Day:Մայիսի 4, 2025

  • Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կրթել են Տավուշի Բերդ համայնքի բնակիչներին

    Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը կրթել են Տավուշի Բերդ համայնքի բնակիչներին

    Այսօր Տավուշի սահմանամերձ Բերդ համայնքում կայացավ «Կրթվելը նորաձև է» շարժման 30-րդ հանդիպումը՝ ընդգրկելով արդեն 14-րդ համայնքը. հայտնում են «Իմ քայլը» հիմնադրամից:

    Շարժման նախաձեռնող, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանն իր բանախոսությունը սկսել է «նորաձև» բառի բացատրությամբ։

    Նա ներկայացրել է իր «Մնացել ենք հինգերորդ դարում» ելույթը։

    Այնուհետև ելույթ է ունեցել Նիկոլ Փաշինյանը՝ «Իմանալ՝ ինչպես» բանախոսությամբ։

    Հետո հանդես է եկել «Իրական Հայաստան» խորագրով իր երկրորդ բանախոսությամբ՝ ներկայացնելով պետության և քաղաքացիների միջև եղած փոխհարաբերությունների կարևորությունը։

    «Հայաստանի Հանրապետության քաղաքացի՛, պետությունը դու ես, դու ես Հայաստանի Հանրապետությունը»,- ասել է նա։

    Ովքեր ուզում են, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն իրենց կրթեն, կարող են գրանցվել հետևյալ հղումով:

    Առաջիկա հանդիպումների օրերը՝ ստորև.

    Մայիսի 7 — Երևան (Բանախոսներ՝ Ռուբեն Բաբայան, Բակուր Մելքոնյան, Աննա Հակոբյան)

    Մայիսի 10 — Կապան

    Մայիսի 11 — Քաջարան

    Մայիսի 18 — Տաթև

    Մայիսի 31 — Վանաձոր

    Հունիսի 7 — Սիսիան

    Հունիսի 8 — Գորիս

    Հունիսի 15 — Արտաշատ

    Հունիսի 21 — Մարալիկ

    Հունիսի 28 — Երևան:

  • Կատարվեց քահանայական ձեռնադրություն

    Կատարվեց քահանայական ձեռնադրություն

    Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն:

    Պատարագիչն էր Գեղարքունիքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարթև եպիսկոպոս Բարսեղյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող յոթ սարկավագներ:

    Սուրբ Պատարագի ընթացքում Պարթև Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ:

    Բարեշնորհ Հովհաննես սարկավագ Ասատրյանը վերակոչվեց Տեր Սեպուհ քահանա, Հարություն սարկավագ Մարտիրոսյանը՝ Տեր Առեն քահանա, Հավհաննես սարկավագ Փահլեվանյանը՝ Տեր Եղիա քահանա, Մկրտիչ սարկավագ Տեր-Մկրտչյանը՝ Տեր Մաղաքիա քահանա, Եփրեմ սարկավագ Եփրեմյանը՝ Տեր Մխիթար քահանա, Տիգրան սարկավագ Հակոբյանը՝ Տեր Հովսեփ քահանա և Մայիս սարկավագ Կարապետյանը՝ Տեր Վազգեն քահանա։

    Այնուհետև նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:

    Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով քահանայության խորհրդին և դիմելով ներկա հավատացյալներին, նշեց. «Այսօր՝ Կանաչ (Աշխարհամատրան) կիրակիին, որը հիշատակն է Քրիստոսի Եկեղեցու հաստատման, Հայոց հոգևոր կենտրոնում՝ Միածնաէջ Մայր Տաճարի սրբազան Խորանին կատարեցինք ձեռնադրությունը յոթ սարկավագների։ Սա Եկեղեցու պտղաբերության խորհուրդն է։ Եվ ահա, սիրելինե՛ր, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին համալրվելով յոթ նոր մշակներով, նոր գարուն է ապրում»։

    Անդրադարձ կատարելով հոգևոր ծառայության ընթացքում առկա փորձություններին ու դժվարություններին՝ Սրբազան Հայրը պատգամեց չխուսփել դժվարություններից, քանի որ դժվարությունների մեջ են դրսևորվում անձի լավագույն որակները։

    Դիմելով նորաօծ հոգևորականներին՝ Սրբազան Հայրը հորդորեց բոլորանվեր ծառայել Եկեղեցու անդաստանում, հավատարիմ մնալ երանյալ հայրերի սուրբ ավանդներին, ժողովրդին ապրեցնել աստվածադիր պատվիրաններով, որպեսզի հոգևոր արժեքների ծաղկումով մեր ազգը կարողանա կյանքի կոչել իր երազներն ու իղձերը և կերտել նոր հաղթանակներ․ «Ձեր ծառայության մեջ մշտապես ունեցեք մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի օրինակը՝ բարի վարքով օրինակ ծառայելով մեր ժողովրդին։ Հաստատուն և աներեր մնացեք ձեր առաքելության մեջ՝ հավատացյալների կյանքում առատացնելով սիրո, համերաշխության հանդուրժողականության և միաբանության շնորհները։ Թող ձեր քահանայագործությունը պտղալից լինի ազգային-եկեղեցական անդաստանում՝ ի զորացումն մեր երկրի և ի պայծառություն տիրախնամ մեր թեմերի ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու»։

    Ապա «Ողջույնի» ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հոգևորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան և շնորհավորեցին նորաօծ քահանաներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ ճակատներն ու ձեռքերը:

    Նույն օրը՝ երեկոյան, Մայր Տաճարում կատարվեց նաև վեղարի տվչության արարողությունը:

    Տեր Սեպուհ, Տեր Մաղաքիա, Տեր Մխիթար, Տեր Հովսեփ, Տեր Վազգեն քահանաները ստացան վեղարներ ու համալրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:

    Այնուհետև նորաօծ եկեղեցականներին ընդունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ վերջիններիս փոխանցելով իր հայրական օրհնությունն ու պատգամները։

    Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում:

  • Տեսանյութ. Վերջապես մի մարդ կա՝ ինձ հասկանում ա, քեզ եմ ման գալիս.Փաշինյան

    Տեսանյութ. Վերջապես մի մարդ կա՝ ինձ հասկանում ա, քեզ եմ ման գալիս.Փաշինյան

    Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և նշել, որ հետաքրքիր զրույց է ունեցել Իծաքարի բնակիչների հետ:

    Նա, մասնավորապես, գրել է. «Հետաքրիր զրույց ունեցանք Իծաքարի բնակիչների հետ» :

    Նշենք, որ Փաշինյանը կնոջ հետ գտնվում է Տավուշի մարզում, այնտեղ ևս անց է կացրել «Կրթվելը նորոձև է» ծրագիրը։

    Բերդավանից Azg.am-ին հայտնեցին, որ տարբեր հաստատությունների, այդ թվում՝ դպրոցների ղեկավարներին հրահանգվել է անպայման ներկայանալ «Կրթվելը նորաձև է» ծրագրի ներկայացմանը։

    Մանրամասները՝ տեսանյութում.

  • 413 մլրդ եվրո կազմող թուրքական պարտքի մասին. Հրայր Կամենդատյան

    413 մլրդ եվրո կազմող թուրքական պարտքի մասին. Հրայր Կամենդատյան

     Վերջին օրերին թուրքական ռազմատուգանքների վերաբերյալ մեր հրապարակումները կատաղության նոպա են գեներացրել ադրբեջանական լրատվական դաշտում: Մեծ  տարածում ունեցող լրատվականներ, այդ թվում՝ (day.az, adalet.az ) երկարաշունչ վերլուծություններ են երկնել, որտեղ փորձել են միայն իրենց յուրահատուկ հակագիտական, ցինիկ մեկնաբանություններով նենգափոխել քննարկված թվային տվյալները, որոնց հիմքում ընկած են 1919 թվականի հատուկ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ստացված թվային տվյալները, ըստ որոնց՝ Թուրքիան պետք է վճարեր Հայ էթնոսի քաղաքացիներին մոտ 19,5 մլրդ Ֆրանսիական ֆրանկ, որն էլ  ներկա եվրոպական արժույթով կազմում է ավելի քան 76,5 մլրդ եվրո:

     Հրապարակման մեջ մենք ակնարկել էինք, որ դա վերջնական թիվ չէ, և քանի որ թուրքական կողմը չի վճարել, ապա նրա պարտքի վրա անհրաժեշտ կլինի հաշվարկել նաև տոկոսագումարներ: Տոկոսագումարների հաշվարկի համար հիմք կարող են ծառայել ԱՄՆ Դաշնային պահուստների համակարգի վերաֆինանսավորման պատմական ցուցանիշները վերջին 100 տարվա ընթացքում:

    ԱՄՆ դաշնային պահուստների համակարգը (անգլ.՝ Federal Reserve System, ոչ պաշտոնական կրճատ անվանում՝ Fed), կենտրոնական կառավարության կողմից ԱՄՆ-ի դրամատների վերահսկման կառույց է, որտեղ համերկրային պահուստի խորհուրդը կարգավորում է փողի առաջարկը, զբաղվում փողի տպագրությամբ, հաստատագրում զեղչադրույքը և թողարկում կառավարության պարտատոմսերը։

    Ներկայացված աղյուսակի թվական տվյալներից ակնհայտ է դառնում, որ ֆինանսական ռեսուրսների տրամադրման տոկոսադրույքը, աշխարհաքաղաքական պատճառներով պայմանավորված, ունեցել է ցիկլային բնույթ, եղել են բարձր մակարդակներ, եղել են բավականին ցածր տոկոսադրույքներով տարիներ ևս, բայց մոտարկված ցուցանիշներով կարելի է վերջին 100 տարվա համար տարեկան ցուցանիշը գնհատել 4,0 տոկոսի շրջակայքում:

    Բանկային բարդ տոկոսի հաշվարկը դնենք մի կողմ և արձանագրենք, որ 110 տարի հաշվարկի հիմքում դնելով տարեկան 4,0 տոկոսը, կստանանք մոտավորապես 440 տոկոս: Եթե այս տոկոսադրույքը կիրառենք 76,5 մլրդ եվրոյի նկատմամբ, ապա թուրքական պարտքի գումարի ծավալը կաճի 4,4 անգամ և  կկազմի 413 մլրդ եվրո:

    Վստահ եմ, որ այս հրապարակումը ևս իրարանցում է առաջացնելու ոչ բարով հարևան երկրներում.  տխմարածին մեկնաբանությունները չեն ուշանա:

    Իհարկե, հարևան երկրից սպասվող  հիսթերիան  բնավ չի մտահոգում մեզ, բայց կա մի բաղադրիչ, որն իսկապես մտահոգիչ է:

    Որքանո՞վ են  հայաստանյան իշխանությունները շահագրգռված՝ կապված այս թեմայի մանրամասների հետ, արդյո՞ք առանց նախապայմանների թուրքերի հետ բանակցող զանազան քպ երիտասարդները լիազորված են հայ ժողովրդի կողմից տեսականորեն նման ահռելլի գումարի գանձման, վերադարձի հարցը մերժելու, արհամարհելու, գումարը թուրքերին նվիրելու համար:

    Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ

  • Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բրյանսկի մարզի Սուզեմկա բնակավայրին. ոչնչացվել է գործարան

    Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել Բրյանսկի մարզի Սուզեմկա բնակավայրին. ոչնչացվել է գործարան

    Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է , որ Սուզեմկա գյուղի վրա ուկրաինական ռազմական հարվածի հետևանքով (գտնվում է Ուկրաինայի հետ սահմանի մոտ) ոչնչացվել են արդյունաբերական ձեռնարկության «արտադրական և վարչական շենքեր»։

    Բոգոմազը չի մանրամասնել, թե որ ձեռնարկության մասին է խոսքը և նշել է, որ «զոհեր չկան»։

    Ռուսական Telegram ալիքները հաղորդում են, որ հարվածը հասցվել է Grad բազմակի կրակող հրթիռային համակարգի միջոցով։

    Մի քանի ալիքների տվյալներով՝ Ստրելա գործարանը ոչնչացվել է հրետակոծության հետևանքով։

    «Էներգետիկա Ռոսիի» կայքում նշված է , որ այս ձեռնարկությունը արտադրում է տրանսֆորմատորներ և այլ պարագաներ «պաշտպանական, ավիատիեզերական, էլեկտրատեխնիկական և էլեկտրոնիկայի» արդյունաբերությունների համար։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ձեռնարկությունը նախկինում մի քանի անգամ հարձակման է ենթարկվել ուկրաինական զինված ուժերի կողմից։

    Սուզեմկա գյուղը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանին շատ մոտ, որտեղ գտնվում են  մոսկովյան երկաթուղային կայարանը և մաքսային կետը։

    Ուկրաինական զինվորականները չեն մեկնաբանել Սուզեմկա գյուղի վրա հարված հասցնելու մասին պնդումները։

  • Թրամփը հրապարակել է իր լուսանկարը՝ Հռոմի պապի հագուստով. որոշ կաթոլիկների դա դուր չի եկել

    Թրամփը հրապարակել է իր լուսանկարը՝ Հռոմի պապի հագուստով. որոշ կաթոլիկների դա դուր չի եկել

    Որոշ կաթոլիկներ քննադատել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Truth Social սոցիալական ցանցում արված գրառման համար, որում Սպիտակ տան ղեկավարը հանդես է գալիս որպես Հռոմի պապ. գրում է BBC News-ը։

    Թրամփը արհեստական ​​ինտելեկտի կողմից ստեղծված պատկերը հրապարակել է շաբաթ օրը, և գրառումը տարածվել է նաև Սպիտակ տան պաշտոնական X էջում և այլ սոցիալական ցանցերում։

    Լուսանկարում Թրամփը պատկերված է սպիտակ շարֆով և միտրով, ձեռքին մեծ խաչ է պահում և բարձրացնում ցուցամատը։

    Նկարը հրապարակվել է այն ժամանակ, երբ աշխարհի կաթոլիկները սգում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահը և պատրաստվում են հաջորդ պապի ընտրությանը։

    Թրամփը նախկինում կատակել էր այս հարցի շուրջ՝ լրագրողներին ասելով, որ «կցանկանար ինքը Հռոմի պապ լինել»։

    Նյու Յորքի կաթոլիկ համաժողովը, որը ներառում է այդ նահանգի եպիսկոպոսներին, արձագանքել է Թրամփի հրապարակմանը։ «Այս լուսանկարում ոչ մի զվարճալի բան չկա, պարոն նախագահ, – ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։ -Մենք հենց նոր թաղեցինք մեր սիրելի Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, և կարդինալները շուտով կսկսեն հանդիսավոր կոնկլավ՝ Սուրբ Պետրոսի նոր իրավահաջորդ ընտրելու համար։ Մեզ ծաղրելու կարիք չկա»։

    Իտալիայի նախկին վարչապետ և ձախակողմյան Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ Մատեո Ռենցին նույնպես քննադատել է Թրամփի գրառումը։

    «Այս պատկերը վիրավորում է հավատացյալների զգացմունքները, վիրավորում է ինստիտուտները և ցույց է տալիս, որ աջակողմյան քաղաքականության աշխարհի առաջնորդը վայելում է իր ծաղրածու լինելը», – իտալերեն գրել է Ռենցին համացանցում։

    Թրամփի՝ սոցցանցերում արված գրառումները բուռն քննարկումների առիթ են դարձել։ Շատ օգտատերեր նկարը վիրավորական են համարել, սակայն ոմանց դուր է եկել կատակը։

    ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը (կաթոլիկ է) նույնպես միացել է  քննարկմանը։ Լրագրող Բիլ Քրիստոլի այն հարցին, թե ինչպես է վերաբերվում «Սուրբ Հոր նկատմամբ անհարգալից վերաբերմունքին և ծաղրին», Վենսը գրել է . «Որպես կանոն, ես դեմ չեմ, որ մարդիկ կատակներ անեն: Բայց ես դեմ եմ նրանց, ովքեր սկսում են հիմար պատերազմներ, որոնք սպանում են իմ հազարավոր հայրենակիցների»:

    Վատիկանի խոսնակ Մատեո Բրունին հրաժարվել է մեկնաբանել Թրամփի գրառումը, երբ շաբաթ օրը մամուլի ասուլիսի ժամանակ հարցրել են դրա մասին։

    Նոր պապի ընտրության կոնկլավը պետք է սկսվի Վատիկանում չորեքշաբթի՝ մայիսի 7-ին։

  • Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

    Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին. հայտնում են Կառավարությունից։

    Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման բյուջեն կազմում է 53 մլն դրամ։ Պողպատե 2-րդ կամրջով նախատեսվել է լուծել նաև բեռնատար տրանսպորտային միջոցներով երթևեկության հարցը, որն ունենալու է առավելագույնը 40 տոննա բեռնատարողունակությամբ տրանսպորտային միջոցների անցման հնարավորություն:

    Հաջորդիվ՝ վարչապետին ներկայացվել են Քարկոփ բնակավայրի կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Տեղադրվել է ժամանակավոր մետաղական կամուրջ՝ Հունաստանի կառավարության նվիրատվությամբ։ Կրկին հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել հետագա շահագործման։

    Երկրի ղեկավարը Կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ այցելել է նաև Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց:

  • Անգամ ոչ ծանր հանցանք գործած լինելու հանգամանքը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ

    Անգամ ոչ ծանր հանցանք գործած լինելու հանգամանքը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ

    ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը իրազեկող հաղորդագրություն է տարածել՝ որ դեպքում կարող է մերժվել ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունը։

    «Քրեական հանցանքի համար դատվածությունը կարող է անձին զրկել ԱՄՆ մուտք գործելու հնարավորությունից, և անգամ ոչ ծանր հանցանք գործած լինելու հանգամանքը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ»,- նշել են դեսպանատնից։

  • Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

    Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

    Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ 96 կգ քաշային Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր: Այս մասին հայտնում են Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից։

    Պերուի մայրաքաղաք Լիմայում ընթացող աշխարհի պատանեկան առաջնության 96 կգ քաշում Գրիգոր Ղազարյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց 138կգ, 142 կգ, 145 կգ: Այս վարժությունում Ղազարյանը նվաճեց ոսկե մեդալ:

    Հրում վարժությունում Գրիգորը գլխավերևում պահեց 175 կգ, 180 կգ ու 185 կգ: Այս ձևում ևս մեր ծանրորդը ոսկե մեդալակիր դարձավ: Երկամարտի 330 կգ արդյունքով` Գրիգոր Ղազարյանը դարձավ աշխարհի չեմպիոն:

  • Ձեռքերն ու ոտքերը կորցրած Զինան… մի նամակը նրան վերադարձրեց ամեն ինչ

    Ձեռքերն ու ոտքերը կորցրած Զինան… մի նամակը նրան վերադարձրեց ամեն ինչ

    «Սիրելիս, իմ սիրելի Իոսիֆ, ներիր ինձ այս նամակի համար, բայց ես այլևս չեմ կարող լռել: Ես պետք է քեզ  ճշմարտությունն ասեմ… Ես վիրավորվել եմ ռազմաճակատում, ձեռքեր ու ոտքեր չունեմ, ես չեմ ուզում բեռ լինել քեզ համար, մոռացիր ինձ, մնաս բարով.  քո Զինա»:

    Նա չկարողացավ այդ նամակը  գրել իր նշանածին վիրահատություններից և անքուն գիշերներից ընդամենը մի քանի ամիս անց… Ինչի՞ մասին էր մտածում հաշմանդամ երիտասարդ կինը այս տողերն ինքն իրեն  թելադրելիս, կարելի է միայն կռահել։

    Զինա Տուսնոլոբովան հանդիպել էր Իոսիֆ Մարչենկոյին 1941 թվականի գարնանը, սակայն երիտասարդ զույգը չհասցրեց գրանցել իրենց ամուսնությունը. Զինան պատերազմի առաջին օրերին Իոսիֆին  ուղեկցեց ռազմաճակատ։ Ինքն էլ  կամավոր մեկնեց  1942 թվականի հուլիսին՝ բուժքույրական դպրոցն ավարտելուց հետո։

    Առաջին երկու մարտերում Զինան կրակի տակից դուրս է բերել 42 վիրավորի և սպանել 11 ֆաշիստի։ Այս սխրանքի համար աղջիկը պարգեւատրվել է «Կարմիր աստղ» շքանշանով։ Վորոնեժի ճակատում 8 ամսվա արյունալի մարտերի ընթացքում նա կրակի գծից տարհանել է 123 վիրավոր զինվորի և սպաների։

    1943-ի փետրվարը նրա համար ճակատագրական էր։

     Վիրավոր հրամանատարին փրկելիս աղջիկը ծանր վիրավորվեց։ Մեր հետախույզները, վերադառնալով գերմանական թիկունքից, հրաշքով լսեցին վիրավոր աղջկա խուլ   հառաչանքը և դուրս բերեցին դաշտից։

    Բժիշկները տասն օր պայքարեցին նրա կյանքի համար, բայց չկարողացան փրկել ցրտահարված ձեռքերն ու ոտքերը. գանգրենա էր սկսվել։ Ութ ծանր վիրահատություն, սարսափելի ցավեր…

    Մի քանի ամիս անց աղջիկը հերթապահ բուժքրոջը թելադրեց իր վերջին նամակը Իոսիֆին, իսկ ինքը հիվանդասենյակից հիվանդասենյակ  էր տեղափոխվում՝ խրախուսելու, քաջալերելու մյուս վիրավորներին:

    Մի օր նա կոմսոմոլներին խնդրեց  իրեն  Ուրալմաշ տանել։

    – Հարգելի ընկերներ։ Ես 23 տարեկան եմ։ Շատ եմ ցավում, որ ինձ հաջողվեց այդքան քիչ բան անել իմ ժողովրդի, իմ Հայրենիքի, Հաղթանակի համար։ Ես հիմա ոչ ձեռքեր ունեմ, ոչ ոտքեր։

    Ինձ համար շատ դժվար է այսպես ապրել, -պատգարակին պառկած՝  ասաց նա աշխատողներին։ – Ընկերնե՛ր: Շատ, շատ եմ խնդրում, եթե հնարավոր է, իմ փոխարեն ամեն օր  տանկի մի գամ պատրաստեք։

    Մեկ ամիս անց ռազմաճակատ ուղարկվեց հինգ տանկ, որոնք բանվորներն արտադրել էին պլանից դուրս։ Մարտական ​​մեքենաների կողքերին սպիտակ ներկով գրված էր՝ «Զինա Տուսնոլոբովայի համար»։

    Սվերդլովսկի հիվանդանոցի գլխավոր վիրաբույժ Ն.Վ. Սոկոլովը խոստացավ,որ Զինայի համար ձեռքեր կպատրաստի։ Բայց Զինան  հրաժարվեց. այդ վիրահատությունները չափազանց ցավոտ էին:

    Բայց Իոսիֆից  ստացված նամակը նոր ուժ տվեց նրան.

    «Իմ սիրելի փոքրիկ, իմ սիրելի տառապյալ, ոչ մի դժբախտություն կամ փորձանք չի կարող բաժանել մեզ, չկա այնպիսի վիշտ, չկա այնպիսի տանջանք, որը կստիպի ինձ մոռանալ քեզ, սիրելիս:

    Ուրախության և տխրության մեջ մենք միշտ միասին կլինենք: Ես քոնն եմ, քո Իոսիֆը: Եթե ​​միայն կարողանայի հասնել  հաղթանակի օրվան,  եթե միայն կարողանայի վերադառնալ տուն, քեզ մոտ, սիրելիս, և մենք ապրեինք երջանիկ…

    Այլևս գրելու ժամանակ չկա։ Մենք շուտով կանցնենք հարձակման: Ոչ մի վատ բան մի մտածիր։ Ես անհամբեր սպասում եմ քո պատասխանին: Համբուրում եմ քեզ անվերջ։ Ես քեզ շատ եմ սիրում, քո Իոսիֆ»։

    Զինան հուզվեց և համաձայնեց բարդ վիրահատությանը:

    Նրա ձախ ձեռքի ոսկորները մասնատվեցին և ծածկվեցին մկաններով՝ ստեղծելով երկու սեղմվող «մատներ»: Նա սովորեց այդ սարքած մատներով  լվացվել, սանրել մազերը և վերցնել իրերը։

    Աջ ձեռքի մնացած մասի համար ռետինե մանժետ պատրաստեցին, որի մեջ մատիտ էին մտցրել, և Զինան նորից սովորեց գրել։

    Իոսիֆն ու Զինան ամուսնացան հաղթանակից անմիջապես հետո։ Նրանք ունեցան որդի՝ Վլադիմիրին, իսկ հետո ծնվեց նրանց դուստրը՝Նինան։ Զինաիդան սովորեց ինքնուրույն ճաշ պատրաստել, վառել վառարանը և նույնիսկ մանկական գուլպաներ կարկատել։

    «Մայրիկին չէր թվում, թե ինքն ինչ-որ ֆիզիկական թերություն ունի, նա ապրում էր լիարժեք կյանքով», – հեռուստատեսային շոուներից մեկումպատմել է Նինան:

    Իսկապես, Զինաիդա Միխայլովնան ոչ մի օր պարապ չի մնացել։ Աշխատել է որպես ռադիոհաղորդավարուհի, անընդհատ ելույթներ է ունեցել դպրոցներում և աշխատանքային կոլեկտիվներում, նամակներ ուղարկել Խորհրդային Միության  տարբեր ծայրեր՝ սովորելով արմունկներով կառավարել գրիչը…

    Իոսիֆ Մարչենկոն և Զինաիդա Տուսնոլոբովան մինչև կայնքի վերջ միսին ապրեցին, ունեցան իրենց երազած խնձորի այգին։ Երկուսն էլ Խորհրդային Միության Հերոսի կոչում ստացան։