44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին
նիստին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է
հանձնաժողովի անդամ ընդդիմադիր 3 պատգամավորների՝ նիստին չմասնակցելու
հայտարարության պատճառները։ Նա հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին ասել է.
«Մի կողմից իշխանությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն
ինքն է, և այս պայմաններում նրա մասնակցությամբ և նրա գլխավորությամբ այս
հանձնաժողովի աշխատանքների իրականացումը, բնականաբար, չի կարող օբյեկտիվ լինել։
44-օրյա պատերազմի հանգամանքները հանրությանը ներկայացնելը մեր
առաջնահերթություններից մեկն է, բայց այն պետք է լինի այն ժամանակ, երբ այս
իշխանությունը չլինի իշխանություն»։
«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանն էլ իր հերթին է պատճառաբանել. «Իմ
հիմնական նպատակներից մեկն այս պատերազմի հանգամանքներն ամբողջովին բացահայտելն ու
պարզաբանելն է, բայց այն քաղաքական ուժը, որը պատերազմի ժամանակ ղեկավարել է
երկիրը, այդ ուժի ղեկավարությամբ հանձնաժողովը կաշկանդված է»։
Նշենք, որ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը
ստեղծվեց և իր աշխատանքները սկսեց, երբ ՀՀԿ-ն այլևս իշխանություն չէր, Սերժ
Սարգսյանն էլ նախագահ չէր, ինչը թույլ էր տալիս օբյեկտիվություն ապահովել, թեև այդպես
էլ այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները հայտնի չդարձան։
«Օբյեկտիվություն հնարավոր կլինի, եթե 44-օրյա պատերազմի հանգամանքներն
ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի պատկանի այն
քաղաքական ուժին, որի իշխանության ժամանակ է տեղի ունեցել 44-օրյա պատերազմը։ ԱԺ
պաշտպանության, ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի
անդամներից որևէ մեկին տեղյակ չի պահվել, որ նման հանձնաժողով է ձևավորվում։ Որպես
վերոնշյալ հանձնաժողովի անդամ, ինքնաբերաբար նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն
ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամ՝ մենք հիմա լքում ենք դահլիճը»,-
հայտարարեց Գեղամ Մանուկյանը։
Ապրիլյանի քննիչ հանձնաժողովում նույն իշխանության ներկայացուցիչ Սասուն
Միքայելյանը հրաժարվել է քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելուց։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այդ կապակցությամբ հավելեց, որ Սասուն
Միքայելյանը չի մասնակցել, քանի որ չի ստորագերլ գաղտնիության փաստաթղթերը, ինչպես
չի ստորագրել այս հանձնաժողովից Արթուր Ղազինյանը։
«Այդպես չի լինում՝ որ պահից ուզենաք, մասնակցեք նիստերին։ Մենք պետք է
իրավական որոշում կայացնեք՝ մասնակցո՞ւմ եք, թե ոչ։ Լավ կլիներ, որ մասնակցեիք,
յուրաքանչյուրդ ձեր կարծիքն ունենայիք։ Ում կուզենայիք, կբերեիք, վկայություն
կտար, կձայնագրվեր»,- ընդդիմադիր պատգամավորների՝ դահլիճը լքերուց առաջ ասաց
Անդրանիկ Քոչարյանը։