Day:Հուլիսի 3, 2021

  • Թորոսյանի «բարեփոխումների» արդյունքում մեկուկես տարում մարզային 7 բուժկենտրոնների մանկաբարձական բաժանմունքներ են փակվել․ News.am

    Թորոսյանի «բարեփոխումների» արդյունքում մեկուկես տարում մարզային 7 բուժկենտրոնների մանկաբարձական բաժանմունքներ են փակվել․ News.am

    NEWS.am-ը գրում է․ Հանրապետության չորս մարզերի բնակիչներ արդեն մեկուկես տարի է «վայելում են» Առողջապահության ոլորտում  նախկին նախարար Արսեն Թորոսյանի իրականացրած «բարեփոխումների» պտուղները։ Պարզվում է, առողջապահության նախարարի 2018-ի հրամանով սահմանված նոր պահանջներին չհամապատասխանելու արդյունքում՝ նախորդ տարվանից մարզային 7 բուժկենտրոններ այլևս պետպատվերով մանկաբարձագինեկոլոգիական ծառայություններ չեն մատուցում։

    NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ վերջին տարիներին նախարարության կողմից որևէ ծննդատուն չի փակվել։ Փոխարենը 2020թ. բժշկական օգնության և սպասարկման պետական պատվեր տրամադրող  հանձնաժողովի համապատասխան որոշումներով մասնակի մերժվել են Շիրակի մարզի «Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ–ի, «Գառնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ–ի, Տավուշի մարզի «Աչաջրի առողջության կոնտրոն» և «Արծվաբերդի առողջության կոնտրոն» ՊՈԱԿ–ների, Արագածոտնի մարզի «Ծաղկահովիտի բժշկական կոնտրոն» ՓԲԸ–ի և «Արտենիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ–ի, Սյունիքի մարզի Քաջարանի առողջության կոնտրոն ՓԲԸ–ի կողմից ներկայացված 2020թ. պետական պատվերի հայտերը՝ մանկաբարձական և գինեկոլոգիական տեսակների մասով։ Նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը նման որոշման է հանգել՝ «հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում պետական պատվերով իրականացվող նմանատիպ այլ ծառայությունների առկայությունը և դրանց ծանրաբեռնվածության մակարդակը, ինչպես նաև նշված ծառայության գծով բնակչության շրջանում առկա պահանջարկը»։ Հայտերի մերժման հիմք է հանդիսացել առողջապահության նախարարի 2018թ. համապատասխան հրամանով սահմանված մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներին ներկայացված պահանջներին չհամապատասխանելը։

    Նախարարությունից պարզաբանել են, որ հիշյալ բժշկական կազմակերպություններում հիմնականում չեն եղել անեսթեզոլոգներ և նեոնատոլոգներ։

    «Բոլոր կենտրոններում մանկաբարձ գինեկոլոգները չեն կատարել վիրահատություններ։ Բուժանձնակազմերի գերակշիռ մասը համատեղությամբ զբաղեցրել են մի քանի հաստիք, եղել են կոնսաթոշակառուներ՝ մանկաբարձուհի, մայրապետ»,–ասված է մեզ ուղարկված պատասխանում։

     Անդրադառնալով մակաբարձագինեկոլոգիական բաժանմունքների փակման արդյունքում աշխատանքը կորցրած բուժաշխատողների քանակին, նախարարությունից հստակ թիվ չեն նշել, փոխարենը ենթադրություն են արել, թե ով կարող էր զրկվել աշխատանքից։

    «Աշխատանքից փատացի կարող էին զրկվել Մարալիկի ԱԿ–ի 4 մանկաբարձուհի, 3 մանկական բուժքույր, 4 մայրապետ, Աչաջրի ԱԿ–ի մանկաբարձուհին»,–հայտնել են նախարարությունից՝ հավելելով, որ այս գործընթացը սկսվել է 2018–ին և վերոնշյալ բժշկական կազմակերպությունների հիմնադիրներ հանդիսացող մարզպետարանները կարող էին աշխատանքներ իրականացնել առանց աշխատանքի մնացող կադրերի աշխատանքով ապահովման ուղղությամբ։

    Մինչդեռ NEWS.am–ի տեղեկություններով՝ մարզային 7 բուժկենտրոնների մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքների փակման արդյունքում գործազուրկ դարձած աշխատակիցների թիվն անհամեմատ մեծ է նախարարության ներկայացրած ցուցանիշից։ Հիշեցնենք, որ այս որոշումների արդյունքում այլևս հղի կանայք և ծննդկանները չեն կարող անվճար ծննդօգնություն ստանալու նպատակով այցելել իրենց բնակավայրին մոտ գտնվող հիշյալ բուժհաստատություններ, այլ ստիպված են օգտվել մարզկենտրոններում կամ Երևանում գործող բժշկական կազմակերպությունների ծառայություններից։ 

  • Բաքվի դատարանը հրապարակել է շիրակցի 14 գերիների շինծու գործով դատավճիռը.ՀԵՏՔ

    Բաքվի դատարանը հրապարակել է շիրակցի 14 գերիների շինծու գործով դատավճիռը.ՀԵՏՔ

    Բաքվի դատարանը հրապարակել է շիրակցի 14 գերիների շինծու գործով դատավճիռը։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ այդմ, գերիներ Հրաչ Ավագյանն ու Գեղամ Սերոբյանը դատապարտվել են 4 տարվա ազատազրկման, իսկ մյուս 12-ը՝ 6 ամիս ազատազրկման։ 

    Հիշեցնենք, որ շիրակցի 14 գերիների շինծու դատական գործի շրջանակներում մեղադրյալի աթոռին էին հայտնվել Գեղամ Սերոբյանը, Հրաչ Ավագյանը, Արմեն Բաղասյանը, Գոռ Գասպարյանը, Կամո Սեֆիլյանը, Վոլոդյա Հակոբյանը, Գևորգ Ասերտյանը, Սիսակ Ենգոյանը, Ալբերտ Պետրոսյանը, Ռոմիկ Սեդրակյանը, Արամ Մինոսյանը, Մկրտիչ Մինոսյանը, Էդգար Մաթեսյանը և Յուրա Կարապետյանը։ 

    Ավելի վաղ, մեղադրող դատախազը դատարանից խնդրել էր Հրաչ Ավագյանի և Գեղամ Սերոբյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման, իսկ մյուսներին՝ 2 տարվա։ Այդուհանդերձ, դատարանի որոշմամբ Հրաչ Ավագյանն ու Գեղամ Սերոբյանը դատապարտվեցին 4, իսկ մյուս 12 գերիները՝ 6 ամիս ազատազրկման։ 

    Գերիները դատապարտվել են միայն մեկ հոդվածով՝ սահմանի անօրինական հատում։ Դատախազը դատարանին խնդրել է մեղադրանքից հանել մյուս հոդվածները, որոնք ավելի վաղ ներկայացվել էին հայ գերիներին։ Հիշեցնենք, որ այդ հոդվածների թվում էին ահաբեկչական գործողությունները, զենքի ապօրինի ձեռքբերումը և այլն։ 

    hetq.am

  • «Իրանի ընտրությունները քննադատողները քվեատուփը չեն տարբերում մրգերի արկղից». Խամենեի

    «Իրանի ընտրությունները քննադատողները քվեատուփը չեն տարբերում մրգերի արկղից». Խամենեի

    2021 թ. հունիսի 18-ին նախագահական 13-րդ ընտրություններում Հոջաթոլէսլամ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին ընտրվեց Իրանի 8-րդ նախագահՙ 28,9 միլիոն քվեիցՙ ստանալով 17,9 միլիոնը: Ռայիսիի օգտին քվեարկել է ընտրություններին մասնակցած Իրանի քաղաքացիների 62 %-ը:

    Այդուհանդերձ ընտրողների մասնակցության ցուցանիշը ցածր է եղելՙ մոտ 48%, բայց սպասելի: Դրա պատճառը Իրանի Պահապանների խորհրդի կողմից բոլոր ազդեցիկ բարեփոխական թեկնածուների որակազրկումն էր, որը նպաստավոր պայմաններ է ստեղծել գերագույն հոգեւոր առաջնորդ Այաթոլահ Ալի Խամենեիի հովանավորությունը վայելող Ռայիսիի հաղթանակի համար:

    Հիշարժան է Իսլամական հեղափոխության առաջնորդ Խամենեիի խոսքնՙ ուղղված ԱՄՆ-ին եւ Իսրայելին. «Ոմանք, ովքեր քննադատում են Իրանի ընտրությունները, քվեատուփը չեն տարբերում մրգերի արկղից»:

    Քվեատուփի արժեքը լավագույնս գիտակցելով եւ պատասխանատվությամբ մոտենալովՙ իրանական հոգեւոր-քաղաքական էլիտային հաջողվեց հմտորեն սրբագրել նախորդ ընտրությունների բացթողումներն այդ ուղղությամբ եւ խուսափել միջադեպերից, որն էլ այս ընտրության համար հաջողություն համարել: Խոսքը վերաբերում է Իրանի թյուրքախոս բնակչության հատվածում հետընտրական բողոքների բացառմանը:

    Ավելին, թեեւ զտման գործընթացի արդյունքում հարյուրավոր թեկնածուներ դուրս մնացին մրցապայքարից, իսկ հաստատված յոթ թեկնածուներից երեքըՙ Ջալիլին, Զաքանին եւ Մեհրալիզադեն ինքնաբացարկ հայտնեցին, այնուամենայնիվ, իրանական քաղաքական մշակույթի ձեռքբերումն է ներկայիս հետընտրական խաղաղ իրավիճակը եւ ժողովրդի միասնականության պահպանումը:

    Այդ առիթով քաղաքական ձեւակերպումով է հանդես եկել հակաիրանական դիրքորոշմամբ հայտնի իսրայելական «Haaretz» օրաթերթը, որի գնահատմամբՙ ընտրությունների կարեւոր պատգամը ժողովրդի վստահության քվեն էր իսլամական հանրապետության համակարգին եւ այն, որ ժողովուրդն իր սոցիալ-տնտեսական խնդիրները չի վերագրում իսլամական հանրապետությանը, դրանք համարում է արտաքին ճնշման եւ մարդկային սխալ գործելակերպի հետեւանք:

    Հետաքրքրական է, որ «New York Times» օրաթերթն էլ նկատել է, որ ավելի քան 42 տարի Իրանի Իսլամական Հանրապետության գոյատեւման գաղտնիքը հեղափոխական կառավարությունն է:

    Եվ ահա պահպանողական հայացքներով հայտնի, Իրանի դատական համակարգի ղեկավար, 60-ամյա նորընտիր նախագահ Ռայիսին հայտարարել է, որ ձեւավորելու է գործնական, հեղափոխական ու հակակոռուպցիոն կառավարություն: Նշենք, որ Ռայիսին կստանձնի իշխանության ղեկը միայն օգոստոսի սկզբին:

    Իսկ մինչ այդՙ մամուլի ասուլիսի ընթացքում, Ռայիսին հայտնել է, որ պատժամիջոցների վերացումից հետո պատրաստ չէ հանդիպել Միացյալ Նահանգների նախագահ Բայդենի հետ: Ըստ Ռայիսիիՙ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի համաձայն ԱՄՆ-ը պարտավոր էր չեղարկել բոլոր պատժամիջոցները:

    Նշելի է, որ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն էլ հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի վերաբերյալ անելիքը քաղաքական որոշում է, այլ ոչ թե երկխոսություն, եթե որոշումներ կայացվեն, Իրանը բանակցությունների վերջին փուլում կլինի: Ըստ այդմ, կարելի է պնդել, որ ատոմային քաղաքականության հարցում Իրանը կշարունակի իր մոտեցումը առավել կոշտ ձեւակերպմամբ նաեւ առաջիկայում:

    Իրանի կառավարության խոսնակ Ալի Ռաբիի խոսքովՙ «Իրանի ժողովրդի մասնակցությունն ընտրություններին մեծ «ոչ» էր ընտրությունները բոյկոտելու քարոզիչներին, որոնք գտնվում էին տնտեսական պատժամիջոցները մշակողների շարքերում»:

    Ինչեւէ, հարկ է նշել, որ նորընտիր նախագահը ստանձնում է գործադիր իշխանության ղեկավարումը այնպիսի պայմաններում, երբ երկրում առկա է մինչեւ 45 % գնաճ, որը տնտեսության մեջ ռեկորդային ցուցանիշ է, չնայած իշխանությունների որոշ քայլերին, օրինակՙ վերջերս Իրանի առեւտրի ազատ գոտիներում, այդ թվումՙ Հայաստանին սահմանակից «Արաս»-ում, ազգային նախագծերի շնորհանդեսի բացումը ԻԻՀ գործող նախագահ Հասան Ռոհանիի հրամանով:

    Անդրադառնալով հայկական արտահերթ խորհրդարանական եւ իրանական հերթական նախագահական գրեթե միաժամանակյա (2 օրվա տարբերությամբ), ընտրություններին, ապա դրանք ընթացան կողմերի փոխադարձ շնորհավորանքներով: Իրանի նորընտիր նախագահին շնորհավորագրեր են հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաեւ Գարեգին Բ. Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Իրանի Հայոց թեմերի առաջնորդները: Ի դեպ, հունիսի 12-ին Արամ Ա. կաթողիկոսը hատուկ նամակով hորդորել է Իրանի երեք թեմերի առաջնորդներինՙ քաջալերելու իրենց հովանու ներքո գտնվող հավատացյալներին մասնակցելու ԻԻՀ նախագահական ընտրություններին:

    Նշենք, որ Իրանի արտգործնախարարության խոսնակ Խաթիբզադեն էլ շնորհավորել է Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների հաջող անցկացումը: Այսպիսով, երկու հարեւան երկրների նորընտիր իշխանությունները պետք է ձեռնամուխ լինեն իրենց ծրագրերի իրականացմանըՙ հաշվի առնելով այն բարդ խնդիրները, որոնք առաջացել են տարածաշրջանում, հատկապես Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախում եւ Հայաստանի հարավային հատվածում, որտեղ էլ կարող են բախվել գերտերությունների շահերը:

    ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ, Իրանագետ

  • Լիտվայի հետ սահմանին պայթուցիկով անօդաչու թռչող սարք է կալանվել․ Լուկաշենկո

    Լիտվայի հետ սահմանին պայթուցիկով անօդաչու թռչող սարք է կալանվել․ Լուկաշենկո

    Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է մեկ շաբաթ առաջ Լիտվայի հետ սահմանին անօդաչու թռչող սարքի կալանման մասին, որին կցված էր պայթուցիկ: Ըստ Բելտա գործակալության, որը հղում է անում պետության ղեկավարի խոսքերին, հնարավոր է եղել վնասազերծել պայթուցիկով անօդաչու թռչող սարքը:

    Բելառուսի նախագահը հավաստիացրել է, որ այդ դրվագը կհրապարակվի առաջիկայում: «Ես հանձնարարել եմ, որ այդ բոլոր դրվագները ներկայացվեն զանգվածային լրատվամիջոցներում:․․․ Նրանք հատել են սահմանը, մենք չենք կարող նրանց ներել», ասել է Լուկաշենկոն Անկախության օրվա առթիվ կայացած հանդիսավոր հանդիպման ժամանակ:

  • Գերլարված խաղում Իտալիան հաղթեց Բելգիային և նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր

    Գերլարված խաղում Իտալիան հաղթեց Բելգիային և նվաճեց կիսաեզրափակիչի ուղեգիր

    sportx.am

    ԵՎՐՈ 2020-ի քառորդ եզրափակչում Բելգիայի հավաքականը մրցում էր Իտալիայի ընտրանու հետ։

    Հանդիպման հաշիվը բացել է Նիկոլո Բարելան` 31-րդ րոպեին։

    44-րդ րոպեին Լորենցո Ինսինյեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը, սակայն 1 րոպե անց Սլավկո Վինչիչը նշանակեց 11-մետրանոց, որը հստակ իրացրեց Ռոմելու Լուկակուն։

    Այս հաղթանակի շնորհիվ Իտալիան դուրս է գալիս կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Իսպանիայի հետ։

  • Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային բանակցություններ է վարել իր ֆրանսիացի գործընկեր Էմանյուել Մակրոնի հետ: Ըստ Ռուսաստանի ղեկավարի մամուլի ծառայության, զրույցն իրականացվել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

    Ինչպես նշվում է Կրեմլի հաղորդագրության մեջ, «մանրակրկիտ կերպով քննարկվել է Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»: Նաև «հատուկ ուշադրություն է դարձվել եվրոպական մայրցամաքում կայունության և անվտանգության խնդիրներին»:

    Պուտինը Մակրոնին հայտնել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի իրականանցման մասին: Նա նաև ուշադրություն է հրավիրել այդ տարածաշրջանում մարդասիրական խնդիրների լուծման գործում Եվրոպային ներգրավելու անհրաժեշտության վրա:

  • Չինաստանի հարավ-արևելքում ջրհեղեղից տուժել է ավելի քան 1 միլիոն մարդ

    Չինաստանի հարավ-արևելյան Ցզյանսի նահանգում ջրհեղեղի հետևանքները ազդեցություն են թողել ավելի քան 1 միլիոն մարդու կյանքի վրա: Այդ մասին հաղորդել է Սինհուա գործակալությունը ՝ վկայակոկչելով ջրհեղեղի և երաշտի դեմ պայքարի տարածաշրջանային շտաբը:

    Ցզյանսիում ջրհեղեղի պատճառն ուժեղ անձրևներն էին, որոնք սկսվել են երկուշաբթի օրը: Ջրի հոսքերը ոչնչացրել են 156 տուն և վնասել 219-ը, ինչպես նաև հեղեղել գյուղատնտեսական մշակաբույսեր, որոնք զբաղեցնում էին 70 հազար հա տարածք:

    Ըստ շտաբի, ջրհեղեղները 1 միլիարդ յուանի ​​(մոտավորապես 160 միլիոն դոլար) տնտեսական վնաս են հասցրել տարածաշրջանին: Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ շաբաթ օրը անձրևներն աստիճանաբար կդադարեն: