Անկախություն ձեռք բերելը եւ այն պահպանելը բացարձակ արժեք է յուրաքանչյուր երկրի եւ ժողովրդի համար: Մասնավորապես Հայաստանի հանրապետությունը իր անկախությունը հռչակեց բավականին բարդ եւ քարքարոտ ճանապարհ անցնելով,որի գինը մինչ օրս վճարում է: Դա փաստում է ինչպես պատմությունը,այնպես էլ աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակը: 33 տարի առաջ ժողովուրդը տվեց իր անկախ ապրելու քվեն՝ դուրս գալով ԽՍՀՄ կազմից: Սակայն այսօր հասարակության մի ստվար զանգված հրապարակայնորեն կարծիք է հայտնում, որ Հայաստանի հանրապետությունը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ, դառնալով միութենական պետություն: Կարճ ասած՝ Հայաստանը կորցնում է իր ինքնիշխան եւ անկախ դեմքը: Օրեր առաջ էլ մի խումբ քաղաքացիներ ու մի քանի քաղաքական կուսակցություններ ակցիա էին իրականացնում Ռուսաստանի դաշնության կազմի մեջ մտնելու պահանջով: Իհարկե, սա լավ օրից չէ: Այս ամենը բխում է Հայաստանի ներկայիս, մեղմ ասած, անմխիթար եւ խարխլված ռազմաքաղաքական վիճակից եւ իշխանությունների ոչ արդյունավետ գործելաոճից:
Անզեն աչքով էլ երեւում է, որ Հայաստանի իշխանությունները կախում ունեն Ռուսաստանի դաշնությունից եւ անհերքելի փաստ է, որ անկախության տարիներից ի վեր Հայաստանը միջազգային ասպարեզում գործել է բացառապես Ռուսաստանի խաղի կանոններով եւ նրա շահերից ելնելով: Սակայն մեկ այլ բան է «դաշնակցային» հարաբերություններ ունենալը, մեկ այլ բան՝ ընդհանուր պետության մաս կազմելը, մասնավորապես այն դեպքում, երբ այսօր Արեւմուտքը բեւեռացվել է Ռուսաստանի դեմ:
Հայաստանի անկախության թեման շահարկեցին նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը կասկածի տակ էր դնում մեր երկրի ինքնիշխան ապրելու կարողությունը, հոխորտալով, թե մեզ դա չի հաջողվել այսքան տարի շարունակ: Ալիեւից առաջ այդ մասին բարբաջում էր նաեւ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որ պնդում էր, թե Հայաստանը ոչ մեկին պետք չէ, միայնակ ունակ չէ ապահովել իր անվտանգությունը եւ հարկադրված է իբրեւ վերջին հույս Ռուսաստանի եւ Բելառուսի հետ միութենական պետություն կազմել: Ակներեւ է, որ այս տեսանկյուններից Հայաստանը ապացուցելու բան ունի աշխարհին, իսկ այդ ապացույցը կլինի զարգացման ուղին կերտելը:
Այս հարցն այսօր հասարկության ակտիվ քննարկման թեմաներից է ,ուստի զրուցելով համաքաղաքացիների հետ՝ փորձեցինք պարզել, թե ի՞նչ դիրքորոշումներ ունեն նրանք:
«Ի՞նչ միութենական պետության մասին կարող է խոսք լինել: Առաջինը՝ դա մեզ թույլ չի տա մեր պատմությունը: Արցախյան առաջին եւ երկրորդ պատերազմները,դրանց հաջորդող քաղաքական զարգացումները տեղի են ունեցել հենց մեր երկրի սեփական դեմքը, ինքնորոշումը պահպանելու, անկախությունը ձեռք բերելու եւ այն փայփայելու համար: Եթե այսօր այս ամենը մի կողմ դնելով մտնենք Ռուսաստանի կազմի մեջ, ապա դա կհանգեցնի Հայաստանի պատմության ավարտին: Այդ դեպքում կարժեզրկվեն այսքան տարիների մեր պայքարները: Եկեք չմոռանանք որ հենց այդ անկախությունը եւ պետությունը պահելու համար է,որ այսօր ունենք Եռաբլուրներ: Այո, հարկավոր է ունենալ դաշակցային լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ, սակայն նրա գործիքը կամ մասնիկը դառնալու գաղափարը միանգամայն անընդունելի: Մանավանդ այս ժամանակահատվածում նման քայլի դիմելով մենք դուրս կգանք ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ»,- մեզ հետ զրույցում հայտնեց 45-ամյա Կարեն Աթաբեկյանը:
Շրջանառվող կարծիքներից մեկն էլ այն է,որ Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելով,կամ նրա հետ միութենական պետություն կազմելով՝ ձեռք կբերի անվտանգություն.
«Ներկայումս մենք ունենք անվտանգության խնդիր: Այս հարցը բարձիթողի վիճակում է: Պարզից էլ պարզ է,որ հիմա մենք իվիճակի չենք պաշտպանելու ինքներս մեզ ռազամական բախումների դեպքում: Ուստի Ռուսաստանի հետ մեկ կազմի մեջ հանդես գալը մեզ կտա անվտանգություն, ինչը կարեւորագույն պայման է մեր օրերում: Բացի սա, կարծում եմ, որ Ռուսաստանի հետ միութենական պետություն կազմելը մեզ կբերի նոր ժամանակաշրջան, կարգեր եւ բարքեր ու կնվազեցնի եվրոպական այլասերված մտածելակերպի ինտեգրումը մեր մշակույթի մեջ: Պետք է հաշվի առնել,որ Ռուսաստանի միջոցով մենք կկարողանանք նաեւ հայտնել դիրքորոշում մեր տարածաշրջանում ու կունենանք զգալի ազդեցություն: Պաշտպանելով Ռուսաստանի շահերը հնարավորություն կունենանք պաշտպանել նաեւ մերը: Մեկ բան հստակ է, որ ո՛չ Եվրոպան եւ ո՛չ էլ ԱՄՆ-ը շահագրգռված չեն մեր պետության անվտանգությունը ապահովելու հարցում: Դա փաստեց նաեւ ռուս-ուկրաինական վերջին հակամարտությունը»,-ընգծում է 34-ամյա Անահիտ Պետրոսյանը:
Կան նաեւ մարդիկ, որոնք ունեն միանգամայն չեզոք կարծիք տվյալ հարցի վերաբերյալ: 26-ամյա Գագիկ Մանուկյանի կարծիքով, այս հարցի զարգացման դեպքում դրա պատասխանը պետք է տրվի հանրաքվեի միջոցով.
«Կարծում եմ նման հարցերի շուրջ որոշումներ պետք է առաջին հերթին կայացնի ժողովուրդը հանրաքվեի միջոցով: Պետությունը պետք է մարդկանց հնարավորություն ընձեռնի արտահայտելու իրենց կամքը՝քվեի միջոցով,ինչպես եղել է տարիներ առաջ ԽՍՀՄ կազմից դուրս գալու դեպքում: Ինքս չունեմ հստակ ընդգծված դիրքորոշում այս հարցի վերաբերյալ ,կարծում եմ այն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Սա միջազգային քաղաքականության մի մաս է, որը պետք է որոշի պետությունը: Ես ցանկանում եմ տեսնել իմ պետության ինքնիշխան զարգացումը ,միեւնույն ժամանակ էլ չեմ ցանկանում տեսնել նրա տարածքային ամբողջականությունը վտանգված»:
ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ
ՀՊՄՀ լրագրության բաժնի ուսանող