Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Հենց վարկանիշի խնդիր են ունենում, մետրոյի նոր կայարանի մասին են հիշում

Կառավարության երեկվա նիստի ժամանակ մերօրյա իշխանավորները նորից, դարձյալ, կրկին, երիցս ու արդեն երեւի հազարերոդ անգամ անդրադարձել են մետրոյի նոր իբրեւ թե կառուցվելիք կայարանին: Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նույնպես, որ, ի դեպ, Երեւանի քաղաքապետ դառնալու մեծագույն հավակնություններ ունի, ազդարարել է, թե մետրոյի՝ Աջափնյակում կառուցվելիք կայարանի շահագործմանը քիչ մնաց: 2018 թ. քաղաքական վերադասվորումներից ի վեր Նիկոլ Փաշինյանի իշխանության անդամները, հասարակությանը շոյելու ու ցանկալին որպես շոշափելի իրականություն ներկայացնելու մոլուցքով տարված, մետրոյի նոր կայարաններ կառուցելու մասին իրար հերթ չտալով են խոսում: Քաղաքապետարանում պաշտոնի անցնող ամեն մի «չինովնիկ» իր սրբագույն պարտքն է համարում խոսել դրա մասին: Ասես մրցույթ լինի՝ ով մետրոյի կայարանի մասին ավելի գեղեցիկ բառեր կշարի իրար կողքի ու ավելի համոզիչ խոստում կտա հասարակությանը, ապա հենց նա կարժանանա «ամենահեղափոխական» դափնեպսակին:

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը գրեթե «հորս արեւով» էին երդվում, որ ամեն բան արել են, մնում է վագոնները ռելսերին դնեն: Դեռ չասած, որ Մեսչյանը հայտարարում էր, թե Նորքի զանգվածը Աբովյան պուրակին կապող ճոպանուղու սյուները մինչեւ 2019 թ. վերջ տեղադրված կլինեն: Այժմ փաստացի ո՛չ ճոպանուղու՝ օդում կրակված սյուները, ո՛չ երկաթուղային ռելսերը կան, ո՛չ էլ Մեսչյանն ու Մարությանն են պաշոտնի: Միակ շոշափելի բանը ենթադրվելիք «Աջափնյակ» կայարանի էսքիզն է, որ դրոշակի նման անդուլ ծածանվում է «հեղափոխական չինովնիկների» ձեռքերում:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ