Day:Հունվարի 14, 2025

  • Գլենդեյլում արդեն արտակարգ իրավիճակի 2-րդ մակարդակ է. քաղաքապետը զգուշացնում է

    Գլենդեյլում արդեն արտակարգ իրավիճակի 2-րդ մակարդակ է. քաղաքապետը զգուշացնում է

    ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին,  արտակարգ իրավիճակի մակարդակը 3-րդից բարձրացվել է 2-րդի. այս մասին հայտարարել է քաղաքապետ Էլեն Ասատրյանը՝ ներկայացնելով անտառային հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակը։

    «Արտակարգ իրավիճակների մակարդակը բարձրացել է 2-րդ մակարդակի պատճառով այս գիշեր, ժամը 22-ից մինչև 10-ը սպասվող ուժեղ քամու պատճառով, ինչը մեծացնում է հոսանքի անջատումների, տապալված ծառերի և անտառային հրդեհների վտանգը:
     Ինչ անել.
    • Լիցքավորել ձեր սարքերը:
    • Պատրաստեք առաջին անհրաժեշտության պայուսակ:
    • Ստուգեք միմյանց:
    Մենք անմիջապես կտեղադրենք թարմացումներ GlendaleCA.gov կայքում: Ես լիովին վստահ եմ մեր հիանալի անձնակազմին, ով աշխատել է շուրջօրյա՝ նախապատրաստելու, պլանավորելու, արձագանքելու և մեզ պատրաստ լինելու համար»,- գրել է Էլեն Ասատրյանը:


    «Մեր հրշեջ ու ոստիկանական ստորաբաժանումները միանգամայն հագեցված են լրացուցիչ ուժերով և ռեսուրսներով և պատրաստ են արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակի»,- նշել է Ասատրյանը։

    Նշենք, որ Հարավային Կալիֆոռնիայում անցյալ շաբաթվանից սկսվածհրդեհների հետևանքով զոհվել է 24 մարդ:

  • Միայն Մոսկվա և Վաշինգտոն. արևմտյան այլ երկիր չի կարող մասնակցել Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը

    Միայն Մոսկվա և Վաշինգտոն. արևմտյան այլ երկիր չի կարող մասնակցել Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը

    Ուկրաինայում իրավիճակի կարգավորումը պետք է իրականացվի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև՝ առանց արևմտյան այլ ներկայացուցիչների ներգրավման. KP.RU-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշեւը։

    «Եթե մենք խոսում ենք հետագա զարգացումների կոնկրետ հեռանկարների մասին՝ հաշվի առնելով ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի գործոնը, ապա մենք հարգում ենք նրա հայտարարությունները, և կարծում, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները պետք է ընթանան առանց  արևմտյան այլ երկրների մասնակցության։ Լոնդոնը և Բրյուսելը խոսելու բան չուենն»,- վստահեցրել է Կրեմլի ներկայացուցիչը։

    Խոսելով Ուկրաինայի հեռանկարների մասին՝ Պատրուշևը չի բացառել, որ 2025 թվականին այն կարող է ամբողջությամբ գոյություն չունենալ։

  • Ինտենսիվ գյուղատնտեսությունը և տոհմային անասնաբուծությունը գյուղոլորտի լոկոմոտիվներն են. Փաշինյան

    Ինտենսիվ գյուղատնտեսությունը և տոհմային անասնաբուծությունը գյուղոլորտի լոկոմոտիվներն են. Փաշինյան

    Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ իրականացված աշխատանքները:

    Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ռազմավարության 7 առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ իրականացվել են աշխատանքները: Ըստ այդմ՝ հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ են իրականացվել, որոնք միտված են եղել բարձրացնել գյուղատնտեսության ոլորտի մրցունակությունը և արդյունավետությունը, ապահովել սննդամթերքի անվտանգությունը, բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը, զարգացնել տեղական շուկաները և ավելացնել արտահանման հնարավորությունները, զարգացնել մարդկային և ինստիտուցիոնալ կարողությունները գյուղատնտեսության ոլորտում, աջակցել գյուղական համայնքների կայուն զարգացմանը, խթանել թվային գյուղատնտեսությունը և տեխնոլոգիական նորարարությունները:

    Զեկուցվել է, որ Կառավարության 2021-2026թթ․ ծրագրի գյուղատնտեսության հատվածը հիմնված է եղել մեծապես այս ռազմավարության վրա: Ներկայացվել են ծրագրի հիմնական թիրախներն ու արդյունքները: Մասնավորապես, նախատեսված է եղել յուրաքանչյուր տարի առնվազն 1000 հա ինտենսիվ այգիների հիմնում, արդյունքում՝ 2021-2024թթ․ հաստատվել է 7169 հա-ի այգեհիմնման հայտ (փաստացի հիմնվել է՝ 3260 հա), նախատեսված է եղել ոռոգման առաջադիմական տեխնոլոգիաներով ոռոգելի հողատարածքների ավելացում՝ շուրջ 3000 հա-ով, արդյունքում՝ հաստատվել է 9340 հա-ի հայտ, ներառյալ ՝այգեհիմնումը, նախատեսված է եղել ջերմատնային տնտեսությունների տարածքների ընդլայնում՝ տարեկան մինչև 10 հա, արդյունքում՝ հիմնվել է 49,4 հա ջերմատուն, նախատեսված է եղել տարեկան շուրջ 500 միավոր գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերում, արդյունքում՝ ձեռք է բերվել 2685 միավոր տեխնիկա, նախատեսված է եղել տարեկան շուրջ 250 միավոր ագրովերամշակման սարքավորումների ձեռքբերմանն աջակցություն, արդյունքում՝ ձեռք է բերվել 2358 միավոր սարքավորում, տնկանյութի հավաստագրման համակարգի ներդրման շրջանակում մշակվել են անհրաժեշտ իրավական ակտերը:

    Ներկայացնելով ոլորտային ցուցանիշները՝ զեկուցվել է, որ 2023թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 1 տրլն դրամ, իսկ 2024թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում՝ 628,6 մլրդ դրամ:

    Իրականացվող ծրագրերի հետ կապված զեկուցվել է, որ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի սահմանված թիրախը տարեկան 500 միավոր է, սակայն ձեռք է բերվել 855 տեխնիկա, այդ թվում՝ 213 միավոր տրակտոր: Լիզինգի գումարը 2.8 մլրդ դրամ է, ակտիվ պորտֆելը՝ շուրջ 18 մլրդ դրամ: Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի մասով սահմանված թիրախը տարեկան 250 միավոր է, ձեռք է բերվել 377 միավոր սարքավորում և հետբերքահավաքային նոր ենթակառուցվածքներ: Լիզինգի գումարը 4․2 մլրդ դրամ է, ակտիվ պորտֆելը՝ 46.3 մլրդ դրամ:

    Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրերի շրջանակում սահմանած թիրախը եղել է տարեկան 1000 հա, փաստացի հիմնվել է շուրջ 3260 հա այգի: Ներդրվել է այգեգործության նոր մշակույթ, մշակվել և հաստատվել են տնկանյութի հավաստագրման համակարգի իրականացումն ապահովվող իրավական ակտերը, ծրագիրը նպաստել է այգեգործության սպասարկող նոր ենթակառուցվածքների և ծառայությունների ձևավորմանը, գործարկվել է www.aygi.am կայքը։ Մանրամասներ են ներկայացվել նաև հողերի կոնսոլիդացիայի, բուսաբուծության աջակցության, ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրերի վերաբերյալ:

    Թռչնաբուծության, տավարաբուծության և խոզաբուծության ուղղություններով խոշոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում կնքվել է 11 պայմանագիր՝ շուրջ 82,42 մլրդ․ դրամ, տրվել է 1 փոխհատուցում՝ 2,3 մլրդ դրամ ծավալով՝ 12,4 մլրդ դրամի փաստացի ներդրման դիմաց, ընթացքի մեջ է գտնվում 10 պայմանագիր շուրջ 70 մլրդ դրամ ներդրման ծավալով։ Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության 2024թ. ծրագրի շրջանակում ստացվել է 5 հայտ՝ 540 գլուխ կենդանի ձեռք բերելու համար:

    Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների ծրագրի շրջանակում բարելավվել են լիզինգի աջակցության ծրագրի պայմանները՝ շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ ձեռք բերելու նպատակով, ԱԱՀ-ի 75%-ի չափով աջակցություն է ցուցաբերվել սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների աջակցության ծրագրի շրջանակում, ստացվել է 6 հայտ՝ 17.9 մլն դրամի չափով, մշակման փուլում է ծրագրի 2-րդ բաղադրիչը, որով նախատեսվում է անվճար սպանդանոցային մորթի ծառայություն մատուցելու դեպքում՝ փոխհատուցել ծառայության միջինացված արժեքի չափով։

    Զեկուցվել է, որ ներդրվել է կենդանիների համարակալման համակարգ, որի շրջանակում ներդրվել է «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որն ապահովում է կենդանու վերաբերյալ տեղեկատվություն, համակարգը խթանիչ գործիք է անասնաբուծական արտադրանքի համար:

    Անդրադարձ է կատարվել նաև իրականացված հակահամաճարակային միջոցառումներին, սննդամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

    Ըստ զեկույցի, գինեգործության արդյունքային ցուցանիշները 2021-2024թթ. հետևյալն են՝ խաղողի գինու արտադրության ծավալն աճել է շուրջ 15%-ով, ակտիվ գործող գինեգործական ընկերությունների թիվն աճել է 1,5 անգամ՝ հասնելով 170-ի, խաղողի գինու արտահանման ծավալն աճել է շուրջ 35%-ով, ընդլայնվել է նաև արտահանման աշխարհագրությունը՝ Բրազիլիա, Ավստրալիա, Հարավային Կորեա և այլ երկրներ: Հայկական գինիները ներկայացվել են 16 միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում (ProWein, London Wine Fair, VinExpo America և այլն), գինու զբոսաշրջիկների թիվն աճել է շուրջ 5 անգամ: Բեռլինում գործարկվել է հայկական գինիների լոգիստիկ պահեստ և www.winesofarmenia.store էլեկտրոնային առևտրի առցանց հարթակը, 2023-2024թթ ընթացքում հարթակի միջոցով ԵՄ-ում վաճառվել է շուրջ 10000 շիշ գինի, 2026թ-ին Հայաստանը կհյուրընկալի Concours Mondial de Bruxelles միջազգային հեղինակավոր մրցույթը:

    Ստեղծվել է նաև խաղողի արժեշղթայի միասնական էլեկտրոնային համակարգ, որի շրջանակում իրականացվել է խաղողի ամբողջ այգետարածքների գույքագրում, այգետարածքների շուրջ 80%-ի նույնականացում, տեխնիկական առաջադրանքի մշակում և երկփուլ մրցույթի հայտարարում, հաղթող ճանաչված ընկերության կողմից հարթակի ստեղծման աշխատանքներ։

    Զեկույցի շրջանակում մանրամասներ են ներկայացվել մասնագիտական կարողությունների զարգացման ուղղությամբ հաշվետու տարում իրականացված աշխատանքների, միջազգային համագործակցության, ինչպես նաև թվային գյուղատնտեսության ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ:

    Անդրադառնալով զեկույցին՝ վարչապետը նշել է, որ ընդհանուր առմամբ, տպավորությունը լավատեսական է: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, խոսել է ինտենսիվ գյուղատնտեսության կարևորության մասին և նշել. «Ինտենսիվ գյուղատնտեսությունը մեր լոկոմոտիվ թեման է, և կարծում եմ, որ ժամանակն է, որ մենք վերջնականորեն այս եզրակացությանը հանգենք: Ինչո՞ւ, որովհետև ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է արդյունավետ ոռոգում, ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է հողերի խոշորացում, ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է աշխատանքի արդյունավետություն, ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է մեծ հաշվով սպառման հետ կապված պրոբլեմների, ըստ էության, բացակայություն»: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ինտենսիվ գյուղատնտեսություն նշանակում է ընդհանուր տնտեսական տրամաբանության փոփոխություն, քանի որ գյուղատնտեսության այն մեթոդաբանությունները, որոնք լայնորեն մեզանում ընդունված են եղել, այդ մեթոդաբանություններն ընդհանրապես չունեն ապագա: «Այն լոկոմոտիվը, որը մեզ պետք է տանի առաջ առնվազն բուսաբուծության ոլորտում՝ ինտենսիվ գյուղատնտեսությունն է, և մենք պետք է փորձենք նաև գյուղատնտեսության մեզ համար ավանդական մեծ նշանակություն ունեցող ոլորտներին այս դիտանկյունից նայել»,- ընդգծել է վարչապետը և նշել, որ գյուղատնտեսության ոլորտում մեր խնդիրներն այն ուղղություններում գոյություն ունեն, որտեղ դժվարություն ունենք տրանսֆորմացիան ապահովելու, իսկ այն տեղերում, որտեղ ռազմավարական որոշումներ են ընդունվել, այդ որոշումներն արդեն իսկ ցույց են տալիս, որ արդարացված են: Բուսաբուծության ոլորտի հաջորդ խնդիրը, ըստ Նիկոլ Փաշինյանի, ապահովագրական գործիքների հիմնավոր և երկարաժամկետ ներդրումն է, և այդ ուղղությամբ ևս պետք է աշխատանք տարվի:

    Այգեգործության ոլորտի հետ կապված վարչապետն անդրադարձել է Իջևան խոշորացված համայնքի Խաշթառակ և Բերքաբեր բնակավայրերում մեկնարկած ծրագրին, որով տնամերձ նախկին անարդյունավետ այգիների փոխարեն պետության աջակցությամբ հիմնվում են ինտենսիվ նոր այգիներ: «Այս ծրագիրը համայնքների և երկրի համար ունի ռազմավարական նշանակություն, որովհետև երբ հողային հաշվեկշիռը հաշվարկում ենք, մենք հաշվում ենք գյուղատնտեսական նշանակության հողերը և առնվազն՝ մշակվող և չմշակվող հողերի մասին խոսելիս մենք հաշվի չենք առնում, որ հազարավոր հեկտարներով հողեր տնամերձ այգիների տրամաբանության տակ ուղղակի արդյունք չեն բերում»: Նիկոլ Փաշինյանի խոսքով, սա շատ կարևոր ծրագիր է, և կարևոր է, որ այն շարունակվի զսպանակաձև, դառնա կլաստեր, և հիմնված այգին ավելի ընդլայնվի հենց նույն տեղում:

    Ամփոփելով իր խոսքը՝ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման կարևորությունը, ինչպես նաև հավելել, որ անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը, որը միտված կլինի ինտենսիվ գյուղատնտեսության և տոհմային անասնաբուծության խթանմանը:

  • 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդերի գողը հայտնաբերվել է

    12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդերի գողը հայտնաբերվել է

    Հունվարի 13-ին Գավառ քաղաքի բնակիչ 77-ամյա տղամարդը զանգահարել է Համայնքային ոստիկանության Գավառի բաժին և հայտնել, որ նույն օրը ոսկյա զարդերի իր խանութից մոտ կես ժամով բացակայել է, սրահի դուռը բաց թողնելով՝ մտել մոտակա մթերային խանութ, այդ ընթացքում էլ գողացել են 12 միլիոն դրամի ոսկյա և ադամանդե զարդեր։ Տղամարդը մի քանի ոսկյա զարդ գտել է խանութի մոտակայքում:


    Գեղարքունիքի մարզի քրեական և Գավառի համայնքային ոստիկանների համատեղ միջոցառումների արդյունքում գողություն կատարելու հիմնավոր կասկածով ձերբակալվել և Գեղարքունիքի մարզային վարչություն է տեղափոխվել Գավառի բնակիչ 58-ամյա մի տղամարդ։ Բաժնում նա հայտնել է, որ ոսկյա զարդերի խանութ-սրահից գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը թաքցրել է իր բնակարանում:


    Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Գավառի քննչական բաժին:

  • ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև համաձայնությունն արդեն մոտ է. Շոլց

    ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև համաձայնությունն արդեն մոտ է. Շոլց

    ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև ամիսներ տեւած բանակցություններից հետո համաձայնությունն արդեն մոտ է. ասվում է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ «X»-ում հրապարակման մեջ։

    «Պատանդների կյանքը փրկելն այժմ պետք է առաջնահերթություն լինի: Սա ասելու պատճառներից մեկն այն է, որ նրանցից շատերը Գերմանիայի քաղաքացիներ են»,- ասել է Շոլցը:

    Հետևեք եմզ նաև Տելեգրամում։

  • Մոսկվայի և Երևանի հարաբերություններն այս փուլում բարդ են. Լավրով

    Մոսկվայի և Երևանի հարաբերություններն այս փուլում բարդ են. Լավրով

    Մոսկվայի և Երևանի հարաբերություններն այս փուլում բարդ են. հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

    Լավրովը հիշեցրել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մեկնաբանությունը Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացի շուրջ քննարկումներ սկսելու վերաբերյալ։

    Նա նշել է, որ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, ինչին ձգտելու մասին հայտարարել է պաշտոնականմ Երևանը,  անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։

    «Քանի որ դրանք երկու տարբեր ազատ առևտրի գոտիներ են, մաքսատուրքերի և մաքսատուրքերի նվազեցման կամ չեղարկման երկու տարբեր համակարգեր, դրանք նույնը լինել չեն կարող»,- ասել է նա։

    Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել էր՝ Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկը նախատեսող օրինագծի քննարկումը կարելի է համարել որպես Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից  դուրս գալու սկիզբ։

    Մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը՝ Օվերչուկը նշել է, որ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն անհամատեղելի են նաև այն պատճառով, որ երկու կազմակերպությունները  ենթադրում են մաքսային սահմանների բացակայություն և ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ։

    Լավրովը հիշեցրել է նաև ՀԱՊԿ առաքելությունից Հայաստանի հրաժարվելու մասին՝ ասելով, որ պաշտոնական Երևանը հրավիրել է Եվրոպական միության առաքելությանը. «Մեր ունեցած տեղեկություններով՝ այս դիտորդներն իրենց շահերն են հետապնդում, ոչ թե Հայաստանի»։

  • ՆԱՏՕ-ն արմատապես կավելացնի իր ռազմական ներկայությունը Բալթյան երկրներում

    ՆԱՏՕ-ն արմատապես կավելացնի իր ռազմական ներկայությունը Բալթյան երկրներում

    ՆԱՏՕ-ն որոշել է արմատապես մեծացնել իր ռազմական ներկայությունը Բալթյան տարածաշրջանում, Բալթյան տարածաշրջանում Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը. հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

    «Ռուսական աճող ագրեսիան մեզ հուշում է որոշումներ կայացնել, որոնք ինչ-որ առումով աննախադեպ են, այս դեպքում մենք խոսում ենք Բալթիկ ծովում ՆԱՏՕ-ի արմատապես ուժեղացված ներկայության մասին», – ասել է  նա:

    Ինչպես հավելել է Տուսկը , խոսքը ստորջրյա և վերգետնյա ենթակառուցվածքների պաշտպանության մասին է։

    « Բալթիկ ծովում , ինչպես հատակում, այնպես էլ մակերևույթում, մենք ունենք լայնածավալ ենթակառուցվածք՝ սկսած մալուխներից և գազատարներից մինչև արտադրական հարթակներ և հողմակայաններ», – ասել է Լեհաստանի վարչապետը:

    Նրա խոսքով՝ իրենք դեռ չեն կողմնորոշվել, թե որ երկրները և ինչ ձևով կուժեղացնեն իրենց ներկայությունը Բալթյան երկրներում։

    « Լեհական նավատորմը , ինչպես գիտեք, սահմանափակ հնարավորություններ ունի», – բացատրել է Տուսկը:

    Բացի այդ, Լեհաստանի վարչապետն ասել է, որ ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են իրենց իրավունք տալ վերահսկել նավերը Բալթյան չեզոք ջրերում։

    Միաժամանակ նա պնդում է, որ հանդիպման բոլոր մասնակիցները համաձայն են այս դիրքորոշման հետ։

    Բալթիկ ծովում ենթակառուցվածքների վնասման դեպքեր են  տեղի  ունեցել 2024թ. նոյեմբերիբ, երբ  կտրվեց C-Lion1 հեռահաղորդակցության մալուխը Ֆինլանդիայի և Գերմանիայի միջև , ինչպես նաև Շվեդիայի և Լիտվայի միջև կապի մալուխը: Իշխանությունները միջադեպի մեջ կասկածել են չինական Yi Peng 3 բեռնանավը։

    Դեկտեմբերին վնասվել են Ֆինլանդիայի և Էստոնիայի միջև EstLink 2 հոսանքի մալուխը, ինչպես նաև Ֆինլանդիան Էստոնիայի և Գերմանիայի հետ կապող չորս կապի մալուխներ: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները կասկածում են, որ Կուկի կղզիների դրոշակակիր Eagle S լցանավը Ֆիննական ծոցում խարիսխով վնասել է մալուխները:

    SVT հեռարձակողը, վկայակոչելով Շվեդիայի քաղաքացիական պաշտպանության նախարար Կառլ-Օսկար Բոհլինին, երեքշաբթի հայտնել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև Բալթիկ ծովում գտնվող ևս մեկ սուզանավային մալուխը վնասվել է անհայտ պատճառներով:

    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ հետաքննությունը կավարտվի, և արևմտյան լրատվամիջոցների հիստերիան Բալթիկ ծովում մալուխների վնասման ենթադրյալ ռուսական և չինական հետքերի շուրջ կմարի։

  • Իրավապաշտպան հկ-ները Փաշինյանից պահանջում են չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից

    Իրավապաշտպան հկ-ները Փաշինյանից պահանջում են չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից

    Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից հրաժարվելու մասին  մտադրությունը որակելով խիստ մտահոգիչ, անընդունելի ու դատապարտելի։

    «2025թ. հունվարի 9-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը հրապարակում է կատարել, որում, ի թիվս այլ պնդումների, ներկայացրել է տարածաշրջանում երկարատև կայունություն և Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու շուրջ առաջարկներ։ ՀՀ վարչապետը, ի թիվս այլ առաջարկների շեշտել է՝ «հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։

    Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս ՀՀ վարչապետի նման առաջարկը համարում ենք խիստ մտահոգիչ, անընդունելի ու դատապարտելի։ Սույն հայտարարությամբ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից և վարչապետից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից։

    Ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս պնդում ենք, որ տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատել հնարավոր չէ, քանի դեռ ձևավորված և իրագործված չեն մարդու իրավունքների զանգվածային խախտումները կանխող, խախտված իրավունքների վերականգնումը երաշխավորող մեխանիզմներ։ Առանց նման մեխանիզմների հնարավոր չի լինի ոչ միայն կանխել ապագայում հնարավոր համանման խախտումները, այլև վերացնելու մարդու իրավունքների խախտումների համար անպատժելիությունը։ Առանց մարդու իրավունքները հիմքում ունեցող համապարփակ գործընթացի խաղաղությունն ինքնին զուրկ է իրական բովանդակությունից և չի կարող երաշխավորված լինել երկարաժամկետ կտրվածքով։ 

    Որևէ դեպքում մարդու իրավունքների պաշտպանությունը չի կարող դառնալ քաղաքական սակարկության առարկա։ Ադրբեջանը որևէ գործողություն չի կատարել և չի կատարում մարդու իրավունքների խախտումների փաստը ճանաչելու, դրանք քննելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, մարդու իրավունքների խախտումների համար փոխհատուցում տրամադրելու, հավաստելու և երաշխավորելու ապագայում նման խախտումներն ու հանցագործությունները բացառելու ուղղությամբ։

    Միջպետական գանգատներից հրաժարումը բերելու է Ադրբեջանի կողմից իրականացրած մարդու իրավունքների խախտումների և հանցագործությունների համար տոտալ անպատժելիության և նոր խախտումների և հանցագործությունների կատարման։

    Սույնով պնդում ենք, որ՝

    ● Հայաստանի Հանրապետության (ՀՀ) կողմից միջազգային դատական ատյաններին ներկայացված  հայցերով հայցվող իրավունքների պաշտպանությունը որևէ կերպ չի կարող ստորադասվել կամ փոխարինվել քաղաքական գործընթացներով և դրա արդյունքում ընդունվող միջպետական քաղաքական փաստաթղթերով, հատկապես եթե դրանց կատարումն ապահովող առնվազն համարժեք մեխանիզմ նախատեսված չէ։

    ● ՀՀ ստանձնել է հստակ պարտավորություն՝  իր քաղաքացիների և իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար ապահովելու այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով, այդ թվում՝ արդյունավետ պաշտպանության միջոցի իրավունքը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) միջպետական գանգատներից հրաժարվելը կհանդիսանա  Կոնվենցիայով ստանձնած այս պարտավորության խախտում։

    ● Ռասայական խտրականության արգելքը ճանաչված է որպես jus cogens, որը ստեղծում է erga omnes պարտավորություններ, որից որևէ վերապահում կամ շեղում չի թույլատրվում։ Հաշվի առնելով Ադրբեջանի իշխանությունների իրականացվող հետևողական և շարունակական լայնածավալ հայատյաց քաղաքականությունը, խտրականություն ու ատելություն պարունակող հրապարակային հայտարարությունները, որոնք շարունակում են հնչել անգամ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին զուգահեռ, Արդարադատության միջազգային դատարանում ռասայական խտրականության հիմքով միջպետական գանգատից հրաժարվելը հավասարազոր կլինի  ռասայական խտրականության քաղաքականությունը արտոնելուն և կհանդիսանա Կոնվենցիայով ստանձնած պարտավորության խախտում, այդ թվում՝ «անհապաղ, բոլոր հնարավոր եղանակներով վարել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման քաղաքականություն»։

    ● Դատական հայցերից հրաժարումը ձեռնտու է Ադրբեջանի Հանրապետությանը, քանի որ դա թույլ կտա նրան խուսափել պատասխանատվությունից մարդու իրավունքների կոպտագույն և զանգվածային խախտումների համար, ինչպես նաև միջազգային բարձրագույն դատական ատյանի կողմից հաստատված հայատյացության պետական քաղաքականություն վարելու և ռասիստական պետություն ճանաչվելուց։

    ՀՀ կողմից Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերը ինչպես Արդարադատության միջազգային դատարանում, այնպես էլ ՄԻԵԴում վերաբերում են հարյուր հազարավոր անձանց մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների, որոնց բոլորի մեջ կարմիր թելով անցնում է էթնիկ ատելության շարժառիթը՝ որպես Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող քաղաքականություն։ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է, և հայերի դեմ հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումները քաջալերվում են պետության ամենաբարձր մակարդակով՝ երաշխավորելով հանցագործների անպատժելիությունը։

    Ներկայացված դատական հայցերը, ի թիվս այլնի, վերաբերում են Արցախի բնակչության բռնի տեղահանման, ռազմագերիների և քաղաքացիական անձանց դիտավորյալ սպանությունների և բռնի անհետացման, խոշտանգումների և այլ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի ենթարկելու, ազատության իրավունքի, արդար դատաքննության իրավունքի կոպտագույն խախտումների, սեփականության իրավունքի, անձնական և ընտանեկան կյանքը հարգելու  և այլ հիմնարար իրավունքների խախտումների։

    ՄԻԵԴ ներկայացված գանգատներից մեկը վերաբերում է հայազգի ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների խախտումներին։ ՀՀ վարչապետն իր առաջարկում ներկայացրել է  «ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը», այս պայմաններում միջազգային իրավական գործընթացները միակ արդյունավետ միջոցն են ապահովելու Արդբեջանում պահվող հայազգի անձանց իրավունքները։ Ավելին, ՀՀ կառավարությունը պարտավոր է գործադրել բոլոր ջանքերը անհապաղ և առանց որևէ նախապայմանների բոլոր պահվող անձանց ազատ արձակելու ու հայրենադարձելու ուղղությամբ։

    Այս հարցն առավել կարևոր է դառնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քննարկվող խաղաղության պայմանագրի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության և կոպտագույն խախտումներ կատարած անձանց պատժի ենթարկելու հարցեր չեն քննարկվում։ Մինչդեռ, միջազգային պրակտիկայում առկա չէ կոնֆլիկտից հետո երկարատև խաղաղություն ապահովելու  որևէ փորձ, որը չի ներառում արդարադատության ապահովման միջազգային մեխանիզմներ։

    Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը նահանջ չի արձանագրել։ Այդ քաղաքականության արտացոլումն է, ի թիվս այլնի, Արցախի բռնի հայաթափումը, հայկական մշակութային ժառանգության շարունակվող այլասերումն ու ոչնչացումը, հայկական գերեզմանների և սեփականության ոչնչացումը՝ Ադրբեջանում հայկական հետքի վերացմանն ուղղված նպատակային քաղաքականությունը։ Ավելին, ադրբեջանական հայատյաց քաղաքականության արտացոլումն է հայերին և հայկական պետությունը որպես ֆաշիստական որակումը և ուղղակի սպառնալիքները ՀՀ գոյությանը։ Այս քաղաքականությունը լրացվել է նաև «Արևմտյան Ադրբեջանի» հորինված խոսույթի հիման վրա քաղաքականության զարգացմամբ և առաջմղմամբ, ինչն ուղիղ և անթաքույց սպառնալիք է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության և սեփական պետությունում ապրելու իրավունքի  դեմ։ 

    Հայաստանի իշխանությունները առաջնային պարտավորություն ունեն պաշտպանելու ՀՀ քաղաքացիների և իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի իրավունքները զանգվածային և համակարգային խախտումներից, ինչպես նաև կանխելու խախտումներին հանգեցնող սպառնալիքները։ Միջազգային դատական ատյաններ ներկայացված բոլոր գանգատները միտված են ՀՀ այս պարտավորության կատարմանը, և դրանցից հրաժարումը իրավունքների պաշտպանության առումով, նշանակում է հրաժարում ստանձնած հանձնառություններից և պարտավորություններից։ Ավելին, մենք վստահ ենք, որ ՀՀ կառավարության նման որոշումը կհանգեցնի պատերազմական հանցագործությունների համար անպատժելիության, ինչը երկրի  միջազգային, այդ թվում՝ ՀՀ կողմից վավերացրած Ժնևի կոնվենցիաներով և Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ ստանձնած պարտավորությունների ուղղակի խախտում է։

    Ավելին, մարդու իրավունքների պաշտպանության առնչությամբ ներկայացված միջպետական գանգատներից հրաժարվելու փոխարեն Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է դիմել Միջազգային քրեական դատարան՝ Ադրբեջանի քաղաքական և ռազմական ղեկավարության կողմից իրականացրած մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների համար նրանց պատասխանատվության ենթարկելու պահանջով։

    Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման առաջարկին, այն անընդունելի է հետևյալ հիմնավորումներով՝
    – ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատով օժտված միակ մարմինն է։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծված համարվել՝ օրինականացնելով ուժի կիրառմամբ վեճի լուծումը՝ Ադրբեջանի  ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և դրա բնակիչների իրավունքների զանգվածային և կոպիտ խախտումները և էթնիկ զտումը։
    – ԵԱԿՀ Մինսկի խմբի լուծարմամբ ՀՀ իշխանությունների կողմից կնշանակի ընդունել ռազմական ճանապարհով հակամարտությունները լուծելու օրինականությունը, ինչը ոչ միայն հենց Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների կոպիտ խախտում կհանդիսանա, այլև ուղղակի սպառնալիք կլինի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության համար։

    Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս պահանջում ենք․

    ● ՀՀ կառավարությունից և վարչապետից որևէ պայմաններում և հանգամանքներում չհրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված միջպետական դատական գանգատներից և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, և՛ ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում,

    ● շարունակել անհրաժեշտ ռեսուրսներ ներդնել և պատշաճ ջանասիրություն գործադրել դատական գանգատների արդյունավետ ներկայացման և պաշտպանության ուղղությամբ,

    ● հրաժարվել  ԵԱԿՀ Մինսկի խմբի լուծարման մտադրությունից»,-ասված է հայտարարության մեջ, որի ներքո ստորագրել են.

    Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

    Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

    Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

    Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

    Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

    Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

    «Փոփոխություն» ՀԿ

    Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

    Փինք իրավապաշտպան ՀԿ

    Էկոլուր տեղեկատվական ՀԿ

    Գորիսի մամուլի ակումբ

    Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

    Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

    Մարդու իրավունքների եզդիական կենտրոն իրավապաշտպան ՀԿ

    Հանրային լրագրության ակումբ

    Մարդու իրավունքների եզդիական կենտրոն

    Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամ

    Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ

    Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն (Արցախ միություն) ՀԿ

    Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն ՀԿ

    «Արբանե» հիմնադրամ

  • Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ԱՄՆ բանկին կոչ է անում կասեցնել Ադրբեջանին տրամադրվելիք Boeing-ի ֆինանսավորումը

    Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ԱՄՆ բանկին կոչ է անում կասեցնել Ադրբեջանին տրամադրվելիք Boeing-ի ֆինանսավորումը

    Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն սկսել է համագաղութային արշավ՝ կոչ անելով ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկին (EXIM) մերժել 100 միլիոն դոլարի ֆինանսական երաշխիքը ադրբեջանական Silk Way Airlines-ին՝ Boeing բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար։

    Ըստ հանձնախմբի՝ այս ֆինանսավորումը հնարավորություն կտա Ալիևի ռեժիմին ձեռք բերել երկակի նշանակության ինքնաթիռներ՝ հեշտացնելով զենքի անօրինական մատակարարումը դեպի Ադրբեջան․ մի երկիր, որը լայնորեն դատապարտված է Արցախի հայ բնակչության դեմ իր ցեղասպան քաղաքականության և Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվող ագրեսիայի համար. հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

    2025թ․ հունվարի 10-ին EXIM բանկը հայտարարել է, որ ստացել է Boeing-ի հայտը 100 միլիոն դոլարը գերազանցող վարկի վերջնական պարտավորության համար: Այս առաջարկի վերաբերյալ հանրային մեկնաբանությունները կարող են ներկայացվել մինչև 2025թ․ փետրվարի 7-ը, ինչից հետո EXIM-ի տնօրենների խորհուրդը կքննարկի հայտը բավարարելու դիմումը:

    Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի էլեկտրոնային հարթակը՝ www.anca.org/exim, հնարավորություն է՝ հանդես գալու այս գործարքի դեմ։

    Ըստ Հայ դատի հանձնախմբի՝ նմանատիպ ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը, այդ թվում երկակի նշանակության արտադրանքների արտահանման մասով, խաթարում է տարածաշրջանային խաղաղության ջանքերին և Ադրբեջանին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս։

    Silk Way Airlines-ը, որը սերտորեն կապված է Ալիևի վարչակարգի հետ, ներգրավված է եղել բազմաթիվ միջազգային հետաքննություններում, այդ թվում՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաղորդման նախագծի (OCCRP) կողմից՝ ապօրինի զենքեր տեղափոխելու համար, որոնք օգտագործվել են Արցախի վրա Ադրբեջանի հարձակումներում: Freedom House-ի և այլ վերահսկող կազմակերպությունների կողմից վավերագրված այս գործողությունները ցույց են տալիս Ադրբեջանի մտադրությունը՝ համակարգված կերպով ջնջել հայկական ժառանգությունն ու ներկայությունը տարածաշրջանում:

  • Ադրբեջանի, Հայաստանի ինքնիշխան որոշումն է, թե որտեղ ստորագրեն փաստաթուղթը, երբ այն համաձայնեցվի

    Ադրբեջանի, Հայաստանի ինքնիշխան որոշումն է, թե որտեղ ստորագրեն փաստաթուղթը, երբ այն համաձայնեցվի

    Ժամանակի ընթացքում Հարավային Կովկասի երկրներն ինքնուրույն կլուծեն տարածաշրջանային խնդիրները. մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով «3+3» ձեւաչափի արդիականությունը, որում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը, որը չի մասնակցում հանդիպումներին։

    Նրա խոսքով՝ այդ ձեւաչափը առավել արդյունավետն է տարածաշրջանում հարցերի լուծման համար։ Լավրովը ընդգծել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցային գործընթացին ԱՄՆ եւ ԵՄ միջամտելու փորձերը միայն բարդացնում են այն։

    «Երբ երկրները, որոնք հեռու են մեր տարածքներից, ավանդույթներից եւ պատմությունից, հայտնում են, որ կապահովեն անվտանգությունը Սյունիքի մարզում, դա հարցեր է առաջացնում։ Օրինակ՝ ես այնքան էլ չեմ հասկանում, թե ինչպես կարող է Եվրամիության առաքելությունը նման խնդիր կատարել»,- նշել է նախարարը։

    Նա նաեւ ուշադրություն է հատկացրել Բրյուսելի եւ Վաշինգտոնի՝ իրենց մասնակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին ցուցադրելու ձգտմանը։

    «Հիմա էլ ես լսել եմ, թե իբր Ադրբեջանը եւ Հայաստանն արդեն գրեթե պայմանավորվել են խաղաղության պայմանագրի շուրջ։ Եվ հասկանալի է, որ երկու մնացող հարցեր կան, այնտեղ դժվար է դրանք շրջանցել։ Եվ հենց այստեղ էլ Եվրահանձնաժողովը, Եվրամիությունը սկսում են խոսել, թե մենք հիմա կգանք, ձեզ կօգնենք։ Դա Ադրբեջանի, Հայաստանի ինքնիշխան որոշումն է, թե որտեղ ստորագրեն փաստաթուղթը, երբ այն համաձայնեցվի։ Բայց Բրյուսելի եւ Վաշինգտոնի ձգտումը նույնպես՝ ինչ-որ կերպ ցույց տալ, որ այդ իրենք են ամեն բան արել… Այսպիսի ասացվածքներ կան, դրանք այնքան էլ պարկեշտ չեն, բայց ահա ամեն տեղ ուզում ես ցույց տալ, որ տերը դու ես»,- ասել է նա։