Եթե վերջին պատերազմում Ռուսաստանը մեր միջոցով սաստեր Ադրբեջանին, Ուկրաինայում ազգայնական ուժերը այդքան վստահ չէին լինի, որ հնարավոր պատերազմում իրենք կարող են հաղթել Ռուսաստանին
Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի հետ զրուցել ենք Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական վիճակի, Վրաստանում, մասնավորապես՝ Ջավախքում հայության ներկայիս վիճակի եւ առաջիկայում պատմագիտության զարգացման խնդիրների մասին:
Հայաստանի եւ Արցախի ներկայով ու ապագայով մտահոգ յուրաքանչյուր հայ ինքն իրեն ամեն օր հարցնո՞ւմ է՝ ի՞նչ վիճակում ենք եւ ինչպիսի՞ ապագա կարող ենք կանխատեսել: Հարցերի վերաբերյալ մեկնաբանությունները խիստ տարբեր են, կախված նրանից, թե կարծիքն արտահայտողը ռուսամե՞տ է, արեւմտամե՞տ, զուտ հայամե՞տ, թե՞ սոսկ սոցիալական ցանցերի նյութերով գիտելիքները բավարարող մարդ:
Պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանն այն կարծիքին է, որ Արցախյան առաջին պատերազմից հետո խնդրի շուրջ ստեղծված ամենաանպաստ ժամանակն ենք ապրում, քանի որ կորցրել ենք ոչ միայն անվտանգության գոտին, ազատագրված տարածքները, այլեւ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմում եղած տարածքները՝ Շուշին, Հադրութը, հատվածներ Մարտակերտի եւ Մարտունու շրջաններից:
«Ցավալիորեն պետք է ասեմ, որ արցախյան պետականությունը, որ 30 տարվա կյանք ունի, վերջին պատերազմից հետո կորցրեց սուբեկտայնությունը: Առավել ցավալի է, որ այդ պետականության երաշխավոր հանդիսացող Հայաստանի Հանրապետությունը եւս լրջագույն հարվածներ կրեց՝ կորցնելով իր միջազգային սուբեկտայնությունը: Մեր տարածաշրջանում եղանակ ստեղծող ռազմաքաղաքական ուժը դարձավ Ռուսաստանը»,-մեզ հետ զրույցում նշեց ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանն ու նկատեց՝ թեեւ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի թիվ մեկ երաշխավորը, սակայն իրականությունն այլ է՝ առաջին պլանում ռուս խաղաղապահներն են. առանց նրանց արցախահայությանը ցեղասպանություն կարող է սպառնալ:
Պատմաբանը ներկա իրավիճակը գնահատում է բարդ, բայց ոչ անհուսալի, քանի որ ռուսական քաղաքականությունը տարածաշրջանում հաստատելու տեսանկյունից՝ ՌԴ-ում կարծես հասկանում են՝ իրենց ներկայությունը Արցախում պարտադիր է: Հակառակ պարագայում, եթե նրանք վարեն Արցախը «դատարկելու» քաղաքականություն, ապա ռուս խաղաղապահներն այլեւս անելիք չեն ունենա տարածաշրջանում:
«Արցախում Հայաստանից եւ Ռուսաստանից խրախուսվող մեծածավալ շինարարությունը պամանավորված է նրանով, որ բռնազավթված տարածքներից դուրս եկած բնակչությունը տեղափոխվի Արցախի այլ շրջաններ: Արցախցիներին ամրապնդվելով՝ ռուսական կողմը իր ներկայության համար կունենա հիմնավորում»,-նշում է Աշոտ Մելքոնյանն ու ցավով արձանագրում՝ արցախահայությունը պատերազմից հետո համոզվեց, որ Հայաստանը չկարողացավ Արցախի անվտանգության իրական երաշխավորը լինել եւ գոնե այս փուլում պետք չէ մեղադրել արցախահայությանը՝ չափից ավելի ռուսամետության կամ ռուսասիրության համար. այս պահին կարեւորը Արցախն ամեն գնով հայկական պահելն է:
Պատմաբանն այն կարծիքին է, որ արցախյան վերջին պատերազմում Ռուսաստանն իր պահվածքով թույլ տվեց ռազմաքաղաքական լրջագույն սխալներ. պահպանելով չեզոքություն, իսկ մեր հայացքով՝ երբեմն ադրբեջանամետ կամ թուրքամետ պահվածք ու մոտեցումներ, ստեղծվում է տպավորություն, որ Ռուսաստանի «մատը խառն էր» պատերազմին.
«Ռուսաստանում սկսում են հասկանալ, որ իրենց երկրի եւ Էրդողանի միջ¨ երկարամյա սիրախաղը կարծես թե մոտենում է ավարտին: Եթե ռուսական կողմը, որպես ռազմավարական դաշնակից, իրապես գտնվեր իր բարձրության վրա եւ հնարավոր նպաստը բերեր այդ պատերազմի արդյունքում մեր հաղթանակին, այսօր չէր լինի Ռուսատանի հետ տարածքային խնդիրներ ունեցող երկրների ակտիվությունը, որոնք հիմա արդեն խնդրի լուծումը տեսնում են ռազմական ճանապարհով»,-վստահեցնում է Աշոտ Մելքոնյանն ու հավելում՝ եթե վերջին պատերազմում Ռուսաստանը մեր միջոցով սաստեր Ադրբեջանին, Ուկրաինայում ազգայնական ուժերը այդքան վստահ չէին լինի, որ հնարավոր պատերազմում իրենք կարող են Ռուսաստանին հաղթել:
Անդրադառնալով Հայաստանի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին՝ պատմաբանը նեկայացնում է իրողությունը՝ Արցախում պարտվեց նաեւ ռուսական զորքը, քանի որ մենք Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն ենք. պարտվեցինք մենք, պարտվեց նաեւ մեր դաշնակիցը, որը պատերազմին մասնակցում էր միջնորդավորված ձեւով:
«Վիճակը ծանր է, բայց ոչ անհուսալի: Հիմա ճիշտ ժամանակն է, որ Ռուսաստանն անի ամեն ինչ Հայաստանի սուբեկտայնությունն ուժեղացնելու իմաստով: Դրա եզրերն էլ որոշ չափով նկատելի են, հատկապես, երբ ՌԴ-ի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեր երկրում հայտարարեց, որ Զանգեզուրյան միջանցք ասվածը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա, ուստի խոսքը վերաբերում է միայն հաղորդակցության ճանապարհները ապաշրջափակելուն. տվյալ ճանապարհի նկատմամբ պահպանվելու է տվյալ երկրի սուվերեն իրավունքը: Մի բան, որ ադրբեջանցիներն այլ ձեւով էին ներկայացնում՝ նույն հարթության վրա դնելով Լաչինի միջանցքն ու Զանգեզուրյան միջանցքը»,-հավելեց Աշոտ Մելքոնյանը:
Պրոֆեսորը ծնունդով Ջավախքից է եւ մշտապես հետեւում է ջավախահայության մասնակցությանը Հայաստանում կատարվող իրադարձություններին: Թեեւ ադրբեջանցիների ակտիվ մասնակցությամբ մշտապես կեղծ լուրեր են պտտվել, որ Ջավախքի հայությունը սեպարատիզմ է դրսեւորում՝ փորձելով սրել հայ-վրացական հարաբերությունները, սակայն նրանք մշտապես հասկացել են երկու երկրների բարեկամության երկուստեք կարեւորությունը:
«Ամենավճռական պահին անգամ ջավախահայությունը խորապես գիտակցել է, որ որեւէ հակավրացական գործողություն կարող է բերել երկու երկրների հարաբերությունների սրման՝ անդառնալի հետեւանքներով: Նրանք որեւէ քայլ չեն կատարել վրացական պետության դեմ՝ մնալով այդ երկրի հավատարիմ քաղաքացի: Սա խոսում այն մասին, որ այդ տարածաշրջանում սեպարատիզմ գոյություն չունի»,-նշում է Աշոտ Մելքոնյանն ու ափսոսանքով նկատում, որ ինչպես Վրաստանից, այնպես էլ Ջավախքից արտագաղթը շարունակվում է:
Ջավախքցիների համար Հայաստանն այսօր էլ իրենց հայրնեինքն է: Նրանք ապրում են այս երկրի խնդիրներով, մտահոգ են ներկա իրողություններով, որի վառ ապացույցը Արցախյան երեք պատերազմներում ջավախահայության ունեցած ակտիվ մասնակցությունն է:
Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրենը ցավով է նկատում, որ բոլոր իշխանություններն էլ գիտության նկատմամբ որոշակի վերապահում են ունեցել՝ մեր գործառույթը կատարո՞ւմ ենք, թե՞ ոչ :
«Եթե իշխանությունները խորապես ընկալեին գիտության, հատկապես՝ հայագիտության տեղն ու դերը, մեր վիճակն այսպիսին չէր կարող լինել»,-նշում է Աշոտ Մելքոնյանն ու ցավով արձանագրում, որ խորհրդային տարիներին Պատմոթյան ինստիտուտն ուներ 150, իսկ հիմա՝ շուրջ 80 աշխատակից: Լուրջ կորուստ է, երբ երիտասարդն այլեւս չի ուզում զբաղվել գիտությամբ, հատկապես, որ հայ պատմաբանները դժվարին պայմաններում եղած պատմագիտական օջախները պահպանում են եւ նոր ժամանակներում նորովի ներկայացնում հայոց պատմությունը:
Այդ առումով իր ծանրակշիռ տեղն ունի Ինստիտուտի՝ «Հայոց պատմություն» ութհատորյակի հրատարակումը, որն ընդգրկում է հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Նրա խոսքով՝ դա 7000-ամյա հայոց պատմության նորովի եւ անաչառ շարադրանքն է՝ առանց կուսակցական մոտեցումների եւ պատեհապաշտության:
«Կարեւորագույն խնդիրն է պատմության դասերի յուրացումը: Ուզենք, թե չուզենք՝ պատմագիտությունը քաղաքական գիտություն է: Առավել եւս մեզ՝ ահռելի մեծ հայրենիք ունեցած, այդ հայրենիքը կորցրած, հայրենազրկված ժողովրդի համար. պատմության քաղաքական, տնտեսական, մշակութային արեալը ներկայացնելու գործում պատմաբաններն առաքելություն ունեն: Պետք է շարունակենք առաջ մղել հայոց պատմության հանգուցային խնդիրները, որոնք Ադրբեջանի համար դարձել են պետական քաղաքականություն»,-նշում է Աշոտ Մելքոնյանն ու վստահեցնում՝ միջազգային պատմագիտական շրջանակներում հայ եւ ադրբեջանցի պատմաբանների դերն ու կշիռը բոլորը շատ լավ գիտեն: Նրա կարծիքով՝ արդբեջանցիների կեղծիքով շարադրված պատմությանը հավատում են միայն պատմությունից հեռու կանգնածները: Պատահական չէ, որ իրենց «ես»-ը նրանք փորձեցին հաստատել ոչ թե գաղափարական պայքարում, այլ զենքի ուժով՝ հազարումի ուժերի օժանդակությամբ:
Պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը նաեւ դասավանդում է Երեւանի պետական համալսարանում եւ Մանկավարժական համալսարանում: Ապագա պատմաբաններին նա սովորեցնում է կարեւորը՝ դասեր քաղել պատմությունից, քանի որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Պատմաբանների տարբեր սերունդներ եւս մեկ անգամ համոզվեցին դրանում: 1920 թվականի սեպտեմբերի 24-ի հայ-թուրքական եւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմների միջեւ զուգահեռները շատ են, անելիքները՝ նույնպես, ուրեմն՝ հետեւություններ անելու, դասեր առնելու իսկական ժամանակն է: