«Սա տղան՝ ազգիս հպարտությունը դառնալու է»
Հովհաննես Այվազովսկի
Չարաբաստիկ 2020-ին լրացավ հայ եւ անվիճելիորեն համաշխարհային կերպարվեստի փառահեղ անուններից մեկի՝ հայ ազգային պատմանկարչության հիմնադիր, գեղանկարիչ, բեմանկարիչ, ճարտարապետ, գծանկարիչ, գրքի ձեւավորող, գեղարվեստի քննադատ, պատմաբան, թարգմանիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 160-ամյակը: 2010 թ.՝ մեծ հայորդու ծննդյան 150-ամյակին, Հայաստանի ազգային գրադարանը նախաձեռնել էր հրատարակել «Վարդգես Սուրենյանց» կենսամատենագիտությունը, սակայն գիրքը լույս ընծայվեց 2021-ին՝ մահվան 100-ամյակին. կազմողը Ազգային գրադարանի երկարամյա աշխատակցուհի, մատենագետ Աիդա Ադամյանն է, խմբագիրը՝ արձակագիր, հրապարակախոս Դավիթ Սարգսյանը:
Կենսամատենագիտությունն իր տեսակի մեջ եզակի է, ամփոփում է Սուրենյանցի բացառիկ ստեղծագործական ժառանգությունը՝ կյանքն ու գործունեությունը ներկայացնող տպագիր նյութեր՝ գրքեր, հոդվածներ, արխիվային փաստաթղթեր եւ ոչ գրքային հրատարակություններ: Ներկայացված է նաեւ նկարչի արխիվը, որն ի պահ է տրված Հայաստանի ազգային պատկերասրահին, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին եւ Հայաստանի ազգային արխիվին. ասել է թե՝ մի հոյակապ նվեր սուրենյանցագետներին եւ սուրենյանցասերներին:
Գիրքը սկսվում է «Կազմողի կողմից» եւ «Առաջաբանի փոխարեն» բաժիններով: Այնուհետ ներկայացվում են մեծ հայորդու կյանքի եւ ստեղծագործության հիմնական տարեթվերը (մասնակցությունը ցուցահանդեսներին, հետմահու ցուցահանդեսներ): Այս արժեքավոր հրատարակության հետաքրքրական հատվածներից է «Վարդգես Սուրենյանցի մտքերից» հատվածը: Իմանում ենք նաեւ, թե ինչեր են ասել մեծ արվեստագետի մասին հայ եւ օտարազգի գործիչները, որոնց մեջ կան այնպիսի նվիրական անուններ, ինչպիսիք են Հովհաննես Այվազովսկին, Իլյա Ռեպինը, Մարտիրոս Սարյանը, Ռուբեն Դրամբյանը եւ այլք: Ապա զետեղված են այն հանրագիտարանների, բառարանների, տեղեկատուների, կատալոգների վերնագրերը, որոնցում կան Սուրենյանցին առնչվող հրապարակումներ: Զետեղված են նաեւ պատկերագրքեր, ուսումնասիրություններ, մենագրություններ: Չի անտեսվել նաեւ Սուրենյանցի 150-ամյակի առթիվ տեղի ունեցած միջոցառումների արձագանքը պարբերական մամուլում եւ ԶԼՄ-ում:
Ընթերցողը, կարծում ենք, հետաքրքրությամբ կծանոթանա «Վարդգես Սուրենյանց. հոդվածներ, ելույթներ, նամակներ», «Հոդվածներ պարբերական մամուլում» (ամենածավալուն բաժինը) եւ «Վարդգես Սուրենյանցը` թարգմանիչ» բաժիններին: Տեսնում ենք նաեւ սուրենյանցական արվեստը ոչ գրքային հրատարակություններում (ազդագիր, բացիկ, բուկլետ, գրաֆիկա, թվային կրիչ, լուսանկար, հրավիրատոմս, նամականիշ, բնօրինակ, վերատպություն, օրացույց): Նշված են նաեւ Վարդգես Սուրենյանցի մասին նկարահանված ֆիլմերի (վավերագրական) վերնագրերը: Մեր կարծիքով, հատկապես հետազոտողներին կհետաքրքրի «Վարդգես Սուրենյանցի արխիվը ԳԱԹ (իմա՝ գրականութան եւ արվեստի թանգարանում)-ում (պիեսների թարգմանություններ, նամակներ, տպագիր նյութեր) բաժինը: Եվ բնականաբար կենսամատենագիտության մաս են կազմում Սուրենյանցի գեղանկարչական աշխատանքների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Գյումրիի Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում (Սուրբ Յոթ Վերք եկեղեցի), Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում պահվող, եւ գրաֆիկական աշխատանքների՝ Ա. Պուշկինի «Բախչիսարայի շատրվանը» գրքի նկարազարդումների էսքիզներ (1897-1899), Օսկար Ուայլդի հեքիաթի նկարազարդումների էսքիզներ (մոտ 1907-1908), Հայկական ժողովրդական հեքիաթների նկարազարդումների էսքիզներ (1905, 1913-1914), գրաֆիկա, գծանկար, գուաշ, թատերական ձեւավորումներ, հանդեսների կամ թերթերի ձեւավորման էսքիզներ, նոտաների ձեւավորման էսքիզներ, Էջմիածնի Մայր տաճարի որմնանկարների հատվածների ընդօրինակություններ (1890-1891), Յալթայի հայկական եկեղեցու որմնանկարների էսքիզներ (մոտ 1907-1917) եւ այլն, ցանկերը: Ներառված են նաեւ Սուրենյանցի՝ Հայաստանի ազգային պատկերասրահում (ՀԱՊ) ցուցադրվող գործերի վերնագրերը: Նկարչի` ՀԱՊ-ի ձեռագրահուշագրային բաժնում պահպանվող ստեղծագործությունների ցանկը եւս կա: «Վարդգես Սուրենյանցի անձնական արխիվը ՀԱՊ-ի Ֆ-128-ում (նամակներ, նամակներ Սուրենյանցի մասին, Վ. Սուրենյանցի նամակները տարբեր անձանց, նամակներ Վ. Սուրենյանցին)» եւ «Հայաստանի ազգային արխիվում պահպանվող փաստաթղթեր» բաժինները, կարծում ենք, առաջին հերթին կհետաքրքրեն հետազոտական աշխատանք կատարողներին: Գրքում ներառված են նաեւ էլեկտրոնային կայքերում զետեղված նյութերի վերնագրերը: Ինչպես բոլոր կենսամատենագիտությունները, սույնը եւս ունի անձնանունների ցանկ: Անձնանունների ցանկին հաջորդում է «Ստեղծագործությունների վերատպություններ» բաժինը: Վերջում Սուրենյանցի աշխատանքների վերատպություններն են:
Հայաստանի ազգային գրադարանում ապրիլի 18-ին տեղի ունեցավ հիշյալ կենսամատենագիտության շնորհանդեսը, որի ընթացքում մեծ նկարչի ու այս արժեքավոր հրատարակության մասին իրենց սրտի ու գնահատանքի խոսքն ասացին Դավիթ Սարգսյանը, ԵՊՀ հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, արվեստաբանության թեկնածու, ԵՊՀ դոցենտ Սաթենիկ Վարդանյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի նախագահ Սոս Սահակյանը, Աիդա Ադամյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը: Թամանյանական մասնաշենքի փոքր ցուցասրահում բացվել էր Վարդգես Սուրենյանցի մասին գրականության եւ ալբոմային հրատարակությունների ցուցադրություն: Նկարչի ստեղծագործական ժառանգությունը հանրահռչակելու նպատակով Հայաստանի ազգային գրադարանը Հայաստանի ազգային պատկերասրահի հետ միջմշակութային համագործակցության շրջանակում շնորհանդեսին ներկայացվող ցուցադրության մաս էր դարձրել Սուրենյանցի «Ծաղկակիրներ» աշխատանքը:
ՀՐԱՉՅԱ ԲԱԼՈՅԱՆ (Արմենյան)
Բան. գիտ. թեկնածու