1994-ից 2017 թվականների ընթացքում Հայաստանի Ազգային հերոսի կոչում է շնորհվել 16, իսկ միայն 2020-21 թվականներին՝ 10 հոգու: Հիշենք, որ 2020 թվականին տեղի ունեցած տավուշյան մարտերից հետո 70-ից ավելի զինծառայող ստացավ «Մարտական խաչ» 1-ին և 2-րդ աստիճանի շքանշան: Նման շռայլություն դեռ ոչ ոք չէր տեսել: Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրում հանդիսավոր կերպով բոլորին, այդ թվում գեներալ- մայոր Գեորգի Խաչատուրովին հանձնեց բարձր պարգեւները: Ինչպես հայտնի է, կրտսեր Խաչատուրովն այդ ժամանակ երրորդ բանակային զորամիավորման հրամանատարն էր եւ նրա ղեկավարությամբ էին հայկական ստորաբաժանումները Տավուշում հետ շպրտել ադրբեջանական ուժերին:
Տավուշյան դեպքերից ուղիղ մեկ տարի անց ի՞նչ եղավ ադրբեջանցիներին ջարդած կրտսեր Խաչատուրովի հետ, որն, ի դեպ, 2019-ին՝ Փաշինյանի կառավարման ժամանակ էր ստացել գեներալի կոչում, ճիշտ է, նույն Փաշինյանը նրան ազատեց երրորդ բանակային զորամիավորման հրամանատարի պաշտոնից:
2020 թվականի հոկտեմբերի 22-ին, երբ Արցախում պատերազմը թեժ ընթացքի մեջ էր, մենք կորցրել էինք Ջրականը, Հադրութը, Ակնան, Արցախի 50 տոկոսից ավելին, Փաշինյանը շտապ-շտապ որոշում կայացրեց ու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանին եւ գնդապետ Գարեգին Պողոսյանին պարգևատրեց Հայրենիքի շքանշանով, նրանց Ազգային հերոսի կոչում շնորհեց:
Ի՞նչ եղավ դրանից ընդամենը 4 ամիս անց Տիրան Խաչատրյանի հետ. ճիշտ է, նա ազատվեց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից, ինչից հետո նա դատական հայց ներկայացրեց ընդդեմ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի՝ պահանջելով իրեն վերականգնել նախկին պաշտոնում: Պարզ է, որ Տիրան Խաչատրյանին պաշտոնանկ անելու որոշումը Փաշինյանինն էր, ոչ թե Վաղարշակ Հարությունյանինը:
2020 թվականի նոյեմբերի 20-ին Ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանին Փաշինյանը նշանակեց ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար: Որքան նրան Ազգային հերոսի կոչում տալը, նույնքան էլ նախարար նշանակելու փաստը լայն շրջանակներում տարակուսանք հարուցեց: 2020-ի հոկտեմբերի 6-ից Փիլոյանը մասնակցել էր Արցախի հարավային ճակատի մարտերին, իսկ այդ հատվածն առաջինը հանձնվեց թշնամուն: Հոկտեմբերի 22-ին նրան Ազգային հերոսի կոչում հանձնելու պահին ու դրանից առաջ մենք փաստացի պարտվում էինք, ու պարտված գեներալին հանձնվում էր Հայրենիքի բարձրագույն շքանշանը: Թե ինչ մարտեր էին եղել, ինչ էր կատարվել, այլ հարց է, վերջնական փաստն այն է, որ ՀՀ Զինուժը պարտվում էր, ու պարտված սպան Ազգային հերոսի կոչում էր ստանում: Սա որեւէ հիմնավորումից ու տրամաբանությունից դուրս է:
Ի՞նչ եղավ Ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի հետ 1,5 տարի հետո, ճիշտ է, մարտի 30-ին նա ձերբակալվեց: Մարտի 29-ին ԱԻՆ-ում խուզարկություն է իրականացվել, մի քանի աշխատակցի տարել են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հարցաքննության:
Այսպես են էժանորեն «արժեւորում» պարգեւները, շքանշանները, Ազգային հերոսի կոչումներն ու այսպես են արժեզրկում, ոչնչացնում պարգեւները, շքանշաններն ու Ազգային հերոսի կոչումները:
ՆԱԻՐ ՅԱՆ