Day:Սեպտեմբերի 1, 2021

  • ԵՄ–ն հրաժարվել է Վրաստանին վարկ տրամադրել էլիտար կոռուպցիայի պատճառով, իսկ վրացիները պնդում են, որ իրենք են հրաժարվել դրանից

    ԵՄ-ի հատկացրած 75 մլն եվրոյից իշխանությունների հրաժարվելու պատճառն այն է, որ Բրյուսելն ինքն է որոշել դադարեցնել մակրոֆինանսական օգնության երկրորդ տրանշի հատկացումը էլիտար կոռուպցիայի պատճառով. հայտնում է վրացական Formula-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները:

    Հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն՝ Բրյուսելը բանաձևի նախագիծ է պատրաստում, որը վերաբերում է բարձր մակարդակի կոռուպցիային, դրանում նաև տեղեկություններ են պարունակվում Վրաստանի դատական համակարգում լուրջ խախտումների մասին:

    Աղբյուրի տվյալներով՝ իշխող թիմին հայտնի են ԵՄ-ի ծրագրերը. «Վրացական երազանքը» լոբբիստներ է վարձել բանաձևի կետերի փոփոխման համար, սակայն արդյունքի չի հասել, որից հետո իշխանությունները որոշել են փոխել հռետորաբանությունը՝ հայտարարելով, թե 75 մլն եվրոն ոչ թե Եվրամիության օգնություն է, այլ երկարաժամկետ վարկ:

    Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին, ելույթ ունենալով լրագրողների առջև, կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին նշել էր, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել արտաքին պարտքի կրճատմանը և, հավանաբար, կհրաժարվի ԵՄ-ի երկրորդ տրանշից:

  • Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն այլ երկրներ վերակառուցելու փորձեր այլևս չի անի

    Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ն այլ երկրներ վերակառուցելու փորձեր այլևս չի անի

    Աֆղանստանից ԱՄՆ-ի հեռանալը հանգեցնում է այլ երկրները ուժային ճանապարհով վերափոխելու փորձերի դարաշրջանի վերջին. հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ազգին ուղղված հեռուստաուղերձում:

    «Աֆղանստանի մասին որոշումը պարզապես Աֆղանստանի մասին չէ։ Այն այլ երկրների վերակառուցմանն ուղղված խոշոր ռազմական գործողությունների դարաշրջանն ավարտելու մասին է»,- ասել է նա հեռուստաուղերձում։

  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Ուղերձում ասված է․

    «Սիրելի աշակերտներ, ուսանողներ,

    հարգելի մանկավարժներ և ծնողներ,

    շնորհավորում եմ  բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա առիթով։ 

    Հայաստանի Վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ մենք ռազմավարական նպատակ ենք հռչակել կրթությունն ազգային ապրելակերպ դարձնելը և հիմնավորել, թե ինչու. որովհետեւ կրթությունն է այն միակ գործիքը, որով մարդը ճանաչում է խնդիրները և գտնում դրանց լուծումները։

    Այս պնդումը ճիշտ է թե անհատի, և թե մարդկանց հավաքականություն հանդիսացող հանրության, պետության համար։ Եվ հետևաբար՝ գիտելիքի, իմացության, հմտության, կրթության և գիտության ասպարեզում մեր այսօրվա օրակարգը և այդ օրակարգի իրացման որակը կանխորոշում է մեր խնդիրները ճանաչելու և դրանք լուծելու մեր կարողությունը։ Սա էլ կանխորոշում է մեր տեղը, դերը, կշիռն աշխարհում։ 

    Կարևորում եմ նաև միջին մասնագիտական կրթության դերը, որը նախակրթության, հանրակրթության, բարձրագույն և ետբուհական կրթության հետ պետության ու տնտեսության զարգացման ամբողջական համակարգ է ձևավորում։ 

    Այսօր Հայաստանում մի կողմից գործազրկության ու աղքատության լուրջ խնդիր ունենք, մյուս կողմից մասնագետների պակաս։ Մեր աշխատաշուկայում որակյալ ճարտարագետների, գյուղատնտեսների, ֆինանսիստների, բայց նաև խոհարարների, զոդողների, խառատների մեծ պահանջարկ կա, որ հնարավոր չի լինում լրացնել մասնագետների պակասի պատճառով։

    Այսօրինակ երևույթները, որոնք մարդու բարեկեցության ու տնտեսության զարգացման խոչընդոտ են, կրթական համակարգում առկա խնդիրներն են ի ցույց դնում։ 

    Այս է պատճառը, որ կրթական ոլորտի բարեփոխումները կառավարության առաջնային անելիքների ցանկում են։ 

    Մենք արդեն ընդունել ենք նախադպրոցական կրթության և հանրակրթության պետական չափորոշիչները, բարձրորակ մանկավարժական կադրերին խրախուսելու և մանկավարժական կադրերի որակավորման շարունակական բարձրացման մեխանիզմներ ենք գործարկել, որը պիտի զուգորդվի աշխատավարձերի բարձրացման հետ, էական փոփոխություններ ենք նախաձեռնել միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում, բարեփոխել ենք գիտության ֆինանսավորման համակարգը։ Մեր առաջիկա կարևորագույն անելիքներից է մանկավարժական և ռազմական կրթության համակարգերի բարեփոխումները։ 

    Նաև՝ առաջիկա 5 տարիների ընթացքում պատրաստվում ենք կառուցել կամ նորոգել շուրջ 500 մանկապարտեզ և 300 դպրոց, հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական ու ինժեներական լաբորատորիաներ։ Այս ամենի նպատակը մեկն է՝ որակյալ կրթությունը պիտի սկսվի մանկապարտեզից և պիտի հասանելի լինի բոլոր մարզերի, բոլոր բնակավայրերի բոլոր երեխաներին, որոնք պիտի իրենց կրթությունը միջին մասնագիտական և/կամ բարձրագույն կրթական հաստատություններում շարունակելու իրագործելի հնարավորություն ունենան։ Կրթության շարունակականության տեսակետից կարևորում եմ մասնագիտական վերապատրաստումների, որակավորման շարունակական բարձրացման գործընթացը, որովհետև կառավարության պատկերացմամբ՝ կրթությունը ցկյանս պրոցես է։ Այս համատեքստում պիտի ընդգծեմ նաև աշխատաշուկայի պահանջներին համապատասխան՝ վերամասնագիտացման համակարգերի կարևորությունը։

    Հարգելի աշակերտներ և ուսանողներ,

    Համավարակով պայմանավորված, այս ուսումնական տարում ևս պետք է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները, կանխելով դպրոցների և բուհերի՝ վարակի տարածման օջախ դառնալու հնարավորությունը, ինչը թույլ կտա բնականոն ճանապարհով իրականացնել ուսումնական գործընթացը։

    Եվս մեկ անգամ ողջունելով բոլորիդ այս կարևոր օրվա առթիվ` մեզ մաղթում եմ մեր խնդիրները ճանաչելու և դրանք լուծելու կամք ու ընդունակություն։ 

    Շնորհավոր սեպտեմբերի 1»:

  • Ադրբեջանցիներն ավերել են Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջը․ «Caucasus Heritage Watch»

    Ադրբեջանցիներն ավերել են Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջը․ «Caucasus Heritage Watch»

    «Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը» («Caucasus Heritage Watch») ահազանգել է Արցախում՝ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում գտնվող Մակուն կամրջի ավերման մասին:

    Այն քանդվել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո՝ գետի հատվածում ճանապարհաշինարարական աշխատանքների ժամանակ:

    Կազմակերպությունը արբանյակային լուսանկար է հրապարակել՝ ցույց տալով, որ կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում:

    Աղբյուրը նշում է նաև, որ, ճանապարհի շինարարությունից բացի, ադրբեջանական կողմն ինժեներական աշխատանքներ է իրականացնում՝ փոխելու համար Իշխանագետի հունը, որի վրայով անցնում էր կամուրջը:

  • Լավրովը մեկնաբանել է ուրիշ երկրների գործերին չմիջամտելու մասին Բայդենի հայտարարությունը

    Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ջո Բայդենի հայտարարությունը, հայտնում է Իզվեստիան։

    «ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, երկուսն էլ, մեկ կամ երկու օր տարբերությամբ, ասացին, որ ժամանակն է վերջ դնել այլ երկրների ներքին գործերին միջամտելուն՝ ժողովրդավարության արևմտյան օրինակը պարտադրելու նպատակով: Մենք ողջունում ենք նման հայտարարությունները, մենք վաղուց կոչ ենք անում դասեր քաղել արկածներից, որոց մեջ ներգրավված են եղել մեր արևմտյան գործընկերները վերջին տասնամյակներում», – ասել է նա ուսանողների և դասախոսների առջև ելույթի ժամանակ:

    Արտգործնախարարը նշել է, որ այնուամենայնիվ դեռ պետք է տեսնել, թե գործնականում ինչպես կաշխատեն առաջնորդների հայտարարությունները:

    Լավրովը նշել է նաև, որ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի դուրս գալուց հետո Ռուսաստանի համար գլխավորը Կենտրոնական Ասիայի պետությունների անվտանգությունն է:

  • 30 տարիների ընթացքում առաջին անգամ է, երբ Արցախը իր հանրապետության հռչակման օրը նշում է առանց hայաստանյան իշխանության բարձր ղեկավարության մասնակցության

    30 տարիների ընթացքում առաջին անգամ է, երբ Արցախը իր հանրապետության հռչակման օրը նշում է առանց hայաստանյան իշխանության բարձր ղեկավարության մասնակցության

    Արցախի <<Արդարություն>> խմբակցությունը հայտարարություն է տարածել

      01 սեպտեմբերի 2021

    Սիրելի΄ հայրենակիցներ

    Ցավով պետք է նշենք, որ վերջին 30 տարիների ընթացքում առաջին անգամ է, երբ Արցախը իր հանրապետության հռչակման օրը նշում է առանց hայաստանյան իշխանության բարձր ղեկավարության մասնակցության: Պետք է նշենք, որ առաջին անգամ է նաև, որ Արցախի իշխանությունները նույնպես չեն գտնվում իրենց բարձրության վրա: Առաջին անգամ է, որ պատգամավորներին հրավիրում են նիստի առանց խոսքի իրավունքի:Արցախի «Արդարություն» խմբակցությունն անընդունելի է համարում մասնակցել խորհրդարանական նման նիստի, որը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, չի կարող համարվել հատուկ նիստ,որտեղ չես կարողանալու քո դիրքորոշումը արտահայտել՝ ուստի Արցախի «Արդարություն» խմբակցությունը չի մասնակցելու այս նիստին:

    Սիրելի΄ արցախցիներ, ուստի ստիպված մեր հայտարարությունը ներկայացնում ենք առցանց:

    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    1991 թվականի սեպտեմբերից 2-ից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումից ընդամենը մի քանի ամիս առաջ, 1991-ի գարնանը, Ադրբեջանը իրականացրել էր «Օղակ» գործողությունը՝ գրավելով և իրենց տներից արտաքսելով հայկական 24 գյուղերի հազարավոր բնակիչների: Արցախում և Հայաստանում տիրում էր հիասթափության, տագնապի և անորոշության մթնոլորտ: 1991թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց հռչակագիր՝ ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990 թվականի ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը: Ամիսներ անց՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին, Արցախում տեղի ունեցավ անկախության հանրաքվե: Հանրաքվե, որն Արցախի բնակիչներն իրականացրեցին արկերի պայթունների և հրետակոծության ներքո, սակայն լիահույս, որ կերտում են անկախ հայրենիք… և ստացվեց….

    2018 թվական, ապրիլ – մայիս ամիսներ՝ Հայաստանը կրկին անհանգիստ էր՝ մերժում էին հինը նորի ակնկալիքով: Մտածում էին, որ մերժում են հնի արատավոր երևույթները, որպեսզի գա նորը, ցավոք, սխալվեցինք, քանզի մերժեցինք հայի հայկականությունը, գաղափարը, արցախյան գոյամարտը ստորադասեցինք ՚՚ հեղափոխությանը՚՚ և սկսեցինք ավերել, ավերել այն ամենը, ինչ հայկական էր, ինչը բնորոշ էր հային: Հայ մարդուց վերածվեցինք սևերի և սպիտակների, նախկինների և ներկաների, հերոսները դարձան դավադիրներ, Ալիևը դարձավ կիրթ, սկսեցին մտածել ադրբեջանական ժողովրդի ցանկությունները բավարարելու մասին: Քանդեցին պետության ինստիտուտները, դատավորները դարձան վնգստացողներ, զինվորը՝ թերսնուցված:

    2020 թվական, սեպտեմբերի 27՝ պայթեց պատերազմը: Պատերազմ, որի մասին շատերը խոսում էին երկու տարի շարունակ, պատերազմ, որի մասին ահազանգում էր մեր քաղաքական թիմը 2020 թվականի Արցախի համապետական ընտրությունների ընթացքում:Պատերազմ, երբ հենց այս դահլիճում, 2020 թվականի ամռանը մեր խմբակցությունը առաջարկում էր զորավարժություն անցկացնել, քանզի մոտալուտ պատերազմի սառը շունչ կար, սակայն մերժեցին: Ունեցանք խայտառակ մի պատերազմ, որտեղ հայը կորցրեց, կորցրեց հազարավոր քաջորդիների, Հայրենիքի մեծ կտոր, հազարավոր ընտանիքների ճակատագրեր խեղվեցին։ Կորցրեց, որովհետև երկու իշխանություններն էլ ողջ պատերազմի ընթացքում վարպետորեն շեղեցին՝ մեկը «գործնական» ու«մտահոգ» տեսք էր ընդունել, մյուսը «զինվորների հետ սուրճ էր խմում» ու իրենք հաղթում էին, իսկ հայը կոտորվում ու բնավեր էր լինում։

    Մոտ մեկ տարի է, ինչ Մայր Հայաստանն են բզիկ-բզիկ անում։ Աչքներիս առաջ շարունակում են թշնամուն տալ մեր Հայրենիքը, հետո իբր ինչ-որ մաս փրկելու համար (ինչպես Արցախի դեպքում արեցին) Փաշինյան Նիկոլը նաև կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նոյեմբերի 9-ի նման մի օր, կպարզվի, որ այլևս ոչ Արցախի հարց և ոչ էլ հայկական հարց գոյություն չունի։

    2021 թվական սեպտեմբերի 2՝ սարսափելի է ընդունել, որ երբեք չենք կարող վերադարձնել մեր հազարավոր քաջորդիներին, բայց հանուն հայկական պետականության փրկության, Հայ ազգի համար այս շրջանում, մենք պարտավոր ենք վերլուծել, դասեր քաղել և ադեկվատ գնահատական տալ մի շարք չափազանց կարևոր հիմնախնդիրների, որոնց լուծման գործում ազգային քաղաքական միտքը սխալվելու ոչ իրավունք, ոչ հնարավորություն չունի, քանզի սխալվելը հավասարազոր է կործանման։ Պետությունը կոչված է ազգային գաղափարախոսության հիմնադրույթներն իրականացնելու համար և, եթե իշխանավորները չեն կատարում այդ խնդիրը, նրանք պետք է հեռացվեն իշխանությունից։ Կռվելով՝ ժողովուրդը հայրենիք է պահում, փախչելով՝ կյանքն է պահպանում, բայց կորցնում է հայրենիքը, որը դնում է իր և իր ժառանգների՝ որպես կործանման սկիզբ։ Այս գաղափարը բազմիցս արծարծվել է մեր գործընկեր Հայաստան և Պատիվ ունեմ դաշինքների հետ տարբեր ձևաչափերով հանդիպումների ընթացքում: Վստահ ենք, որ մենք կարողանալու ենք:

    Եվ վերջում չափազանց կարևոր հիշեցում. 1992 թվականին, երբ Արցախի տարածքի շուրջ 60%-ը բռնազավթված էր Ադրբեջանի կողմից, դժվար էր պատկերացնել, որ հնարավոր կլիներ բեկում մտցնել կենաց ու մահու այդ կռվում։ Բայց հմուտ կառավարման, ռեսուրսների համախմբման արդյունքում հնարավոր եղավ ոչ միայն վերականգնել կորցրածը, այլ ազատագրել մեր բռնազավթված հայրենիքի մի մասը։ Եվ այսօր, պետք է հենց այս տրամաբանությամբ մոտենալ խնդիրների լուծմանը:

    Հարգելի հայրենակիցներ

    Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 2-ին Արցախում տոնական միջոցառումներ էին անցկացվում։ Այս տարի նույնպես մի շարք միջոցառումներ են նախատեսված, սակայն այս իշխանությունները զրկեցին մեզ մեր հպարտության ու ապրեցնող տոնից, այն այսօր 30 տարեկան է, սակայն սգավոր ու գլխիկոր։

    Շնորհավոր Հանրապետության օրդ Հայի Արցախ…

  • Aimchess US Rapid. Արոնյանն ուժեղ էր Մամեդյարովից՝ 3։1

    Aimchess US Rapid. Արոնյանն ուժեղ էր Մամեդյարովից՝ 3։1

    news.am

    Արագ շախմատի Aimchess US Rapid օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչի առաջին օրը Լեւոն Արոնյանը պարտության մատնեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին։

    Հայ գրոսմայստերը չորս պարտիայից երեքում հաղթանակ տարավ, մեկում պարտվեց՝ 3։1։

    Սեպտեմբերի 1-ին տեղի կունենա պատասխան մրցամարտը։ Հավասարության դեպքում կանցկացվի թայ-բրեյք։

    Քառորդ եզրափակիչի մյուս դիմակայություններում առաջին օրը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 2,5։0,5 հաշվով հաղթեց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդային, Ֆրանսիան ներկայացնող Ալիրեզա Ֆիրուջան նույն հաշվով ուժեղ էր ամերիկացի Ուեսլի Սոյից,  ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիեւը 2։2 հաշվով խաղաց ամերիկացի Լենիեր Դոմինգեսի հետ։

  • Աֆղանստանի նոր կառավարությունում նախկին վարչակազմի պաշտոնյաներ չեն լինի․ Al Jazeera

    Աֆղանստանի նոր կառավարությունում նախկին վարչակազմի պաշտոնյաներ չեն լինի․ Al Jazeera

    Աֆղանստանի նոր կառավարությունը չի ներառի երկրի նախկին վարչակազմի ներկայացուցիչներ: Այդ մասին այսօր հայտարարել է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով արմատական ​​«Թալիբան» շարժման աղբյուրին:

    Նշվում է, որ նոր կառավարության կազմը կհրապարակվի մի քանի օրվա ընթացքում:

  • Արարատ Միրզոյանի առաջին սայթաքումը. «Ժողովուրդ»

    Արարատ Միրզոյանի առաջին սայթաքումը. «Ժողովուրդ»

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արարատ Միրզոյանի՝ արտաքին գործերի նախարար նշանակվելուց 11 օր անց նա արդեն իր առաջին սայթաքումն է անում եւ այնպիսի հայտարարություններ հնչեցնում, որոնք հակասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեռեւս քարոզարշավի ժամանակ արված հայտարարություններից մեկին:

    Բանն այն է, որ ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանը ուղերձ էր հղել բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ եւ, մասնավորապես, նշել. «Ադրբեջանում գտնվող հայ գերիներն ու պատանդները ենթարկվում են խոշտանգումների, անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի: Արդեն արձանագրված են նաեւ նրանց կյանքի իրավունքից զրկելու դեպքեր: Շարունակվում են հայ ռազմագերիների ապօրինի եւ շինծու դատավարությունները»:

    Այսինքն՝ նորանշանակ նախարարն ընդունում է, որ հայ գերիներն Ադրբեջանում վատ վերաբերմունքի են արժանանում, այնինչ քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր. «Այդ տղաները Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության, Հայաստանի ինքնիշխանության համար։ Նրանք մեզ կներեն 1-2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց նրանք չեն ների, եթե մենք, հանուն իրենց ազատության, զիջենք մեր երկրի անկախությունը»,-ասել է Փաշինյանը։

    Ստացվում է՝ Փաշինյանը խնդրում էր տղաներին համբերել, իսկ Միրզոյանը խոսում է նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Պուտինը` Աֆղանստանում ԱՄՆ-ի 20-ամյա ներկայության արդյունքների մասին

    Միացյալ Նահանգները 20 տարի փորձում է իր չափանիշներն իրագործել Աֆղանստանում, բայց արդյունքը եղան միայն կորուստներ, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

    «Քսան տարի ամերիկյան զորքերը ներկա էին այդ տարածքում և քսան տարի փորձում էին քաղաքակիրթ դարձնել այնտեղ ապրող մարդկանց, ներմուծել կյանքի նորմեր ու չափանիշներ` բառի ամենալայն իմաստով, ներառյալ հասարակության քաղաքական կազմակերպումը», – Պուտինի խոսքերը հայտնում է Իզվեստիան:

    Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ արդյունքում եղան միայն ողբերգություններ և կորուստներ՝ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Աֆղանստանում ապրողների համար:

    «Արդյունքը զրոյական է, եթե չասենք, որ ամեն ինչ դեպի բացասականն է շարժվել», – հավելել է Պուտինը: