Day:Մարտի 6, 2025

  • Օկուպացված Արցախում Ալիևի հատուկ ներկայացուցչության աշխատակիցները վթարի են ենթարկվել

    Օկուպացված Արցախում Ալիևի հատուկ ներկայացուցչության աշխատակիցները վթարի են ենթարկվել

    Օկուպացված Արցախի Հանրապետության Վարանդայի, Մարտունու, Աղդամի շրջաններում Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցչության աշխատակիցները վթարի են ենթարկվել։

    Հաղորդվում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Աղդամ-Վարանդա ավտոճանապարհին։

    Ըստ տեղեկությունների, ներկայացուցչության աշխատակիցներ Սվետլանա Մամեդովան և Ռաֆետ Ֆարզալիևը ծառայողական պարտականությունները կատարելիս վթարի են ենթարկվել։ Վթարի հետևանքով Ս. Մամեդովան տեղում մահացել է, Ռ. Ֆարզալիևը տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։

  • Տիգրան Ավինյանը որևէ կերպ չի խառնվել  ԱՆԻՖ-ի և դուստր կազմակերպությունների կադրային քաղաքականությանը կամ նշանակումների գործընթացին. խոսնակ

    Տիգրան Ավինյանը որևէ կերպ չի խառնվել  ԱՆԻՖ-ի և դուստր կազմակերպությունների կադրային քաղաքականությանը կամ նշանակումների գործընթացին. խոսնակ

    Տիգրան Ավինյանը, որպես ԱՆԻՖ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որևէ կերպ չի խառնվել  ԱՆԻՖ-ի և դուստր կազմակերպությունների կադրային քաղաքականությանը կամ նշանակումների գործընթացին։

    Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը․

    «Ի պատասխան «Հետքում» հրապարակված «Ինչ կապ ունեն ԱՆԻՖ-ը, Դելավերի օֆշորային ընկերությունները և Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին» վերնագրով հոդվածի՝ հայտնում եմ հետևյալը։

    Հոդվածում նշված «Սի Էֆ Դաբլյու» ընկերության 51%-ի բաժնեմասի սեփականատերը հանրահայտ ամերիկյան Orbis Operations ընկերությունն է։ Ամերիկյան կողմը ձեռք է բերել իր մասնաբաժինը՝ ներդնելով 5.8 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ տեխնոլոգիա։

    2023 թվականի վերջի դրությամբ ընկերությունում աշխատում էին 12 բարձրակարգ մասնագետ, ովքեր անցնում էին մասնագիտական պատրաստություն կիբերանվտանգության ոլորտում՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ։

    Ընկերությունը հաստատել էր համագործակցություն մի շարք բանկերի, նախարարությունների և պետական այլ կառույցների հետ՝ նրանց կիբերանվտանգությունը բարձրացնելու նպատակով։

    Տեղեկությունն այն մասին, թե ընկերությունը հաշվետվություն չի տրամադրել, չի համապատասխանում իրականությանը։

    Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ներկայումս ընկերությունում աշխատում է միայն մեկ անձ, ապա այս հարցի պարզաբանումը պետք է տրամադրեն այն պաշտոնյաները, ովքեր ստանձնեցին այդ պատասխանատվությունը՝ փոփոխություններ կատարելով ԱՆԻՖ-ի հիմնադիր կազմում։

    Ինչ վերաբերում է ընկերության տնօրենի անձնական կապերին, նշեմ, որ նա նախկինում աշխատել է «Ֆլայ Արնա» ընկերությունում՝ զբաղեցնելով բարձր պաշտոններ, որի կառավարումը իրականացվում էր արաբական «Էյր Արաբիա» ավիաընկերության գործընկերների կողմից։

    Հիշեցնեմ, որ ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն» հիմնադրամը, ներդրել է 1 մլրդ 539 մլն 580 հազար դրամ, ձեռք բերելով ընկերության 49% բաժնեմասը։

    Միևնույն ժամանակ տեղեկացնում եմ, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, ներկայումս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որպես ԱՆԻՖ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, որևէ կերպ չի խառնվել  ԱՆԻՖ-ի և դուստր կազմակերպությունների կադրային քաղաքականությանը կամ նշանակումների գործընթացին»,- նշել է խոսնակը։

  • 7.2 տրիլիոն դրամի հասնող խաղադրույքներ. խաղամոլությունը «կանխելու» հերթական շոուն

    7.2 տրիլիոն դրամի հասնող խաղադրույքներ. խաղամոլությունը «կանխելու» հերթական շոուն

    Ո՞վ է վերջապես հովանավորում 7.2 տրիլիոն դրամի հասնող խաղադրույքների ընդունման բիզնեսը, և կարո՞ղ են  աղքատացող երկրի մոլախաղի մասնակիցները 2.5 մլրդ դոլարի խաղադրույքներ կատարել։

    Հարցի վերաբերյալ կան մի քանի հանգույցներ։

    Հանգույց N 1

    1. Քպ վարչախմբի մի երիտասարդ բացառիկ ազգանվեր նախաձեռնություն է հանդես բերում և ԱԺ հանձնաժողովներում բուլդոզերային հանձնառությամբ սկսում է ակտիվ պայքար, որն ավարտվում է երկու արդյունքով։

    Ա. Հայաստանում չգրանցված և չլիցենզավորված խաղային բիզնեսի արտասահմանյան օնլայն տնտեսվարողներին որոշում են խլացնել և փակել նրանց մուտքը Հայաստանի տարածք։

    Բ. Հայաստանում գրանցված, լիցենզավորված խաղային չորս տնտեսվարողների հարկը որոշում են կամաց-կամաց բարձրացնել։

    Առաջին հանգույցում բեմականությունը հստակ ավարտվում է, և ընդամենը մեկ սխալ է սպրդում դեպի հանրային դաշտ՝ մեկ կեղծ շահումի վերաբերյալ քպ պատգամավորի պնդումն էր, որն իր մեջ պարունակում էր ողջամիտ կասկածներ, թե ինչպես է բանկային գաղտնիքի առկայությամբ երկրում ինչ-որ մեկը իմացել կեղծ շահում ստացած քաղաքացու բանկային և վարկային շարժը։

    Հանգույց N 2

    2. Քպ առաջնորդը մեծագույն պաթոսով ԱԺ նիստի ընթացքում հայտարարում է, որ ինքը շատ բարձր է գնահատում երիտասարդ պատգամավորի ջանքերը և խոստովանում է,  որ ինքը տրամադրված է շատ ռադիկալ.  առաջին իսկ քննարկման ժամանակ որոշել է երկու ոտքը մի կոշիկի մեջ դնելու սկզբունքով արմատախիլ անել խաղային ինդուստրիան, որովհետև դա հանրային անվտանգությունը խաթարող չարիք է։ Ժողովրդի դարդով տապակվող քպ առաջնորդի խոսքն ավարտվում է հետևյալ երեք արդյունքով.

    Ա. Խոստովանում է, որ իր ռադիկալ քայլը չեղարկվել է, որովհետև ինչ-որ քննարկումների արդյունքում ինքը հասկացել է, որ իր պատկերացրածը ճիշտ քայլ չէ։ Այսինքն՝ ինչ-որ քննարկման մասնակիցներ համոզել են նրան իբր չգնալ ռադիկալ քայլերի։ Հետաքրքիր է՝ ովքե՞ր են եղել այդ համոզողները։

    Բ. Հայտարարում է ինչ-որ նորահայտ «օպերատոր» ստեղծելու մասին, որը պետք է համակարգի խաղային ինդուստրիայի տեղական չորս կազմակերպությունների գործունեությունը։ Փաստացի տեղական չորս կազմակերպությունների կողքին հայտնվում է ևս մեկը , որի անունը կլինի «Օպերատոր»։

    Գ. Խոստանում է ամենադաժան կերպով պատժել «Օպերատոր»  կոչվածի դեմ լոբբինգ անողներին՝ չմանրամասնելով, թե ով կարող է պետական կարգավորման դեմ հանդես գալ և հակառակ լոբբինգ իրականացնել պետական համակարգում։

    Ձեռքի հետ էլ խոստանում է անընդհատ բարձրացնել ներքին չորս խաղային գործունեություն ծավալողների հարկերը։

    Իհարկե, զվարճալի այս հրատապ քննության նկատմամբ շատերը տարակուսանք ունեն՝ ովքեր են այս միջոցառման հիմնական շահառուները և ում դեմ է այն  ուղղված։ Վերջապես «ռադիկալ» տրամադրվածը ինչո՞ւ ռադիկալ չի դառնում:

    Սկսենք արդյունքներից։

    1. Խաղադրույքների ընդունման ներքին շուկան մենաշնորհվում է, և դրսի օնլայն կազմակերպությունները հեռացվում են։

    2.Ստեղծվում է «Օպերատոր» կոչված մի ֆիլտր, որի օգնությամբ իշխանությունները համակարգային մոնիտորինգի գործիք են ձեռք բերում։ Իսկ ո՞վ է մոնիտորինգ անելու «Օպերատորին», հայտնի չէ և  չի էլ լինելու։

    3. Հանրային անվտանգությունը վտանգի տակ դրած խաղային ինդուստրիան ոնց կար, նույն կերպ շարունակելու է իր գործունեությունը արդեն առանց ռադիկալ քայլերի սպառնալիքների։

    Որպես վերջաբան։

    Արդյոք կարելի՞ է պատկերացնել մի վիճակ, երբ Կոլումբիայի քաղաքացին հայկական օնլայն կազինոյում շահում է 1000 դրամ, և դա այն գումարն է, որը պարտվել է նույն կազինոյում, նույն օրը որևէ արատավոր քաղաքացի:

    Այս ամենն ունի միայն մեկ լուծում՝ Հայաստանում խաղային ինդուստրիան պետք է արմատախիլ արվի և վերջնականապես դադարի գործել։

    Հրայր Կամենդատյան, տնտեսագետ, «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչ

  • Պուտինը պատասխանել է Մակրոնին և հիշել Նապոլեոնին

    Պուտինը պատասխանել է Մակրոնին և հիշել Նապոլեոնին

    Աշխարհում կան մարդիկ, ովքեր ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի արշավանքի ժամանակները, մինչդեռ մոռանում են՝ ինչով ավարտվեց այդ պատմական իրադարձությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

    «Դեռևս կան մարդիկ, ովքեր ցանկանում են վերադառնալ Նապոլեոնի ժամանակները՝ մոռանալով, թե ինչպես այն ավարտվեց», -ըստ РИА Новости-ի՝ շեշտել է Պուտինը:

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 5-ին հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար՝ կոչ անելով քննարկել Ֆրանսիայի միջուկային զենքի կիրառումը ամբողջ ԵՄ-ի պաշտպանության համար՝ նշելով, որ Միացյալ Նահանգները փոխել է իր դիրքորոշումն Ուկրաինայի և ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի առաջատար դերի վերաբերյալ։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Ռուսաստանի մասին Մակրոնի հայտարարությունը ծայրահեղ առճակատում է անվանել։

  • Ուկրաինայում եվրոպական զորախմբի հայտնվելը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար

    Ուկրաինայում եվրոպական զորախմբի հայտնվելը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար

    Ուկրաինայում եվրոպական զորախմբի հայտնվելը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

    Նա, մասնավորապես, նշել է. «Մինչև օրս այդ (եվրոպական-խմբ.) զորախումբը պաշտոնապես այնտեղ ներկա չէր։ Պատճառն այն է, որ դա կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել տարածաշրջանային մասշտաբով»:

    Տասմագամբետովի խոսքով՝ այդ զորքերն Ուկրաինա ուղարկելու դեպքում ՀԱՊԿ-ը պատրաստ կլինի օգնության զանազան տարբերակներ առաջարկել։

    Նա նաև կարծիք է հայտնել, որ եվրոպական երկրների բնակչությունը հավանություն չի տա Ուկրաինա զորախումբ ուղարկելու կառավարության որոշմանը։

  • Առաջարկում եմ թաքուն հանդիպումների թեման չշահարկել, հանկարծ ինքներդ ձեզ վրա դուրս չգաք․ Բագրատ Միկոյան

    Առաջարկում եմ թաքուն հանդիպումների թեման չշահարկել, հանկարծ ինքներդ ձեզ վրա դուրս չգաք․ Բագրատ Միկոյան

    ՀՀԿ ներկայացուցիչները հարցադրումներով են հանդես գալիս, թե ինչու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականին հանդիպել Արմեն Սարգսյանի հետ, երբ վերջինս նախագահի թեկնածու էր։ Ինչպես նաև շեշտում են 2020թ․ նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո և 2021 թվականի ընտրություններից անմիջապես հետո Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Սարգսյանի հանդիպումների մասին և որոշ ենթադրություններ անում։

    Yerevan.Today-ը դիմեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ ճշտելու, թե Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Սարգսյանի հանդիպումներում ինչե՞ր են քննարկվել և ինչո՞ւ են այդ հանդիպումները հանրությունից պահվել թաքուն։

    Բագրատ Միկոյանը մեր հարցադրումներին պատասխանեց․ «Նախագահ Քոչարյանը նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանի հետ 2018 թվականին որևէ հանդիպում չի ունեցել։ Նրա հետ միակ հանդիպումը նախագահ Քոչարյանի պաշտոնաթողությունից՝ 2008 թվականից հետո, եղել է 2020 թվականի դեկտեմբերին՝ պատերազմից հետո, «Ալեքսանդր» հյուրանոցում, Արմեն Սարգսյանի խնդրանքով։ Տարածվել է պաշտոնական հաղորդագրություն։ Մնացյալը սուտ է»։

    Ինչ վերաբերում է «թաքուն հանդիպումներին», Բագրատ Միկոյանն այսպես արձագանքեց․ «Ընդհանուր առմամբ, առաջարկում եմ թաքուն հանդիպումների թեման չշահարկել, վտանգավոր է, եթե հանրությունից թաքցնելու բան ունեք․ հանկարծ ինքներդ ձեզ վրա դուրս չգաք»:

  • Եղիշե Կիրակոսյանը բացատրել է՝ ինչու է ազատման դիմում գրել

    Եղիշե Կիրակոսյանը բացատրել է՝ ինչու է ազատման դիմում գրել

    Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Եղիշե Կիրակոսյանը:

    «Սիրելի՛ հայրենակիցներ,

    Որոշում եմ կայացրել լքել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը։ Ցանկանում եմ առավել կենտրոնանալ ակադեմիական/գիտական և մասնագիտական գործունեության վրա՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում միջազգային իրավունքի ամրապնդմանը, ինչպես նաև իրավագիտական կրթության զարգացմանը։

    Վարչապետի աշխատակազմում սկսել եմ աշխատել 2018թ. հոկտեմբեր ամսից որպես Վարչապետի խորհրդական, որի ընթացքում նախաձեռնել եմ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» օրենքի մշակումը և ներկայացումը Ազգային ժողով, որի հիման վրա ստեղծվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։ 2019թ.-ից ի վեր գրասենյակն ընդլայնել է իր գործառույթների շրջանակը՝ ապահովելով ՀՀ շահերի ներկայացում ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, այնպես էլ Արդարադատության միջազգային դատարանում, միջազգային արբիտրաժային տրիբունալներում, օտարերկրյա ներպետական դատարաններում և հաշտարարության վարույթներում։

    Միաժամանակ, գրասենյակն իր հիմնադրումից ի վեր իրականացրել է մարդու իրավունքների միջազգային չափորոշիչների ներդրումն իրավական ակտերի նախագծերում։

    2020թ. 44-օրյա պատերազմից ի վեր գրասենյակը ձեռնամուխ է եղել Մարդու իրավունքների եվրոպատական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ միջպետական գանգատների ներկայացմանը, ինչպես նաև ընթացիկ միջպետական դատական և արբիտրաժային վարույթների շրջանակներում ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանությանը։ Գրասենյակը նաև նախաձեռնել է մի շարք առանցքային միջազգային պայմանագրերի, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի մասին Հռոմի կանոնադրության, «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» 1899թ. և 1907թ. Հաագայի կոնվենցիաների վավերացման գործընթացները։

    Երախտագիտությունս եմ հայտնում Հայաստան Հանրապետության վարչապետին վստահության համար։ Շնորհակալ եմ նաև պետական համակարգի բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։

    Շնորհակալ եմ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի թիմին, դատական և արբիտրաժային վարույթների շրջնակներում ներգրավված միջազգային իրավախորհրդատւներին՝ իրենց անձնվեր և պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Վստահ եմ, որ Գրասենյակը կշարունակի պատշաճ և արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի շահերի ներկայացումը միջազգային դատական և արբիտրաժային գործընթացների շրջանակներում»,-գրել է նա:

    Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Եղիշե Կիրակոսյան անզատվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից:

  • Եթե Բաքվում պահվող հայերի վերադարձի պահանջը վարչապետի աթոռին նստածից չպիտի լինի, բա ումի՞ց լինի, ոնց ուզում են թող բերեն, իրենց խնդիրն է. Մամիջանյան

    Եթե Բաքվում պահվող հայերի վերադարձի պահանջը վարչապետի աթոռին նստածից չպիտի լինի, բա ումի՞ց լինի, ոնց ուզում են թող բերեն, իրենց խնդիրն է. Մամիջանյան

    Չգիտեմ՝ հորդորս տեղ կհասնի, թե՝ ոչ, բայց լավ կլինի, որ պարոն Վարդանյանը դադարեցնի հացադուլը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

    «Ես հասկանում եմ` քանի որ պետությունը ոչինչ չի անում, պարոն Վարդանյանը Բաքվում գտնվելով՝ ստիպված է այս պայքարի մեթոդը օգտագործել, բայց հայերիս անհրաժեշտ է, որ պարոն Վարդանյանը և մյուս գերի տղաներն անվտանգ, առողջ վերադառնան հայրենիք»,- ասաց նա։

    Անդրադառնալով իշխանությունների բերած այն հակադարձումներին՝ իրենք չեն կարող տեսանելի ցույց տան՝ ինչ են անում գերիների վերադարձի համար, Մամիջանյանն ասաց, որ այդ «տեսանելի, անտեսանելի»-ն, «վնաս կտա»-ն այնքան հին, ու պարզունակ քողարկումներ են անգործության, դրանց նույնիսկ անդրադառնալու իմաստ չի տեսնում։

    «Իրենք անդադար նշում են սկզբնական թիվը գերիների, բերում են հիմիկվա թիվը: Նախ ես ՔՊ-ական չեմ, ես մարդկանց կյանքերը ստատիստիկ տվյալների չեմ վերածում։ Փաշինյանն էր չէ՞ Ազգային ժողովի ամբիոնից ասել,  որ այսքան զոհեր ունենք, պլյուս-մինուս այսքան։ Այ այդպես են իրենք մարդու կյանքին վերաբերվում, ես այդպես ասել չեմ կարող: Դե որ խոսում է նախորդ շրջանում գերիների վերադարձից, մի հատ էլ հիշեցնեմ՝, Ադրբեջանի, 2020 թվականի նոյեմբերի իննից սկսած, պահանջներից մեկն էր ականապատ տարածքների քարտեզները: Ինքը կես տարի այդ քարտեզները չտվեց ու տվեց 2021 թվի արտահերթ ընտրություններից առաջ, որպեսզի օգտագործի դա որպես քաղաքական դիվիդենտ։ Այ այդպես եք գերի բերում»,- ասաց նա։

    Ինչ վերաբերում է գնահատականներին՝ գործողությունը արվում է, թե՝ չէ, նա ասաց, որ առհասարակ ցանկացած գործողություն գնահատվում է արդյունքով։

    «Այդ մարդկանց տանջամահ են անում: Եթե վարչապետի աթոռին նստածից չպիտի լինի պահանջը, բա ումի՞ց պիտի լինի պահանջը, այդ մարդիկ ՀՀ քաղաքացիներ են։ Ոնց ուզում են, թող բերեն։ Դա իրենց պրոբլեմն է։ Մենք՝ ընդդիմությունը, այդ մասով այն բոլոր լծակները, որոնք ունի, կիրառում է՝ միջազգային կապեր, այդ թվում նաև ակցիաներ, այսինքն եղել են դեպքեր, երբ այդ հարցը ընդդիմության, Հանրապետականի կազմակերպված գործողությունների արդյունքում, երբ որ միջազգային հյուրեր ենք Հայաստանում ունենում, ոչ միայն իրենց հետ հանդիպման ժամանակ ենք դրա մասին խոսում, այլ նաև փողոցում ակցիա է դրա հետ կապված տեղի ունենում ավելի շատ լսելիություն ապահովելու համար։ Այնպես որ ամեն ինչը գնահատում են արդյունքով»,- ասաց նա։

  • Հրապարակվել է Ջալալ Հարությունյանի դատավճիռը

    Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի դատավճիռը։ Դատարանի որոշմամբ, նա դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման։ Պատժի կրման սկիզբը հաշվվելու է նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից, հայտնում է hetq.am-ը:

    Դատարանն ապացուցված համարեց, որ Արցախի ՊԲ հրամանատարը 2020թ. հոկտեմբերի 12-ին իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է «անբարեխիղճ և անփույթ» վերաբերմունք, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Մեղադրանքը վերաբերում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի «Ջուվառլու» կոչվող բնակավայրում տեղակայված Արցախի ՊԲ 8-րդ հրաձգային բրիգադի (Ցորի զորամաս) Դ-20 հրետանային դիվիզիոնի թշնամու զինված խմբավորման թիրախում հայտնվելու դեպքին։ Դատաքննության ժամանակ բոլոր հարցաքննվածները, ովքեր առնչություն են ունեցել այդ հանգամանքին, իրենց ցուցմունքներում հայտնել են, որ Ջալալ Հարությունյանը ասել է՝ «101-ը ասում է՝ մերոնք են», կամ՝ «հաստատ մերոնք են», կամ՝ «100% մերոնք են»։

    Դատաքննության ժամանակ հարցաքննված դիվիզիոնի ողջ անձնակազմը միաբերան պնդել է, որ հնարավոր և հավանական էր առաջին անգամ «թողնել» հրամանը տալու դեպքում անվնաս նահանջ կատարել։ Հայտնել են, որ անձնակազմն արդեն իսկ պատրաստվում էր, վարորդներից ոմանք ավտոմեքենաները թաքստոցից տեղափոխում էին կրակային դիրք և սկսել էին հավաքել ռազմամթերքը։ Սակայն Ջալալ Հարությունյանի՝ «կրակային դիրքը թողնելու» հրամանը չեղարկելուց հետո, անձնակազմը վերադարձել է զբաղեցրած դիրքեր։ Ավելին՝ խորացված հրամանատարական կետից (ԽՀԿ) փոխանցվել են նոր նշանակետեր։

    «Ջալալ Հարությունյանի անփութությունը վճռական նշանակություն է ունեցել հակառակորդի գործողություններին ուշ արձագանքելու և կրակային դիրքը ոչ ժամանակին լքելու համար, որի հետևանքով հակառակորդի խմբավորմանը հաջողվել է հայտնաբերված լինելու պայմաններում անարգել մոտենալ անձնակազմին, ինչպես նաև սկսել անմիջական մարտական գործողությունները»,– ասվում է դատավճռում։

    Հարությունյանի գործողությունների հետեւանքով զոհվել են 1-ին մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ՝ պահեստազորայիններ Նվեր Ավանեսյանը, Վահե Ավագյանը, Վաչագան Հարությունյանը, Կարեն Դանիելյանը, Նաիրի Բաղդասարյանը, ժամկետային զինծառայողներ Գեորգի Բալայանը, Սամվել Ղազարյանը, Արթուր Ասրյանը, Լևոն Գրիգորյանը, Դավիթ Ազատյանը, Արտյոմ Տեփանյանը, Ռուբեն Պողոսյանը, Նարեկ Օհանյանը, Արտակ Միքայելյանը, Հայկ Պապիկյանը, Վահե Պապյանը, Հայկ Անտոնյանը, Գոռ Ափանոսյանը, Սամվել Պողոսյանը, Հայկ Մելիքյանը։ 

    Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 1-ին և 2-րդ մարտկոցների 10 զինծառայողներ՝ 1-ին մարտկոցի ավագ սպա, ավագ լեյտենանտ Արիկ Գոքորյանը, պահեստազորայիններ՝ Արթուր Բեգլարյանը, Արթուր Գասպարյանը, Էմիլ Աֆրիկյանը, Վազգեն Հարությունյանը, Միքայել Միքայելյանը, ժամկետային զինծառայողներ Արտյոմ Հակոբյանը, Արգիշտի Մարգարյանը, Էրիկ Գրիգորյանը և Սերգեյ Դարագուլյանը։ Զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է։

    Դ-20 հրետանային դիվիզիոնի հրամանատարական դիտակետը և զբաղեցրած կրակային դիրքերը, ինչպես նաև այդտեղ գտնվող 8 հատ Դ-20 հրանոթները, 5 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, զենք-զինամթերքը, հրամանատարական դիտակետում և մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը անցել են հակառակորդի վերահսկողության տակ:

    «Դատարանը հարկ է համարում նաև շեշտադրում կատարել այն հանգամանքին, որ յուրային զորքերի քանակն, ըստ դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանի ցուցմունքի, պահեստազորային զորքերի ներգրավմամբ, կազմել է 164 հոգի։ Պետք է հաշվի առնել, որ մինչև դեպքը տեղի ունենալը Դ-20 հրետանային դիվիզիոնի 3-րդ մարտկոցը խոցվել էր և ՄՈԲ-ից թվով 9 հոգի վախից փախել էին Հադրութ թեքվելու ժամանակ։ Այսինքն, եթե շարժվենք թվաբանական հարաբերակցությամբ, ապա ստացվում է, որ և՛ հակառակորդի միջոցներն են եղել անհամարժեք յուրային զորքերի միջոցների համեմատ, և՛ թվաքանակը»,– նշվում է դատավճռում։

    Դատարանն անդրադարձել է նաև դիվիզիոնի 3-րդ մարտկոցի խոցվելու դեպքին։ Դատաքննության ժամանակ հետազոտված ապացույցներով փաստվել է, որ 3-րդ մարտկոցը առաջին անգամ խոցվել է Ջուվառլու տեղանք գնալուց հետո, որի արդյունքում ունեցել են մեկ զոհ, 5-6 վիրավոր և հրանոթների կորուստ։ Դատարանն ուշագրավ է համարել տուժող Արմեն Ասրյանի ցուցմունքը, ըստ որի՝ մարտկոցի խոցվելու վերաբերյալ դիվիզիոնի ղեկավարությունը զեկուցել է ՊԲ շտաբ, դրանից հետո՝ 2020թ․ հոկտեմբերի 12-ին, նորից տեղակայվել է Ջուվառլու տեղանքում։

    «Տարակուսելի է, որ դիվիզիոնը տեղակայվելով արդեն իսկ բացահայտված տեղանքում՝ կրկին ցուցում է ստացել տեղակայվել նույն վայրում։ Մինչդեռ հարկ է նկատել, որ դատաքննության ժամանակ ուսումնասիրված արտավարութային փաստաթղթերը հաստատում են այն հանգամանքը, որ առնվազն ակնհայտ է եղել Ջուվառլու տեղանքին հարակից տեղանքներում հակառակորդի առկայությունը, սակայն դիվիզիոնի ղեկավարության հարցումներին ի պատասխան՝ հայտնել է մոտեցող խմբավորման յուրային լինելու մասին»,– նշվում է դատական ակտում։

    Դատավճռում դեպքը նկարագրված է այսպես․ 2020թ․ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնը, առանց 3-րդ մարտկոցի ներգրավման, նույն զորամասի հրամանատարի տեղակալ–զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանի ղեկավարությամբ կրակային դիրք է զբաղեցրել Վարանդայի (Ֆիզուլի) շրջանի Ջուվառլու բնակավայրի մոտակայքում՝ առաջնագծից շուրջ 4 կմ հեռավորության վրա: Մարտկոցների միջանկյալ հատվածից հակառակորդի ուղղությամբ շուրջ 1 կմ հեռավորության վրա գտնվող բլրի գագաթային հատվածում տեղակայվել է դիվիզիոնի կրակային դիտակետը, որտեղ գտնվել են նաև Նորայր Հայրապետյանն ու Դ-20 հրետանային դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Հայկ Թովմասյանը:

    Հոկտեմբերի 12-ին, ժամը 17:30-ի սահմաններում, հակառակորդի կողմից դիվիզիոնի կրակային կետի շուրջ 3 ժամ տևողությամբ հրետակոծությունից հետո, դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը դիտակետից դիտարկել է կրակային դիրքի ուղղությամբ շարժվող զինծառայողների խմբավորում: Կասկածելով խմբավորման ադրբեջանցիներ լինելուն՝ որոշում է կայացրել անվտանգության նկատառումներով կրակային դիրքը թողնելու մասին: Դիվիզիոնի անձնակազմին հրամայել է թողնել կրակային դիրքը, ինչին զուգահեռ դիտակետում գտնվող անձնակազմը նույնպես դուրս է եկել դիտակետից և շտապել անձնակազմի մոտ:

    Դիտարկված խմբավորման կազմում ՀՀ ԶՈՒ համազգեստով անձանց նկատելու պատճառով, փոխգնդապետ Նորայր Հայրապետյանը, դիվիզիոնի անձնակազմի կողմից կրակային դիրքը թողնելու հրամանի կատարման ընթացքում, մոտեցող խմբավորման մասին ռադիոկապով զեկուցել է ՊԲ հրետանու շտաբ՝ խնդրելով նաև ճշտել նրանց պատկանելությունը: Հրետանու կառավարման կետից այդ տեղեկությունը և Ն. Հայրապետյանի հարցադրումը փոխանցվել է ՊԲ խորացված հրամանատարական կետի մարտական ղեկավարման կետում գտնվող ՊԲ հրետանու պետ-ՊԲ հրամանատարի հրետանու գծով տեղակալ, գնդապետ Գեննադի Բաղդասարյանին։ Նա իր հերթին այդ մասին անմիջապես զեկուցել է նույն կետում գտնվող ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին և հարցրել դիտարկվող խմբավորման մասին:

    «Ջալալ Հարությունյանը, պարտավոր լինելով նախքան հրաման տալը համակողմանիորեն գնահատել իրադրությունը և միջոցներ նախատեսել դրա կատարումն ապահովելու համար, ․․․ առանց բավարար հիմքերի, ավելին՝ տվյալ տեղանքում հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի կողմից հնարավոր հարձակումների մասին տվյալների առկայության պայմաններում, միանշանակ պատասխան է տվել, որ տվյալ խմբավորումը յուրային զորքեր են»,– ասվում է դատավճռում:

    ՊԲ հրամանատարի հայտնած տեղեկությունը Գ․ Բաղդասարյանը նույն բովանդակությամբ փոխանցել է հրետանու կառավարման կետ, որտեղից էլ նույն բովանդակությամբ կապի միջոցով փոխանցվել է Նորայր Հայրապետյանին:
    Վերջինս հրաման է տվել չեղարկել «կրակային դիրքը թողնելու» հրամանը: Դիտակետի անձնակազմը նույնպես վերադարձել է դիտակետ: Դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը դեռևս առաջնային դիտարկման ընթացքում ունեցած կասկածից ելնելով, Ն․ Հայրապետյանին խնդրել է ևս մեկ անգամ իր ներկայությամբ հստակեցնել նկատված խմբավորման պատկանելությունը, ինչին վերջինս համաձայնել է:

    Ն․ Հայրապետյանը նորից ռադիոկապի միջոցով կապ է հաստատել ՊԲ հրետանու շտաբ և խնդրել կրկին հստակեցնել դիտարկվող խմբավորման յուրային լինելու կապակցությամբ ՊԲ շտաբում առկա տեղեկությունը:

    Ջալալ Հարությունյանն այժմ արդեն օպերատիվ և հետախուզության բաժինների սպաների հետ աշխատանքային քարտեզի մոտ քննարկման արդյունքում, չստանալով որևէ կոնկրետ տվյալ խմբավորման յուրային լինելու մասին, դարձյալ Գեննադի Բաղդասարյանին հստակ պատասխան է տվել տվյալ խմբավորման յուրային լինելու վերաբերյալ։ Գ․ Բաղդասարյանը հրետանու բաժնի միջոցով պատասխանը փոխանցել է Ն․ Հայրապետյանին, վերջինս էլ կարգադրել է տեղում շարունակել մարտական խնդրի իրականացումը: 

    Դ-20 դիվիզիոնի հրամանատար Հայկ Թովմասյանը, վերադառնալով դիտակետ, նկատել է, որ զինված խումբը անարգել մոտեցել է դիտակետի տեղակայման բլրին, ապա շրջանցելով այն՝ շարժվել 1-ին մարտկոցի տեղակայման վայրի ուղղությամբ: Նաև խմբավորման զինծառայողներից մեկի կողմից տարօրինակ վարքագիծ է նկատել՝ տարածքում թափառող խոզի գնդակահարումը։ Կատարվածը համադրելով այլ հանգամանքների հետ, հասկացել է, որ խումբը յուրային չէ և անմիջապես վերադասի՝ Ն. Հայրապետյանի թույլտվությամբ, ռադիոկապի միջոցով ենթակա անձնակազմին հրամայել է լքել կրակային դիրքը:

    Այնուամենայնիվ, կրակային դիրքը լքելու առաջին հրամանը չեղարկելուց հետո մինչ Հայկ Թովմասյանի կողմից կրակային դիրքը թողնելու հրաման տալու պահն ընկած ժամանակահատվածում հակառակորդին հաջողվել է հասնել դիվիզիոնի կրակային դիրքի առջևի հողաթմբին և հրաձգային զենքերից ու նռնականետերից կրակ արձակել 1-ին մարտկոցի անձնակազմի ու մեքենաների ուղղությամբ:

    Ստեղծված իրավիճակում 2-րդ մարտկոցի անձնակազմը, մոտ լինելով ճանապարհին, մարտ վարելու ընթացքում տալով 3 վիրավոր, հասցրել է դուրս գալ կրակային դիրքից՝ այնտեղ թողնելով հրանոթները։ 1-ին մարտկոցը հայտնվել է անմիջապես հակառակորդի թիրախում, առկա միջոցներով մարտ է վարել, որի արդյունքում զոհվել են մարտկոցի անձնակազմի թվով 20 զինծառայողներ, իսկ 7 զինծառայողներ վիրավորվել են: Դիտակետի անձնակազմի տեղաշարժի ընթացքում փոխգնդապետ Նորայր Հայրապետյանին չի հաջողվել դուրս գալ տեղանքից, և նրա գտնվելու վայրը մինչ օրս անհայտ է:

    2021թ․ հունվարի 27-ին հարուցված քրեական գործով նշանակվել էր հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, որին, ի թիվս մի քանի այլ հարցերի, առաջադրվել է պատասխանել այս հարցերին՝ 

    • Դ-20 դիվիզիոնի հիմնական ուժերի տեղակայման վայրից 1 կմ հեռավորության վրա 15, 50 կամ 100 հոգանոց խմբավորում հայտնվելու պարագայում, արդյոք, դիվիզիոնի ուժերը բավարար էին հակառակորդին չեզոքացնելու, խոցելու կամ ոչնչացնելու համար, եթե այո, ապա ինչո՞վ է հիմնավորվում նման պնդումը:

    Փորձագետները հայտնել են, որ եթե կատարվեին կանոնադրության դրույթների պահանջները, ապա դիվիզիոնի կրակային դասակներն ի վիճակի էին դիմակայել հակառակորդի նման խմբավորման գրոհը՝ խոցելով նրան ուղիղ նշանառությամբ հրանոթների կրակով և հրաձգային զենքերով: Նշվածը հիմնավորվում է ուժերի և միջոցների հարաբերակցությամբ, մասնավորապես՝ կրակային դիրքերում գտնվող երկու մարտկոցը կարող էր դիմակայել հարձակվող հակառակորդի 15, 50 կամ 100 հոգանոց խմբի գրոհին: Պատերազմի ժամանակ նմանատիպ բազմաթիվ դրվագներ են եղել: Հակառակորդի ոչնչացումը կարող է կատարվել ոչ միայն խրամատներից, այլև պառկած դիրքից կամ որևէ տեղ պատսպարվելով: Հրանոթները տեղակայված են եղել բաց դաշտում, այսինքն՝ փաստացի գտնվել են ուղիղ նշանառության դիրքում և կարող էին կիրառվել այդ նպատակով:

    • ՊԲ հրամանատարին Դ-20 դիվիզիոնի ուղղությամբ շարժվող խմբավորման մասին զեկուցելու ժամանակ վերջինիս մոտ եղած տվյալներն, արդյոք, հիմք տվել են ենթադրելու, որ դրանք կարող են յուրային լինել:
    • Արդյոք ՊԲ հրամանատարը, չունենալով հստակ տեղեկություն հայտնաբերված խմբի վերաբերյալ, իրավասու էր պնդել կամ ենթադրել, որ խմբավորումը յուրային է, թե՝ ոչ։ Եթե ոչ, ապա ինչու և ինչպես պետք է վարվեր ՊԲ հրամանատարը նման իրավիճակում:

    Հարցադրումներին ռազմագիտական փորձագետները հետևյալ պատասխանն են տվել․

    ՊԲ հրամանատարն առկա տեղեկատվության հիման վրա կարող էր ենթադրել, որ այդ խումբը յուրային է, քանի որ նախօրեին շուրջ 700 պահեստազորայիններ լքել էին մարտական դիրքերը։ Սակայն առկա էին նաև տվյալներ, որ հակառակորդը կիրառում էր դիվերսիոն հետախուզական խմբեր (ԴՀԽ), որից ելնելով ՊԲ հրամանատարը նախօրեին տվել էր մարտական կարգադրություն՝ ԴՀԽ-ների հավանական գործողությունների վերաբերյալ։ Հետևապես, նրա կողմից պետք է միանշանակ պատասխան չտրվեր տվյալ խմբավորման պատկանելության վերաբերյալ, այլ տրվեր ցուցում՝ գործել ըստ ստեղծված իրավիճակի:

    Ցանկացած պարագայում, եթե դիվիզիոնի հրամանատարական կազմը ճիշտ կազմակերպած լիներ կրակային դիրքերի անմիջական պահպանությունն ու ինքնապաշտպանությունը, և մասնավորապես՝ նշանակած լիներ դիտորդներ, ապա հնարավոր կլիներ հանկարծակիի չգալ և խմբի պատկանելությունը դիտորդի վրա գրոհելու պարագայում կբացահայտվեր, որը հնարավորություն կտար արդյունավետ կազմակերպել մարտկոցների հետագա գործողությունները:

     Դատավճիռը դեռևս օրինական ուժ չի ստացել, Ջալալ Հարությունյանի պաշտպանները պատրաստվում են բողոքարկել վերադաս դատարան։

  • USAID լուծարումն ուղիղ անդրադարձ է ունենալու Հայաստանի էներգետիկ քաղաքականության վրա

    USAID լուծարումն ուղիղ անդրադարձ է ունենալու Հայաստանի էներգետիկ քաղաքականության վրա

     Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է. «Հիշեցնեմ, որ հենց այդ կազմակերպության կողմից է փաստացի մշակվել ու կյանքի կոչվել Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման ծրագիրը՝ դրանից բխող բոլոր ռիսկային հետևանքներով:

    Հենց այս կազմակերպության կողմից է մշակվել Հայաստանի էներգետիկայի զարգացման պլանը (մինչև 2036 թ.), որում փաստացի հարցականի տակ է դրվում Հայաստանում ՛՛խաղաղ ատոմի՛՛ ապագան, հիմնավորվում է էքսպերիմենտալ բնույթ կրող փոքր մոդուլային կայանի կառուցման անհրաժեշտությունը, որպես առաջնահերթություն ներկայացվում առավելապես վերականգնվող էներգետիկայի զարգացումը: Պլան, որում անտեսված է Հայաստանի էներգետիկայի համար առանցքային նշանակություն ունեցող իրանական ուղղությունը:

    Հենց այս կազմակերպության կողմից է շրջանառության մեջ դրվել մի անհեթեթ, հակագիտական մեթոդ՝ երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության գնահատում ըստ ներկրվող էներգակիրների քանակի:

    Պարզ է, որ USAID լուծարումը անխուսափելիորեն հանգեցնելու է Հայաստանի էներգետիկ քաղաքականության ազատականացման դինամիկայի նվազմանը: Եվ դա, կարծում եմ, լավ լուր է»: