Day:Հունվարի 18, 2025

  • «Ես որևէ մեկին չեմ միացել»․ Միքայել սրբազանը` Արշակ Կարապետյանի հայտարարության մասին

    «Ես որևէ մեկին չեմ միացել»․ Միքայել սրբազանը` Արշակ Կարապետյանի հայտարարության մասին

    Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վստահեցնում է, որ որևէ քաղաքական ուժի չի միացել։ Նա այդ մասին ասել է «Փաստինֆոյի» հետ զրույցում` մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարությունը։

    Երեկ Արշակ Կարապետյանը հրապարակել էր իր, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ու Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի լուսանկարները և հայտնել «Համահայկական միասնական խորհուրդ» նոր ուժի ստեղծման գործընթացի մեկնարկի մասին։

    «Ինձ դիմել են, խնդրել են լինել իրենց հոգևոր պատասխանատուն, հոգևոր խորհրդատուն, ես էլ ասել եմ՝ խնդրեմ, սիրով։ Այդքան բան։ Ես որևիցե խորհրդի կազմում չկամ, չեմ կարող լինել»,– ասել է սրբազանը։

    Նա վստահեցրել է, որ քաղաքական գործունեությամբ զբաղվելու ցանկություն չունի և չի էլ ունեցել։

    «Ես տալիս եմ իմ քաղաքական գնահատականները, ակտիվ եմ գնահատականներ հնչեցնելու, վերլուծություններ անելու, կարծիքներ հայտնելու մեջ, բայց քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, չեմ զբաղվելու, որևէ կառույցի չեմ կարող միանալ, չեմ միանալու, բայց եթե որևէ կառույց դիմում է ինձ, ես իրեն կարող եմ օգտակար լինել իմ հոգևոր խորհրդատվությամբ։ Իմ ներկայությունն այնտեղ այդքանով է»,- նշել է Միքայել սրբազանը։

  • Այն, ինչին բախվում է Ռուբենը Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան

    Այն, ինչին բախվում է Ռուբենը Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան

    Աշխարհահռչակ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը անդրադարձել է Բաքվում տեղի ունեցող ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով կեղծ, շինծու «դատավարությանը»․

    «Ես Ռուբենին անձամբ ճանաչում եմ ավելի քան 15 տարի։ Նա մարդկությանը միավորելու և կրթության միջոցով համաշխարհային խաղաղություն բերելու երազանքն էր առաջ մղում։ Այն, ինչին նա բախվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ծաղր է արդարության նկատմամբ և արդարացում չունի»,- գրել է Արոնյանը։ 

  • Փաշինյանի մամուլի ծառայությունը բաց է թողել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի կարևորագույն կետը. «7օր»

    Փաշինյանի մամուլի ծառայությունը բաց է թողել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի կարևորագույն կետը. «7օր»

    «7օր»-ը գրում է. Նիկոլ Փաշինյանի մամուլի ծառայությունը հայտնել է Փաշինյանի և Պուտինի հեռախոսազրույցի մասին ։

    Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել.

    Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, ԵԱՏՄ շրջանակներում առաջիկա իրադարձությունները, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ օրակարգի մի շարք հարցեր»,- նշվում է հաղորդագրության մեջ։

    Հատկանշական է, որ Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրությունը կտրուկ տարբերվում է ՀՀ կառավարության մամուլի ծառայության հայտարարությունից։

    Մասնավորապես, նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը բացատրել է Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը՝ Եվրամիության հետ հարաբերությունների համատեքստում։ ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ ։

    Փաշինյանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ զրույցի այս հատվածին չի անդրադարձել։

    Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է իր հեռախոսազրույցը՝ բաց թողնելով որոշ կարեւոր մանրամասներ։

  • Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու դժգոհությունը․ «Փաստ»

    Ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու դժգոհությունը․ «Փաստ»

    «Փաստ» օրաթերթը գրում է. Տարին մեկնարկել է չափազանց մեծ ներքին լարվածությամբ: Ու հարցն այն չէ միայն, որ Փաշինյանի իշխանությունը արտաքին-քաղաքական կտրուկ շարժումներ է անում: Այնքան կտրուկ, ի դեպ, որ դա անթաքույց արկածախնդրության տպավորություն է թողնում: Դա էլ է, իհարկե, ավելացնում լարվածությունը:

    Սակայն հիմնական պատճառները շատ ավելի հողեղեն են: Նկարագրենք իրավիճակը՝ առանց պաճուճանքների:

    Հունվարի 1-ից Երևանում պետք է 3 անգամ թանկանար հասարակական տրանսպորտի ուղեվարձը: Մեկ ամսով տարկետվեց այդ խայտառակ թանկացումը: Բայց նախ՝ փետրվարի 1-ը սարերի ետևում չէ, երկրորդ՝ առանց թանկացումների էլ ուղետոմսի վճարային համակարգն ուղղակի խայտառակ վիճակում է, սարքերը «կուլ են տալիս» մարդկանց ուղետոմսային գումարները, տրված «թղթերի» ժամկետը անիմաստ կարճ է և այդպես շարունակ: Դա սրում է առանց այն էլ նյարդային վիճակը:

    Հարկեր. այն, որ տարեցտարի գույքահարկի չափն ավելանում է, իսկ այս տարի կրկնապատկվելու է, արդեն վատ է: Այն, որ փաստաբաններին, առաջիկայում նաև՝ հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների հարկային բեռը կտրուկ ավելացվել է, նույնպես վատ է: Նշանակում է, որ առնվազն «միջին խավ» համարվողները այդ ծառայություններից օգտվելու համար շատ թանկ են վճարելու: Դա նույնպես վատ է:

    Բայց շրջանառության հարկի դրույքաչափի կտրուկ բարձրացումը՝ հետագայում այն ընդհանրապես 20 տոկոսանոց ԱԱՀ-ով փոխարինելու «անոնսով», ոչ թե վատ է, այլ ուղղակի խայտառակ վատ է: Փոքր ու միջին խանութների, կրպակների, միրգ-բանջարեղենի վաճառակետերի, հացի փուռ-խանութների տերերը նշում են, որ կամ մեկ ամիս անց փակելու են խանութը (կրպակը), իսկ բանալիներն էլ նվիրեն Փաշինյանին, կամ եղած չեղածը թանկացնելու են, ինչպես արդեն թանկացրել են սուպերմարկետներում:

    Ակնհայտ է, որ Փաշինյանին ու իր կառավարությանը հաջողվել է լուրջ դժգոհություն գեներացնել: Իրավիճակը շատ է նմանվում հայտնի բնորոշմանը. «Վերևները չեն կարողանում, ներքևները չեն ուզում»: Մեր դեպքում ակնհայտ է, որ վերևները չեն կարողանում: Ավելին, նրանք ոչ միայն չեն կարողանում, այլև չեն ցանկանում: Էլ ավելին՝ «վերևները» բացեիբաց ծաղրում են «ներքևներին»: Իսկ «ներքևինները», որ վաղուց արդեն մեծամասամբ հասկացել են, թե ում և ինչի հետ գործ ունեն, առայժմ դժգոհություն են կուտակում:

    Առանցքային հարցն այս իրավիճակում մեկն է. ե՞րբ, որտե՞ղ ու ինչպե՞ս է պայթելու այդ դժգոհությունը:

  • Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը

    Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը

    Ազգային բարերար Սարգիս Բեդևյանը օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական դպրոցի կառուցումը: Նրա բարերարությամբ Վանաձորում կառուցվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի Մայր եկեղեցին, որի օծումից 3 տարի անց շահագործման է հանձնվել Հայորդյաց տունը: Հին վեհարանի հարավ-արևմտյան հատվածում գտնվող Խրիմյան թանգարան-պատկերասրահը, որ կառուցել է Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսը՝ 1896 թվականին, հիմնանորոգվել է Սարգիս և Հռութ Բեդևյանների բարերարությամբ: Բեդևյան ընտանիքն իր նպաստն է բերել Էջմիածնի Մայր Տաճարի նորոգմանը։

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin

  • Աղոթք գերիների համար

    Աղոթք գերիների համար

    Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Հայաստանի և սփյուռքի թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի աղոթք Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում շինծու մեղադրանքներով ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, զինծառայողների, քաղաքացիական անձանց համար։

    Հրավիրում ենք մեր ժողովրդին միանալու աղոթքին գերյալների Հայրենիք վերադարձի համար։

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին/ Mother See of Holy Etchmiadzin

  • Նիկոլ Փաշինյանի նոր վախերը. «Հրապարակ»

    Նիկոլ Փաշինյանի նոր վախերը. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եւ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի վերջին ժամանակների ակտիվությունից կարելի է տպավորություն կազմել, որ իշխանական զույգն արդեն հաղթահարել է հետպատերազմական սթրեսը, զղջումի, ափսոսանքի, մեղքի բոլոր զգացումները եւ 2018-19 թվերի պես ազատ շրջում, զբոսնում է Երեւանում ու մարզերում, հանրային վայրեր այցելում։

    Սակայն ՔՊ-ում խոսում են, որ Փաշինյանի վախերը գնալով անհավանական չափերի են հասել։ Նա ոչ միայն առանց թիկնազորի ու դիպուկահարների ոչ մի քայլ չի անում, այլեւ այնքան զգուշավոր է դարձել, որ այժմ գրեթե չի օգտվում խնջույքների սեղաններից։ Երբեմնի ուտող-խմող Փաշինյանը անճանաչելի ժուժկալ է դարձել՝ հանրային վայրերում սննդին չի մոտենում։ Թիմում դա բացատրում են առաջնորդի վախերով՝ որ կարող է իրեն թունավորեն։

    Մեզ պատմեցին նաեւ, որ ներկուսակցական, ներիշխանական խնջույքներից մի քանի օր առաջ Փաշինյանի ախրանան մանրակրկիտ ճշտում է մենյուն, իսկ խնջույքի օրը հերթապահում է խոհանոցում, հետեւում, թե ինչպես են սնունդը պատրաստում եւ հրամցնում Փաշինյանին։

    Բայց անգամ նման նախազգուշական քայլերից հետո էլ Փաշինյանն անսովոր քչակեր է դարձել եւ աշխատանքային այցերի, տարբեր փառատոնների ու միջոցառումների ժամանակ, որպես կանոն, այլեւս նախկինի պես չի օգտվում հյուրասիրությունից»:

  • Ժողովրդին նախապատրաստում են պետականության լուծարման. Մենուա Սողոմոնյան

    Ժողովրդին նախապատրաստում են պետականության լուծարման. Մենուա Սողոմոնյան

    «ՀայաՔվե» նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը գրում է.

    Բաքվում տեղի ունեցող խայտառակ քաղաքական դատավարությունը հետևանքն է Բաքվի բռնապետական վարչախմբի կողմից Արցախի 9-ամսյա պաշարման ու էթնիկ զտման, ինչն էլ իր հերթին հետևանքն է նրա, որ Հայաստանի գործող վարչախմբի պարագլուխը պրահյան հայտարարությամբ և այլ ձևերով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

    Այս ամենի պատասխանատվությունը ոչ միայն Փաշինյանի, այլև նրա ողջ քաղաքական թիմի, ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորների ուսերին է։

    Այս քաղաքական դատավարությունը ցույց է տալիս, որ Հայաստանում գոյություն չունի արտաքին քաղաքականություն, հետևաբար դուրս է գալիս, որ Հայաստանը կարիք չունի արտաքին գործերի նախարարության։ Պետությունը զավթված է փաշինյանական վարչախմբի կողմից, ինչի պատճառով պետությունը չի կարողանում աշխատել, մատը մատին չեն խփում Բաքվի բռնապետական վարչախմբի հանցագործությունների առնչությամբ իրավական գործընթացներ սկսելու, Բաքվի հանդեպ սանկցիաներ կիրառելու ուղղությամբ։

    Արտգործնախարարության, դիվանագիտական համակարգի այս միտումնավոր անգործությունը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության կարգավիճակը իջեցնում են ինքնավարության մակարդակի։ Սրանով վարչախումբը հայ ժողովրդի գիտակցության մեջ արմատավորում է այն թեզը, որ պետությունը զուտ ասֆալտ անելու, տոնածառ զարդարելու համար է, դրանով ժողովրդին նախապատրաստում են պետականության լուծարման։

    Մեկնաբանության մեջ այսօրվա բողոքի գործողության ժամանակ ելույթիս հղումն է։

  • Փաշինյանը՝ երկու քարի արանքում. «Հրապարակ»

    Փաշինյանը՝ երկու քարի արանքում. «Հրապարակ»

    «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կեսօրին կառավարությունը հաղորդեց, որ տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր»։ 

    Ավելի ուշ՝ Կրեմլը հաղորդագրություն տարածեց, որից պարզ դարձավ, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ, ինչի մասին ակնարկ անգամ չկա վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Ըստ ռուսական կողմի՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է տվել Վլադիմիր Պուտինին․ «Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է Եվրոպական միության հետ հարաբերությունների համատեքստում Երևանի վերջին քայլերի հետ կապված իրավիճակը։ ՌԴ ղեկավարը տվել է համապատասխան մեկնաբանություններ և գնահատականներ»,- ասված է Կրեմլի հայտարարության մեջ։

    Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը շարունակում է երկու լարի վրա խաղալ, նախ համաձայնություն է տալիս ԵՄ-ին Հայաստանի անդամակցության նախագծին, ապա ռուսական կողմի նախազգուշացումներից հետո, հավանաբար, փորձում կրուտիտներ անել ու արդարանալ, որ այդ ամենը ՌԴ-ի դեմ չէ։ Մենք գրել ենք, որ ռուսական կողմի սպառնալիքները, մասնավորապես, կամ՝ ԵՄ, կամ՝ ԵԱՏՄ-ը երկընտրանքի պարտադրումը լուրջ անհանգստություններ են առաջացրել Փաշինյանի մոտ։

    Նա անցած շաբաթ հավաքել է որոշ թիմակիցների եւ Իջեւանում քննարկում անցկացրել, թե ինչպես կարելի է շրջանցել ՌԴ-ի հնարավոր սահմանափակումների հետեւանքով մեզ սպառնացող լրջագույն հարվածները։ Սակայն, ըստ էության, ելքեր չեն առաջարկել եւ Փաշինյանը, հայտնվելով անելանելի վիճակում, սեփական նախաձեռնությամբ որոշել է խոսել «ցարի» հետ, պարզաբանել վիճակը եւ մեղմել հարվածները։ Ի դեպ, նախապես տեղեկություն կար, որ խորհրդարան ուղարկված ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ հանրաքվեի նախագիծը պետք է առաջին՝ հունվարի 20-ի նիստին  ընդունվի, սակայն այն ԱԺ լիագումար նիստի օրակարգում անգամ չի ընդգրկվել»:

  • Արտաքին քաղաքական հստակ ռազմավարության բացակայության պատճառով Հայաստանը կրկին հայտնվում է լուսանցքում․ Վահե Դավթյան

    Արտաքին քաղաքական հստակ ռազմավարության բացակայության պատճառով Հայաստանը կրկին հայտնվում է լուսանցքում․ Վահե Դավթյան

    Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը գրում է․

    Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել են Ադրբեջանի տարածքով գազատարի կառուցման երթուղու շուրջ։ Ռուսաստանի նախագահ Պուտինն իրանցի գործընկեր Պեզեշկիանի հետ բանակցություններից հետո հաստատեց, որ երկու երկրների միջև գազատարի կառուցման նախագիծն արդեն մշակման փուլում է։ Ակնկալվում է, որ նախագիծը կսկսվի տարեկան մինչև 2 մլրդ խմ մատակարարումներով՝ մինչև 55 մլրդ խմ աճի ներուժով:

    Իրանում բնական գազի պահանջարկը տարեցտարի աճում է։ Չնայած տարեկան մոտ 260 մլրդ խմ գազի արդյունահանմանը, Իրանը բախվում է գազի ներքին պակասորդի խնդրի հետ՝ սպառման շարունակական աճի պատճառով։

    Սակայն ռուս-իրանական գազատարը ոչ այնքան տնտեսական, որքան աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Այն կարևոր քայլ է բազմաբևեռ էներգետիկ աշխարհակարգի ձևավորման գործում։ Ռուսաստան-Իրան գազատարը հատկապես առանձնահատուկ նշանակություն ունի Ռուսաստանի, Իրանի, Քաթարի և Թուրքմենստանի (համաշխարհային արդյունահանման ավելի քան 50%-ը) մասնակցությամբ գազային հաբի ստեղծման շուրջ բանակցությունների լույսի ներքո։

    Նման մեգանախագծերի իրականացման ֆոնին Հայաստանը կրկին հայտնվում է լուսանցքում։ Պոտենցիալ շահավետ աշխարհագրական դիրքը մնում է չիրացված՝ արտաքին քաղաքական հստակ ռազմավարության բացակայության պատճառով, հատկապես «Հյուսիս-Հարավ» էներգատրանսպորտային երթուղի: