում է վերնետք կամ վրաշարժ, առանձնապես բարձր սեղման գոտում եւ խզման հարթության կտրուկ անկման պայմաններում` թույլ սեյսմիկայնության ակտիվությունը կա՛մ բացակայում է, կա՛մ շատ թույլ է արտահայտված:  Կողաշարժ  օջախի մեխանիզմի տիպի ժամանակ, երբ խզումային համակարգի տեկտոնական կարի գոտում տեղի են ունենում կրիպային տեղաշարժեր, ակտիվանում է սեյսմիկայնությունը: Այն ուղեկցվում է թույլ երկրաշարժերին հատուկ տարածաժամանակային բաշխման տեսքով: Օրինակ, Անատոլիական խզումային գոտում տեղի ունեցած Վանի 1976թ-ի եւ 2011թ-ի ուժեղ երկրաշարժերի ժամանակ:

Հետազոտությունները ցույց են տվել,որ սպասվող ուժեղ երկրաշարժերի օջախների ձեւավորման մասին պատկերացումներում հաճախ անհրաժեշտ է հաշվի առնել երկրակեղեւի սեյսմածին հատվածների, խզումային գոտիների առանձնահատկությունները:

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ

Հայկական էներգետիկան ակադեմիայի հիմնադիր նախագահ,

Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր