«Վստահաբար եմ ասում, որ այդտեղ ծառատունկ չի լինելու. շնորհավորում եմ բոլորիս»,- սարկազմով ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ լսելով, թե ինչ է արվել Ծիծեռնակաբերդի բարձունքի 8,5 հեկտարի վրա ծառատունկ իրականացնելու համար։
Մարզերից հողը դեռ չի բերվել, ծառատունկի համար նախապատրաստական աշխատանքները արվել են միայն 3,1 հեկտարի վրա, ոռոգման համակարգն էլ լիարժեք չի ներդրվել։ Իսկ ծառ տնկելու ժամանակն անցնում է։
Այդպես էլ չստացվեց Էլեկտրատրանսպորտի հավաքակայանում ունենալ շաժակայանի լվացման նոր, ժամանակակից կայան։ Մրցույթին ոչ մի կազմակերպություն չի մասնակցել։
Հրազդանի կիրճի և Երևանյան լճի մաքրման աշխատանքները նույնպես թերի են կազմակերպվել։
«Ես ինքս ոչ մեկիդ չասելով գնացել եմ Երևանյան լիճ, էդ մարդն էնտեղ հավաքում էր: Հիմա ինչ ուսումնասիրություն է էնտեղ անում, էլի հողի ուժն են նայո՞ւմ: Այդ ինչպե՞ս են ծավալ հաշվում, եթե մարդ չկար, ծառի հետևո՞ւմ է եղել։ Ինքը այնտեղ պետք է լինի՝ անկախ ամեն ինչից, այդ մրցույթի պաճառով 10 օր չենք կարողացել սկսել մաքրության աշխատանքները»,- ասաց քաղաքապետը։
Բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանն արձագանքեց, որ այնտեղ են եղել։
«Ծառի հետևն է եղե՞լ…»,-հեգնեց Հրաչյա Սարգսյանը։



