Մինչ Հայաստանի բնակչության մեծամասնությունը մտահոգված է Ուկրաինայում ռուսաստանյան պատերազմի անմիջական ազդեցությամբ, պատմաբաններն ու վերլուծաբանները փորձում են պատմական հետեւանքների ապագա զարգացումների մեջ խորամուխ լինել:
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմն ու դրան հետեւած միջազգային պատժամիջոցներն ընդդեմ այդ երկրի ցնցել են աշխարհի այն մասի պետությունների անդորրը, որոնք տնտեսապես կապված են Ռուսաստանի հետ:
Հայաստանի պարագայում փոփոխությունը անմիջական է եւ խիստ զգալի: Հայաստանի ՀՆԱ-ն նախատեսված էր, որ կավելանա հաջորդ տարի 5,6 տոկոսով, բայց այժմ պատերազմի պատճառով Կենտրոնական բանկը վերանայել է այդ թիվը եւ սահմանել 1,6 տոկոս, հաշվի առնելով Ռուսաստանում ապրող հայերի դրամական փոխանցումների չեզոքացումը, որը կազմում է տրանսֆերտների 49 տոկոսը, եւ Ռուսաստանից ներկրվող ուտելիքի ու լայն սպառման ապրանքների դադարեցումը:
Մոսկվան սահմանափակել է հացահատիկի արտահանումը նույնիսկ դեպի Եվրասիական տնտեսական միության երկրներ, որի մեկ անդամն է նաեւ Հայաստանը:
Մյուս կողմից, լրջորեն տուժելու են նաեւ Հայաստանից Ռուսաստան կատարվող առաքումները, որոնք կազմում են ՀՀ-ի արտահանումների 27 տոկոսը: Նույնիսկ ամենալավ սցենարի պարագայում ռուսաստանյան փողի արժեզրկումն ավերելու է շուկան:
Իշխանություններն այժմ քննարկում են, թե ուտելիքի պաշարները որքան ժամանակ կբավականացնեն ժողովրդի պահանջները, եւ որոնք են ճգնաժամից խուսափելու այլընտրանքները:
Մյուս կողմից, երկրում մի նոր երեւույթ է ձեւավորվել ռուս եւ ուկրաինացի գաղթականների ժամանումով, որոնք Հայաստանում են ապաստանել: Նրանք իրենց հետ բերել են իրենց տաղանդն ու դրամական կապիտալը: Հարցն այն է, թե Հայաստանի տնտեսական ենթակառուցվածքներն ինչքան ժամանակ կարող են դիմանալ նման հանկարծակի փոփոխության: Անշարժ գույքի շուկան արդեն իսկ հագեցած է:
Վերոնշյալ բոլոր զարգացումներն ու մտահոգությունները կարող են կարճաժամկետ լինել եւ կարգավորվել: Սակայն դժվարագույն կանխատեսումը երկարաժամկետ կամ հարատեւ ազդեցությունն է, որ Ուկրաինայում ծավալվող պատերազմը կարող է ունենալ աշխարհի, տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի վրա:
Այդ ազդեցության առնվազն մեկ պատճառը պարզ է: Խոսքն այն մասին է, թե ինչու Ռուսաստանը պատերազմ սանձազերծեց Ուկրաինայի դեմ: Արեւմուտքում բազմաթիվ քաղաքական փորձագետներ հավատացած են, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի դրդապատճառը եղել է վերստեղծել, այս կամ այն ձեւով, նախկին Խորհրդային միությունը: Պատերազմը դադարեցնելու Ուկրաինային ներկայացված Պուտինի առաջարկները հաստատում են այդ կարծիքը: Այդ պայմաններից մեկը ենթադրում է, որ ապառազմականացված Ուկրաինան հետագայում, այն բանից հետո, երբ ընդունի, որ Ղրիմը Ռուսաստանի մաս է կազմում, եւ Լուգանսկն ու Դոնբասը անկախ երկրներ են, ինքն էլ կդառնա Ռուսաստանի մեկ մասը:
Նախագահ Պուտինը հաճախ է հրապարակայնորեն ափսոսացել, որ Ուկրաինան Ռուսաստանի մաս չի կազմում: Այնպես որ, դժվար չէ կռահել, որ ներկա հակամարտությունից հաղթական դուրս գալու դեպքում այդ մտադրությունը առավել մեծ նշանակություն է ձեռք բերելու եւ ընդգրկելու է «մոտիկ արտերկրի» կամ նախկին Խորհրդային միության ազդեցության գոտում գտնվող բոլոր երկրները, այդ թվում նաեւ Հայաստանը:
Չնայած պատերազմի ավարտը դժվար է գուշակել, հակամարտության ներկա իրավիճակը ամբողջական եւ լիակատար հաղթանակ չի խոստանում Ռուսաստանին, որ իր տնտեսությանը ողբերգական հարված հասցնելուց բացի, զինված ուժերի, ռազմական հրետանու եւ զինամթերքի ահավոր մեծ չափսերի վնաս է կրում:
Պատերազմի սկզբնական օրերին ռազմագետները հավատացած էին, որ հակամարտությունը երկար չի տեւի եւ վճռական հաղթանակ կապահովի Ռուսաստանին, բայց այնպես է երեւում, թե Մոսկվան եւ Կիեւը հավասարապես են կիսելու վերջնական խաղաղության պարգեւած բարիքները:
Մինչ պատերազմը շարունակվում է, դրա հետեւանքներին սպասող երկրները փորձում են դիրքորոշվել այնպես, որ այդ հետեւանքները հնարավորինս մեղմ լինեն, կամ ինչ-որ ձեւով օգուտ բերեն: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, օրինակ, պատերազմից ընդամենը մեկ օր առաջ, նախագահ Պուտինի հետ համաձայնագիր կնքեց` պարտավորվելով չմասնակցել որեւէ գործողությունների, որ կխոչընդոտեր մյուս կողմի շահերը: Բայց Եվրոմիությանը հասկացնել տվեց, որ ռուսական գազի հոսքը դեպի Եվրոպա դադարեցվելու պարագայում, ԵՄ-ի ղեկավարները կարող են հույսը դնել ադրբեջանական նավթի վրա: Ադրբեջանը, միաժամանակ, մարդասիրական օժանդակության քողի ներքո, ամեն տեսակի օգնություն է առաքում Ուկրաինա, փոխհատուցելով նախագահ Զելենսկու բարեհաճ վերաբերմունքն ու զինամթերքի մատակարարումը Ղարաբաղի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի օրերին:
Թուրքիան, իր հերթին, դատապարտելով Ռուսաստանին պատերազմն սկսելու եւ Ղրիմը բռնակցելու համար, մի կողմից Կիեւին «բայրաքթար» տիպի ԱԹՍ-եր է տրամադրում, փորձելով միանալ Արեւմուտքի օգնության ջանքերին, բայց մյուս կողմից հրաժարվում է այդ նույն Արեւմուտքի Ռուսաստանի դեմ որդեգրած պատժամիջոցների քաղաքականությանը մասնակցելուց: Նպատակը մեկն է: Օգուտ քաղել` շրջանցելով այդ պատժամիջոցները, ինչպես տեղի ունեցավ Իրանի դեմ իրագործված պատժամիջոցների պարագայում: Քաղաքական այս ճարպիկ արարքների միջոցով Թուրքիան կարողացել է գլխավոր հաշտարարի դերը կատարել ռուս-ուկրաինական ճգնաժամում: Ճիշտ է, այդ երկու երկրների արտգործնախարարներին բանակցությունների սեղանի շուրջ բերելու առաջին փորձը ձախողվեց, բայց Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն շարունակում է իր անդուլ ջանքերը գործադրելով երկու պետությունների` Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարների հետ հանդիպելու «մաքոքային դիվանագիտությունը» (shuttle diplomacy):
Հայաստանը թնջուկից դուրս գալու երկընտրանքի առաջ է կանգնած: Եվրոմիության 2,6 միլիարդ եվրոյի խոստացված տնտեսական օգնության փաթեթը, եւ Մ. Նահանգների նախագահ Ջո Բայդենի հորդորները նախագահ Էրդողանին` բանակցություններ սկսելու Հայաստանի շրջափակումը վերացնելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ, Հայաստանին խրախուսում են թեքվել դեպի Արեւմուտք, չնայած Հայաստանն այդքան համարձակություն չի կարող ունենալ նման քայլի դիմելու` առանց բարկացնելու Մոսկվային: Մինչ օրս, Հայաստանը անվնաս է գործել մի անգամ Եվրոխորհրդում Ռուսաստանի դիրքորոշման կողմ քվեարկելով, իսկ մյուս հարթակներում պարզապես ձեռնպահ մնալով: Հանրային դրսեւորումները երկրում համահունչ են կառավարության որդեգրած չեզոք դիրքորոշման հետ: Տիգրան Խզմալյանի «Եվրոպական կուսակցության» կազմակերպած հավաքին ուկրաինացի պաշտոնական անձեր էին ներկա գտնվել, որոնք դատապարտել էին պատերազմը: Ռուսաստանի դեսպանատան առաջ տեղի ունեցած հավաքին, որի ընթացքում խորհրդային դրոշն էր բարձրացված, ելույթ ունեցողները պահանջում էին, որ Հայաստանը անդամակցի Ռուսաստանի առաջ քաշած «Միութենական պետությանը»: Հակասական այս երկու հավաքների մեջ դրականը կառավարության հանդուրժողականությունն է, որը մեծապես խթանում է Հայաստանի ժողովրդավարության վարկանիշը:
Այս հարցը վերջերս բարձրացվեց երկրի մոսկվայամետ քաղաքական շրջանակների` նախ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այնուհետեւ օլիգարխ եւ բարերար Ռուբեն Վարդանյանի կողմից: Նման շարժումը հնարավոր է դառնա քաղաքական ուժեղ գործոն, եթե Ռուսաստանը վճռական հաղթանակ արձանագրի ընթացիկ պատերազմում: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արհամարհական տոնով ասել էր, որ Հայաստանն ի վերջո այլընտրանք չունի բացի Ռուսաստանի «Միութենական պետությանը» անդամակցելուց:
Հայաստանի հուսալքող պարտությունը 44-օրյա պատերազմում բացասաբար է անդրադարձել ժողովրդի մտայնության վրա կապված երկրի` որպես ինքնիշխան պետության հետագա գոյության հետ: Որոշ մարդիկ հրապարակայնորեն հարցը նույնիսկ բարձրացրել են կառավարության պաշտոնյաների մոտ` հարցնելով, թե արդյոք Ռուսաստանին միանալը օրակարգում դրվա՞ծ է, պատասխանը եղել է` «ոչ»:
Հայաստանը բանակցում է Թուրքիայի հետ, եւ առայժմ որոշ դրական նշաններ նշմարելի են: Որոշ հուսալքված վերլուծաբանների եւ քննադատների կարծիքով Հայաստանի ապագան գտնվում է սեւ ու սպիտակ գծերի արանքում: Նրանք մտածում են, որ գոյատեւելու համար Հայաստանը պետք է ընտրի կա՛մ միանալ Ռուսաստանին, կա՛մ էլ դառնալ Թուրքիայի վիլայեթը:
Պիետրո Շաքարյանն ու Բենյամին Պողոսյանը համատեղ հոդված են հրատարակել, որտեղ ներկայացրել են Հայաստանի` որպես ինքնիշխան պետության հետագա գոյության երեք տարբերակները. (ա) Հայ ժողովրդի պահպանումն ու պաշտպանությունը հայկական պատմական հայրենիքում, (բ) Ռուս-հայկական ռազմական ներդաշնակության պահպանում, եւ (գ) Սահմանափակում թուրքական տնտեսական ներխուժման եւ Հայաստանի Հանրապետության վերահսկողության ստանձնում:
Նրանց այս առաջարկների գործադրումն անշուշտ վիճելի է, սակայն հեղինակները համարձակվել են տալ որոշ վիճակագրական տվյալներ, որոնք հանրության զգացմունքներն են առաջացնում եւ ցուցումներ, թե ո՞ր տարբերակներն ունեն հաջողության հասնելու հնարավորություն: Այսպես, նրանք գրում են. «Միջազգային Հանրապետական ինստիտուտի» վերջերս կատարած հարցախույզի արդյունքները ցույց են տալիս գնալով աճ արձանագրող հանրային տրամադրությունը: Հայերի 46 տոկոսը գտնում է, որ երկրը ճիշտ ուղղությամբ չի ընթանում, ինչը նշանակալի հարված է երկրի իշխանություններին ուղղված: 88 տոկոսը նշել է, որ Հայաստանի ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը Թուրքիայի հանրապետությունն է: Հարցախույզի մասնակիցներից միայն 5 տոկոսն է նշել, որ հայ-թուրքական երկխոսությունը անհրաժեշտ է շարունակել: Ջախջախիչ մեծամասնությունը գտնում է, որ կառավարությունը պարտավոր է իր մեծագույն ջանքերը գործադրել բարելավելու համար երկրի ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանի հետ:
Հարցախույզի արդյունքները արտահայտում են հանրության զգացմունքները: Երեւանի փողոցներով անցնող քաղաքացիները իրենց առավել հանգիստ են զգում տեսնելով մայրաքաղաքի երկնքում ռուսական Միգ-29 կործանիչների կանոնավոր թռիչքները` ի հակադրություն դրան, կառավարության առաջ քաշած Թուրքիայի հետ «խաղաղության նոր դարաշրջանի» բացումը խիստ մտահոգություն է պատճառել ոչ միայն 2020-ի ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության, այլեւ 1915 թվի Հայոց ցեղասպանության պատճառով, որ Թուրքիան մինչ օրս ուրանում է:
Շատերն են պաշտպանում այն տեսակետը, թե միանալով Ռուսական դաշնությանը՝ Հայաստանը կգոյատեւի, եթե անշուշտ ՌԴ-ն ապացուցի, որ խորտակվող կայսրություն չէ, ինչպես որոշ մարդիկ ենթադրում են: Սակայն, իր խղճուկ պաշարներով Հայաստանը չի կարող Բելառուսից կամ Ղազախստանից ավելի բարձր հեղինակություն ունենալ, ուստի Մոսկվայի կողմից ըստ այդմ է վերաբերվելու:
Նույնանման իրավիճակ սպասվում է նաեւ Արեւմուտքի կառույցներից յուրաքանչյուրում: Պատճառը Հայաստանի թույլ տնտեսությունն է: ՆԱՏՕ-ում Հունաստան-Թուրքիա հարաբերություններից լավ դաս կարող ենք քաղել: Այնտեղ Հունաստանն իր ինքնիշխանությունը զիջեց եւ նրան այժմ վատ են վերաբերվում: Հայաստանը չի կարող ավելի լավ վերաբերմունք ակնկալել:
Մի բան հստակ է: Հանրության շրջանում շփոթմունք կա այն քաղաքական ուղղության վերաբերյալ, որ Հայաստանը պետք է ընտրի պահպանելու համար իր գոյությունը: Եթե հավատ ընծայենք պատմական սահմանումներին, այսօրվա իրավիճակը հարեւնման է այն իրավիճակներին, որ Հայաստանն իր դժվարին պատմության ամբողջ ընթացքում ստիպված է եղել դիմագրավել: Ամեն անգամ, որ խառնաշփոթ է առաջացել տարբեր խմբակցությունների միջեւ, որոնք Հայաստանի ազգային շահերի քաղաքականությունը տարբեր ուղղություններով են տարել, Հայաստանը կորցրել է, պարտվել է, թողնելով միայն այն հույսը, որ մի օր այն դարձյալ կվերականգնվի:
Ժամանակն է տեսլական ունեցող ղեկավարություն ունենալ կա՛մ ներկա կառավարության շարքերից, կա՛մ էլ տարբեր խմբակցությունների միացյալ շարքերից, որպեսզի հնարավոր լինի ձեռք բերել ռեալիստական եւ կայուն ապագա: Այլապես կորսվելու ենք Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ երկընտրանքի արանքում:
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Անգլ. թարգմանեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)