Day:Ապրիլի 14, 2025

  • Ամոթ է, որ գերիների վերադարձը բանակցության նախապայման չլինի. արցախցիներն ԱԳՆ-ի դիմաց այրեցին Կառավարության 2021թ. ծրագիրը

    Ամոթ է, որ գերիների վերադարձը բանակցության նախապայման չլինի. արցախցիներն ԱԳՆ-ի դիմաց այրեցին Կառավարության 2021թ. ծրագիրը

    Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիա է իրականացրել ԱԳՆ-ի և Գլխավոր դատախազության դիմաց։

    Արցախցիները արտգործնախարարությունից պահանջում են բանակցությունների համար նախապայման հայտարարել գերիների վերադարձի հարցը, արցախցիների իրավունքները միջազգային կոնվենցիաներով պաշտպանելու խնդիրը։

    Արցախին, արցախցիների՝ իրենց հայրնեիք վերադառնալուն, գերիներին վերաբերող բոլոր հարցերը դուրս են խաղաղության համաձայնագիր կոչվող միակողմանի զիջումների փաստաթղթից։

    2021 թվականին Փաշինյանի իշխանությունը Հադրութի ու Շուշիի դեօկուպացիա էր խոստանում, խոստանում էր, որ արցախցիների իրավուքնների պաշտպանությունն առաջնահերթություն է դարձնելու։ Ի՞նչ եղան այդ խոստումները, մնացին նախընտրական քարոզարշավի բուկլետներո՞ւմ։

    Արցախցիներն այսօր ԱԳՆ-ի դիմաց այրել են Կառավարության 2021 թվականի ծրագիրը։

    «Եթե արցախցիների խնդիրները չեք կարողանում բարձրացնել, ուրեմն հարթակ ստեղծեք, որ արցախցիներն իրենց խնդիրները բարձրաձայնեն»,-պահանջում են արցախցիները։

    Մանրամասները՝ տեսանյութում.

  • Սահմանամերձ Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել

    Սահմանամերձ Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել

    Մովսեսի բնակիչները անցած 3 գիշերներին կրակոցների ձայներ են լսել. հայտնում է տավուշցի լրագորղ Ոսկան Սարգսյանը։


    Բերդ համայնքի սահմանամերձ Մովսես գյուղի բնակիչներից տեղեկացա, որ ապրիլի լույս 14-ի գիշերը, ինչպես նաև նախորդ 2 գիշերներին, բնակիչները կրակոցների ձայներ են լսել:

    Բնակիչները չգիտեն, թե այդ կրակոցները ո՞ր ուղղությամբ են եղել։ Ադրբեջանական զինուժը Մովսեսի ուղղությամբ վերջին օրերին ցերեկները չի կրակել։

  • Խնդիրը փող բերողի մեջ չի, փողը ծախսողի մեջ է. իրենք ապաշնորհ ձևով են պետբյուջեն ծախսում

    Խնդիրը փող բերողի մեջ չի, փողը ծախսողի մեջ է. իրենք ապաշնորհ ձևով են պետբյուջեն ծախսում

    Մանր և միջին բիզնես ունեցող քաղաքացիները նորից բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության շենքի դիմաց։ Շրջհարկը 5 տոկոսից դարձել է 10 տոկոս, ինչը տնտեսվարողներին ստիպելու է ուղղակի կասեցնել իրենց բիզնեսը. դրանից տուժելու է պետբյուջեն, գործազրկությության տոկոսն է ավելանալու, ինչպես նաև՝ արտագաղթը։

    Տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումները ոչինչ չեն տվել՝ բացի մանիպուլյացիայից՝ իբր տնտեսվարողներին պետբյուջեից հատկացվելու է 7,3 միլիարդ դրամ։

    Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ իրենց գործընկերներից շատերն արդեն իսկ իրենց բիզնեսը  փակել են։ Նրանք պնդում են, որ հարկային փոփոխություններով իշխանությունները ոչ թե պայքարում են ստվերի դեմ, այլ հալածում են հարկ վճարող, իր աշխատռանքով իր ընտանիքը պահող քաղաքացիներին։

    Տնտեսվարողները ստորագրահավաք են կազմակերպել ու իրենց պահանջը ներկայացրել կառավարությանը։

    «Ստվերում աշխատողները նորից փաստաթուղթ չեն ունենալու, շրջհարկը ցույց չեն տալու, իրենց ելամուտները՝ նույնպես։ Սա օրինապահ հարկ վճարողների դեմ է։ Եթե ես ստվերում եմ, ՀԴՄ կտրոն չեմ տրամադրում, հետևաբար՝ 10 տոկոս շրջհարկը չեմ վճարում, իսկ նա, ով ՀԴՄ կտրոնը տալիս է, փաստաթղթերը մաքուր են, նրանց հարկային բեռն են ավելացնում։

    7 տարի առաջ մեզ ասում էին՝ բյուջեն թալանվում է, էլ չի թալանվելու, ասում էին՝ հարկերը պիտի թանկանան, հետևաբար բյուջե ավելի շատ գումար է մտնում։

    Բյուջեի մուտքերն ավելանում են, բայց չգիտես ինչու՝ բյուջեի դեֆիցիտն ու պետական պարտքն էլ է ավելանում, սա նշանակում է՝ մեր հարկերը ապաշնորհ կերպով են ծախսում, էս մարդիկ պետբյուջեն ծախսելու ձև չգիտեն, բայց անընդհատ հարկեր են ավելացնում

    Ասում են՝ հարկերը բարձրացնում ենք, մենք էլ ասում ենք՝ եղբայր, մեզ ցույց տուր, թե մեր վճարած հարկերը ոնց ես ծախսում, որ բյուջեի դեֆիցիտ էլ կա, պետական պարտքն էլ է ավելանում»,-ասաց «Կասեցում» հասարական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը։

    Մանրամասները՝ տեսանյութում.

  • Մահացել է մեր ժամանակների դասական Մարիո Վարգաս Լյոսան

    Մահացել է մեր ժամանակների դասական Մարիո Վարգաս Լյոսան

    Ապրիլի 13-ին 89 տարեկանում մահացել է պերուացի գրող և Նոբելյան մրցանակակիր Մարիո Վարգաս Լյոսան։ «Զրույց տաճարում» և «Կանաչ տուն» վեպերի հեղինակը համարվում էր լատինաամերիկյան գրականության կենդանի դասական, 2010 թվականին  արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի։

    Լյոսան մահացել է Պերուի մայրաքաղաք Լիմայում՝ շրջապատված իր ընտանիքով և «նրա հետ խաղաղության մեջ»,  X սոցիալական ցանցում ասել է նրա որդին՝ հայտնի քաղաքական մեկնաբան Ալվարո Վարգաս Լյոսան։

    Գրողի որդին պարզաբանել է, որ հրաժեշտի հրապարակային արարողություն չի լինելու։

    Մարիո Վարգաս Լյոսան ծնվել է 1936 թվականի մարտի 28-ին Արեկիպայում։ Նա հաճախել է կիրակնօրյա դպրոց և ռազմական ակադեմիա, ապա ավարտել է Լիմայի Սան Մարկոսի ազգային համալսարանը, ուսումը շարունակել Իսպանիայում, ապա տեղափոխվել Ֆրանսիա։

    1950-ական թվականներին նա սկսեց հրատարակել իր գրքերը։ Վարգաս Լյոսայի առաջին վեպը՝ «Քաղաքը և շները» (ի սկզբանե «La ciudad y los perros», հայտնի է նաև որպես «Հերոսի ժամանակը»), բացահայտում է կոռուպցիան և բռնությունը պերուական ռազմական դպրոցում։

    Գրողն աշխատել է վեպի վրա այն ժամանակաշրջանում, երբ բանակը քաղաքական և հասարակական հսկայական ազդեցություն ուներ։ Ռազմական ակադեմիայում սովորելու ընթացքում նափորձ է  ձեռք է բերել:

    1962 թվականին լույս տեսած գիրքը Լյոսային համաշխարհային հռչակ է բերել։ Իսկ դրանում նկարագրված զորավարժարանը, ըստ նրա, այրել է գրքի մոտ հազար օրինակը։

    Լյոսայի երկրորդ վեպի հետ մեկտեղ՝ «Կանաչ տունը, քաղաքը և շները» հիմք հանդիսացան 1960-ական և 1970-ականների լատինաամերիկյան «Բում» գրական շարժման համար, որը բնութագրվում էր փորձարարական ձևերով և ուժեղ քաղաքական թեմաներով, որոնք արտացոլում էին մայրցամաքի քաոսն ու փոփոխությունները:

    «Լատինական Ամերիկայի բումի» մյուս գրողներից էին Գաբրիել Գարսիա Մարկեսը՝ Կոլումբիայից, Խուլիո Կորտասարը և Խորխե Լուիս Բորխեսը՝ Արգենտինայից և Կառլոս Ֆուենտեսը՝ Մեքսիկայից։

    Մարիո Վարգաս Լյոսայի մեկ այլ կարևոր վեպ է «Զրույց տաճարում»: Խոսքը մեծանալու, քաղաքականության ու քաղաքացիական պատերազմի մասին է:

    Մարիո Վարգաս Լյոսան իր կյանքի ընթացքում գրել է մոտ 50 ստեղծագործություն, որոնք թարգմանվել են ավելի քան 45 լեզուներով։ Նա արժանացել է բազմաթիվ հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Միգել դե Սերվանտեսի մրցանակին՝ իսպանալեզու ստեղծագործությունների առաջնակարգ գրական մրցանակին։

    2010 թվականին գրողին շնորհվել է գրականության Նոբելյան մրցանակ, որտեղ նրան անվանել են «աստվածային շնորհալի պատմող»։

    Նա միշտ եղել է քաղաքականապես ակտիվ և Կուբայական հեղափոխության նկատմամբ համակրանքից անցել է ազատականության։ 1990 թվականին նա առաջադրվել է Պերուի նախագահի պաշտոնում աջ կենտրոնամետ կոալիցիայի կազմում, սակայն ընտրություններում պարտվել է Ալբերտո Ֆուխիմորիին։

    Վարգաս Լյոսան իրեն անվանել է «չուզող քաղաքական գործիչ»: «Ես իրականում երբեք քաղաքական կարիերա չեմ ունեցել։ ասել է նա:

     Ես քաղաքականություն եմ մտել շատ առանձնահատուկ հանգամանքներում… Եվ միշտ ասում էի, որ ընտրություններում հաղթեմ, թե պարտվեմ, կվերադառնամ իմ գրական և մտավոր աշխատանքին, այլ ոչ թե քաղաքականությանը»,- ասել է նա:

  • Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Խնածախի ուղղությամբ. մշակույթի տունը վնասվել է

    Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Խնածախի ուղղությամբ. մշակույթի տունը վնասվել է

    Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը:

    Տուժածներ չկան:

    Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

    Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

  • Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկ է ներկայացրել

    Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկ է ներկայացրել

    Մարտուն Գրիգորյանն ինքնաբացարկ ներկայացրեց։

    Մանդատից հրաժարվելը են «Մեր քաղաքը» դաշինքից ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը և «Իմ հզոր համայնք» կուսակցությունից Սուսաննա Մկրտչյանը։

  • Հայաստան-Թուրքիա սահմանն ապօրինաբար հատելիս թուրք երիտասարդն անհետացել է

    Հայաստան-Թուրքիա սահմանն ապօրինաբար հատելիս թուրք երիտասարդն անհետացել է

    Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Թուրքիա-Հայաստան սահմանին՝ Իգդիրում, ապօրինի ճանապարհով սահմանը հատել փորձած չորս ընկերներից մեկը՝ 28 տարեկան Իսմայիլ Ադիրը, անհետացել է:

    Ինչպես նշում է ermenihaber.am-ը, ընկերների հաղորդումից հետո դեպքի վայր են մեկնել թուրքական ժանդարմերիայի ու «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD) ստորաբաժանումները:

    Մեկնարկել են երիտասարդի որոնողական աշխատանքները։ Կասկածներ կան, որ սահմանն անցնելիս նա ընկել է Արաքս գետը։

  • ԱՄՆ-ի կրոնական ազատության 2025թ. տարեկան զեկույցն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացնելու շարունակվող դեպքերին

    ԱՄՆ-ի կրոնական ազատության 2025թ. տարեկան զեկույցն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացնելու շարունակվող դեպքերին

    ՄՆ-ի կրոնական ազատության 2025 թվականի տարեկան զեկույցն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ոչնչացման շարունակվող դեպքերին։ Այս մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

    «2025 թվականի ԱՄՆ-ի կրոնական ազատության տարեկան զեկույցի 46-48-րդ էջերը ամբողջությամբ նվիրված են Ադրբեջանում կրոնական ազատության խախտումներին, ինչպես նաև հայկական հուշարձանների ոչնչացմանը և այլ խնդիրներին։ Զեկույցի սկզբում նշվում է, որ Ադրբեջանում կրոնական ազատությունը գտնվում է վատթար վիճակում։ Այն նաև ընդգծում է Լեռնային Ղարաբաղում հայկական հուշարձանների ոչնչացման դեպքերը՝ ի մասնավորի նշելով, որ «Կովկասյան Ժառանգության մշտադիտարկում» (CHW) կազմակերպությունը արբանյակային նոր տվյալներ է հրապարակել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ կրոնական ժառանգության վտանգված վայրերի վերաբերյալ՝ հրապարակելով ժառանգության ոչնչացման նոր դեպքերի մասին, այդ թվում՝ 19-րդ դարի եկեղեցի, երկու գերեզմանոց և այլ մշակութային արժեքներ։

    Իսկ 2024 թվականի հունիսին ԱՄՆ-ում տեղակայված Freedom House կազմակերպությունը հրապարակել է, որ Ադրբեջանը 2020 և 2023 թվականների ռազմական գործողությունների ընթացքում իրականացրել է «համապարփակ, համակարգված ռազմավարություն՝ Լեռնային Ղարաբաղը հայ ազգաբնակչությունից և պատմամշակութային ներկայությունից դատարկելու ուղղությամբ»։ Կազմակերպությունն այս գործողությունները գնահատել է որպես պատերազմական հանցագործություններ և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ։

    Զեկույցն անդրադարձել է նաև ԱՄՆ գործողություններին նշելով, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է՝

    .Ադրբեջանին շարունակի պահել Հատուկ Վերահսկման Ցանկում (Special Watch List)՝ համաձայն Կրոնական ազատության միջազգային օրենքի (International Religious Freedom Act, IRFA), այն հիմքով, որ պետությունը թույլ է տալիս կրոնական ազատության լուրջ խախտումներ։

    .Կիրառի թիրախային պատժամիջոցներ Ադրբեջանի պետական մարմինների, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության կազմի մեջ ընդգրկված Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության (Bandotdel) և այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են կրոնական ազատության լուրջ խախտումների համար

    .Աջակցի անկախ միջազգային դիտորդների Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ այցի կազմակերպմանը, օրինակ՝ ՄԱԿ-ի (Միավորված ազգերի կազմակերպության) կողմից՝ նպատակ ունենալով ստուգել, փաստագրել մշակութային արժեքները և գույքագրել դրանք։

    Զեկույցն անդրադառնում է նաև ԱՄՆ քայլերին, շեշտելով, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է՝

    Կազմակերպի լսումներ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում և/կամ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի հանձնաժողովում՝ նպատակ ունենալով լուսաբանել կրոնական ազատության խախտումները Ադրբեջանում՝ հիմնվելով Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների արդյունքների վրա։

    Զեկույցն առանձին բաժնով անդրադառնում է նաև միջազգային հարաբերություններին և արդեն իսկ արված գործողություններին։ Ի մասնավորի նշելով, որ եվրոպական կառույցներն ու մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները բազմիցս արտահայտել են մտահոգություն Ադրբեջանի մարդու իրավունքների վիճակի, այդ թվում՝ կրոնական ազատությունների խախտումների վերաբերյալ։ 2024 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մերժել է Ադրբեջանի պատվիրակության մանդատների հաստատումը՝ մասնավորապես, խղճի բանտարկյալների հետ կապված մարդու իրավունքների խախտումների և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակման պատճառով։ Նույն ամսին ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև, որով դատապարտել է Ադրբեջանի կողմից ենթադրյալ համակարգված և լայնածավալ խոշտանգումների և այլ դաժան վերաբերմունքի կիրառումը։

    Բացի այդ, Եվրոպայի խորհուրդը, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը և Եվրոպական խորհրդարանը դատապարտել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական և մշակութային ժառանգության կազմակերպված ոչնչացումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումները։

    2024 թվականի հունիսին ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան 40 անդամներ նամակ են հղել Պետքարտուղար Բլինքենին՝ կոչ անելով Ադրբեջանի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումների ընթացքում բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ոչնչացված հայկական մշակութային ժառանգության հարցը՝ ընդգծելով այդ երկրի գործողությունները եկեղեցիների, վանքերի և կրոնական արժեքների դեմ։

    2024 թվականի սեպտեմբերին Նյու Ջերսիից հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը նախագահել է Թոմ Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովի լսումները՝ նվիրված Ադրբեջանում մարդու իրավունքների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում վտանգված կրոնական վայրերի խնդիրներին։

    2023 թվականի դեկտեմբերի 29-ին ԱՄՆ Պետական դեպարտամենտը հերթական անգամ ընդգրկել է Ադրբեջանը Միջազգային կրոնական ազատությունների մասին օրենքով (IRFA) սահմանված Հատուկ դիտարկվող երկրների ցուցակում՝ կրոնական ազատությունների կոպիտ խախտումների հիմքով»,- գրել է կայքը։