«Ես պապանձված եմ, բառեր չեմ գտնում մեկնաբանելու, թե այսքանից հետո ինչպե՞ս կարելի է հաշտվել թուրքի հետ կամ ասել, թե մենք պետք է հաշտվենք նրանց հետ»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Տավուշի մարզի Մովսես գյուղի հոգևոր սպասավոր Տեր Աբել քահանա Քարտաշյանը` խոսելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլու վերջին արարքի մասին: Ինչպես արդեն հայտնել ենք, Ուրուգվայի հայ համայնքը բողոքի ակցիա էր իրականացրել Թուրքիայի դեսպանատան մոտ, որտեղից այդ պահին հեռանում էր Մևլյութ Չավուշօղլուն եւ վերջինս ավտոմեքենայի մեջ նստած «Գորշ գայլեր» խմբավորման սիմվոլիկան էր ցուցադրել տեղում բողոքի ակցիա իրականացնող հայերի ուղղությամբ, ինչին թուրք նախարարին ուղեկցող անձնակազմը արձագանքել էր ծափահարություններով:
Քահանան նկատում է՝ ի՞նչ է նշանակում մեկնաբանել։ Ստուգաբանությամբ մեկնել, նշանակում է բացատրել, իսկ բան-ը խոսքն է.«Հիմա ես ինչպե՞ս բացատրության խոսքեր գտնեմ՝ նկարագրելու համար մի երևույթ, որը բոլոր տեսակի բացատրություններից և խոսքերից անդին է… Հարցնում եք՝ ինչպե՞ս կարելի է մտածել, թե մենք կարող ենք հաշտվել թուրքերի հետ։ Ասեմ, որ դա կարող է լինել միայն մեկ պարագայում, երբ մենք հեռանանք Աստծուց և Աստծո խոսքից, ինչն էլ տեղի է ունեցել։ Հասկանո՞ւմ եք՝ երբ մարդը կույր է, և դու լուսավոր ջահը ձեռքիդ բռնած գնում ես նրան ընդառաջ և ասում՝ նայիր, ախր ձեռքինս ջահ է, այն լույս է արձակում, միևնույն է դիմացինդ անհաղորդ է մնալու, որովհետև նա կույր է։ Խոսքս, այս իրավիճակում՝ հոգևոր կուրության մասին է։ Այդ շնորհի բացակայությունը կամ խախտվածությունը շատ խորը և լուրջ է պատճառ է, որպեսզի մարդիկ չհասկանան, որ թուրքի հետ բարեկամություն անել հնարավոր չէ։ Ինչքան ուզում ես ասա ու բացատրի, նա չի հասկանալու քեզ, առանց Աստծուն մոտ լինելու, նա ի զորու չի լինի սա հասկանալ»,- ասում է հոգևորականը։
Մովսես գյուղի հոգևոր սպասավոր Տեր Աբել քահանա Քարտաշյանի արձանագրմամբ` եթե հայն այնքան ուժեղ լինի ու կարողանա այնպես անել, որպեսզի թուրքը վախենա իրենից, միգուցե հնարավոր լինի խոսել նրանց հետ ինչ – որ մի տեսակի հարաբերություն կառուցելու մասին։ Որպեսզի դա տեղի ունենա, թուրքը, նախ, պետք է գիտակցի իր կատարած ոճիրը, զղջա ու ներողություն խնդրի դրա համար, իսկ թուրքը զղջալ կամ ներողություն խնդրել չգիտի, դա նրա բնական տեսակին հակասող հոգեվիճակ է»։
Աղբյուր` Փաստինֆո