Երեկ՝ մարտի 17-ի առավոտյան, Ուկրաինայի նախագահ Զելենսկին քիչ ուշացումով առիթ ունեցավ առցանց միանալ Բունդեսթագում նրա10 րոպեանոց ելույթին սպասող պատգամավորների հրավիրած նիստին։ Կապի խզումը տեխնիկանան պատճառներով էր, մոտակայքում պայթյուն էր որոտացել, եւ Զելենսկին մի քիչ սպասեցնել տվեց, բայց ինչպես նման պարագաներում է լինում, շատ ծանոթ սցենարի համաձայն, ամբոխահաճո առաջնորդն «այսպես սպասեցնելով» միգուցե Հերոսի իր վարկն է վերահաստատել տալիս, ո՞վ գիտե… Բունդեսթագի պատգամավորները նրան տեսնելուն պես հոտնկայս ծափահարեցին։
Զելենսկու տեսակապի ուշանալն էլ կարգուկանոնի այդ երկրին զգալ է տալիս է, թե մի օր դա՝ մարդկանց փայփայած ավանդույթը կարող է խախտվել։ Մինչ Զելենսկին ելույթ կունենար, Բունդեսթագի փոխխոսնակ, Կանաչների կուսակցության անդամ Կատրին Գյորինգ- Էքարդտը քննադատելով Ռուսաստանի հարձակումը, Գերմանիայի համերաշխությունը հայտնեց Կիեւին։ Պուտինը Ուկրաինայի դեմ սանձազերծած պատերազմով «մեր խաղաղության վրա էլ հարձակում գործեց», բանաձեւեց Բունդեսթագի փոխխոսնակը։
Զելենսկու տոնը հանդարտ էր թեեւ եւ ընկալում էր, որ այդուհանդերձ բարեբախտությունն ունի պատերազմող երկրից իր ձայնը լսելի դարձնել, ԱՄՆ Սենատից հետո կապվել Բունդեսթագի հետ, երախտագիտություն հայտնել սատարման համար, խնդրել շարունակել այն, բայց նրա ելույթի բուն բովանդակությունը քննադատությունն էր, նույնիսկ՝ սուր քննադատությունը Գերմանիայի հասցեին՝ պատերազմը կանխելու համար բավարար ջանք ու միջոց չի ներդրել այդ երկիրը Ռուսաստանին զսպելու առումով։ Գերմանիան օգնեց այն պատի կառուցմանը, որով մեկուսացվում էր Ուկրաինան եւ հանձնվում Ռուսաստանին։ «Դա ազատության եւ ստրկության միջեւ պատ է, այն յուրաքանչյուր ռումբի հետ ավելի է հզորանում», ասաց Ուկրաինայի նախագահը։ Զելենսկին հիշեցրեց բազմիցս ակնարկածը, թե «Հյուսիսային հոսքը» պիտի կանգնեցվի, թե դա պատերազմի նախադուռ է։ Գերմանիայի, մյուս երկրների Ռուսաստանի հանդեպ տնտեսական սահմանափակումները շատ են ուշացել, քննադատության մի շերտ էլ ուղղվեց արեւմուտքին, որ չի օժանդակում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը։
Այնուհետ Զելենսկին անդրադարձավ ռուսական հարձակման զոհերին՝ զինվորներ ու անզեն, խաղաղ բնակիչներ, ոչնչացման թիրախում՝ բնակելի շենքեր, հիվանդանոցներ, դպրոցներ, եկեղեցիներ, ամեն ինչ։ Հրթիռներով, հրետանիով։ 3 շաբաթվա մեջ հազարավոր ուկրաինացի զոհեր։ 108 երեխա Եվրոպայի կենտրոնում 2022 թվականին զոհվում է, ասաց Զելենսկին եւ այսպես ձեւակերպեց՝ «Նորից Եվրոպայում փորձ է արվում մի ողջ ժողովուրդ ոչնչացնել»։ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 80 տարի է, ինչ քաղաքական գործիչներն ամեն տարի կրկնում են՝ «Այլեւս երբեք»։ Այժմ տեսնում ենք, որ այս բառերն անարժեք են»։
ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցին ուղղված կոչն էլ ելույթի եզրափակումը եղավ՝ «մեր ու ձեր աշխարհների միջեւ առկա, մեզ ձեզանից անջրպետող պատը քանդե՛ք, նեցո՛ւկ եղեք մեզ, օգնե՛ք, պատերազմը դադարեցնենք»։
Բունդեսթագը հետմիջօրեին քննելու էր ռազմական գործողությունների հետեւանքով փետրվարի 24-ից Ուկրաինայից Գերմանիա տեղափոխված մարդկանց ճակատագրին վերաբերող հարցեր։ Ըստ ԳԴՀ ոստիկանության արձանագրած տվյալների, նրանց թիվը 175 000 է, որ անշուշտ նվազեցված է այս պարագայում, երբ առաջին անգամ արտոնություն է տրված հատել ԵՄ սահմանն առանց վիզայի, սահմանային հատուկ, կանոնավոր հաշվառում չի իրականացվում։ ՄԱԿ-ի տվյալներով, արդեն 3 միլիոնից ավելի է Ուկրաինան լքած քաղաքացիների թիվը։
Ռուսաստանին ուղղված քննադատություն բազմիցս է հնչել Գերմանիայի խորհրդարանում, եւ ոչ միայն ժողովրդի ընտրյալների այդ ատյանում…քաղաքական գործիչների քննադատությունն, այսպես ձեւակերպենք՝ սովորական բան է։ Բայց քառորդ դար այդ երկրում բնակվածիս կարծիքով, ռուսներին ու Ռուսաստանը չեն սիրում։ Մեր դրացին, իմ մտերիմ ընկերուհին, դպրոցի ուսուցիչը… 25 տարվա իմ փորձառությունն այդ երկրում արտոնում է եզրակացնել, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, գերմանացիները հակված են մոռանալ, թե ով է եղել հարձակվողը։ Մարդկանց հավաքական եւ անհատական հիշողության մեջ դրոշմված մի պատկեր կա՝ իրենց պարտության է մատնել ռուս զինվորը, որը նաեւ բռնաբարել է իրենց մայրերին, կանանց, աղջիկներին, որ ստիպել է իրենց բնօրրանից, հարազատ բնակավայրերից գաղթել… Իսկ հրեաներին սիրու՞մ են։ Եթե սիրեին, Գերմանիայի տարբեր քաղաքներում սինագոգները, դպրոցները ոստիկանանական ուժեր չէին պահպանի։ Բայց՝ Բունդեսթագում միշտ հնչում է, արտոնված է հնչեցնել Շոան վերապրողի, նրա ժառանգների ձայնը։ Զելենսկին, երեկ նրա հիշեցրած «Այլեւս երբեք»-ն անարժեք բառակույտ է դարձել» ձեւակերպումը հնչում է Բունդեսթագում։ Այս դեպքում զոհի պահանջն է ուղղված դահճին, որ թույլ չտա, որ նոր մեկը դահիճ դառնա։
Մյուս կողմից՝ «Հայաստանն ուզում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել»։ Նշյալ վերնագրով լրատվություն գերմանագիր լրահոսում, բնական է, այս օրերին պիտի հանդիպի։ ԶԼՄ-ները վկայակոչում են Հայաստանի արտգործնախարարության տրամադրած տեղեկատվությունը, համադրում Ադրբեջանի համապատասխան կառույցի մատուցածը, ու եվրոպացի, մեր աշխարհից հեռու գտնվող ընթերցողի համար ստեղծում այն տպավորությունը, թե ամեն բան լուծվել է։ «Հարավային Կովկասում ԼՂ-ի շուրջ վերսկսված պատերազմի ավարտից 1,5 տարի անց Հայաստանը ձգտում է խաղաղության պայմանագիր կնքել թշնամացած Ադրբեջանի հետ»։ Լրատվության հենց առաջին տողն է, որ քաղում ենք ավստրիական puls 24 հեռուստաալիքի կայքէջից, մարտի 14-ի լրահոսից։ «ԵԱՀԿ Մինսկի խմբին առաջարկվել է բանակցություններ կազմակերպել, հաղորդում է նույն կայքը՝ հենվելով ՀՀ արտգործնախարարության երկուշաբթի օրը՝ մարտի 14-ին Երեւանում հրապարակած հաղորդագրությանը հավելելով, որ այն Ադրբեջանի 5 կետից բաղկացած առաջարկների արձագանքն է։ «Ադրբեջանի ԱԳՆ սկզբունքորեն պատրաստ է բանակցություններին։ Հայաստանին է փոխանցվել «հարաբերությունների կարգավորման 5 հիմնական սկզբունքները, Բաքվից ԱԳՆ խոսնակի ձեւակերպումն է փոխանցում puls 24 -ը։ Ըստ այդմ երկու երկրներն էլ պետք է ճանաչեն միմյանց ինքնիշխանությունը եւ հրաժարվեն տարածքային պահանջներից»։
Վերնագրից սկսյալ վերոշարադրյալը փոխում է գլխավոր դերակատարների տեղերը՝ Զոհը՝ Հայաստանը չի խոսում իր դերը սահմանած բառապաշարով եւ արտոնում է, որ երկու Դահիճները՝ Ադրբեջանն ու Թուրքիան սրբեն իրենց բառապաշարից ցեղասպանություն եզրույթը։ Մի բառ, որ անընդմեջ լսվում է այս օրերին սլավոն երկու եղբայրների պատերազմում, մի բառ, որ դաժանորեն շահարկվում, արժեզրկվում է միջազգային դատական ատյաններում նաեւ։ Ե՞րբ ենք սովորելու մեր բառարանը նախ՝ մաքրել մտացածին պատկերներից, իրական պատկերը դարձնել ելակետ, արժանապատվությունն ու արդարությունը խարսխել մեր կառուցած տեքստին։ Մանավանդ՝ երբ այդ տեքստը պետությունն է գրում։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ