Day:Հունվարի 7, 2025

  • Ծափ տվեք, արա…

    Ծափ տվեք, արա…

    ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.

    Մի քանի րոպե առաջ Նիկոլի կիրթ եւ կառուցողական գործընկեր Իլհամը հայտարարեց, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է և, որ իրենք կկործանեն ֆաշիզմը, եթե Հայաստանի իշխանություններն իրենք դա չանեն: Ավելի պարզ՝ ադրբեջանցիք Հայաստանին սպառնում են պատերազմով, եթե Հայաստանը չկատարի Ադրբեջանի վերջնագիր-պահանջները: Ալիևը պահանջում է «Զանգեզուրի միջանցք» և Հայաստանի ապառազմականացում: Նիկոլը կռճոններից ձվածեղ է եփում ու հեծանիվ քշում: Ծափ տվեք, արա…

    Հ.Գ.

    Իհարկե, նիկոլենք կմեղադրեն, թե Ալիևի դուրս տվածին եք անդրադառնում, փոխարեն պերֆեկտթիվիական հեքիաթները տարածեք: Իհարկե իրենք կուզեն, որ մարդիկ խաղաղության քաղցր ստի մեջ ապրեն, բայց դրանից երկրի անվտանգային մարտահրավերները չեն չեզոքացվի: Իսկ նիկոլենք ուզու՞մ են, որ դրանք չեզոքացվեն…

  • Հրաժեշտ Վալերի Ղազարյանին

    Հրաժեշտ Վալերի Ղազարյանին

    2024 թվականի տարեվերջի տխուր ակորդներից էր երաժիշտ Վալերի Ղազարյանի մեր աշխարհից հեռանալը: Հունվարի 4-ին Գերմանիայում նրա հրաժեշտի արարողությունն էր:

    Ծնվել է 1947-ի մարտի 24-ին: Շնորհալի ջութակահարի հաջողությունները նկատելի դարձան Երեւանի Կոմիտաս կոնսերվատորիայում ուսանելու տարիներին, դրա վկայությունն էր նաեւ այն հանգամանքը, որ ավարտելուց հետո ջութակահարը մաս կազմեց Հայաստանի պետական կամերային նվագախմբին (ՀՊԿՆ)՝ վերջինիս հիմնադիր ղեկավար Զարեհ Սահակյանցի հրավերով: Ավելի ուշ դիրիժոր Զավեն Վարդանյանի հետ հիմնեցին Երեւանի կամերային նվագախումբը, որ ԽՍՀՄ մշակութային կյանքում նշանակալի տեղ հաստատեց: Վալերի Ղազարյանի համար երաժշտական այս հաստատությունն առանձնահատուկ թանկագին էր՝ զավակի նման, իսկ միջազգային համբավ ունեցող մենակատարների ելույթը նվագախմբի հետ փաստում էր կատարողական բարձր որակը: Ավելի ուշ, երբ Հայաստանի կամերային նվագախմբի ղեկավարումը ստանձնեց Վալերիի համախոհ ու մտերիմ ընկեր, ճանաչված ջութակահար Ռուբեն Ահարոնյանը, Ղազարյանը վերադարձավ ՀՊԿՆ,  կոնցերտմայստերի պատասխանատվությանը հավելվեց նաեւ նվագախմբի վարչական տնօրենի պաշտոնը, որ պատվով կատարեց՝ ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո, չափազանց դժվար ժամանակաշրջանում: Հիշյալ երկու կամերային նվագախմբերի հետ նա համերգային շրջագայությունների է մեկնել «Երկաթե վարագույրի» երկու կողմերում գտնվող բազմաթիվ երկրներում:

    Հաճախ, որպես հրավիրյալ ջութակահար, նվագել է նաեւ Սպենդիարյան օպերային թատրոնի նվագախմբում:

    Վալերի Ղազարյանը տաղանդավոր մանկավարժ էր: Նրա սաները՝ աշխարհում հաջողությունների հասած ջութակահարներ են՝ մենակատարներ, նվագախմբերում հայտնի կատարողներ:

    1981-1984-ին Կուբայում աշխատած Ղազարյան ամուսիններն արդեն վկայել էին իրենց մանկավարժական հմուտ ունակությունների մասին: Այսօր էլ Վալերի Ղազարյանի Կուբայի սաները նվագում են հյուսիսային, լատինական Ամերիկայի, Իսպանիայի առաջնակարգ նվագախմբերում: 1994-ից տիկնոջ՝ դաշնակահարուհի Գայանեի հետ Իսպանիայում հաստատված Ղազարյան ամուսինները մոտ երեսուն տարի կրթեցին, իրենց վարպետությունը փոխանցեցին տեղի (նաեւ արտերկրի) պատանի, երիտասարդ երաժիշտներին: Վալերի Ղազարյանի մանկավարժական տաղանդը երեւակվում էր հատկապես այն ժամանակ, երբ այլ պրոֆեսորներ մերժում էին որոշ աշակերտների, եւ վերջիններս դիմում էին Վալերի Ղազարյանին: Կարճ ժամանակ անց արդյունքը տպավորում, զարմացնում էր ոչ միայն աշակերտների ծնողներին, այլեւ՝ պրոֆեսորներին:

    Վալերի Ղազարյանը հրաշալի ընտանիք էր ստեղծել: Դեռ Երեւանից ծանոթ էի այս ազնվական մարդուն, նրա ընտանիքին, դստերը՝ դաշնակահարուհի Քնարա Ղազարյանին, որդուն՝ դիրիժոր Ռուբեն Ղազարյանին, որ Գերմանիայում Ալթենբուրգի թատրոնի երաժշտական ղեկավարի, Իսրայելի կամերային նվագախմբի (գլխավոր)դիրիժորի ժամանակատար պատասխանատվության մեջ չի մոռանում Հայաստանը՝ «հայրական տունը»՝ Հայաստանի կամերային նվագախումբը, որի հրավիրյալ դիրիժորն է:

    Սեպտեմբերի վերջին, երբ տեսակապով երկար զրուցեցինք, հիվանդանոցից տուն եկած Վալերի Ղազարյանի չփարատվող տխրությունը հայազուրկ Արցախն էր, իր նախնյաց Շուշին, միակ մտահոգությունը մեր հայրենիքի՝ Հայաստանի անվտանգությունը:

    Մեր խորազգաց ցավակցությունները տիկին Գայանեին, Քնարային, Ռուբենին, թոռնիկներին:

    ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԳԵՐՄԱՆԻԱ

  • Հայաստանում ֆաշիզմը պետք է ոչնչացվի. այն կկործանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք. Ալիև

    Հայաստանում ֆաշիզմը պետք է ոչնչացվի. այն կկործանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք. Ալիև

    Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կբերի: Մենք դա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում։

    Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, այդ մասին հունվարի 7-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ  Ալիեւը։

    Նա հայտարարել , թե Հայաստանն իրականում սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար, որ «անկախ հայկական պետությունն ըստ էության ֆաշիստական ​​պետություն է»։

    «Այդ երկիրը մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական ​​գաղափարախոսության կրողները, նրանք այդ երկիրը կերտել են իրենց կերպարով»,- Հայաստանի նախկին ղեկավարներին զրպարտել է Բաքվի բռնապետը։

    Նրա հետագա հայտարարությունն բառացի սպառնալիք է Հայաստանին ուղղված. «Ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Մենք այլ ելք չունենք»:

  • Զանգեզուրի միջանցքը պետք է և բաց կլինի. Ալիև

    Զանգեզուրի միջանցքը պետք է և բաց կլինի. Ալիև

    Ամերիկայում ավարտվել է նաև Սորոսի դարաշրջանը. Բայդենի վարչակազմը, ըստ էության, ղեկավարվել է Սորոսի ոճով:

    Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ-ն, այդ մասին հունվարի 7-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է Ալիեւը։

    Ընդգծելով, որ սորոսականները փաստացի կորցնում են իրենց դիրքերը, պետության ղեկավարն ասել է, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է հաշվի առնի դա։

    «Մենք պետք է հաշվի առնենք, որ Մերձավոր Արևելքում Հայաստանի մերձավոր դաշնակցի՝ Ասադի դիկտատուրան արդեն նետվել է պատմության աղբանոցը, և դա շարունակվելու է, ուստի թող նա ճիշտ քայլ անի։ Մենք՝ Ադրբեջանը, նրանց համար վտանգի աղբյուր չենք։ Մենք խաղաղություն և համագործակցություն ենք ուզում Հարավային Կովկասում, և թող մեզ չխանգարեն։ Հայաստանը չպետք է աշխարհագրական պատնեշ դառնա Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Զանգեզուրի միջանցքը պետք է և բաց կլինի. Ինչքան շուտ հասկանան սա, այնքան լավ»,- հավելել է նա։

  • Տարոն Գևորգյանը ազատման դիմում է գրել

    Տարոն Գևորգյանը ազատման դիմում է գրել

    Հարգելի՛ գործընկերներ,
    ընկերներ ու հարազատներ,

    անցյալ տարի այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար։ Հիմա էլ տեղեկացնում եմ, որ քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել։ Նույն այս նկարն եմ տեղադրում, քանի որ գլուխս բարձր եմ հեռանում։ Փորձել եմ լինել մաքսիմալ ազնիվ, բարեխիղճ ու նվիրված իմ աշխատանքին, թե ինչքանով է հաջողվել’ երևի դուք կասեք։

    Ներողություն, եթե ոչ միշտ է ստացվել ավելի արագ արձագանքել, քանի որ ձեր ու քաղաքապետարանի միջև կապող օղակ եմ հանդիսացել, այսինքն’ առանձին դեպքերում ավելի արագ արձագանքելը օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի եղել։ Այս հրապարակմանս նպատակը առավելապես տեղեկացնելն է , որ դեռ հանդիպելու ենք, գուցե’ ձեզանից ոմանց հետ’ նույն հարկի տակ։

    Այս պահին դեռ չկա կոնկրետ դիրքորոշում իմ հետագա աշխատանքի հետ կապված։ Կան տարբերակներ, բայց դեռ որոշում չեմ կայացրել։ Կդիտարկեմ հնարավոր առաջարկներ, հասկանալու, թե որն է ինձ ամենաընդունելին։
    Շնորհակալ եմ բոլորին, ու առաջնահերթ’ լրատվության վարչության իմ ընկերներին։

    Հարգանքով` Տ.Գևորգյան։

  • Պատրաստվում ենք ազատվել փաստերի ստուգման ծրագրերից և դրանք փոխարինել Community Notes-ով. Meta-ի գործադիր տնօրեն

    Պատրաստվում ենք ազատվել փաստերի ստուգման ծրագրերից և դրանք փոխարինել Community Notes-ով. Meta-ի գործադիր տնօրեն

    Ամերիկյան Meta ընկերությունը կդադարեցնի փաստերի ստուգման ծրագիրը և կվերացնի խոսքի սահմանափակումները՝ Facebook-ում, Instagram-ում և Meta-ի այլ հարթակներում ազատ արտահայտվելու հնարավորությունը վերականգնելու համար, գրում է Fox News-ը` վկայակոչելով Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգին:

    «Մենք պատրաստվում ենք վերադառնալ մեր արմատներին և կենտրոնանալ սխալների նվազեցման, մեր քաղաքականության պարզեցման և մեր հարթակներում ազատ արտահայտման հնարավորության վերականգնման վրա: Ավելի կոնկրետ՝  պատրաստվում ենք ազատվել փաստերի ստուգման ծրագրերից և դրանք փոխարինել Community Notes-ով, ինչպես որ X-ում է», – ասել է Ցուկերբերգը:

    Meta-ի գլոբալ հարցերով գլխավոր տնօրեն Ջոել Կապլանը Fox News-ին ասել է, որ «սա հիանալի հնարավորություն է վերականգնելու հավասարակշռությունը հօգուտ ազատ արտահայտման»:

    «Ինչպես Մարկն ասում է ուղերձում, մենք վերադառնում ենք մեր արմատներին և ազատ արտահայտմանը», – ասել է Կապլանը: 

    Meta-ի երրորդ կողմի հետ փաստերի ստուգման ծրագիրը գործարկվել է 2016 թվականի ԱՄՆ ընտրություններից հետո և օգտագործվել է ընկերության հարթակներում՝ բովանդակությունը և ապատեղեկատվությունը կառավարելու համար։

  • Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»

    Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է «գույքագրել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը»

    Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքագրել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը Հայաստանի պետական անվտանգության շահերի դիտանկյունից քննարկելուց և գնահատելուց հետո որոշում կկայացվի այն հրապարակել/չհրապարակելու մասին», – «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են կառավարության աշխատակազմից։

    Նախորդ տարեվերջին Նիկոլ Փաշինյանին կոչով դիմել էր նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ բանավիճելու փոխարեն նրան առաջարկելով հրապարակել ղարաբաղյան բանակցություններին վերաբերող բոլոր փաստաթղթերը։

    «Ազատության» հարցման պատասխանում Փաշինյանը միաժամանակ հորդորում է հենց նախկին նախագահներին հրապարակել այդ փաստաթղթերը. «Ակնհայտ է, որ երեք նախագահները իրենց ձեռքի տակ ունեն բանակցային բոլոր փաստաթղթերը, և եթե դրանցում կա իրենց ընթացիկ պնդումները հիմնավորող որևէ փաստ, անհասկանալի է, թե ինչու չեն հրապարակում։ Նիկոլ Փաշինյանը տարբեր ժամանակներում ունեցած իր հրապարակային ելույթներում բանավոր կերպով հրապարակել է բանակցային գործընթացի առանցքային դրվագները»։

  • «Ազգ» շաբաթաթերթի ընթերցողներին եւ աշխատակիցներին

    «Ազգ» շաբաթաթերթի ընթերցողներին եւ աշխատակիցներին

    Տարեփակի մեր համարում խոստացել էինք 2025 թ.ի առաջին համարը լույսին տալ հունվարի 10-ին։ Ստիպված ենք ներողություն խնդրել խոստումը չհարգելու համար։ Խնդիրն այն է, որ տպարանը, որտեղ տպվում են գրեթե բոլոր թերթերը, որոնց շարքում՝ նաեւ «Ազգ»-ը, ամանորյա արձակուրդից հետո աշխատում է հունվարի 13-ից սկսյալ, որի պատճառով մեր թերթը լույս կտեսնի հունվարի 17-ի առավոտյան։

    Հիշեցնենք մեր աշխատակիցներին ու հեղինակներին, որ իրենց հրատապ եւ ժամանցման ենթակա նյութերը կարող են հղել մեր azg.am կայքէջին, որն աշխատում է անխափան։

    «ԱԶԳ»

  • Կիևը հուսահատությունից կհամաձայնի մինչև Սուրբ Հարության տոնը Մոսկվայի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել

    Կիևը հուսահատությունից կհամաձայնի մինչև Սուրբ Հարության տոնը Մոսկվայի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել

    Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության պայմանագիրը, որը խիստ պայմաններ կպարունակի պաշտոնական Կիևի համար, կարող է ստորագրվել մինչև Սուրբ Զատիկ. հայտարարել է Յորքթաունի ինստիտուտի (ԱՄՆ) փորձագետ Ռոբերտ Քլարկը։

    Նա հավելել է,  որ այս փաստաթուղթը չի նշանակի ռուսական բանակի դուրսբերում իր վերահսկողության տակ գտնվող տարածքների։.

    «Միացյալ Նահանգները ցանկանում է լուծել այս հարցը Սուրբ Հարության տոնից առաջ։ Ուստի հուսահատությունից ուկրաինական կողմը կհամաձայնի ստորագրել այդ փաստաթուղթը։ Ամեն ինչ կախված է նրանից, թե Պուտինն ու Զելենսկին ինչպես են ընկալում տարածքային կորուստները։ Բոլոր գործընթացները հիմնված են այս հարցի վրա,- ասել է փորձագետը։

  • ՊՆ-ն հորդորը՝  զորակոչիկների հարազատներին

    ՊՆ-ն հորդորը՝ զորակոչիկների հարազատներին

    2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին, հարազատներին և ընկերներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից, խուսափել ՊՆ հանրապետական հավաքակայանում անհարկի կուտակումներ ստեղծելուց, չթույլատրվող իրեր, այդ թվում՝ սմարթֆոն տիպի բջջային հեռախոսներ զորակոչիկներին փոխանցելուց, ինչպես նաև զորակոչիկներին տեղափոխող շարասյուներն ուղեկցող իրավապահների աշխատանքը խոչընդոտելուց։