Day:Փետրվարի 22, 2021

  • Փրկարարները Երեւանում հայտնաբերել են ՌԳԴ-5 տիպի նռնակ

    Փրկարարները Երեւանում հայտնաբերել են ՌԳԴ-5 տիպի նռնակ

    Փետրվարի 22-ին, ժամը 14:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Քաջազնունու փողոցի թիվ 6/7 հասցեում գտնվող տարադրամի փոխանակման կետում տեղի է ունեցել ավազակային հարձակում․ տարածքում նռնակ կա։

    Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։

    Պարզվել է, որ հայտնաբերվածը ՌԳԴ-5 տիպի մարտական նռնակ է։

    Փրկարարները սահմանազատել են տարածքը․ սակրավորները նռնակը տեղափոխել են Արմավիրի մարզի Բաղրամյանի հրաձգարան։

  • Գերիների անհապաղ վերադարձը ծայրահեղ հրատապ խնդիր է եւ պահանջում է անհապաղ լուծում․ Արա Այվազյանի ելույթը

    Գերիների անհապաղ վերադարձը ծայրահեղ հրատապ խնդիր է եւ պահանջում է անհապաղ լուծում․ Արա Այվազյանի ելույթը

    ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի բարձր մակարդակով առցանց հանդիպմանը։

    Նախարարն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

    «Տիկին նախագահ,

    Տիկին Բարձր Հանձնակատար,

    Մարդու իրավունքների խորհրդի հարգելի անդամներ,

    Տիկնայք եւ պարոնայք,

    Թույլ տվեք միանալով նախորդ բանախոսներին` շնորհավորել դեսպան Նազաթ Շամիմ Խանին՝ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել այս կարեւոր առաքելությունում։

    Այն փաստը, որ աննախադեպ հումանիտար ճգնաժամերի պայմաններում այս մարմինը շարունակում է իր աշխատանքը եւ իրականացնում իր մանդատը, վկայում է բազմակողմանիության առանցքային ձեռքբերումներից մեկը հանդիսացող մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնական դերակատարության մասին:

    Մարդու իրավունքների խորհրդին լիիրավ անդամակցության առաջին տարվա ընթացքում Հայաստանն ապահովել է նպատակաուղղված եւ կառուցողական ներգրավվածություն`արտահայտելով ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ մեր սկզբունքայնությունը եւ այս զազրելի հանցագործության անպատժելիության դեմ պայքարի հարցում անշեղ դիրքորոշումը, աշխատանքներ է իրականացրել հարկադրաբար տեղահանված բնակչության, կրոնական ու էթնիկ խմբերի եւ նրանց մշակութային ժառանգության պաշտպանության, ինչպես նաեւ ատելության խոսքի եւ ատելության հանցագործությունների դեմ պայքարի մեխանիզմների ամրապնդման ուղղությամբ:

    Հատկապես ոգեշնչող է այն փաստը, որ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ Մարդու իրավունքների խորհրդի երկամյա բանաձեւը, որն իմ երկիրը պատիվ է ունեցել նախաձեռնել, ստացել է միջտարածաշրջանային լայն աջակցություն եւ ընդունվել է կոնսենսուսով: Այս բանաձեւի էվոլյուցիոն զարգացումը բխում է մի շարք այնպիսի մարտահրավերները հասցեագրելու հրատապ անհրաժեշտությունից, ինչպիսիք են մարդու իրավունքների եւ միջազգային հումանիտար իրավունքի լուրջ եւ կոպտագույն խախտումները, խտրականության կաղապարված դրսեւորումները, էթնիկ, ռասայական, ազգային կամ կրոնական ծագմամբ պայմանավորված խմբերի պաշտպանության անտեսումը, ատելության խոսքը եւ բռնության հրահրումը եւ դրանց արդարացումը, կողմնակալ վերաբերմունքը եւ անցյալի հանցագործությունների ժխտումը։

    COVID-19 համավարակը ծանր մարտահրավերներ ի հայտ բերեց: Այն խարխլեց առողջապահական, տնտեսական եւ սոցիալական պաշտպանության համակարգերի հիմքերը: Լիովին գիտակցելով հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց ծայրահեղ խոցելիությունը՝ Հայաստանն առաջին պետություններից էր, որն անվերապահորեն աջակցեց COVID-19 համավարակին արձագանքման ընթացքում գլոբալ հրադադարի մասին Գլխավոր քարտուղարի կոչին։

    Տիկին նախագահ,

    Ցավոք, Ադրբեջանը ոչ միայն անտեսեց Գլխավոր քարտուղարի կոչը եւ, հետեւաբար Անվտանգության խորհրդի 2532 բանաձեւը, այլ նաեւ օգտվելով համաճարակային իրավիճակից՝ Արցախի ժողովրդի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիա սանձազերծեց: Ադրբեջանի ղեկավարությունը չի թաքցրել, որ նպատակ է հետապնդել Արցախից վերացնել հայկական հետքը, եւ Թուրքիայի ու վերջինիս հովանավորյալ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ զանգվածային վայրագություններ է իրականացրել հայերի նկատմամբ: Այսպիսով, անցյալ դարասկզբին հայերի դեմ իրականացված եւ անպատիժ մնացած Ցեղասպանության սարսափները կրկնվեցին մեր տարածաշրջանում զանգվածային վայրագությունների այլ դրսեւորումների տեսքով՝ նույն ոճրագործի հրահրմամբ եւ մեղսակցությամբ։

    Ինքնորոշման իրավունքը ճնշելու նպատակով ուժի կիրառումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտում է, որում հստակ նշվում է, որ բոլոր միջազգային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով:

    Առավել դատապարտելի է այն, որ վարձկանների եւ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների լայն օգտագործմամբ դաժանորեն փորձ էր արվում ճնշել Արցախի հայերի մարդու իրավունքները, ներառյալ՝ նրանց ինքնորոշման իրավունքը, ինչը ճանաչվել է միջազգային դերակատարների, այդ թվում այս հեղինակավոր կառույցի հատուկ ընթացակարգերի կողմից:

    Մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով ուղեկցված 44֊օրյա ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական բանակը իրականացրել է սարսափելի հանցագործություններ ու վայրագություններ՝ միտումնավոր եւ համակարգված թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ դպրոցներ, հիվանդանոցներ, ծննդատներ, շուկաներ, ճանապարհներ, հաղորդակցության համակարգեր եւ այլ հաստատություններ, պղծել եւ ոչնչացրել է Արցախի տարածքում գտնվող հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը՝ այդ թվում եկեղեցիներ, խաչքարեր եւ այլ հուշարձաններ:

    Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված երկու օդային հարվածների հետեւանքով լրջագույնս վնասվել է հայկական ինքնության կարեւոր բաղադրիչը հանդիսացող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը Արցախի Շուշի քաղաքում։ Արցախի մշակութային եւ կրոնական ժառանգության պատմական խորհրդանշի դեմ իրականացված այս կանխամտածված հարձակումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, եւ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային հիշողության ոչնչացման քաղաքականության շարունակություն, որի վերջնանպատակն է Արցախի հայաթափումը եւ այնտեղ հայկական մշակութային ներկայության ոչնչացումը։

    Տիկին նախագահ,

    Ադրբեջանական զինուժի կողմից  Արցախի Հադրութի շրջանում գերեվարված հայ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված հաշվեհարդարն Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ամենասարսափելի դեպքերից մեկն է, որը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի կողմից արդեն իսկ  որակվել է որպես հնարավոր պատերազմական հանցագործություն: 

    Ցավոք, Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան ցույց տվեց, որ ՄԱԿ-ի վաղ նախազգուշացման մեխանիզմները չեն գործում, ինչը նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր գործունեությունը դրանց հետագա բարելավման ուղղությամբ, ներառյալ Մարդու իրավունքների խորհրդի վերանայման գործընթացի շրջանակներում:

    Արցախում ՄԱԿ-ի բացակայության փաստը եղել է միջազգային պաշտպանություն չապահովելու գործոններից մեկը: Հայաստանը լիովին համոզված է, որ հումանիտար օգնության հասանելիությունն Արցախ պետք է զերծ լինի քաղաքական ազդեցությունից, եւ ընդգծում է մարդու իրավունքների համընդհանուր իրականացման ու պաշտպանության կարեւորությունը բոլորի համար՝ անկախ բնակության վայրի կարգավիճակից:

    Այս պատերազմի առանձնահատկություններից մեկն այն էր, որ Ադրբեջանը լայնորեն օգտագործել է սոցիալական մեդիայի հարթակները` հայ բնակչությանն ահաբեկելու նպատակով։ Բարձրաստիճան ղեկավարության ուղղորդմամբ Ադրբեջանի պաշտոնատար անձինք եւ զինված ուժերը սոցիալական մեդիայի հարթակներում տարածում են տեսանյութեր, որոնք հաստատում են հայ ռազմագերիների եւ պատանդների նկատմամբ նվաստացուցիչ, անմարդկային եւ դաժան վերաբերմունքի, այդ թվում ստորացման եւ ֆիզիկական բռնության, խեղումների, ինչպես նաեւ Իսլամական պետության գործելաոճին բնորոշ գլխատումների փաստերը: Պատերազմական հանցագործություններ իրականացնողները, ովքեր հրապարակավ պարծենում են հայերի գլխատումներով, արժանացան Ադրբեջանի բարձր պետական պարգեւների, ներառյալ ազգային հերոսի կոչումների։

    Այս համատեքստում խիստ մտահոգիչ է այն փաստը, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց գրեթե չորս ամիս անց հայ ռազմագերիներն ու պատանդները դեռ շարունակում են մնալ պատանդության մեջ: Դա նշանակում է, որ Ադրբեջանը չի կատարել բոլոր ռազմագերիներին եւ պատանդներին վերադարձնելու իր հանձնառությունը, եւ շարունակում է գերության մեջ նրանց մի մասին:

    Ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց, այդ թվում կանանց, անհապաղ վերադարձը ծայրահեղ հրատապ խնդիր է եւ պահանջում է անհապաղ լուծում:

    Տիկին նախագահ,

    Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել այն երկրներին եւ կազմակերպություններին, որոնք ջանք չեն խնայել ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան շրջանում եւ մարդասիրական օգնություն են ցուցաբերել Արցախին, ինչպես նաեւ ներդրել են  իրենց դիվանագիտական եւ քաղաքական լիարժեք ներուժը խնդրի կարգավորման համար:

    Արցախի ժողովրդի արդարության եւ խաղաղության պահանջը պետք է անհապաղ հասցեագրվի, քանի որ մարդիկ, ովքեր պայքարել են իրենց ապրելու իրավունքի, իրենց ապագան առանց հարկադրանքների եւ բռնազավթման որոշելու իրավունքի համար, այսօր էլ իրենց նախնիների հողում առերեսվում են գոյութենական սպառնալիքի»։

  • Տաթևի խաչմերուկից Գորիս քաղաք տանող հատվածը երկկողմանի փակ է

    Տաթևի խաչմերուկից Գորիս քաղաք տանող հատվածը երկկողմանի փակ է

    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

    Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

    Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և Շուռնուխ-Նոր Առաջաձոր հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

    Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

    Մ-2 միջպետական ավտոճանապարհի 223-229 կմ-երի հատվածը (Տաթևի խաչմերուկից Գորիս քաղաք) սաստիկ բքի պատճառով երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

  • ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին

    ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 22-ին ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությանը:

    Երկրի ղեկավարը կարևորել է ՀՀ և ԱՀ գործընկեր կառույցների միջև եղած համագործակցության մակարդակն՝ ընդգծելով, որ պետք է շարունակել նոր ջանքերի գործադրումն Արցախի ինչպես հանրակրթական, այնպես էլ բուհական համակարգերում կրթության որակյալ մակարդակ ապահովելու համար: 

    Վահրամ Դումանյանն իր խոսքում նշել է, որ Արցախ են ժամանել նախարարության բոլոր պատասխանատուների հետ, և այցի շրջանակում նախատեսված է քննարկել օրախնդիր հարցերի մեծ շրջանակ:

    Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը:

  • 2021 թվականին հայկական զինված ուժերը հայ–ռուսական միացյալ զորախմբի կազմում կանցկացնեն 3 զորավարժություն

    2021 թվականին հայկական զինված ուժերը հայ–ռուսական միացյալ զորախմբի կազմում կանցկացնեն 3 զորավարժություն։ Ռուսաստանում անցկացվող խոշոր զորավարժություններից Հայաստանը կմասնակցի «Արևմուտք-2021» զորավարժությանը։

    «Արևմուտք-2021»–ը պլանավորված է սեպտեմբերին։ Զորավարժությանը կմասնակցեն մոտոհրաձգային, հրետանային, ՀՕՊ, ՌԷՊ և ինժեներական զորքերի ստորաբաժանումներ։

    ՀԱՊԿ–ի կազմում Հայաստանը մասնակցելու է ավանդական «Որոնում», «Փոխգործակցություն», «Էշելոն», «Անքակտելի եղբայրություն» և «Մարտական եղբայրություն-2021» զորավարժություններին։ Նախարարը հայտնել է նաև, որ ՀՀ Զինված ուժերը կմասնակցեն Ռուսաստանում անցկացվող միջազգային բանակային խաղերին։

    @combatanalytics

  • Ֆեյսբուքն արգելափակել է պատվաստման օգտակարության մասին գովազդը

    Ֆեյսբուքն արգելափակել է պատվաստման օգտակարության մասին գովազդը

    Ֆեյսբուքը սկսել է արգելափակել կորոնավիրուսի դեմ պատվաստման օգտակարության եւ անհրաժեշտության մասին տեղեկությունները, հայտնում է Politico պարբերականը:

    Արգելափակման պատճառը սոցցանցում քաղաքական գովազդի եւ դրա հետ կապված ալգորիթմների արգելքն է:

    Որպես ոչ տեղին են նշվել ավելի քան 110 խմբակցություններում գովազդային գրառումները: Մասնավորապես՝ սոցցանցը հեռացրել է պատվաստանյութի ազդեցության մեխանիզմների եւ պատվաստման կետերի տեղակայման մասին տեղեկությունները:

    Ֆեյսբուքում ընդունել են խնդրի առկայությունը եւ հավաստիացրել, որ սկսել են արգելափակված գովազդն աստիճանաբար վերականգնել:

  • Գերմանիանում փնտրում են խորհրդային ռազմագերիների սպանության մեջ ներգրավվածներին

    Գերմանիանում փնտրում են խորհրդային ռազմագերիների սպանության մեջ ներգրավվածներին

    Գերմանիայում ֆաշիստական հանցագործությունների հետաքննության կենտրոնն սկսել է փնտրել Վերմախտի նախկին զինվորներին` խորհրդային ռազմագերիների սպանության մեջ ներգրավվածության կասկածանքով:  Այս մասին հայտնում է WELT AM SONNTAG-ը:

    Ըստ WELT AM SONNTAG-ի` մինչ այժմ կասկածյալների շրջանակ է մտել ընդհամենը յոթ մարդ:  Խոսքն առաջին հերթին համակենտրոնացման ճամբարների պահակների մասին է:  Կենտրոնի քարտային ֆայլը պարունակում է տվյալներ շուրջ երկու հարյուր հիսուն ճամբարի վերաբերյալ, ինչպես նաև տվյալներ բոլոր նրանց մասին, ովքեր աշխատում էին այնտեղ:  Հնարավոր է հաստատել մոտ երկու հազար մարդու ինքնություն, ովքեր, դատելով ծննդյան ամսաթվերից, կարող են մինչ օրս կենդանի լինել:

    Հեռուստաալիքը հիշեցնում է, որ համակենտրոնացման ճամբարներում սպանվել են Կարմիր բանակի ավելի քան երեք միլիոն զինվորներ:

    Գերմանիայում տասը դատավարություն դեռ սպասվում է տղամարդկանց և կանանց դեմ, ովքեր համակենտրոնացման ճամբարներում անվտանգություն կամ այլ աշխատանք են կատարել:  Երկու գործով արդեն մեղադրանք է առաջադրվել, ևս ութ գործ փոխանցվել է դատախազություն, հայտնում է  «Россия 24» հեռուստաալիքը:

  • Օպտիմալացնում են բանակի թվաքանակը, ասել է թե՝ բանակը կրճատում են ․․․

    Օպտիմալացնում են բանակի թվաքանակը, ասել է թե՝ բանակը կրճատում են ․․․

    ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը իր ՖԲ էջում գրում է, –

    Այսօր Ռիա Նովոստիին տված հարցազրույցում ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանը հայտնել է, որ արցախյան պատերազմից հետո բանակում բարեփոխումներ են իրականացնում և ի թիվս այլքի՝ օպտիմալացնում են բանակի թվաքանակը, ասել է թե՝ բանակը կրճատում են ․․․

    Եվ դա այն պարագայում,

    1․ երբ ՀՀ իշխող օկուպացիոն վարչակարգի վարած քաղաքականության հետևանքով տանուլ տրված պատերազմից հետո մենք ունենք մոտ 410 կմ նոր սահման, որի պաշտպանության կազմակերպումն օրախնդիր է,

    2․ երբ Ադրբեջանը ավելացնում է իր ռազմական բյուջեն,

    3․ երբ թշնամի երկրում շարունակվում է հայատյացության քարոզը,

    4․ երբ թշնամի երկրում պետական մակարդակով բարձրաձայնվում է “իրենց պատմական հայրենիք Իրևանը վերադարձնելու” մասին,

    5․ երբ թշնամի երկիրը շարունակում է գերեվարված պահել մեր հարյուրավոր տղաներին,

    6․ երբ թշնամին ամեն օր Սյունիքում դիմում է սադրանքների՝ կրակոցներ, սահմանի առաջ տալ, գերեվարումներ, հարձակումներ, թալան և այլն՝ այդ կերպ հետևողականորեն իրականացնելով Սյունիքի հայաթափման իր ծրագրերը,

    7․ երբ թշնամի երկիրը առանց պատճառաբանության արգելում է Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ անցած տարածքներում որոնողական խմբերի՝ աճյունների հայտնաբերման աշխատանքները (փետրվարի 15-ից Ադրբեջանը թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել)։

    Մնում է հասկանալ՝ բանակի կրճատումը Ադրբեջանի հերթական պահանջն է, որը հլու-հնազանդ իրագործում է ՀՀ իշխող օկուպացիոն վարչակարգը, թե սա սեփական նախաձեռնություն է՝ իշմար թշնամուն, որ շարունակում ենք թուլացնել ու քանդել Հայաստանը, վստահ նորից հարձակվեք։

    «Մեր պաշտպանությունը մեր անպաշտպանվածության մեջ է»․ լևոնը Հայաստանի Հանրապետության կազմավորման առաջին օրերին բանաձևեց մեզ և մեր պետությունը կործանման տանող ուղին, որն այսօր լավագույնս և անշեղորեն իրականացնում են իր գաղափարաբանական մետաստազը հանդիսացողները․․․

  • Հայկ Սիրունյան «Այց»

    Հայկ Սիրունյան «Այց»

     ԱՅՑ

       Երևանյան ստրկավայել, ճնշող տոթերը սկսվել էին արդեն: Մենք՝ երկու ընկեր դուրս եկանք խմբագրությունից և հակառակ շոգին՝ ունեինք փառահեղ գոհունակ տրամադրություն: Ըստ երևույթին հոնորարի ավետաբեր գալստյան պատճառով: Այդ հոնորար ասվածը ամենքիս ականջներում փոքրիկ պայքարի շշնջոց էր և ոչ ավել, որ լսում էինք ամեն ամսվա նույն օրը, խանդավառվում, ինքներս մեզ և ինչո՞ւ չէ ողջ աշխարհին խոստումներ շռայլում, բայց և արագ մոռանում, քանզի շատ ցածր էր այդ «փսփսոցը»: Մենք քայլում էինք կանոնիկ, տակտով, ինտելիգենտին հատուկ կեցվածքով: Ամենքիս ձեռքին մեկական օրինակ նոր տպված թերթից էր, որին թղթակցում էինք ու բռնել էինք այնպես, ասես քայլում էինք դեպի բեմը, ուր պետք է ամրացնեն դա մեր քրծքին:

        Մենք գնում էինք տեսակցության: Ես և Գարդմանը՝ ընկերս: Քայլելուց և Օգոստոսյան տապից այլայլված մենք վերջապես հասանք հիվանդանոց, մտանք նախասրահ և օդորակիչի հովը մեղմացրեց մեզ: Մոտեցանք մի աշխատակցի և Գարդմանն ասաց.

    -Ներեցե’ք, չէի՞ք ասի, թե որ պալատում է պառկած Պոեզիան:

    -Մեկ վայրկյան,-ասաց կինը և լեզվով մատը թրջելով` թերթեց գրանցամատյանը,- Պոեզիային երեկ իջեցրել ենք վերակենդանացման բաժանմունք, Ռուստամ Գեորգիչը դեռ էնտեղ է, կարող եք մոտենալ…

    Ոււղիղ ու ա՞ջ,- ընդհատելով հարցրեց Գարդմանը՝ ծանր շոյելով թավ այտամորուքը:

    -Ազգակցակա՞ն եք

    -Այո, այո,- արագ ասացի ես, ու սկսեցինք առաջանալ:

    Վճարեցինք դրամարկղում, մեր կեսժամյա այցի կտրոնը վերցրինք ու մտանք փակ դռներից ներս, դեպի ճերմակ, սարսափելու աստիճան սպիտակ միջանցք, որի վերջնամասում գտնվում էր հիվանդասենյակը: Մենք դանդաղ քայլում էինք՝ նայելով աջ ու ձախ սենյակների դռներին, անուններին: Միջանցքի ծայրում, ձախ կողմում մի դուռ էր կիսաբաց, ու դա էր հենց՝ ընդհանուր սենյակը: Մտնելով միանգամից աչքներս կկոցեցինք հիվանդության լեղի բույրից, որ խառնվել էր դեղի դառնահոտությանը: Մենք սփրթնեցինք. Սարսափելի էր: Արթուն հիվանդներն արագ իրենց մեղկ հայացքներն ուղղեցին մեզ (իհարկե ովքեր ի վիճակի էին), իսկ մենք կարեկից, սակայն անկարող առաջ եկանք: Գարդմանը,  արագ կողմնորոշվելով, անկյուններից մեկում գտավ մի բուժքրոջ, և ես հասցրի նկատել թղթադրամի գրպան սողոսկելն ու դրա սվսվոցը՝ քսվելով հագուստին: Մի երկու խոսք էլ քրթմնջաց ու եկավ: Ես սթափվեցի՝ դեմքիս հասած աներևույթ ապտակից, երբ տեսա Պոեզիային՝ կիսաստվերոտ անկյունում անբնական քնի մեջ պառկած: Գարդմանն ասաց.

    -Հենց էս կողքի պահարանին էլ դիր էդ մտքերը, էս գինին էլ դրանց դեմը դիր:

    Ես դրեցի մի տոպրակ միտք, գինին, որ Գարդմանը գյուղից էր բերել, հոր քաշածն էր: Հուզվեցի, որ բախտ վիճակվեց տալ դրանք այն ժամանակ, երբ արդեն գուցե անկարևոր են դրանք, բայց խնամքով տեղավորեցի, ու մի քայլ ետ եկա և ականջս առավ մի զրույց.

        -Անունդ ի՞նչ ա սիրուն տղա,- ասում էր կողքի պառկածը:

       -Աստծու բարի: Գարդման, հոպար ջան:

       -Արա, ինչ ընտիր երևույթ ա, հրաշք ուղղակի: Առիթ էղել ա վերևում մի քանի ժամ շփվելու: Մի սենյակում էինք պառկած: Էն էլ խոլեստերինս բարձրացավ, իջացրին ստեղ ու տեսնեմ կողքս ա. Վատացել ա փաստորեն ինձնից վերան:

    Գարդմանը գլխով կարեկցական ազդանշաններ էր անում:

    -Ձեր մոտ ի՞նչ ա,- հարցրի ես:

    -Չէ, իմը թեթև ա, էս քանի օրը կբարձրացնեն պալատ, հետո դուրս կգրեն: Թոռս էլ ծնվելա շաբաթ օրը, ես էլ էս անտերանոցն եմ, ը՜հ…

    -ծը՜, ծը՜ ծը՜,- գլուխը ցավալի օրորեց Գարդմանը

    -Չնայած մեկ էլ նայում եմ նենց դեպքեր ա լինում, որ էլ քո վիճակն էլ աչքիդ չի գալիս. Հեն ա էրեկ իրիկունը Առակ անունով մի հատ հավեսին մարդ էր, պատահակա՜ն, քնում ու չի հելնում: Ա՜յ, էն անկյունում էր պառկած, շաբաթվա վերջ էլ պիտի դուրս գրեին:

    Ասեց ու նայեց Պոեզիային, որ պառկած էր խճճված լարերի հանգույցներ մեջ:

       Ներս մտավ բուժքույրը, առանց մեզ նայելու գնաց առաջ, անկյունում պառկած մի հիվանդի մոտ.

    -Հա Ռուստամ Գեորգիչ,- հեռախոսն ականջին ասում էր,- Գրաբարի սալտուրացիան ստուգել եմ, ֆելիետոնը, դե՜… մյուսին էլ օրվա մորֆին ստացել ենք, սրսկել ենք, բանը… էտ բանահյուսու…- դարձավ ձայնն անլսելի. արագ-արագ գնաց:

    Արդեն սարսափելի էր, ծանր, օդը խեղդում էր: Թիկունքից դժբախտ հիվանդներ, իսկ առջևում մեր Պոեզիան: Նայեցի Գարդմանին, ծամածռած դեմքն էլ էր համաձայն դուրս գալուն: Զրուցակցին արագ ցտեսության ու ապաքինման երկտողեր ասացինք, շոշափեցինք Պոեզիայի ձեռքը, ու ես լաց եղա: Աստված իմ, կիսաձայն չգիտես, թե ինչ շշնջացի ականջին՝ մանկական այն համոզմունքով, թե լսում է նա ինձ ու գլխիկոր քայլեցինք դեպի դուռը: Վերջինը ես ելա ու մի հետհայացք նետեցի, կարծելով, թե նրա բաց աչքերը կտեսնեմ, բայց փոխարենը անբնական շունչ-արտաշունչ՝ թթվածնի ձողիկով, սրտի զարկերը չափող սարք, որի ֆոնին մեր զրուցակիցն էր՝ հայացքը պատուհանից դուրս գցաց: Փոքր- ինչ այն կողմ մյուսները՝ նույն ախտորոշմամբ: Այդ տեսարանը վստահ եմ միշտ մտքումս կմնա, համենայնդեպս մինչև իմ այդպիսի ախտորոշումը:

       Դուրս եկանք միջանցք: Ետկեսօր էր, նույն դատարկ միջանցքը, սարսափելի սպիտակ ուր արևի մի շող էր ընկած մի ծայրից մյուսը: Աչքիս ինչ-որ բաներ երևացին, բայց չհամարձակվեցի հարցնել Գարդմանին, որ քայլում էր գլխիկոր, և ում առաջին անգամ տեսել էի հուզված: Ես տրորեցի աչքերս, ու մի պահ ինձ թվաց, թե միջնադարյան հագուստով ինչ-որ մարդիկ էին շարքեշարք խմբվել, նրանց մեջ կային նաև եվրոպական կոստյումով, գլխարկները ի խոնարհում ձեռքներում պահած մարդիկ: Շարվել էին դարերի հերթականությամբ, դեպի մեր օրեր: Նրանք ասես տեսակցության էին գալիս: Ես ցնորվել էի. Ինձ թվաց, թե բոլորին անխտիր ճանաչում եմ, բայց տենդի թունդ պահին Գարդմանը ձեռքը գցեց ուսիս ու զիջեց դռնով անցնելու հերթը: Մենք ելանք նախասրահ, ես ոչինչ չհարցրի, սթափվեցի, ու դուրս ելանք հիվանդանոցից: Մի-մի ծխախոտ վառեցինք ու քայլեցինք և Գարդմանն ասաց.

    -Հո զոռով չի, մեր մոտ չկա էլի բժշկություն: Էս վերևի խոսացողի անունը էսսե էր:

  • «Ընդունե’ք ճշմարիտ բանաստեղծին». Սերժ Սրապիոնյան

    «Ընդունե’ք ճշմարիտ բանաստեղծին». Սերժ Սրապիոնյան

    Օրերս տեղի ունեցավ երիտասարդ շնորհալի բանաստեղծ, հրապարակախոս Հայկ Սիրունյանի «Ադամամութ» անդրանիկ ժողովածուի շնորհանդեսը: Azgonline.am-ի անձնակազմն շնորհավորում է իրենց հեղինակ-գործընկեր Սիրունյանին` նրան մաղթելով մուսայից անբաժան գրական երկար ուղի:

    Ստորև ներկայացնում ենք գրքի խմբագիր, գրականագետ Սերժ Սրապիոնյանի առաջաբանը` գրված «Ադամամութ»-ի համար:

    «ԵՐԿՈՒ  ԽՈՍՔ

                     ԸՆԴՈՒՆԵ՛Ք  ՃՇՄԱՐԻՏ  ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ

        Այս բանաստեղծը (չեմ վարանում գործածել «բանաստեղծ» բառը, քանզի սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ սկսնակի հանդեպ վարանում չունեմ) շահեկանորեն տարբերվում է մամուլն ու համացանցը հեղեղած և իրենց աներկբա բանաստեղծ հռչակած բազմաթիվ ստեղծագործողներից:

        Ինչո՞ւ եմ այսպես կարծում: Որովհետև նրա գործերում հստակ տեսանելի է Բանի ինքնությունն ու տարբերությունը, մտքի շահեկան էպիզմն ու զգացումի ներդաշնակությունը, ապրումի խորքում տառապող, «մտածող» ու շնչող սրտի բաբախը: Նա խոսում է հայ դասական բանաստեղծության՝ արդեն զուտ ազգային երանգ  ու արտահայտչաձև, ոճ ու բովանդակություն ներկայացնող ավանդականությամբ՝ միաժամանակ հանդես բերելով նոր, բացառապես սեփական ձև ու բովանդակություն, բառուբան: Ասել է՝ ավանդականի, հայրենի պոեզիայի և անհատականության յուրօրինակ ներդաշնակություն:

        Դա, կարծում եմ, բացատրվում է Հայկ Սիրունյան-բանաստեղծի գենով, նախևառաջ գենով: Նա որդին է 20-րդ դարավերջի հայոց բանաստեղծության մեր ինքնատիպ դեմքերից մեկի՝ Ղուկաս Սիրունյանի: Նա ծնվել է բանաստեղծից և հասակ է նետել «գրքերի՝ անեզր տիեզերք աշխարհում»: Այդ գենը թրծվել է հայոց էպիզմի՝ Սասնո աշխարհի միֆական քարանձավում, ուր կենցաղն ու հերոսականությունը գոյավորվում ու տևում են ո՛չ կողք կողքի, այլ գիրկընդխառն, ներձույլ: Իսկ եթե դրանց երջանիկ օրինաչափությամբ, այսինքն՝ Աստծո կամոք միանում են նաև անչափելի սերն առ մարդն ու հայրենին և երևակայությունը, ապա անխուսափելի է դառնում բանաստեղծի ծնունդը: Սրանցից է ձևավորվել բանաստեղծ Հայկ Սիրունյանի շաղախը, սրա՛նք են կազմում այդ նյութի բաղադրությունը:

        Չափազանցությո՞ւն է ասվածը: Առաջին հայացքից՝ թերևս, իսկ առարկայորեն՝ բնավ: Տողերիս հեղինակի համոզմունքը գալիս է բանաստեղծի՝ ընթերցողին նվաճելու ունակ պոեզիայից, և ահա թե ինչու: Հայտնի ճշմարտություն է՝  երբ առնչվում ես ճշմարիտ գեղարվեստին, հոգուդ ու մարմնիդ մեջ տարօրինակ մի սարսուռ ես զգում, ինչ-որ հաճույք, որ կոչվում է «գեղարվեստական (էսթետիկ) հաճույք»: Հայկի երգը ընթերցողին փոխանցում է այդ հաճույքը: Ճշմարիտ բանաստեղծը նաև իր ժամանակի ընդդիմադիրն է, ո՛չ ժխտողը: Նա բացում է այդ ամենազոր ժամանակի իրական դիմագիծը, ներկայացնում նրա լույսն ու ստվերը, փորձում բացասել այդ ստվերը՝ այն անցկացնելով իր զգայուն հոգու ներքին պարունակներով, ապրում այդ «անցումի» վիթխարի ցավը՝ դրանով նաև հաղորդակցվելով ընթերցողի հոգու հետ: Եվ, որքան էլ տարօրինակ հնչի, այդ ցավերից է ծնվում ու զորանում սերը, համապարփակ ու բոլորին ապրեցնող միակ զգացումն աշխարհում:

       Իմ այս բնութագրում թող ընթերցողը չորոնի սկսնակ բանաստեղծին ոգևորելու միտում, մանավանդ որ Հայկի այս առաջին գրքում (հուսամ՝ ոչ վերջին) առկա են նաև ինչ-ինչ թերություններ: Դրանք կարելի է գտնել հանգի ու ռիթմի, գեղարվեստական պատկերների որոշ անկատարությունների, մշուշոտ արտահայտությունների մեջ, ինչպես գրեթե բոլոր բանաստեղծների վաղ շրջանի գործերում: Բայց սրա՛նք չեն բնութագրիչները, այլ այն երգերը, որոնք մեր բանաստեղծության մեջ հաստատուն ու աննահանջ մուտք գործելու վկայություններն են:

       Լայն է այս բանաստեղծի թեմատիկան, այսինքն՝ կյանքի և մարդու հանդեպ հետաքրքրությունների շրջանակը, որ դրսևորվել և իր արտահայտությունն է գտել նրա պոեզիայում:

       Այսպես. Նրա սիրո քնարը հավակնում է դառնալ հայ սիրերգության ուշագրավ էջերից: Թվում է՝ Նահապետ Քուչակից, Սայաթ Նովայից, Ավետիք Իսահակյանից և մեր մյուս սիրերգակներից հետո դժվար է ինչ-որ ձևով հարստացնել այդ թեման: Թերևս այդ ներքին տագնա՞պ ասեմ, թե՞ երկյուղն է պատճառը, որ սիրային պոեզիան վերջին շրջանում գնում է դեպի խեղաթյուրում: Մաքուր, անաղարտ զգացումի, կարոտի ու դողացող սրտի, ինքնայրումի և անարատ կրքի երգերին փոխարինելու են գալիս (կամ գոնե դրան են միտում) սեռաախտաբանական, վավաշոտ ու ցանկահարույց խառնափնթոր մտքեր ու արտահայտություններ, որ հավակնություն ունեն բանաստեղծություն կոչվել: Դա նաև ավանդականին հակադրվելու անթաքույց միտում է, որի տակ թաքնված է սեփական անտաղանդության խուլ գիտակցումը և միջակությունը որպես առավելություն ներկայացնելու մոլուցքը: Անուններ չտամ: Դրանք այսօր արդեն հայտնի են:

        Գաղտնիք չէ, որ սիրո ընկալումները և դրսևորման ձևերը ժամանակի հետ և մեջ փոխվում են, և հավերժական է մնում միայն ապրումը՝ իր խորքով ու ներքին հրդեհներով, ինքնայրումով: Այսինքն՝ այսօրվա սիրո դիցուհին չի կարող և պետք չէ որ լինի քուչակյան «ցած նայող ու մանտրիկ ծիծաղող» յարը կամ թումանյանական «թուխամազ» Անուշը, կամ էլ սայաթնովյան «բոլորքը վարդով չափարած, նուր վարդ» գոզալը: Նա՝ այդ դիցուհին, 21-րդ դարի առավել զարգացած, ազատ մտածող ու գործող տեսակն է, բայց դա իրավունք չէ սիրերգությունը պոռնոգրաֆիայով ներկայացնելու համար: Հայկի սիրո քնարը հեռու է այդօրինակ պղծություններից: Նրա հերոսն ու հերոսուհին այսօրվա մարդիկ են, մի քիչ բաց, բայց ոչ անսեռ, ոչ ցինիկ ու վավաշ, արդիական, բայց ավանդականի մեջ, սիրում են իրենց պապերի նման ու չափ, բայց տարբեր են ու արդիական, հետևաբար և հասկանալի ու ընկալելի:

      «Քո անունը աղջիկ է լոկ.

    Դու անցյալի մի գինեգույն առասպել ես՝

    Շուրթեշուրթ թռչող մե՜ղմ պատրվակ,

    Հավիտյանս անավարտ ու տաք մոգոնում»:

    Ահա այսպես, հավիտենական գոյ՝ նորօրյա տարազով և ընկալումներով: Հայկի պոեզիայում կինը չարենցյան բորբոք էություն է ու տերյանական նրբին հյուսվածք, բայց… նույնը չէ, տարբեր է, սիրունյանական.

                            «Մի կում գինի ես, որ կաթացել ես միածնի շուրթերից

                             Իբրև ներում այս մեղսավոր աշխարհին:

                            Խորհրդապաշտ մի նկար ես՝

                          Կախված խաչընկեց վանքի խորանի մութ ետնախորշում:

                         …Պատվիրան ես, որ անփութորեն

                           Դուրս ես թռել երանելու մագաղաթից

                            Ու մի կում գինի դարձած  սողոսկել

                            Փրկչի շուրթերից դուրս

                           Եվ ծորացել ցավի փայտիկով մինչև իմ օրեր:»

    Խոստովանենք՝ կնոջ այսպիսի փառաբանում մեր պոեզիայում դժվար է գտնել: Ես նկատի չունեմ ուժեղ կամ թույլը, կատարյալը կամ անկատարը, լավը կամ վատը, պարզապես տարբեր է և դրանով էլ՝ նոր: Սա զուտ սիրունյանական է ու նոր, թարմ, ուր կիրքը, ձգտումը առ մարմինը նրբին մի քողով ծածկված է ավելորդ հետաքրքրության աչքից, ու անտես չէ, տեսանելի է: Եվ պատկերն է այլ, քիչ միֆական.

                        «Օձագալար, օձերի խաղ էր սերը մեր՝

                        Մասրենու փշոտ ստվերների տակ.

                        Որ անցավ ամառվա վերջին, վերջին

                        Օրվա հետ»:

        Դժվար է հաղթահարել կրքի պարտադրանքը՝ այն սիրո մաքուր ու անաղարտ շղարշով պատելու համար: Բայց Սիրունյանը գիտե գեղարվեստի օրենքը, տգեղի ու գեղեցիկի, ստորի ու վսեմի սահմանագիծը և երբեք չի խախտոմ այն:

                        «Քո գրկում քանի՜ մայրամուտ եմ տեսել,

                        Արևի քանի՜ փախուստ աննշմար,

                        Կարմիրի ինչքա՜ն երանգ է կիզել

                        Հուրհրան վարսիդ կանթեղը վառ:

                           Ստինքիդ ճաղերն ինչքա՜ն են բանտել

                           Սավառնող հոգուս արևառ դոշիդ,

                           Բայց ես լոկ քո հո՛ւր խուցն եմ երազել

                           Ու վարսերի քո արեգափոշին…»

       Ու Սրունյանի քնարական հերոսը բաց է, ազատ է իր երազներում, իր կրքի աշխարհում, բայց երբեք չի խախտում տաբուների աշխարհը: Միշտ չափի մեջ է, ու դրանով՝ գեղեցիկ ու ասպետական: Ահա և խոստովանանքը.

                         « …Ես քո գրկի սոնետն եմ երազել

                          Ու քո բանտը՝ ստինքիդ ճաղերով,

                          Որ հար անհաշտ հոգիս է կողպել

                          Իրիկուն գրկիդ անուշ տաղերում»:

       Հայկ Սիրունյանի պոեզիայում լսվում է քուչակյան հայրենների թաքուն հևքը՝ առանց, սակայն, դրանց սանձակոծ ինքնայրման ու չափակորույս բորբոքումների.

                          «Ես` ջուր ու անվերջ հողող,

                          Դու` ինձ հրող կուռ ուղի,

                           Ես՝ գահավեժ, միշտ իջնող,

                           Իսկ դու` կանգուն հրող հող»:

    Նարեկացիական այս պանծացման և քուչակյան հրե շուրջպարի այս զգայականության մեջ ես չեմ ուզում տեսնել ազդեցությունների այնքան սովորական դարձած իրողություններ, ոչ էլ համեմատությունների ծածկաքողի տակ ուզում եմ ջահել բանաստեղծին մեծերի շարքում դասել: Քա՛վ լիցի:  Այս դեպքում բանաստեղծական ազգակցության մասին դարձումներն էլ տեղին չեմ համարում: Ես այնպես եմ կարծում, թե այս պարագայում կարելի է խոսել տոհմիկ բանաստեղծության ազգային գենետիկայի մասին, որ սկսվել է «հազարամյակ մը մեզմե առաջ» և տևում է հար՝ հասնելով մինչև մեր օրերը և միտելով դեպի գալիքը:

        Կարելի է քիչ ավելի մանրամասն դիտարկել Հայկ Սիրունյանի սիրային քնարերգությունը: Սակայն ժանրով պայմանավորված տեղի սղության, նաև ընթերցողին այդ երգի նրբերանգները ինքնուրույն բացահայտելու հաճույքից չզրկելու մտահոգությամբ պայմանավորված՝ այն թողնում եմ հետագային: Մանավանդ՝ հաջորդ գրքերի ծննդյան հաստատ համոզումը կա:

        Բայց մի քանի այլ թեմաների շուրջ ծնված մտորումներ ավելորդ չեմ համարում հակիրճ ներկայացնել:  Մտքից, թե քո առջև իսկական բանաստեղծ է, որ ապրում է հասարակության մեջ, ապա նա չի կարող հեռու կամ անտարբեր լինել նրանում առկա հասարակական-քաղաքական իրողություններից, քիչ մարքսիստական հոտ է բուրում, սակայն ճշմարիտ է, ինչ ակունք էլ որ ունենա: Դարձյալ խոստովանենք՝ Հայկին և նրա սերնդին դաժան ժամանակներ բաժին ընկան: Դավերի ու խարդավանքների որոգայթն ընկած բզկտվող ու շագրենու կաշվի հանգույցը փոքրացող հայրենիք, անդառնալի կորուստներ հայրերի, եղբայրների, ընկերների դեմքով, պարտությամբ պսակազերծված խիզախություն և հերոսացումներ, ծվատված հասարակություն, մութ, անհեթեթ ու տարօրինակ կյանք: Այս ամենին դիմակայելու համար բարձր գիտակցություն, անկոտրում կամք ու անսասան հավատ է պետք, ինչի պակաս այս սերունդը չունեցավ: Եվ չունի: Ահա թե ինչու կարող էր ու ծնվեց հայրենիքի երգը, որ ելևէջներում լույսի խորաններ էր կերտում՝ շաղախելով դրանք տեսանելի ցավի խուլ մորմոքներով.

                                      Տղերքը սարերով երկինք էին ելնում.

                                      Դա է կարճ ճամփան ձգվող առ Աստված:

                                      Գնում էին հանգիստ, բարձրանում լուռ՝

                                       Բարկություն ու հերս կրծքի տակ պահած:

                                      …Գնացին, որ խնկեն բարձրերը պաղած,

                                      Մի շշուկ հասցնեն մեզնից դեպի վեր,

                                      Եվ օծված ծխի հետ էլ ամպ դառած

                                       Ձուլվեն երկնքին, ձգվեն դեպի Տեր:

        Եվ, իսկապես, ճշմարիտ բանաստեղծը իր ժամանակի կերտիչ-ճարտարապետն է՝ ընդդիմանալով նրան: Մեր նորագույն բանաստեղծության մեջ իր ուրույն, այս դեպքում հաստատ, դասականի իր տեղն ունի Խաչիկ Մանուկյանը: Հայկ Սիրունյանի վերաբերյալ երգը ինչ-որ չափով հիշեցնում է Խաչիկ Մանուկյանի մի բանաստեղծությունը՝

                                      «Տղերքն էսօր շատ խմեցին,

                                      Տղերքն էսօր՝ հասած ծիրան,

                                      Վարդերը ո՞նց թառամեցին

                                       Պարանոցին շքեղ գարնան:

                                      … Ելան փողոց ու խառնեցին

                                       Աշնան գույները ոսկեման…

                                        Տղերքն էսօր շատ խմեցին,

                                        Տղերքն էսօր- «դլե յամա՜ն»:

    Արտաքուստ նմանություն, ինչ-որ հոգեհարազատություն, իրոք, կա: Բայց առավել աչքառու է տրամադրությունների և նրբերանգների տարբերությունը: Խ. Մանուկյանի երգը հաղթական ժամանակների երգն է, նրա «տղերքի» խիզախումը հաղթանակի դափնիների արդյունք բերող է, իսկ ցավը ցավ էլ չէ, այլ վայելքի ու սիրո կարոտ: Հայկ Սիրունյանի «տղերքը» մի տեսակ «հեռացող» են, հավերժի ճամփորդ, թերևս նեղացած մեզանից, որ իրենց խիզախումը «օծեցինք» պարտությամբ և նվաստացմամբ: Հայկի «տղերքը» իրավունք ունեն Սիամանթոյի քնարական հերոսների նման դառնությամբ դեպի ապրողները նետելու իրենց կշտամբանքի և մերժումի խոսքը՝ «մեռելներն անոնք են, որոնց համար մենք մեռանք»: Խաչիկ Մանուկյանի «տղերքը» այս մտքից հեռու են:

       Եվ միանգամայն հասկանալի ու մեկնելի է այն ծանր դառնությունը, որ խիտ մառախուղի նման ծվարել է Հայկի երգերի տողարանքներում: Ինչպես, օրինակ, այս գործում:

                                              Լեռներում որոտը սսկվեց մի պահ,

                                              Լեռներում տիրեց լռությունը- քար,

                                              Անձայն դողացին ջղերը բնության,

                                               Երբ հող ու տեր փարվեցին իրար:

                                               …………………………………………………

                                                Անձայն ծնկեցին խոնարհ ու կարոտ,

                                               Ձուլվեցին անգույն, սառը ծերպերին

                                                Ու սեզերի տեղ հողում քարքարոտ

                                                Շիրմածաղիկներ հանկարծ բուսնեցին:

       Բայց չգայթակղվենք և չընկնենք հակադիր տրամադրությունների որոգայթը: Վերը ես նշեցի, թե ժամանակը երբեմն պարտադրում է պոետին թե՛ տրամադրություն, թե՛ տրամաբանություն: Հավելենք՝ ժամանակը իր ընթացքով նաև բերում է կենսափորձ: Այն գալիս է ժամանակի հոսքով: Բայց կարող է այդ կենսափորձը կայանալ նաև նույն ժամանակի խտությամբ: Այսինքն՝ եթե ժամանակը իր մեջ կարճ ընթացքում կուտակում է տարիների թանձրուկը, կենսափորձը, այն է՝ իմաստնությունը, արագ է կայանում: Ինչպես, ասենք, Պ. Դուրյանի, Մ. Մեծարենցի, Վ. Տերյանի պարագայում: Հայկ Սիրունյանը ապրում է հենց նման ժամանակի մեջ, ասել է՝ արագ իմաստնացման ժամանակներում: Ահա թե ինչու, չնայած շուրջը մեգ ու մշուշ է միայն, կորստի կսկծացնող մթնոլորտ, այս բանաստեղծը, ինչպես վայել է կյանքի ու ժամանակի տարածքներ ու տևողություն անցած, կենսափորձով հարուստ մտածողին, չի դադարում տեսնել կենսականը՝ լույսը՝ հավատացած նրա աներկբա հաղթանակի մեջ.

                                             Այսեղ, հիմա, հենց այս պահին

                                             Աստվածային ճիչով մեկը

                                              Ողջունեց մեր աշխարհը հին

                                              Ու կյանքը… կյանքը հաղթեց կրկին

                                        …………………………………………….

                                            Այստեղ, հիմա, հենց այս պահին

                                            Մարմանդ հոգոցով մեկը

                                            Գլուխ տվեց մեր աշխարհին

                                             Գուցե… գուցե կյանքը հաղթեց կրկին:

        Այսպես պարզ, բառի ենթիմաստային խորքերում և տողարանքներում տրոփում է կենսավետ հավատը. ինքը՝ կյանքը, որ կարծում եմ, բանաստեղծության իսկության հիմնական վկայագիրն է: Հայկը գրում է նաև հաջողված էսսեներ, ինչպես օրինակ «գուդբայ դոյչլանդ», «այց» գործերն են: Բայց նրա բաղադրությունը քնարականությունն է, որի վկայությունը նրա՝ անձնական-անհատական մոտիվներով գրված բանաստեղծություններն են, ինչպես, օրինակ` «հորս», «ակորդ մայրական», «իմ հորեհոտ հորոխպեր», «օրագիր» և այլ գործերն են: Նրա կոչումը բանաստեղծ լինելն է: Դ. Վարուժանը իր մտերիմ ընկերոջ՝ Սիամանթոյի պոեզիան առավել տեսանելի դարձնելու նպատակով ընթերցողին կոչ էր հղում՝ «Պատիվ ըրեք վսեմական քերթողին»: Ինձ իրավունք վերապահելով որոշ խմբագրումներով գործածել մեր մեծի խոսքը՝ ես փորձում եմ մերօրյա ընթերցողի ուշադրությունը հրավիրել երիտասարդ ու հետաքրքիր պոետի գործերի վրա և ասում եմ՝ ընդունե՛ք ճշմարիտ բանաստեղծին»:

                                                                Սերժ Սրապիոնյան