Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ տևական և համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից՝ արձագանքելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի մասին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը:
«Մենք ողջունեցինք Բրյուսելում ապրիլի 6-ին վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև կայացած հանդիպումը, այդ թվում՝ խաղաղության բանակցությունների նախապատրաստման և սահմանների դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորման դրական քայլը: Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագայի կերտմանը Հարավային Կովկասում: Ինչպես ապրիլի 5-ին երկու երկրների ղեկավարների հետ հեռախոսազրույցների ժամանակ նշել է պետքարտուղարը, մենք շարունակում ենք խրախուսել խաղաղության բանակցությունների շարունակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև և վերահաստատում, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու այդ երկրներին տևական և համապարփակ խաղաղության հասնելու հարցում», – փոխանցել են ամերիկյան դեսպանությունից: