Day:Սեպտեմբերի 10, 2021

  • Ո՞Վ Է ԼԵՈՆԻԴ ՍԼՈՒՑԿԻՆ

    Ո՞Վ Է ԼԵՈՆԻԴ ՍԼՈՒՑԿԻՆ

    Լ. Սլուցկին, ծնված 1968թ. հունվարի 4-ին Մոսկվայում, բարձրագույն կրթությամբ, ավարտել է Մոսկվայի Տնտեսական-վիճակագրային ինստիտուտը, տնտեսական գիտությունների դոկտորի կոչում ունի:

    Ռուսաստանի Դաշնության Պետդումայի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ գումարման պատգամավոր, Միջազգային հարցերով Կոմիտեի նախագահ, «Ռուսաստանի խաղաղության հիմնդրամ» հասարակական ֆոնդի վարչության նախագահ: 2000-ական թվերից զբաղեցրել է Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակության ղեկավարի տեղակալի պաշտոնը Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական ասամբլեայում (PACE):

    2016թ-ի հոկտեմբերի 5-ից զբաղեցնում է Պետդումայի Միջազգային հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնը: Ունի մի շարք պետական պարգեւատրումներ, այդ թվումՙ Ռամզան Կադիրովից, Ֆրանսիայից եւ այլն, եւ այլն:

    2014թ-ից Սլուցկին հայտնվեց ԱՄՆ-ի եւ Եվրոխորհրդի պատժացուցակներում: 2018թ.ին Սլուցկին անսպասելիորեն վերածվում է սեքսուալ սկանդալի «դիմանկարի», առաջին անգամ ռուսական Պետդումայի պատմության ընթացքում սեքսուալ սկանդալ, որը լայնորեն լուսաբանվեց ե՛ւ ռուսական, ե՛ւ արտասահմանյան մամուլում: Մի շարք ԶԼՄ-ներ համերաշխ բոյկոտ հայտարարեցին պատգամավորի դեմ:

    2018թ. ապրիլի 6-ին Սլուցկին նորից հայտնվեց Արեւմուտքի պատժացուցակներում, այս անգամ 23 այլ ռուսաստանցի գործարարների եւ չինովնիկների հետ միասին:

    Չմոռանանք նշել, որ 2016թ. Լեոնիդ Սլուցկին Պետդումայի պատգամավոր էր ընտրվում Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական կուսակցությունից (ղեկավարըՙ Ժիրինովսկին) արդեն 5-րդ անգամ անընդմեջ:

    Երբ Սլուցկին մեղադրվեց սեռական ոտնձգությունների մեջ, իսկ մեղադրեցին նրան Բի-Բի-Սի ռուսական ծառայությունից Ֆարիդա Ռուստամովան , «Անձրեւ» հեռուստաալիքի պրոդյուսեր Դարիա Ժուկը եւ RTV հեռուսատաալիքի լրագրողուհի Եկատերինա Կոտրիկաձեն , Սլուցկու շուրջը հայտնվեցին մեծ թվով պաշտպաններ, որոնք անվանեցին այդ սկանդալը ցածրորակ սադրանք հարգարժան մարդու նկատմամբ: Ի զարմանս շատերի, Սլուցկուն պաշտպանում էին ոչ միայն քաղաքական լիդերները, այլեւՙ Պետդումայի «Կանացի ակումբը», պաշտպանեց նրան նույնիսկ Ֆրանսիայի հանրահայտ երգչուհի Միրեյ Մաթյեն:

    2019թ. վերջին սեքսուալ ոտնձգությունների պատճառով Սլուցկին պարտություն կրեց ՊԱՍԵ-ի փոխնախագահի ընտրությունների ժամանակ (154 դեմ, 105 կողմ հարաբերակցությամբ):

    Սլուցկին բավական հարուստ էՙ նրա «BENTLEY» մակնիշի 2 ավտոմեքենաները արժեն արդեն 30 մլն. ռուբլի, ունի վարձակալած տարածքներ, որոնք երբեք չի հայտարարագրում: Շրջանառվում են լուրեր Սլուցկու կաշառակերության մասին, նրա կնոջ փենթհաուսների մասին (թանկարժեք բնակարաններ բարձրահարկերի վերնամասում): Իսկ հիմա գրողի ծոցը ուղարկենք «Բենթլիները», վարձակալած տարածքները, փենթհաուսները, շքեղ վիլլաները, որ վարձակալում է Սլուցկու ընտանիքը Թուրքիայի Բոդրում քաղաքի առողջարաններում, հատկապեսՙ «Six Senses Kaplankaya» թանկարժեք հյուրանոցում, 1101 վիլլայում: Այդ վիլլան ունի միայն 7 ննջասենյակ: Մեկ գիշերն այնտեղ արժե մոտ 3000 դոլար: Չհիշատակենք նաեւ Շվեյցարական դպրոցը, որտեղ տասնյակ հազարավոր դոլարներ վճարելով սովորում է Լիդիա Սլուցկինՙ պատգամավորի աղջիկը:

    Այս բոլորը մեզ քիչ է հետաքրքրում: Հայաստանն ու հայ ժողովուրդը այնքան ծանր վիճակում են, վաղվա օրը այնքան անորոշ է, ինչպես պետք է պատրաստվենք նոր պատերազմի, այս անգամ ովքե՞ր են կռվելու մեր դեմ, ինչպե՞ս ենք դուրս գալու այս ներքաղաքական եւ արտաքին քաղաքական ճգնաժամից, ինչպե՞ս պետք է նոր ռազմաքաղաքական վստահելի գործընկերներ ձեռք բերեք: Հետեւաբար Սլուցկիների մասին խոսելը, նույնիսկ մտածելը ավելորդ շքեղություն է: Նրա մասին թող մտածեն ռուս հասարակության ներկայացուցիչները, որոնց շրջանում նույնպես պրոբլեմները շատ-շատ են: Մեզ, իսկ ավելի կոնկրետՙ Հայաստանի հատուկ ծառայություններին պետք է հետաքրքրեն Լեոնիդ Սլուցկու եւ նրա ընտանիքի անդամներիՙ Ռուսաստանում եւ Ադրբեջանում գործող (Կարմիր Սլոբոդա բնակավայրում) լեռնային հրեա-ադրբեջանցիների հետ կապերը:

    Խոսքը վերաբերում է ազեր գործարար Մերդուհայ Յուշվաեւին , որը անտոկոս վարկեր է տրամադրում Լ. Սլուցկու կնոջը: Յուշվաեւը Մոսկվայում հայտնի դեմք է: Նա աշխատում էր որպես գլխավոր տնօրեն հանրահայտ միլիարդատեր Գոդ Նիսանովի «Կիեւյան հրապարակ» շինարարական ընկերությունում: Հայտնի է, որ Սլուցկին մտերիմ հարաբերություններ ունի նաեւ Գոդ Նիսանովի հետ, որի մասին ես գրել եմ դեռ 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «ԱԶԳ» շաբաթաթերթի 8-րդ համարում: Ցանկացողները կարող են վերանայել հոդվածս, որն այդ ժամանակ «Ադրբեջանցի գործարար Գոդ Նիսանովի ընկերները» վերնագրով կրող հոդվածս մեծ «ընթերցասրահ» գտավ:

    Ինչո՞վ էր աչքի ընկնում Գոդ Նիսանովը այդ հոդվածում: Իր հաստատուն կապերով Մոսկվայի ներքին գործերի գլխավոր վարչության պետ Վլադիմիր Պրոնինի , նրա որդիՙ Ալեքսանդր Պրոնինի , ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւի հետ: Սակայն ոստիկանական ուժերի հետ կապերը Ռուսաստանի պայմաններում, ինքնըստինքյան պարզ էՙ ինչ նպատակներ է հետապնդում, եւ դա կարող է անհանգստացնել մեզ միայն որոշակի կոնտեքստում, կապված հայ համայնքի, հայ գործարարների հետ Ռուսաստանում: Իսկ այ, լուրջ անհանգստության պատճառ կարող էլինել Գոդ Նիսանովի չափից դուրս կայուն, բարեկամական կապերը Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության պետ Սերգեյ Նարիշկինի եւ նրա դստեր Վիկտորիա Նարիշկինայի հետ: Գոդ Նիսանովի միջոցով Վերոնիկան մտերիմ հարաբերություններ է հաստատել նաեւ Իլհամ Ալիեւի դստերՙ Լեյլայի հետ, որի հետ հաճախ Վերոնիկան ճամփորդում է Նիսանովին պատկանող «Radisson» նավակազմի նավերից մեկով Միջերկրական ծովում: Հոդվածում ես չեմ պնդել, որ Գոդ Նիսանովը զբաղվել է հետախուզական-գործակալական աշխատանքով Ռուսաստանի կամ հատկապես Հայաստանի դեմ: Բայց երկար ժամանակ լինելով այդ ոլորտում, անհեթեթություն կհամարեի, եթե թուրք-ադրբեջանական հետախուզությունը աչքաթող աներ նման հնարավորություն եւ ինչ-որ չափով չօգտագործեր Նարիշկինի հնարավորությունները, այն էլ պատերազմից առաջ, կամ ընթացքում, կամ էլ հետո:

    Վերադառնանք Լեոնիդ Սլուցկուն:

    Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունից հետո (դեկտեմբեր 2016թ., չարագործը նախկին թուրք ոստիկան Մեվլութ Ալթինթաշն էր) Լեոնիդ Սլուցկին շտապեց հաստատել, որ ռուս-թուրքական հարաբերություններում լարվածություն չի սպասվում, որ այդ ահաբեկչությունը սադրանք եւ դավ էր «Արեւմուտքի» կողմից:

    Էրդողանի հաղթանակը ընտրությունների ժամանակ Սլուցկին այնպիսի ոգեւորությամբ ընդունեց, կարծես անձամբ ինքն էր հաղթել: Չնայած տարբեր իրադարձություններին, կապված նույնիսկ Ղրիմի եւ Սիրիայի հակասությունների հետ, Սլուցկին գտնում է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը ստրատեգիական գործընկերներ են (իմիջիայլոց, նա միակ քաղաքական գործիչը չէ Ռուսաստանում, որ այդպես է մտածում):

    Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժանքներում կամ միասնական զինված ուժեր ստեղծելու գործում Սլուցկին նույնպես որեւէ վտանգ չի տեսնում եւ առաջարկում է չփնտրել «սեւ կատու» մութ սենյակում, նամանավանդ եթե կատու չկա:

    Եվ այսպես, Գոդ Նիսանովը ծառայում է Թուրքիային եւ Ադրբեջանին, դա հիմա գրեթե մեկ պետություն է, վստահորեն կարելի է նշել, որ նա ազդեցության գործակալ է:

    Լեոնիդ Սլուցկին Գոդ Նիսանովի հերթական «թիրախներից է» եւ կօգտագործվի նրա կողմից հնարավորության սահմաններում, դրա փոխարեն Սլուցկու ընտանիքը կօգտվի Նիսանովի տրամադրած շատ արտոնություններից: Դե իհարկե, Սլուցկին, միգուցե այնքան էլ վտանգավոր չէ, ինչպես բարեկամությունը Նարիշկինի հետ, բայց ո՞վ գիտե, ինչ լծակներ ունի Սլուցկին հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդելու:

    Դե ի՞նչ արած, նույնիսկ Լեոնիդ Սլուցկին ընդամենը մեկ կյանք ունի, որից շռայլորեն օգտվում է:

  • ՆՈՐ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԻՍԿԱՊԵ՞Ս ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ԵՎ ԱՎՏՈԿՐԱՏԻԱՆ ԵՆ ՀԱԿԱԴՐՎՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ

    ՆՈՐ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԻՍԿԱՊԵ՞Ս ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ ԵՎ ԱՎՏՈԿՐԱՏԻԱՆ ԵՆ ՀԱԿԱԴՐՎՈՒՄ ՄԻՄՅԱՆՑ

    ՊԱՏՐԻՔ Ջ. ԲՈՒՔԱՆԸՆ, ԱՄՆ նշանավոր հրապարակագիր, վերլուծաբան եւ հասարակական-քաղաքական գործիչ

    Իսկապե՞ս մենք գաղափարաբանական պատերազմի մեջ ենք Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի հետ այսօր, ինչպես էինք Ստալինի ԽՍՀՄ-ի հետ` Սառը պատերազմի օրերին:

    «Նա կարող է մի շանորդի լինել, բայց մե՛ր շանորդին»:

    Այսպես ասաց նախագահ Ֆրանքլին Ռուզվելտը Նիկարագուայի բռնապետ Անաստազիո Սոմոզայի մասին` տիպիկ ամերիկյան ձեւով: Քանի որ Ամերիկան իր ծննդյան օրվանից համագործակցել է ավտոկրատների հետ, երբ ազգային շահն այդպես է պահանջել:

    Ջորջ Վաշինգտոնը 1778-ին ուրախությունից պար եկավ, երբ իմացավ, որ մեր դիվանագետներին հաջողվել է դաշն կնքել Ֆրանսիայի Լուդովիկոս 16-րդ թագավորի հետ: Այդ դաշինքը, վստահ էր նախագահը, անխուսափելիորեն հաղթանակ պիտի պարգեւեր Ամերիկային:

    1917 թ. ապրիլին Մ. Նահանգները մտավ պատերազմի մեջ` «աշխարհը դեմոկրատիայի համար ապահով դարձնելու» առաջադրանքով` համագործակցելով աշխարհի մեծագույն 4 կայսրությունների հետ` անգլիական, ֆրանսիական, ռուսական ու ճապոնական: Նրանք չորսն էլ այնուհետեւ բռնակցեցին նորանոր գաղութային տարածքներ եւ ստրկացրեցին նրանց ժողովուրդներին` ժողովրդավարության վճռական հաղթանակի համար մեր մղած պայքարում:

    Երկրորդ աշխարհամարտին մենք զանգվածային ռազմական օգնություն տվեցինք Ստալինի ԽՍՀՄ-ին, որը նա գործածեց ճզմելու, գրավելու եւ կոմունիստականացնելու համար Եվրոպայի կեսին:

    Անտոնիո Սալազարը` Պորտուգալիայի բռնապետը, ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամ էր: Սառը պատերազմի ընթացքում մենք դաշնակցեցինք Հարավային Կորեայի Սինգման Ուիի, Ֆիլիպինների Ֆերդինանդ Մարկոսի, Իրանի շահի եւ Չիլիի Աուգուստո Պինոչետի հետ, բոլորն էլ հայտնի ավտոկրատներ: ՆԱՏՕ-ի մեծագույն 2-րդ բանակը Թուրքիայի ավտոկրատ նախագահ Ռեջեփ Էրդողանի ղեկավարության տակ է գտնվում:

    Արաբական աշխարհում մեր գլխավոր դաշնակիցները Եգիպտոսի գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին է, որը տապալեց դեմոկրատականորեն ընտրված նախագահ Մոհամադ Մուրսիին, ինչպես նաեւ Պարսից ծոցի ամբողջ երկայնքով մեկ տարբեր թագավորները, իշխանները, սուլթաններն ու էմիրները:

    Ու տակավին` նախագահ Ջո Բայդենը համաշխարհային պայքարը սահմանում է իբրեւ պայքար` դեմոկրատիայի եւ ավտոկրատիայի միջեւ եւ ասում` «Ժողովրդավարությունը պիտի եւ պետք է հաղթի եւ իշխի»:

    «Մենք համաձայն ենք ռազմակավարական այդ տեսլականին», իր հերթին արձագանքում է «Վաշինգտոն Փոստը»:

    Սակայն մի՞թե սա է ճշգրիտ պատկերը մեծ ուժերի միջեւ այսօրվա մրցակցության:

    Եթե ավտոկրատ-դեմոկրատ բաժանարար գիծ գոյություն ունի, ապա ո՞ր կողմում են Էրդողանը, Սիսին եւ Սաուդական Արաբիայի գահաժառանգ Մոհամադ բին Սալմանը:

    Իսկապե՞ս մենք գաղափարաբանական պատերազմի մեջ ենք Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի հետ այսօր, ինչպես էինք Ստալինի ԽՍՀՄ-ի հետ Սառը պատերազմի օրերին:

    Մենք վեճ ունենք Պուտինի հետ Ղրիմի եւ Դոնբասի խնդրով: Պուտինն ուզում է Ուկրաինան եւ Վրաստանը հեռու պահել ՆԱՏՕ-ից: Բայց այստեղ ո՞ւր է ապացույցը, թե Պուտինն ուզում է կառավարման մեր դեմոկրատական ձեւը փոխել ու վերածել ավտոկրատիզմի:

    Պուտինի` մեզ ուղղած առարկությունները վերաբերում են մեր քաղաքականությանը, ո՛չ թե դեմոկրատիային:

    Հետ գնալով մինչեւ 1950-ականներ` Նիկիտա Խրուշչեւը հոխորտում էր, որ ամերիկացիների թոռներն ապրելու են կոմունիզմի պայմաններում: Այդ ե՞րբ է Պուտինը հայտարարել Կրեմլի այդպիսի գաղափարախոսական նպատակների մասին:

    Արդյո՞ք Չինաստանի հետ մեր վեճը գաղափարախոսական բնույթ է կրում:

    Չինաստանը մեծ եւ մեծացող տնտեսական ու ռազմական ուժ է, իր հարեւանների հետ վեճերի մեջ գտնվող:

    Մեր վեճը Չինաստանի հետ գաղափարախոսական բնույթ ունի՞:

    Չինաստանը առեւտրային խնդիրներ ունի Ավստրալիայի հետ, սահմանային հակամարտություն Հնդկաստանի հետ` Հիմալայների հարցով, տարակարծություններ` Վիետնամի հետ, Ֆիլիպինների եւ ուրիշ չորս երկրների հետ` Հարավային Չինական ծովում գտնվող կղզիների շուրջ: Չինաստանը նաեւ պահանջում է Թայվանն ու Սենկակա կղզիները, որոնք գրավված են Ճապոնիայի կողմից:

    Սակայն բացառությամբ Թայվանի եւ Հոնգ Կոնգի, որը նա պահանջում է որպես իր ինքնիշխան տարածքներ, Պեկինը չի ճնշել որեւէ երկրի որդեգրելու Չինաստանի կոմունիստական կուսակցության նման վարչակարգ: Այն գոյակցում է կոմունիստական Վիետնամի, ավտոկրատ Միանմարի, կրոնապետական Աֆղանստանի եւ դեմոկրատական Հնդկաստանի, Ավստրիալիայի եւ Ճապոնիայի հետ:

    Մեզ հետ Չինաստանի վեճը Ամերիկայի «դեմոկրատական» լինելը չէ: Չինաստանի քննադատությունների պատճառը մեր կողմից նրա հավակնությունները արգելափակելու, Հարավային եւ հարավարեւելյան Ասիայի երկրներին մեր թիկունք կանգնելը, որը խանգարում է նրա ռազմավարական նպատակները:

    Պայքարը գաղափարաբանական չէ, այլՙ քաղաքական ու ռազմավարական:

    Ուրեմն ինչո՞ւ այն վերածել վարչաձեւերի միջեւ պատերազմի: Ո՞ւր է ապացույցը, որ Պեկինը ձգտում է կոմունիստական դարձնել իր հարեւաններին կամ փոխել նրանց վարչաձեւըՙ համապատասխնեցնելու իրեն:

    Այսուամենայնիվ, նկատառելի ապացույցներ կան, որ ԱՄՆ-ը ակտիվորեն հետամուտ է տապալելու Պուտինի վարչակարգը Ռուսաստանում:

    Թեեւ Պուտինի Կրեմլը ամբաստանվում է 2016 թ.ին Դեմոկրատական կուսակցության եւ Հիլլարի Քլինթոնի ընտրապայքարը հաքերության ենթարկելու գործով, սակայն նույնիսկ եթե դա ճշմարտություն է, ապա ինչպես կարելի է այն համեմատել Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու ԱՄՆ ներկայի քաղաքականության հետ:

    Արդյո՞ք Ազատություն/ Ազատ Եվրոպա ռադիոկայանները օբյեկտիվ ու չեզոք են Ռուսաստանի մասին իրենց հաղորդումներում: Արդյո՞ք մեր ոչ-կառավարական բազմաթիվ կազմակերպություններն ու Ժողովրդավարության ազգային հիմնադրամը ձեռնպահ են Ռուսաստանի ներքին հարցերի նկատմամբ:

    Այդ ի՞նչ է արել Կրեմլը խթանելու Դոնալդ Թրամփի քաղաքական հավակնությունները համեմատած մեր դիվանագիտական ու կառավարական ինստիտուտների, ինչպես նաեւ կիսապետական ծառայությունների հետՙ Պուտինին ստորադասելու եւ փոխարենը Ալեքսի Նավալնու թեկնածությունը առաջ տանելու գործում:

    Եթե ամերիկյան ժողովրդավարությունը պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, ապա ո՞վ է նախահարձակ կողմում: Ո՞վ ո՞ւմ վարչաձեւն է ցանկանում փոխել:

    «ԱՄՆ-ի ազգային շահերն ու ժողովրդավարության պաշտպանությունը, կամ առնվազնՙ կայունության ամրապնդումը արտասահմանում հեշտությամբ չեն կարող տարանջատվել իրարից», գրում է «Վաշինգտոն Փոստը»:

    Բայց այդ որտեղի՞ց է Ամերիկան ստացել իրավունքը միջամտելու այլ երկրների ներքին գործերինՙ մերինի նման վարչաձեւ ունենալու նպատակով:

    Եթե մեր նպատակը Ռուսաստանին ու Չինաստանին ժողովրդավարացման ենթարկելն է, այսինքն նրանց մեր ժողովրդավարականության սերտորեն նմանեցնելը, արդյո՞ք դա նման չէ մեր կողմից գաղափարական պատերազմ հայտարարելուն: Սա գաղափարական պատերազմի էությունը չէ՞:

    Հետեւաբար, ո՞վ է ագրեսորը այս նորՙ գաղափարաբանական պատերազմում:

    Թրգմ.` Հ.Ա.

  • ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԻՐԱՆ ԼԻԱԿԱՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑՈՒՄ

    ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ-ԻՐԱՆ ԼԻԱԿԱՏԱՐ ՀԱՄԱԿԱՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑՈՒՄ

    ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, Քաղաքական վերլուծաբան

    Հայությունը Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում ուշադրությամբ հետեւում է մեր տարածաշրջանում ծավալվող քաղաքական-դիվանագիտական անցուդարձին եւ փորձում հասկանալ, թե ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության համար: Օրերս Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ ՀՀ-ն պատրաստ է երկխոսություն սկսել Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ հաղորդակցության միջոցները վերագործարկելու նպատակով: Դրանից օրեր առաջ Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՌԴ-ն պատրաստ է միջնորդել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում արդի իրողություններին հետեւող, հայ-ադրբեջանական սահմանների լարվածությամբ անհանգիստ հայ ակտիվ հասարակությունը փորձում է հասկանալ, թե որքանո՞վ են հետեւողական տարածաշրջանի մայրաքաղաքներից հնչող հայտարարությունները եւ իրականում ի՞նչ կարելի է սպասել այդ զարգացումներից: Մեր այս վերլուծականը մի փորձ է գնահատելու առկա տեղեկատվությունը, համակարգելու այն եւ ընթերցողին հուշելու կոմպետենտ մոտեցումներ այս հարցերը քննարկելու ժամանակ:

    Ռուսաստան-Թուրքիա կոնսենսուսի հարցը

    Պետք է հասկանալ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շատ հետեւողական է հայ-ադրբեջանական հարաբերությունների հետպատերազմյան կարգավորման եւ հաղորդակցության ուղիների վերագործարկման հարցում: Այդ համառությունն ու հետեւողականությունը պարզ երեւում է 44-օրյա պատերազմին նոյեմբերի 9 եւ հունվարի 11 հայտարարությունների իրագործման ընթացքում պաշտոնական Մոսկվայի արած բոլոր հրապարակային հայտարարություններից եւ այն ջանքերից, որ գործադրում է ՌԴ-ն երեք երկրների փոխվարչապետների գլխավորած խառը հանձնաժողովի աշխատանքը առաջ մղելու ընթացքում: Իր խաղարարար բրիգադի ներկայությունը ԼՂ հակամրտության տարածաշրջանում ապահովելուց եւ Հայաստանի խնդրանքով իր զինված ուժերի ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանի վրա տեղակայելու առայժմ պատրաստակամությունից հետո Ռուսաստանն ուզում է, որ Հարավային Կովկասի առայժմ չաշխատող կոմունիկացիաները ծառայեն Թուրքիայի եւ Իրանի հետ առեւտրատնտեսական կապերը իրապես աշխուժացնելու գործին: Չգրգռելու համար Ադրբեջանին, Ռուսաստանը համաձայնվեց Աղդամում ռուս-թուրքական համատեղ դիտորդական ռազմակայան տեղակայելու հարցին, այսպիսով լռելյայն համաձայնելով Ադրբեջանում նաեւ թուրքական զինված ուժեր ունենալու ադրբեջանական երազանքին:

    44-օրյա պատերազմից հետո մենք կարծես հանկարծակի հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական, քաղաքական, տնտեսական եւ բոլոր այլ ուղղություններով լիակատար փոխգործակցությունը մեր տարածաշրջանի ամենալուրջ ետխորհրդային իրողությունն է եւ միտում ունի միայն ընդլայնվելու եւ խորանալու: 1829թ. հաստատված գիծը Ռուսական կայսրության եւ Օսմանյան Թուրքիայի միջեւ (որով Հարավային Կովկասը դառնում էր ռուսական ազդեցության տարածք) այլեւս գոյություն չունի: Թուրքիան առաջ է եկել, ամուր հաստատվել է Վրաստանում, իսկ Ադրբեջանում ուղղակի խաղում է ավագ եղբոր եւ հեգեմոնի դեր: Ռուսաստանը, որը չկարգավորված հարաբերություններ եւ լարվածություն ունի Վրաստանի հետ, ուշադրությամբ հետեւում է այդ հարաճյուն փոխգործակցությանը եւ ջանքեր չի խնայում Ադրբեջանի վրա ունեցած իր ազդեցությունը չկորցնելու համար:

    Պետք է հասկանալ նաեւ, որ ստանալով ԱՄՆ-ի եւ գլոբալ Արեւմուտքի, ըստ ամենայնի աջակցությունը, հետխորհրդային 30-ամյակի ընթացքում Թուրքիան անընդհատ մեծացրել է իր ազդեցությունը Մեծ Թուրանի ինտեգրացիոն գործընթացում եւ մենք, չգիտես ինչու, մեր գործնական քաղաքականության մեջ միայն հիմա (հետին թվով) գլխի ընկանք, որ այդ Մեծ Թուրանի նախագիծը, ինչպես նախորդ 100-ամյակում, չի խափանվելու եւ չի խանգարվելու Ռուսաստանի կողմից:

    Մեր ժամանակի նոր իրողությունները կայանում են նրանում, որ զուգահեռաբար ծավալվում են երկու գործընթացներ: Մեկը` եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացն է, որում ընդգրկված են հինգ պետություններ Ռուսաստանի Դաշնության գլխավորությամբ եւ որին կարող են անդամ դառնալ եւս երկու-երեք պետություններ: Այս գործընթացի լոկոմոտիվը Ռուսաստանն է եւ դրա աշխարհաքաղաքական նպատակը այդ երկրի բազմաբնույթ ազդեցության ապահովումն է Եվրասիական քաղաքակրթական տարածքի վրա: Այս գործընթացը հետաքրքրությամբ ուսումնասիրում են հայ, ռուս եւ բազմաթիվ այլ գիտնականներ ու փորձագետներ, հասկանալու համար, թե որքանո՞վ է իվճակի մերօրյա Ռուսաստանը, հաշվի առնելով համաշխարհային գլոբալ հակամարտությունները եւ լարվածությունը հիմնական բեւեռների միջեւ, առաջ մղելու սեփական տարածաշրջանային մեգանախագիծը եւ գրավիչ լինելու իր մոտիկ հարեւանների համար: Մյուս գլոբալ նախագծի հարցում, կարծես, արդեն նույնպես մեծ տարաձայնություններ չկան: Սկսվելով իբրեւ լեզվամշակութային միջազգային կազմակերպություն, համաթյուրքական ինտեգրացիոն նախագիծը այսօր արդեն ներառում է թե՛ քաղաքական հարցեր, թե՛ տնտեսական համագործակցություն եւ, նույնիսկ, քննարկում է ռազմական համագործակցության եւ համատեղ զինված ուժեր ունենալու խնդիրներ: Կարելի է միայն ենթադրել, որ թյուրքական աշխարհի առաջնորդները կարողացել են ռուսական վերնախավին համոզել, որ համաթյուրքական մերձեցումը Ռուսաստանի համար մահաբեր չէ, ինչպես դա կարծում էին Ռուսական կայսրության եւ նախկին ԽՍՀՄ-ի ժամանակներում, այլ միանգամայնՙ բնական ու տրամաբանական եւ տեղավորվում է եվրասիականության աշխարհաքաղաքականության եւ փիլիսոփայության մեջ: Այստեղից եզրակացություն. եվրասիական ինտեգրման գործընթացը առաջ մղելու ժամանակ Ռուսաստանը ե՛ւ համագործակցելու է, ե՛ւ միաժամանակ սերտորեն համագործակցելու Թուրքիայի հետ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում իր ազդեցությունը պահպանելու եւ մեծացնելու գործնական նպատակով:

    Պետք է հասկանալ նաեւ, որ մերօրյա գլոբալ լարվածության պայմաններում Ռուսաստանը չի ցանկանալու բախման գնալ Թուրքիայի հետ, փորձելու է զիջումներ անել իր համար ավելի նվազ կարեւոր հարցերում եւ ինքն է քայլեր ձեռնարկելու դիվանագիտական հարթակներ տեղափոխել բոլոր այն պոտենցիալ լարվածության հարցերը, որոնք ժառանգվել են անցյալից: Մենք պետք է հասկանանք նաեւ, որ Ռուսաստանի Դաշնությունը ոչ մի դեպքում չի զիջելու իր ռազմաքաղաքական դաշնակից Հայաստանի Հանրապետության քաղաքական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հարցերում (քանի որ դրանց նկատմամբ աչք ունեն Թուրքիան ու Ադրբեջանը), եւ եթե Հայաստանի իշխանությունները իրենց ճիշտ դիրքավորեն, պատրաստ է մեծացնելու իր ռազմաքաղաքական ներկայությունը Հայաստանում այնքնան, որ դա լիարժեքորեն բավարարի մեր պետական սահմանների անվտանգությանը: Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ դրան խանգարել: Կարծում ենքՙ ո՛չ: Դրան Ադրբեջանը կարող է խանգարել միայն թուրքական զինված ներկայությունը իր երկրում մեծացնելու միջոցով: Բայց դա հակասում է ադրբեջանական այն հավաստիացումներին, որ «Լավրովի պլանի» կենսագործումից հետո ինքը պատրաստ է մտնելու ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ: Հիմա ուշադրությամբ պետք է հետեւել, թե ինչպե՞ս է Ռուսաստանը համակերպվելու ադրբեջանական հավաստիացումների չկատարմանը եւ թուրքական հարաճուն ներկայությանը: Արդեն հաստատ կարելի է պնդել, որ Հարավային Կովկասում իրավիճակը կայունացնելու եւ հաղորդակցության բոլոր ուղիները վերաբացելու հարցում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ մի յուրատեսակ կոնսենսուս է ձեւավորվել: Իրանը, որն ավելի քիչ երեւացող դիվանագիտական աշխուժություն ունի, իրականում նույնպես շատ շահագրգռված է Ռուսաստանի, ԵԱՏՄ երկրների, ինչո՞ւ չէՙ նաեւ Թուրքիայի հետ հարավ-կովկասյան տարածաշրջանում տնտեսական համագործակցությունը որակական նոր աստիճանի բարձրացնելու հարցում:

    Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը

    «Ազգ»-ի էջերում անցած տարիներին մենք բազմիցս գրել ենք, որ դեռեւս «ֆուտբոլային դիվանագիտության» ծավալման տարիներին պարզ դարձավ, որ երկկողմ հարաբերությունների նորմալացման գլխավոր խոչընդոտը Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջացրած լարվածությունն էր: Մեր առաջատար արեւելագետները ժամանակին եւ ճշգրտորեն զգուշացրել են իշխանություներին, որ Ադրբեջանի ազդեցությունը թուրքական տեսակետների հղկման վրա վճռական է եւ այն տարիներին Թուրքիան չէր գնալու որեւէ զիջման ի հաշիվ ադրբեջանական շահերի: Ուզում ենք հիշեցնել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Թուրքիան, ի թիվս այլ հետխորհրդային հանրապետությունների, ճանաչեց նաեւ Հայաստանի անկախությունը, մեզ հետ սակայն դիվանագիտական հարաբերություններ չհաստատեց: Մինչեւ 2009թ. Թուրքիան ուներ երկու նախապայման: Նա Հայաստանից պահանջում էր դադարեցնել միջազգային հարթակներում Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը եւ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու դուրս բերել հայկական զինված ուժերը փաստացի զբաղեցված տարածքներից: Հայ եւ թուրք դիվանագետների դժվարին բանակցությունների արդյունքում 2009-2010թթ. ընթացքում, ԱՄՆ ակտիվ միջնորդության եւ հորդորների արդյունքում ուրվագծվեց մի վիճակ, երբ հնարավոր էր թվում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը եւ հաղորդակցության ուղիների վերաբացումը առանց նախապայմանների:

    Հիշեցնենք, թե ինչպես էր այն ժամանակվա ԱՄՆ պետական քարտուղարը համոզել Ֆրանսիայի եւ Ռուսաստանի իր գործընկերներին համահովանավորներ դառնալու Ցյուրիխյան երկու արձանագրությունների ստորագրմանը, որոնք նույն ամերիկյան հորդորների արդյունքում, կարծես, նպաստելու էին առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը: Արժե հիշեցնել նաեւ, որ Թուրքիան հրաժարվեց այդ փաստաթղթերի վավերացումից ադրբեջանական ճնշման արդյունքում:

    Այժմ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում բոլորովին նոր վիճակ է ստեղծվել: Բայց արի ու տես, որ Թուրքիան էլ, դիվանագիտական հաջողություն արձանագրելով ԼՂ հիմնահարցում, հիմա էլ վերադարձել է նախկին նախապայմաններին: Թուրքիայի նախագահ Ռ.Թ.Էրդողանը վերջերս հայտարարեց, թե Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, եթե Հայաստանը հրաժարվի Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման պահանջները հետապնդելուց:

    Կարծում ենք, մեր դիվանագիտության խնդիրն է պարզելը եւ հրապարակավ հայտարարելը, թե ռուսական դիվանագիտությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդական դեր ստանձնելու իր պատրաստակամության մեջ գիտե՞ արդյոք թուրքական վերոհիշյալ պահանջների մասին եւ կարծո՞ւմ է, որ բանակցությունների արդյունքում այս խոչընդոտը հաղթահարելի է:

    Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

    ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները ճանաչել եւ դատապարտել են Հայոց Ցեղասպանության իրողությունը: Հայությունը ուզում է հասկանալ, թե որքանո՞վ է այդ ճանաչումը գործնականում նպաստում Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգությանն ու երկրի կայունությանը: Թուրք-ադրբեջանական տանդեմի ժխտողականությունը այս հարցում աննախադեպ եւ քաղաքակիրթ աշխարհի աչքում զարմանալի չափերի ու ձեւերի է հասել: Ըստ երեւույթին, երկրորդական համարելով Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու հարցը, պաշտոնական Անկարան (ըստ երեւույթին պաշտոնական Բաքվի հուշարարների օգնությամբ) վերադարձել է ճնշման ու նախապայմանների առաջադրման լեզվին: Հարց է առաջանում, թե կարո՞ղ են արդյոք ռուս դիվանագետնորը արտգործնախարար Ս.Լավրովի գլխավորությամբ այս անգամ էլ իրենք հրավիրել ամերիկացիներին եւ ֆրանսիացիներին համահովանավոր դառնալու այս նոր կարգավորման գործընթացում:

    Ամեն դեպքում, մեր պարտքն ենք համարում նշել, որ Հայաստանի իշխանությունները կոպիտ սխալ կգործեն, եթե նույնիսկ մարտավարական նկատառումներով հրաժարվեն Հայոց Ցեղասպանության գործընթացը առաջ տանելու քաղաքական կուրսից: Այդ քաղաքական պահանջը միավորում է հայերին Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում: Պետք չէ փաստորեն արդեն առկա հակասություններին ավելացնել եւս մեկը, այն էլ այսքան կարեւոր հարցում: Պետք է հասկանալ եւ անկեղծորեն համաձայնել, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցը մեր ազգային անվտանգության եւ տարածքային ամբողջականության պահպանման կարեւորագույն երաշխիքներից մեկն է:

    Ինչ վերաբերում է Մինսկի խմբի աշխատանքը վորսկսելուն, ապա պարզ է, որ Ադրբեջանը կցանկանար, որ իրեն մենակ կթողնեն Արցախի հայության հետ, որտեղ ինքը իր ջանքերը կկենտրոնացներ ռուս խաղաղապահներին դուրս մղելու գործընթացում: Հայաստանի քաղաքական իշխանությունը պետք է պնդի շարունակել Մինսկի խաղաղ գործընթացը եւ հավաստիացումներ ստանալ, որ բացի Ռուսաստանից, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն նույնպես գործնականում եւ հետեւողականորեն կապահովեն Հայաստանի սահմանների անխախտելիությունը, Արցախի ժողովրդի ինքնիշխանության իրավունքը եւ,առանց չափազանցության, հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը իր Հայրենիքի երկու հատվածներում:

  • ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

    ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

    ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայց է ներկայացրել ընդդեմ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի : Երրորդ նախագահը Սուքիասյանից պահանջում է հերքել իր պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները:

    Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը երկու շաբաթ առաջ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանն արտասահմանյան խաղատներում 100 միլիոն դոլարարից ավելի տանուլ է տվել:

    Սուքիասյանն իր հայտարարությունը լրագրողների հետ ճեպազրույցում կրկնեց նաեւ հաջորդ օրըՙ նշելով, որ իր խոսքերը հիմնավոր են, ինքը դեռ ավելի քիչ գումար է նշել, որպեսզի իր ասածն ավելի ապացուցելի լինի:

    «ՀՀ-ն ոչ մեկի սեփականությունը չի, մի հատ էլ իրեն կհարցնեք` «Որոտանն» ով է ձեռք բերել: Մեր պետական օդանավը եկել է համապատասխան տեղից, որտեղ կազինո կա, էստեղից գումարները մեշոկներով տարել են, որ վճարեն»,-նախորդ օրվա ասածը վերահաստատել է Խաչատուր Սուքիասյանը:

    Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը պնդում էՙ իմքայլական պատգամավորն իր հայտարարությունը հաստատող որեւէ փաստ չի կարող ներկայացնել:

    «Մենք համոզված ենք, որ դատարանը մեր հայցը բավարարելու է, որովհետեւ չեն կարող լինել այնպիսի փաստեր, որոնք կապացուցեն Խաչատուր Սուքիասյանի հնչեցրած արտահայտությունը, չեն կարող, որովհետեւ այդպիսի իրողություն գոյություն ունենալ մեր օբյեկտիվ իրականության մեջ չի կարող», – նշել է Մակինյանը:

    Սեպտեմբերի 6-ին, դատարանի դիմաց նա հիշեցրել է, որ Սերժ Սարգսյանը դեռ նախընտրական քարոզարշավի ժամանակ է հերքել արտասահմանյան խաղատներում միլիոնավոր դոլարներ տանուլ տալու վերաբերյալ տեղեկություններըՙ դրանք որակելով կեղծ:

    «Սերժ Սարգսյանը Փաշինյանին 24 ժամ էր տվելՙ փաստեր ներկայացնելու համար, սպառնացել էր, որ հակառակ դեպքում ինքն է փաստեր հրապարակելու Փաշինյանի ու նրա ընտանիքի վերաբերյալ:

    Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այդ կապակցությամբ ասել էր. «Թող մի փաստ ներկայացնի, չներկայացրեց, մորթելու եմ»:

    «Երբ պարոն նախագահը 24 ժամ տվեց Նիկոլ Փաշինյանին այս նույն արտահայտության հետ կապված, որ փաստեր ներկայացնի, գիտեքՙ դրանից հետո ինչ եղավ. խոսքը հայտնի ձայնագրության մասին է»,- հայտարարել է Սերժ Սարգսյանի փաստաբանը:

    Նշենք, որ հաջորդ օրը Սերժ Սարգսյանը հրապարակեց 3 րոպե տեւողությամբ ձայնագրությունՙ 2018 թվականի մայիսի 12-ին Սոչիում Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելառուսի նախագահների հետ ունեցած զրույցից:

    Սերժ Սարգսյանը Խաչատուր Սուքիասյանից պահանջում է նաեւ 1 միլիոն դրամ վճարել իրեն: Այդ գումարն, ինչպես հայտարարել է փաստաբան Ամրամ Մակինյանը, երրորդ նախագահն ուղղելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

    Ինչպես տեղեկացրել է Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը , պատգամավորի փաստաբանները հայցադիմումին դեռ չեն ծանոթացել, այն ուսումնասիրելուց հետո «անհրաժեշտության դեպքում» կարձագանքեն:

  • ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

    ԱՂՎԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

    ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ, նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է: Այս մասին հայտնել է Հովսեփյանի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը :

    Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ի առավոտյանՙ 1,5 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում:

    Ըստ Հատուկ Քննչական ծառայությանՙ 68-ամյա Աղվան Հովսեփյանը, որը 2004-ից մինչեւ 2018 թվականը զբաղեցրել է նախՙ գլխավոր դատախազի, ապաՙ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, օրինականացրել է ավելի քան 1 միլիարդ 300 միլիոն դրամ, մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ընկերությունների կառավարմանը, ստացել է առանձնապես խոշոր չափերի` 190 միլիոն դրամ կաշառք եւ խարդախությամբ հափշտակել 800 միլիոն դրամի գույք:

    Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 310-րդ հոդվածով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ):

    Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը եւ Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշում կայացրել:

    Փաստաբան Սասուն Ռաֆայելյանը հայտարարել է, որ դատարանի որոշումն ստանալուց հետո դրա դեմ կներկայացվի վերաքննիչ բողոք:

    «Մենք անպայման բողոք ենք ներկայացնելու Վերաքննիչ դատարան, ուղղակի որոշումը դեռ չենք ստացել: Երեկ հրապարակվել է դատարանի որոշման եզրափակիչ մասը: Որոշումը ստանալուն պես կծանոթանանք դրան, ինչից հետո բողոք կներկայացնենք»,- հայտարարել է Ռաֆայելյանը:

    Նշենք, որ Աղվան Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: