Ամիսներ շարունակ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները միայն անուղղակի ակնարկներ էին անում եւ խուսափում պատասխանել Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ կառավարության դիրքորոշման եւ մտաադրության վերաբերյալ ողիղ հարցերին: Վերջապես, ապրիլի 13-ը դարձավ հաշվետվության օրը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից, երկար ու ինքնախարազանող ելույթով, բացահայտեց ղարաբաղյան հարցի ամբողջ անախորժ ճշմարտությունը: Իրականում, նա պարզապես պայթեցրեց այն ռումբը, որ երկար ժամանակ ակնկալվում էր:
Բացահայտումները հետեւեցին դիվանագիտական գործառույթների աշխուժացմանը, որի ընթացքում ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցավ դեմ-առ- դեմ հանդիպումը ՀՀ վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ՝ Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ: Գագաթաժողովի ավարտին երեք մասնակիցները հրապարակեցին առանձին, բայց նույնանման հայտարարություններ, որոնցում նկատելիորեն բացակայում էր Ղարաբաղի վերաբերյալ որեւէ ակնարկություն:
Հայաստանում մտահոգությունները սրվեցին, երբ Ալիեւը հայտարարեց, որ Հայաստանը զիջել էր Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը: Նա մասնավորապես ավելացրեց, որ Հայաստանը պատրաստ է ճանաչելու Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն իր մեջ ներառում է նաեւ Ղարաբաղը: Նա փաստորեն ասաց, որ Հայաստանը հրաժարվում է «Ադրբեջանում» որեւէ տարածքային պահանջատիրությունից:
Այդ իսկ պատճառով, երբ Փաշինյանը խորհրդարանում բացահայտեց ամբողջ ճշմարտությունը, ռումբը, որն ակնկալվում էր, զայրույթ եւ շփոթ առաջացրեց ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում: Կենսական կարեւորություն ունի այն, որ Փաշինյանի ելույթը հանրության ուշադրությանը հանձնեց Հայաստանի եւ Արցախի միջեւ ամիսներ շարունակ հասունացող բաժանումը, տարակարծությունը, եւ այն էլ մի ժամանակահատվածում, երբ միասնությունն է ամենից անհրաժեշտ գործոնը: Ելույթը նաեւ խորացրեց հակասությունը կառավարության եւ ընդդիմության միջեւ, հուրախություն Բաքվի ղեկավարների: Հայաստանի քաղաքացիական հասարակությունը բաժանվեց, փոխանակ մեկ միասնական ազգային օրակարգի շուրջ համախմբվելու:
Իր երկար եւ կրքոտ ելույթում Փաշինյանը անդրադարձավ երեք հիմնական թեմաների. (ա) իր մասնաբաժին պատասխանատվությունը՝ պարտության մեջ, (բ) միջազգային հանրության կողմից Հայաստանին պարտադրված պայմանները, եւ (գ) տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջան բացելու իր ծրագիրը:
Առաջին թեմայի վերաբերյալ նա ասաց. «Ես ի սկզբանե ընդունել եմ իմ մեղքն ու պատասխանատվությունը թե՛ պատերազմի եւ թե՛ պարտության համար: Բայց չեմ ընդունել եւ չեմ ընդունում այն մեղադրանքները, որ ինձ հասցեագրում են ընդդիմադիրները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, մեղադրելով հողեր հանձնելու եւ այդպիսով նաեւ դավաճանության մեջ: Առաջին հայացքից սա կարող է աբսուրդ թվալ, որ ընդունում ես մեղքը, բայց չես ընդունում մեղադրանքը, եւ թերեւս բոլոր՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական եւ թե՛ ապագայի մասին խոսակցության տիրույթում հասունացել է պահը, որ այս երկվությունը լուծվի: Վերջերս տված հարցազրույցներից մեկում ակնարկել էի, որ եթե ինձ ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել, ինձ պետք է մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ պետք է մեղադրել հողեր չհանձնելու մեջ: Եվ ես հիմա, այո, ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է եւ մեղավոր եմ դրանում»:
Ինչպես կարելի է նկատել, որպես նախկին լրագրող, այն էլ բուռն արտահայտվող լրագրող, Փաշինյանը բառային մտավարժանքների վարպետ է եւ կարող է իր ունկնդիրներին հիպնոսացնել, որպեսզի նրանք չտեսնեն կամ չհասկանան իրենց սպասվող դաժան ճշմարտությունը:
Իր ելույթում նա ընդունեց նաեւ, որ կարող էր խուսափել պատերազմից կամ կանգնեցնել այն եւ փրկել 3825 կյանքեր՝ երկրի առաջ կանգնելով եւ դաժան իրավիճակի մասին ճշմարտությունն ասելով. բայց, «ինքս ինձ, խոստովանեմ, չկարողացա համոզել»:
Նրա ելույթի գլխավոր միտքն այն էր, որ միջազգային հանրությունը Հայաստանին կագնեցրել է անառարկելի փաստի առաջ. «Այսօր, միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է. լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի համար: Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ «մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը եւ միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի եւ Արցախի շուրջ»: Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրությունը, խնդրում ենք մեր վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել», ասաց նա, եւ անցավ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներն ավարտելու եւ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու շուրջ անմիջական բանակցություններ անցկացնելու թեմային:
Բազմաթիվ հարցեր անպատասխան մնացին: Օրինակ, ո՞ր երկրներն են ընդգրկված «միջազգային հանրություն» կոչված այդ եզրույթում: Կամ ի՞նչ է իրականում ակնկալվում Հայաստանից: Ի՞նչ է Հայաստանը ստանալու փոխարենը: Եվ վերջապես, արդյոք սա որոշակի ժամանակահատվածի համար հարաբերական խաղաղության միա՞կ ճանապարհն է, թե՞ մի նոր պատերազմի բաղադրատոմս:
Նման մռայլ իրավիճակում Հայաստանի գտնվելու պատճառները միջազգային քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներն են, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը դարձել են գլխավոր դերակատարներ: Նախագահ Ալիեւը, իր թուրք ղեկավարի հովանավորության ներքո, որոշակի քայլեր ձեռնարկեց գոհացնելու համար երկու հակամարտող ճամբարները ուկրաինական պատերազմում: Ռուսաստանի հարձակումից մեկ օր առաջ Ալիեւը ռազմավարական դաշնության պայմանագիր կնքեց Ռուսաստանի հետ, հար եւ նման Հայաստանի ժամանակին կնքած պայմանագրին: Դրանով հարց առաջացավ, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի դեպքում Մոսկվան ո՞ր կողմին է պաշտպանելու, քանի որ երկու հակամարտող երկրների հետ ունի միեւնույն պայմանագիրը: Այդ քայլը փաստորեն չեզոքացրեց տարածաշրջանի միակ ուժային հենասյունը լինելու Հայաստանի դիրքը:
Մյուս կողմից, Ադրբեջանը դարձավ էներգամատակարարող նախընտրելի երկիր Եվրոպայի համար, որ փորձում էր ձերբազատվել ռուսական էներգամատակարարումներից, ուկրաինական պատերազմի հետեւանքում սահմանված պատժամիջոցներին հավատարիմ մնալու պատճառով:
Նման պայմաններում, Արեւմուտքը ձեռք էր բերում անհրաժեշտ բոլոր պատճառները` պաշտպանելու Ադրբեջանին եւ ոչ թե տարածաշրջանի իր հակառակորդներին: Իսկ Ադրբեջանի հեղինակության այս նոր բարձրացմանը դիմակայելու համար ի՞նչ կարող է Հայաստանն անել բացի մի փոքր տեղ հատկացնելով իր քաղաքականության մեջ եւ հեշտացնելով Կովկասում Ռուսաստանի ռազմական ներկայությունը չեզոքացնելու Արեւմուտքի ջանքերը:
Մինչ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ափսոսանքով արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի արեւմտյան երկրների համանախագահները մերժում են համագործակցել Մոսկվայի հետ Ղարաբաղում խաղաղություն հաստատելու գործում, եւ նշում, որ Մինսկի ձեւաչափը գործնականորեն այլեւս սպառել է իրեն, Ֆրանսիայի եւ Մ. Նահանգների համանախագահները այդ խմբի` համապատասխանաբար Բրիս Ռոկֆոյն ու Էնդրու Շոֆերը վերջերս Երեւան են ժամանել վերականգնելու այդ ձեւաչափի գործառույթները եւ նոր հույս ներշնչելու հայաստանցիներին:
Հայաստանը երկար ժամանակ հույսը դրել էր այդ խմբի վրա, որ շարունակում էր պնդել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ չի լուծված ըստ Հելսինկիի վերջնական օրինագծի սկզբունքների: Այցելություններին զուգահեռ Շառլ Միշելն էր զանգահարել Փաշինյանին, նախքան վերջինիս Մոսկվա այցելութունը ապրիլի 19-ին եւ 20-ին, հանդիպելու համար նախագահ Պուտինին, վարչապետ Միշուստինին եւ Ռուսաստանի Դումայի նախագահին:
Վերոնշյալ գործողությունները (այցելություններն ու հեռախոսազանգը) կարող են որպես զգուշացում ծառայել, որպեսզի Փաշինյանը խուսափի Կրեմլում ստանձնել որեւէ պարտավորվածություն, որը կհակասեր Կովկասում Արեւմուտքի շահերին: Այդ կոնտեքստում Եվրոպայից ակնկալվող շուրջ երեք միլիարդ դոլարի օգնության փաթեթի ճակատագիրն անգամ կարող է օդից կախված մնալ:
Փաշինյանի կառավարության եւ հատկապես նրա արտաքին գերատեսչության փխրուն շարքերի առաջ ծառացած են բազմաթիվ մարտահրավերներ: Ռուսաստանի ծավալած պատերազմը Ուկրաինայում ազատություն է տալիս Բաքվին նորանոր արկածախնդրությունների դիմելու Կովկասում եւ ճնշում գործադրելով ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից:
Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցում է, որ ընձեռված այս հնարավորությունը երկար չի կարող տեւել, ուստի ճնշում է բանեցնում, որ Հայաստանը հիմա՛ ստորագրի խաղաղության պայմանագիրը: Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը օրերս հայկական լրատվամիջոցներում տպագրված իր վերլուծականում խորհուրդ էր տվել կառավարությանը չստորագրել ներկայիս որեւէ պայմանագիր, որը կարող էր հետագայում վտանգել Հայաստանի ապահովությունն ու տարածքային ամբողջականությունը:
Նախագահ Ալիեւը որոշ ժամանակ հրաժարվել էր նշել «Զանգեզուրի միջանցքի» մասին, թողնելով այն տպավորությունը, թե այդ գաղափարը անիրականանալի է, բայց վերջին զարգացումների լույսի ներքո նա դարձյալ հնչեցրել է այդ պահանջը եւ նույնիսկ սպառնացել:
Արտաքին այս սպառնալիքներին զուգահեռ Փաշինյանի վարչակազմը պարտավոր է նաեւ դիմակայել Արցախի ղեկավարության հակազդեցությունն ու երկրի ներսում ծավալված տարակարծությունը:
Արցախի կառավարության եւ բնակիչների վախը իրենց ապագայի նկատմամբ արդարացված է:
Կարծես Փաշինյանի տագնապահարույց ելույթը բավական չէր, խորհրդարանի ՔՊ-ական կուսակցության պատգամավոր, Հայաստանի քաղաքական բնապատկերի քամելեոն Վիգեն Խաչատրյանը կրակին յուղ ավելացնելով հայտարարել է, որ «Ադրբեջանի կազմում Ղարաբաղը ապագա չունի հասկացությունը սխալ հետեւություն է»:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը արտակարգ նիստ է հրավիրել տեղի քաղաքական խմբավորումների առաջնորդների հետ Փաշինյանի հայտարարությունից բխող մտահոգությունները քննարկելու համար: Նախագահի գրասենյակից հայտնել են, որ նիստի մասնակիցները «զայրույթ են արտահայտել» Փաշինյանի արտահայտությունների վերաբերյալ եւ շեշտել, որ Ստեփանակերտը շարունակելու է պաշտպանել արցախահայերի ինքնորոշման իրավունքը: Ավելի հեռուն գնալով անկլավի արտագործնախարար Դավիթ Բաբայանը նշել է, որ արցախահայերը երբեք չեն համաձայնվի ապրել Ադրբեջանի իշխանության ներքո: «Մեզ համար նշաձողեր չկան, որ իջեցնենք, կան միայն արյունով շաղախված կարմիր գծեր», ավելացրել է նա:
Հայաստանի կառավարությանը մեկ այլ մարտահրավեր է նետում ընդդիմադիր «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը, որ նստացույց է կազմակերպել Ազատության հրապարակում: Հակառակ իր պնդումներին, որ կուսակցությունն ունի հստակ ծրագիր, նա ոչ մի ծրագիր էլ չի ներկայացրել: Ամբողջ ժամանակ ընդդիմությունն ընդհանրապես պահանջում է Փաշինյանի հրաժարականը, առանց առաջ քաշելու այլընտրանքային ավելի լավ տարբերակ:
Ներկայիս իշխանությունն ու ընդդիմությունը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին: Քաղաքական քննարկումների մեծ մասի ընթացքում մասնակիցները խախտում են պատշաճության բոլոր սահմանները եւ հայտնվում մեղադրանքների դաշտում:
Հայաստանի թշնամիները սահմանին աչալուրջ հսկում են: Բայց ներքին ընդդիմությունը պակաս վտանգ չի ներկայացնում: Մինչեւ քաղաքացիներն ու կառավարությունը չմիանան, հնարավոր չի լինի դիմակայել արտաքին վտանգները:
Փաշինյանի ռումբը չպետք է խորտակի այն հույսը, որ դեռեւս գոյություն ունի:
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. բնագրից թարգմ.
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)