Զբոսաշրջային քաղաքը եկվորներին զարմացնում է իր արհեստով, արվետսով ու հնություններով, իսկ տեղացիներին միշտ հիշեցնում 33 տարի առաջ եղածը:
Տնակներում արդեն երեք սերունդ է մեծացել, որոնց համար փայտե ժամանակավոր կացարանները դարձան մշտական ու մուտք գործեցին նրանց առօրյա:
Տնակների առկայությունը քաղաքի տարբեր թաղամասերում կոռուպցիոն ռիսկերի դրսեւորման միջոց դարձավ, իսկ ՊՏՎՌՍ բառը դարձավ միջազգային: 33 տարիների ընթացքում պաշտոնյաները կորցրին ժամանակավոր կացարանների թիվը, քաղաքում խճճվել են ինչպես տնակների թվերը, այնպես էլ տնակաբնակների պատմությունները:
Բնակբաշխման ամեն ծրագրից հետո տնակային սարդոստայնը ավելի է խճճվում, որովհետեւ բնակարան ստացած ընտանիքները տնակները չեն քանդում ու դրանք էլ չեն հեռացվում քաղաքից, այլ մնում են որպես բնակֆոնդՙ գյուղերից քաղաք տեղափոխվածների համար: Ոմանք էլ այնքան են “կապվել” տնակների հետ, որ նոր ստացած ու կահավորված բնակարանները վաճառում են ու կրկին տեղափոխվում տնակում բնակվելու:
Լեյլի Հովսեփյանն իր երկու տղաների ու թոռնիկի հետ ապրում է 224 տարածքի 261 տնակում:
“Կառավարությունը 2004 թվականին բնակարանների գնման վկայագիր հատկացրեց, բայց այդ գումարով բնակարան գնել հնարավոր չէր: Գումարը քիչ էր, բնակարաններըՙ թանկ: Ստիպված ուրիշ ավելի բարվոք վիճակում փայտաշեն տնակ գնեցինք”,- պատմում է տիկին Լեյլին ու ավելացնում, որ բնակարան ստանալու հույսը դեռ չի կորցրել, բայց վստահ չէ, որ ինքը շուտով բնակարանատեր կդառնա:
Տնակաբնակների մի մասն էլ 20 տարի առաջ բնակարան են ստացել, բայց տնակը պահել ենՙ վարձակալությունից շահույթ ստանալու համար:
44-օրյա պատերազմից հետո Գյումրիի տնակների բնակիչները միայն 88-ի աղետից տուժածները չեն, այստեղ տնակ են վարձակալում նաեւ արցախցիները:
Ընտանիքների պատմությունները տարբեր են, նպատակը մեկըՙ բնակապահովումը:
Դեռեւս 2019 թվականի կեսին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կառավարությունը միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսում է 3 մլրդ դրամ հատկացնել եւ լուծել քաղաքացիների բնակարանային խնդիրները: Եվ հայտարարվել էր, որ այսպիսով պետությունը աղետի գոտու թեման մեկընդմիշտ փակում է: Ստեղծվել էր հանձնաժողով, բայց Գյումրիում աշխատանք չիրականցվեց:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի տվյալներով էլ մինչեւ 2022 թվականի վերջ նախատեսվում է սահմանել իրավական հիմքերը տնակներից ձերբազատման, իսկ 2023-ին հնարավոր է մեկնարկի բնակարանաշինությունը:
Հիշեցնենք, որ 33 տարվա ընթացքում Գյումրու 96 տնակային ավաններից հաջողվել է տնակներից մաքրել միայն մեկըՙ Բարեկամության այգու տարածքը:
ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ