Նորից փոթորկուն իրավիճակ է Հայաստանում ու նրա անբաժան մաս Արցախում։ Հայաստանում՝ գործող իշխանությանը կապիտուլացիոն երկրորդ պայմանագիր ստորագրել թույլ չտալու, Արցախում՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքից որեւէ զիջում չկատարելու պահանջով։
Բողոքի ամենօրյա ցույցերը, հանրահավաքներն ու անհնազանդության ակտերը, որոնց առիթը տրվել է գործող իշխանության կողմից, հաջորդում են միմյանց։ Կրքերը բորբոքվեցին հատկապես այն բանից հետո, երբ վարչապետը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ այսպես կոչված երկարատեւ խաղաղության համար մտադիր է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ընդհուպ՝ Արցախի ներառմամբ, եւ, միաժամանակ, հղում կատարելով աներեւույթ կողմերի՝ թելադրեց իջեցնել արցախահայության ինքնորոշման իրավունքի նշաձողը, ինչը նշանակում է ընդհանրապես հրաժարվել այդ իրավունքի իրացումից։
Մյուս կողմից, նկատի ունենալով, որ արդեն սկսվել են Հայաստան-Թուրքիա այսպես կոչված առանց նախապայմանների բանակցությունները, որոնք բացի վարչապետ Փաշինյանի՝ «խաղաղության նոր դարաշրջան» բացելու հավակնությունները շոյելուց, չեն կարող դրական որեւէ բան խոստանալ մեր երկրին ու ժողովրդին՝
Հայաստանում Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադիրներս հայտարարում ենք.
ա) Ստեղծված ծանր եւ փոթորկուն իրավիճակի պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է գործող իշխանության վրա։
բ) Խուսափելու համար ներքին ճակատում հետագա բարդացումներից, իշխանությունից պահանջում ենք վերանայել Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ տարվող քաղաքականությունը եւ հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ եւ կասեցնել թշնամական այդ երկու երկրների հետ տարվող բոլոր տեսակի բանակցությունները, քանի դեռ ներհայկական ճակատում ստեղծված չէ կոնսենսուս արծարծվող հարցերի շուրջ։
գ) Պահանջում ենք շտապ վերահաստատել միջպետական հարաբերությունները Արցախի հանրապետության հետ եւ նյութապես, բարոյապես ու քաղաքականապես սատար կանգնել Արցախի ժողովրդին, նպաստել նրա պետականության ամրապնդմանն ու իրավունքների ճանաչմանը։
դ) Ազգային ժողովից պահանջում ենք պաշտոնապես խոստանալ մեր ժողովրդին, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի իշխանություն, պետական ոչ մի մարմին եւ պաշտոնյա չի դրժելու եւ չի շրջանցելու 1992 թ. հուլիսի 8-ի ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը, չի ստորագրելու որեւէ փաստաթուղթ, որը կճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում։
ե) Պահանջում ենք անհապաղ, ի հարկին զինու ուժով, կանգնեցնել Ադրբեջանի տարածքային ու դիրքային ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների դեմ։
զ) ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ կասեցնել Նիկոլ Փաշինյանի վարչապետական լիազորությունները եւ ՀՀ համապատասխան օրենքներով ընտրել նոր վարչապետ՝ ազգային համաձայնության թեկուզ ժամանակավոր կառավարություն ստեղծելու առաջադրանքով։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌԱԿ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ
28.04.2022