Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Լինել ավելի անբարոյական, քան Ալիևը

ՀՀ վարչատարածքային բաժանման մասին հանրության տարբեր շերտերում տարբեր քննարկումներ են ծավալվել դեռ տարեսկզբին: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ՀՀ իշխանությունները ճանաչել են դեռ 2010 թվականին… Հայաստանի սահմանները մինչև հիմա ճշտված չեն եղել»: Այսօրինակ շահարկումները, որոնք պատահաբար չեն գցվում ժողովրդի մեջ, նպատակ ունեն տրամադրություն ստեղծել, թե Հայաստանի սահմանագծումն ու սահմանազատումը՝ ոչ մեր օգտին, որոշված է եղել շատ ավելի վաղ՝ մինչ Փաշինյանի կառավարումը:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հակիրճ՝ կետ առ կետ, անդրադարձել է այս խնդրին.

2010-ի՝ վարչատարածքային բաժանման շահարկված օրենքի մասին.

• Այդ օրենքն ընդունվել է 1995-ին:

• Այդ օրենքը կորցրել է իր ուժը 2017-ին:

• Այդ օրենքով, օրինակ՝ Վրաստանի հետ սահմանն էլ է նկարագրված, բա ինչի՞ այդ դեպքում մինչև հիմա դելիմիտացված չի:

• Այդ ո՞ր երկրի ներքին օրենսդրությամբ է որոշվում երկրի արտաքին սահմանը:

• Այդ սահմանի մի կողմում ՀՀ-ն էր, մյուս կողմում ՝ Արցախի Հանրապետությունն է, որն ունի Սահմանադրություն, որում ասվում է՝ իր իշխանությունը տարածվում է այն տարածքների վրա, մինչև կոնֆլիկտի վերջանական կարգավորումը, որոնք գտնվում են իր վերահսկողության տակ:

• Սրանք այս հարցում ավելի անբարոյական են, քան ՝ Ալիևը։ Ադրբեջանի ոչ մի ԱԳ նախարարի կամ նախագահի մտքով երբևէ չի անցել այս ամենը որևէ տեղ ներկայացնել որպես փաստարկ: