Day:Հուլիսի 31, 2021

  • Դավիթ Բեկից 1-1,5կմ-ի վրա Ադրբեջանն ամրապնդում է դիրքերը. ԶՈւ քանակը գերազանցում է մերոնց

    Դավիթ Բեկից 1-1,5կմ-ի վրա Ադրբեջանն ամրապնդում է դիրքերը. ԶՈւ քանակը գերազանցում է մերոնց

    Ադրբեջանցիները Սյունիք մարզի Դավիթ Բեկ գյուղից 1-1․5 կմ հեռավորության վրա են, բայց գյուղում վտանգավոր ելումուտեր չեն լինում, սադրանքների չեն դիմում, փոխարենը ամրապնդում են իրենց դիրքերը։

    Վարչական ղեկավար Բենիամին Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ մոտ երկու շաբաթ առաջ կենդանիներ են անցել ադրբեջանական կողմ ու մինչև այսօր չեն վերադարձվել.

    «Մեզ մոտ նման դեպքեր չեն եղել, որ ադրբեջանցիները ելումուտ անեն։ Հուլիսի 14-ին հինգ անասուն անցել է սահմանը, հետ բերել չի հաջողվել։ Ռուսներին էլ ենք ասել, բայց Ադրբեջանն ասում է՝ մեզ մոտ անասուն չի անցել»։

    Սահմանից այն կողմ ադրբեջանցիները դեռ երեք ամիս առաջ ակտիվ շինարարություն էին իրականացնում։ Ադրբեջանական ԶՈՒ-երի քանակը համեմատաբար ավելի շատ է։

    «Շարունակում են իրենց գործողությունները, ավելի են ամրապնդվում, մերի նման չէ, մի քիչ ավելի լավ է իրենցը։ Իրենց դիրքերը շատ չեն, բայց մեծ-մեծ են, քանակով շատ են դիրքավորված»,- ասել է վարչական ղեկավարը՝ նշելով, որ նրանց զինվորների թիվը գերազանցում է եւ «մեզնից հաստատ շատ են»։

    Պողոսյանը նշել է, որ մինչ պատերազմը գյուղն ուներ 500 բնակիչ, այս պահին Դավիթ բեկում 440 փաստացի ապրող կա։ Գյուղում գազամատակարարում չունեն, պատերազմից հետո 50 հա սեփականաշնորհված հողերն անցել է ադրբեջանական կողմին։

    Սահմանին մոտ հողերում պատերազմի պատճառով գյուղացիները ցանք չէին կատարել, բայց խոտհարքը կազմակերպել են ու ավարտին հասցրել։

    Պողոսյանի խոսքերով՝ բոլոր բնակիչները տուժվել են։ Տուժել են նաև հրետակոծության պատճառով, վնասել է 93 տուն, որի համար պետությունը փոխհատուցում է տրամադրել.

    «Ամեն դեպքում բնակիչները էդքան էլ ապահով չեն զգում։ Չնայած մեզ մոտ կրակոցներ ու նման դեպքեր չեն լինում»։

  • Քասախ գետի ափամերձ տարածքները կմաքրվեն կենցաղային աղբից

    Քասախ գետի ափամերձ տարածքները կմաքրվեն կենցաղային աղբից

    ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնում է․

    «Հուլիսի 15-ին Արմավիրի մարզպետարանում կայացած Քասախ գետի կոշտ կենցաղային թափոններով աղտոտվածությանը և մաքրման աշխատանքներին ուղղված քննարկման արդյունքում համայնքի ղեկավարների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Առատաշեն, Խորոնք, Ծաղկունք, Ամբերդ, Ծիածան, Դողս, Մրգաստան համայնքներում, ինչպես նաև Երևան-Արմավիր մայրուղու Քասախ գետի կամրջի հատվածում (Ծաղկունք և Հովտամեջ համայնքներ) կազմակերպել Քասախ գետի ափամերձ տարածքների կենցաղային աղբից մաքրմանն ուղղված միջոցառում՝ համապատասխան պետական մարմինների և համայնքների բնակչության մասնակցությամբ։

    Խնդրում ենք ձեր մասնակցությամբ աջակցել Արմավիրին սույն թվականի օգոստոսի 7-ին ժամը 09:00-ից կազմակերպել վերոնշյալ միջոցառումը:

    Հարգելի´ քաղաքացիներ, մենք նպատակ ունենք հետևողականորեն հասնել էկոհամակարգի համար սպառնալիք հանդիսացող մարդածին գործոնների ու որպես դրանց ածանցյալ՝ բնական երևույթների աստիճանական նվազեցմանն ու իսպառ բացառմանը»։

  • Նա վավերագրում էր մեր ինքնությունը. Վ. Մանուկյանի ցավակցագիրը՝ Ա. Շեկոյանի մահվան կապակցությամբ

    Նա վավերագրում էր մեր ինքնությունը. Վ. Մանուկյանի ցավակցագիրը՝ Ա. Շեկոյանի մահվան կապակցությամբ

    Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ.

    «Կյանքից հեռացավ տաղանդավոր բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանը։ Նա ժամանակակից հայ գրականության ամենաինքնատիպ ձեռագրերից մեկն էր, որը վավերագրում էր մեր իրականությունը՝ երբեմն սուր սարկազմով ու ցավոտ անկեղծությամբ, բայց այդ իրականությունն ավելի լուսավոր դարձնելու երազանքով։ Արմեն Շեկոյանը նաև Երևանի սիմվոլներից մեկն էր, որի մեջ ամփոփված էր երևանյան երբեմնի կոլորիտն ու հիշողությունը։ Խորին ցավակցություն եմ հայտնում սիրված գրողի ընտանիքին, հարազատներին և նրա գրականության երկրպագուներին»,- նշված է ցավակցագրում։

  • Վարչապետը պետք է այնպես գործեր, որ թշնամի երկիրը հզորացնելու փոխարեն թուլացներ. իրանագետ

    Վարչապետը պետք է այնպես գործեր, որ թշնամի երկիրը հզորացնելու փոխարեն թուլացներ. իրանագետ

    Իրանագետ Ահարոն Վարդանյանը գրում է.

    «Լավ, ինչի՞ պետք է իմ վճարած հարկերի հաշվին վարձատրվող վարչապետը մտածի էն երկրի մասին, որը սպանել է իմ մանկության ընկերոջը, որի պատճառով որբ են մնացել վերջինիս ու իր նման մի քանի հազար հայորդիների երեխաները, այրիացել կանայք, դարդից, վշտիվ, ցավից ու անելանելիությունից ծերացել ու խոլագարվել ծնողները։

    Ինչի՞ պետք է այդ նույն վարչապետը հայտարարի, որ պետք է բացվեն ճանապարհները, որ Ադրբեջան կոչվող քաղծկեղածին ելույթը պետք է իմ երկրի վրայով ելք ունենա դեպի Նախիջևան ու եսիմ էլ որ ջհանդամ դարասին ու նման մի շարք անհեթեթ ու անտրամաբանական «պետք է»-ներ:

    Իմ պատկերացումներով՝ ՀՀ վարչապետը ներկայումս, նաև հաշվի առնելով Հայաստանի համար ստեղծված աշխարհաքաղաքական բարդ ու օրհասական վիճակը, ոչ թե պետք է մտածեր այնպիսի քայլեր անել, որոնց արդյունքում թշնամի երկիրը կհզորանա, այլ ընդհակառակը՝ անել այնպես, որ թշնամին թուլանա»։

  • ԵՄ-ն սկսում է իր տնտեսությունը պատրաստել կլիմայի փոփոխության պատճառով համակարգային աղետներին

    Եվրամիությունը սկսել է նախապատրաստել իր տնտեսությունը կլիմայի գլոբալ փոփոխության արդյունքում հնարավոր համակարգային բնական աղետներին: Ինչպես հաղորդել է Reuters-ը, Եվրահանձնաժողովը հատուկ կանոնակարգ է մշակել ԵՄ-ում ենթակառուցվածքների և էներգետիկ օբյեկտների հուսալիությունը բարելավելու համար:

    Միայն այս պահանջներին համապատասխանող նախագծերը կկարողանան 17,5 միլիարդ եվրոյի չափով լրացուցիչ ֆինանսավորում ստանալ ԵՄ կայուն զարգացման հիմնադրամից:

    Նոր պահանջները նախատեսում են ճանապարհային և երկաթուղային կամուրջների և թունելների հուսալիության բարձրացում, մայրուղիների, էլեկտրակայանների և էլեկտրահաղորդման գծերի՝ ջրհեղեղներից, փոթորիկներից, երաշտներից և այլ տարերային աղետներից պաշտպանություն:

    Այս կանոնակարգը կդառնա ԵՄ տնտեսության գլոբալ վերակառուցման ծրագրի մաս` մինչև 2050 թվականը ածխածնի զրոյական արտանետումների հասնելու նպատակով: Եվրահանձնաժողովի հաշվարկների համաձայն, այս առաջադրանքը կպահանջի առնվազն 1 տրիլիոն եվրո ներդրումներ:

  • Լա՛վ եմ արել, լա՛վ եմ անում, կարու՛մ եմ՝ անում եմ

    Լա՛վ եմ արել, լա՛վ եմ անում, կարու՛մ եմ՝ անում եմ

    Ամեն օր մի նոր լկտիություն ու այլանդակություն է բացահայտվում կամ բացեիբաց տեղի ունենում՝ Նիկոլի ու նրա անմիջական ենթակաների մասնակցությամբ:

    Այդ շարքի ամենից անմեղ իրադարձությունը մամուլում որպես «շիշ բռնող» հայտնի, լրագրողի միկրոֆոն թռցնող Հայկ Սարգսյանի հարսանիքն էր: Դա, իհարկե, զուտ անձնական բնույթի իրադարձություն է, ուստի չենք մանրանա: Թերևս կարող էին ավելի համեստ պսակադրություն անել, այլ ոչ մետրերով չափվող տորթերով և հրավառություններով: Բայց, սրանք չէ՞ որ, նիկոլական են:

    Շատ ավելի հետաքրքրական է, որ նույն Հայկ Սարգսյանին կամ նրա ընկերներին վերագրվող հանգստավայրերից մեկը, թշնամու կողմից Հայաստանի սահմանների վրա հարձակման վերջին ակտիվացման հետ միաժամանակ, զբաղված է հանստացողներ ներգրավելու գովազդով: Դա արդեն բացահայտ ցինիզմ է ու սադրիչ պահվածք:

    Սակայն դա միակ օրինակը չէ:

    Տեսեք, Նիկոլի «պոչը բռնելու» և այդ «պոչը» բավականին լավ «յուղելու» հանգամանքներում վերստին ԱԺ ներթափանցած օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, Երևանի կենտրոնում, կարելի է ասել՝ օրը ցերեկով (դեպքը երեկոյան 19-ի սահմաններում է եղել, հուլիսի 18-ին) գնդակահարել է մի քաղաքացու՝ վիրավորելով վերջինիս: Այ էդպես, վերցրել է ատրճանակն, ցուցադրաբար լիցքավորել է ու կրակ է բացել փողոցի մեջտեղում, ԱԱԾ շենքի դիմաց:

    Շքե՞ղ է, չէ:

    Եվ քանի որ դա Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է, ո՛չ Նիկոլի ու «Ազատություն» ռադիոկայանի ձայնն է լսվում, թե բա՝ հասեեեեք, այս ի՜նչ է կատարվում և այլն (դե, այն կաղկանձը, որ դրանք մի 25 տարի բարձրացնում էին ցանկացած նման միջադեպի հետ կապված), ոչ էլ, բնականաբար, նրանց անմիջական տիկնիկավար դեսպանատների վնգստոցը: Դե գիտեք, դա հանրահայտ ամերիկյան մոտեցում է՝ «Սամոսան շան տղա է, բայց նա Վաշինգտոնի շան տղան է…»: Դե Նիկոլն էլ է իրենցը, Գռզոն էլ, ինչո՞ւ պիտի ձայն հանեն: Դե լավ, սատանան այդ ծախված օտարազգի դիվանագետների, հայազգի ներկայացող ծախու «իրավապաշտպան» սորոսական գործակալների հետ:

    Մանավանդ, որ մեկ այլ խիստ բնութագրական օրինակ կա: Նիկոլի ու նիկոլականների կեղծավորության, երկերեսանիության, ցածրության տեսանկյունից՝ այցեքարտայի՛ն օրինակ: Նրա նշանակած Սյունիքի մարզպետ աշխատող Մելիքսեթ Պողոսյանի որդուն արդեն մեկ ամիս է՝ հետախուզում են, սակայն հորը գործիչ չեն հանում։ Նենց այդ ամենը գնում, կարծես այդպես էլ պիտի լիներ։ Կհիշեք՝ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին, որ սկանդալային պատմության մեջ էր հայտնվել՝ գլխավոր գործող անձի դերում՝ բանակի փոխգնդապետ Արա Մխիթարյանի վրա հարձակվելու, մի խումբ հանցակիցների կողմից դաժան ծեծի ենթարկելու և, ըստ էության՝ սպանության փորձ կատարելու հետ կապված: Անգիտակից վիճակի հասցված և գլխուղեղի ծանրագույն վնասվածքներ ստացած փոխգնդապետի հայրը և հարազատները մեղադրում էին ուղղակիորեն Նիկոլի մտերիմ, նրա հաշվին Վայոց ձորի մարզպետ դրված Տրդատ Սարգսյանին: Եվ ի՞նչ: Ճիշտ է, Նիկոլը բարձր է գնահատում Տրդատ Սարգսյանի այդ արարքը և փոխգնդապետ, պարզապես հայ զինվորական Արա Մխիթարյանին ծանրագույն վնասվածքներ հասցնելու համար պարգևատրում է Տրդատին՝ ՔՊ ցուցակով մտցնելով ԱԺ:

    Գիտեք, նախկինների մասին ինչ էլ գրեն կամ չգրեն, անհերքելի փաստ է, որ բժիշկ Վահե Ավետյանի դաժան ծեծի ու մահվան (սպանության) հետ կապված, իշխանական խմբակցության պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հանրային ճնշման պայմաններում և իր քաղաքական առաջնորդի հորդորով վայր դրեց պատգամավորական մանդատը: Պատճառն այն էր, որ ռազմական բժշկի վրա հարձակումը տեղի էր ունեցել տվյալ պատգամավորին պատկանող ռեստորանային համալիրում, այդ համալիրի աշխատակիցների կողմից:

    Բայց հիմա իրավիճակ է փոխվել. մեկը, ով առնվազն հարազատների կողմից մեղադրվել է իրենց որդուն, ըստ էության սպանելու մեջ, պատգամավորական մանդատով է պարգևատրվում Նիկոլի կողմից: Ինչպես, ասենք, փետրվարի 31 հայտնաբերած Արշակյանը պարգևատրվում է լրագրողի վրա խուլիգանական դրդումներով հարձակվելու համար: Կամ նույն Հայկ Սարգսյանը, որը որևէ կերպ աչքի չընկավ, որպես խորդարանական, սակայն կհիշվի որպես Փաշինյանի ջրի շիշը բռնելով և լրագրող Սյուզի Բադոյանի միկրոֆոնը առևանգելով և դարձյալ, պատժվելու փոխարեն, ստանում է հերթական մանդատը։ Կարելի է չկասկածել, որ, օրինակ Խաչատուր Սուքիասյանի եղբորն էլ «Արիության մեդալով» կպարգևատրեն, իսկ դատել կտան նրա կողմից արձակած կրակոցից տուժած անձնավորությանը:

    Հիմա ամենակարևոր հարցը: Ինչո՞վ է պայմանավորված Նիկոլի ու նիկոլականների այս վայրագ սանձարձակությունը, այս գերլկտի ու բացարձակապես բոլորի, օրենքների ու ամեն ինչի վրա թքած ունեցած պահվածքը և խլրտուքը:

    Հասկանալի է, որ դա անպատժելիության զգացողությունից է: Բայց որտեղի՞ց այդ զգացողությունը:

    Բանն այն է, որ թե՛ Նիկոլը, թե՛ նրա մտերիմները գերհամոզված, գերվստահ են, որ իրենք, առանձին-առանձին ու իրենց քպախմբով արդե՛ն լիովին մարսել են իրենց գործած անններելի ոճիրները: Իրենք վստահ են, որ մարսել են Արցախը դավաճանաբար թուրքին հանձնելը: Իրենք վստահ են, որ մարսել են Հայոց բանակի ավելի քան 5000 զինվորների ու սպաների մահվան մատնելը, իրենք վստահ են, որ մարսել են ազգի ու պետության դեմ գործած ծանրագույն հանցանքները: Այ հենց դրանից էլ ավելի ու ավելի են լկտիացել:

    Արմեն Հակոբյան

    Հ.Գ. Ի դեպ, թալեաթն էլ էր վստահ, որ մարսել է, մինչև…

  • Ինձ տանը հիվանդ մայրս է սպասում. հայ գերին Բաքվի դատարանում խնդրում է արդարացնել իրեն

    Ինձ տանը հիվանդ մայրս է սպասում. հայ գերին Բաքվի դատարանում խնդրում է արդարացնել իրեն

    Պարոն դատավոր, տանն ունեմ հիվանդ մայր, որը հիմա ինձ է սպասում. այս մասին Բաքվի դատարնում ասել է հայ ռազմագերին և խնդրել արդարացնել իրեն:

    https://youtu.be/8sx1Nw_ru18
  • Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են գազի տարանցման երկարաժամկետ համաձայնագրի կնքումը

    Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են գազի տարանցման երկարաժամկետ համաձայնագրի կնքումը

    Ռուսաստանը և Թուրքիան բանակցություններ են վարում գազի տարանցման վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագրի շուրջ, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

    Նրա խոսքով՝ ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում աշխատանքային խումբը քննարկել է ռուսական Газпром экспорт և թուրքական Botas ընկերությունների միջև առկա հարցերը:

    «Խոսքը երկարաժամկետ [գազի] տարանցման պայմանագիր կնքելու մասին է», ասել է նա՝ չբացահայտելով պայմանագրի մանրամասները:

    Ռուսաստանը Թուրքիային գազ է մատակարարում Սև ծովով անցնող «Թուրքական հոսք» գազատարով: Գազատարի նախագծային հզորությունը 31,5 միլիարդ խորանարդ մետր տարեկան գազ է, այն նախատեսված է Թուրքիա և Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրներ գազ մատակարարելու համար`Թուրքիայի տարածքով տարանցիկ փոխադրման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը: