Day:Հունվարի 22, 2016

  • ԴԻՄԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՄՏԱԾԵՔ

    ՍԻՄԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

    Վերջերս մարմնիս թիկունքամասի վերեւում ուժեղ քոր սկսվեց: Քանի որ ձեռքերս, ոչ իմ մեղքով, բնականից կարճ են ստացվել եւ այդ քորն էլ բավականին անհասանելի տեղում էր առաջանում, դժվարություններ ծագեցինՙ քորը հանգստացնելու գործողությունը ի կատար ածելիս: Հո, անընդհատ չէի դիմելու որեւէ մեկին ու խնդրելու, որ մեջքամասս քորի: Ամոթ է, չէ՞, հարեւանները լսեն, կամ աստված չանիՙ տեսնեն, ի՞նչ կասեն:

    Ելնելով վերոհիշյալից, որոշեցի առաջին հերթին դիմել բժշկի, որ հետո չասեն, թե այս մարդը մտավոր ունակություններից կաղում է: Իհարկե, առաջին հերթին խորհրդատվության (կոնսուլտացիա) համար դիմեցի մեր վարչաշրջանի պոլիկլինիկայի մաշկային բաժնի բժշկին: Դե, այնտեղ խորհրդատվությունը եւ բուժման կուրս նշանակելը գոնե ձրի է, ես էլ թոշակառու մարդ եմ, հիվանդանոցում միայն խորհրդատվությունը բավականին թանկ հաճույք է, էլ ուր մնաց բուժումը:

    Հիմա կասեք, թե ձրի խորհրդատվությունը կամ բուժումը նման է նրան, որ ասում ենՙ «ձրի պանիրը մկան թակարդում է միայն լինում»:

    Ճիշտն ասած, վերջերս ես այդ ասացվածքը խորը վերլուծության եմ ենթարկել եւ գտել դրա սխալ մեկնաբանման բնույթը: Նախ ասեմ, որ մկան թակարդում պանիր դնողը այն գնում է որեւէ խանութից, իսկ դուք լավ գիտեք, որ որեւէ վաճառատնից պանիր ձեզ ձրի չեն տա: Ուրեմն, այս պարագայում ասացվածքը ամենեւին էլ չի համապատասխանում բիզնեսի օրենքներին, այսինքնՙ այդ պանիրը ձրի չէ:

    Ենթադրենք հյուր եք գնացել, ձեզ ճոխ հյուրասիրություն են մատուցել եւ թեժ պահին սեղանի վրայից մի փոքր պանրի կտոր եք «թռցրել», բերել եք տուն, իջել ձեր շենքի ներքնահարկ, որտեղ մկներ են ազատ վխտում ու դրանց պատժելու համար այդ պանիրը դրել եք մկան թակարդում: Իհարկե, այն ձեզ համար ձրի է ստացվել, բայց չէ՞ որ դրա համար վճարել է ձեզ հյուրընկալողը, այսինքնՙ նորից ապացուցում եմ, որ պանիրը ձրի չէ: Այստեղ առարկություն չի կարող լինել:

    Դե, դուք հիմա էլ կասեք, որ դա ասված է ոչ թե թակարդում պանիր դնող մարդու համար, այլ այն ուտել փորձող մկան համար: Հարգելիս, իսկ դուք չեք կարծո՞ւմ, որ մուկը դրա համար շատ ավելի թանկ է վճարելու, այսինքնՙ ամենաթանկ բանը աշխարհումՙ կյանքը: Սա էլ աքսիոմայի պես մի բան է, անառարկելի, որովհետեւ այդ մասին շատ տեղերում է գրված, որ «նա նվիրաբերեց ամենաթանկ բանը աշխարհումՙ իր կյանքը», կամ «նա կյանքի գնով հաղթահարեց այդ պատնեշը» եւ այլն: Այսպիսով ապացուցում եմ, որ մկան թակարդի պանիրը երբեք էլ ձրի չի կարող լինելՙ ոչ մարդու եւ առավել եւս մկան համար:

    Այս մտքերով տարված մտա պոլիկլինիկայի շենք ու ծեծեցի «Մաշկաբան» գրությունով սենյակի դուռը եւ թույլտվություն ստանալովՙ ներս մտա: Միջին տարիքի, ալեխառն մազերով մի տղամարդ, որը զրուցում էր իր կոլեգաներից մեկի հետ, լսելով իմ բողոքը, պահանջեց, որ մարմնիս այդ քոր եկող մասը ի ցույց դնեմ իրեն:

    Անտարբեր հայացքով նայելով իմ ցույց տված մարմնիս քոր եկող մասին, մաշկաբան բժիշկը արագ ախտորոշեց.

    – Սա մաշկային հիվանդություն չէ, հարգելիս, ավելի լավ է դիմեք ալերգոլոգին:

    – Իսկ ո՞ր սենյակում է ալերգոլոգը նստում,- միամտորեն հարցրեցի ես:

    – Մեր պոլիկլինիկայում ալերգոլոգ-բժիշկ չկա, դուք նրանց կարող եք դիմել որեւէ հիվանդանոցում:

    Ես, իհարկե, ձրի խորհրդատվությունից գոհ մնացի, չէ՞ որ այն ստացա լիարժեք, այսինքնՙ դիմել ալերգոլոգին, բա դա քի՞չ է, մաշկաբանը կարող էր ավելի աննպաստ խորհուրդ տալ, ասենքՙ դիմել վիրաբույժին, որն էլ, բնականաբար, բավականին թանկարժեք վիրահատություն կարող էր նշանակել:

    Դուրս եկա պոլիկլինիկայից եւ ուղեւորվեցի իմ ծանոթ ալերգոլոգի մոտ, որը, իհարկե, ձրի խորհրդատվություն չի տրամադրում:

    Դիտելով իմ մեջքամասի քոր եկող մաշկի վիճակը, նա նշանակեց մեզի եւ արյան տարբեր տեսակի անալիզներ, որոնց արդյունքը ներկայացնելուց հետո միայն կարող էր եզրակացություն անել իմ հիվանդության մասին: Իսկ անալիզների ցանկը լրացրեց հատուկ, նախապես պատրաստված թերթիկի վրաՙ հատուկ ախտաբանական կենտրոնի հասցեով, այլ ոչ թե իրենց հիվանդանոցում գտնվող լաբորատորիայում: Երեւի այդ կենտրոնը մասնագիտական ավելի բարձր որակներ ուներ: Սակայն չար լեզուներն ասում են, որ նրանց միջեւ հատուկ շահադիտական կապ կարող է լինել:

    Ինչեւէ, կատարված բոլոր համալիր անալիզների տվյալներով, որի համար վճարեցի բավականին կլորիկ գումար, մի քանի օր հետո ներկայացա ալերգոլոգին:

    Ալերգոլոգ բժշկուհին նայեց անալիզի պատասխանները, ոչինչ չգտավ ալերգիա դրդող շարժառիթներում եւ ինձ խորհուրդ տվեց դիմել ուրոլոգ-վիրաբույժին, ասելով.

    – Գուցե երիկամներումդ կամ լեղապարկումդ քարեր կամ բորբոքումներ կան:

    – Լեղապարկս վաղուց հեռացրել են, բժիշկ ջան,- ասացի ես:

    – Դե, ուրեմն, միայն երիկամներդ կնայեն, սոնոգրաֆիա կանեն, ուրոֆլոգրամա կանենՙ մեզի արագությունը կորոշեն, եթե ծանոթ բժիշկ չունեք, ես կարող եմ իմ իմացած լավագույն ուրոլոգ-բժշկի հեռախոսահամարը տալ:

    Երեկոյան, ալերգոլոգ բժշկուհու տված հեռախոսահամարով զանգահարեցի ուրոլոգ-վիրաբույժին, պայմանավորվեցինք հաջորդ օրը հանդիպելու համապատասխան հիվանդանոցում:

    Հանդիպման կարճատեւ զրույցի ավարտին, ուրոլոգ-վիրաբույժը նորից մեզի եւ արյան անալիզներ նշանակեց, քանի որ նախորդ անալիզները իրենց մասնագիտական ուղղությանը չէին համապատասխանում, ինչպես նաեւ ուղեգրեր տվեց սոնոգրաֆիայի եւ ուրոֆլոգրամայի հետազոտման վերաբերյալ:

    Վերջին հետազոտությունների հիման վրա, որոնց համար նույնպես մի կլորիկ գումար վճարեցի, ուրոլոգ-վիրաբույժը եկավ այն եզրակացության, որ ինձ պետք է շտապ վիրահատության ենթարկել, քանի որ իմ կյանքին վտանգ է սպառնումՙ միզակապության առկայությամբ:

    Բայց վիրահատության համար այնպիսի գումար պահանջեց, որ ես այլեւս այդ հիվանդանոցի հասցեն մոռացա:

    Տուն վերադարձա, զանգահարեցի մի քանի բարեկամ-ծանոթների, խորհուրդներ հարցրեցի իմ հիվանդությունների վերաբերյալ, մի գիշեր էլ չքնեցի եւ ինձ համար ցածր գներով բուժման ռեժիմ մշակեցի: Առաջին հերթին պետք է լուծեի մարմնիս քոր եկող մասի հարցըՙ քորող փայտյա գործիք ձեռք բերելով, որով օրը մի քանի անգամ պետք է կատարեի այդ հաճելի գործողությունը, իսկ վիրահատության հարցը որոշեցի հետաձգել մի քանի տարով, գուցե այդ ընթացքում պետության կողմից որոշում կայացվի, որ այդպիսի հիվանդությունները, հատկապես թոշակառուների համար, կատարվեն պետպատվերով, իսկ եթե իրականում, աստված մի արասցե, կյանքիս վտանգ սպառնա, ապա թող մտածեն իմ հարազատները, որ հետո չասեն, թե ինչո՞ւ բժշկի չես դիմում, թող տեսնեն եւ իրենց մաշկի վրա զգան բժշկին դիմելու հետեւանքները:

  • Ո՞Վ Է ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆԸ

    Ո՞Վ Է ՄԵՐՁԱՎՈՐԱՐԵՎԵԼՅԱՆ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՊԱՆԸ

    Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

    «Նեոօսմանիզմ», ցեղասպանություն

    Որքան մոտենում է Սիրիայի խնդրի քաղաքական կարգավորման բանակցությունների սկիզբը, աշխարհում այնքան ավելի շատ են հիշում մերձավորարեւելյան քրիստոնյաների դժբախտությունները: ԱՄՆ-ում կաթոլիկների եպիսկոպոսությունը, մի շարք հասարակական եւ քաղաքական գործիչներ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից պահանջում են Մերձավոր Արեւելքում կրոնական փոքրամասնությունների դեմ «Իսլամական պետության» ահաբեկիչների կատարած չարագործությունները ճանաչել իբրեւ ցեղասպանություն: Օրերս համանման պահանջով հանդես են եկել նաեւ Մեծ Բրիտանիայի որոշ լոբբիստական խմբեր: Լոնդոնցի կաթոլիկների Catholic Herald կայքէջը հաղորդում է, որ 60-ից ավելի պատգամավորներ վարչապետ Դեյվիդ Կեմերոնին գրած նամակում խնդրել են ՄԱԿ-ի վրա ճնշում գործադրել, որպեսզի Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների եւ մյուս փոքրամասնությունների սպանությունները ճանաչվեն իբրեւ ցեղասպանություն: Նամակ-դիմումի մեջ մասնավորապես նշվում է. «Սա լոկ իմաստաբանության հարց չէ: Կա երկու պատճառ: Առաջին, ՄԱԿ-ի նմանօրինակ որոշումը այդ սպանդը կազմակերպողների եւ իրականացնողների համար կլինի հստակ ազդանշան, որ ապագայում իրենք միջազգային ընկերակցության առջեւ պատասխանատվություն կկրեն իրենց արարքների համարՙ կձերբակալվեն, կդատվեն եւ կպատժվեն: Երկրորդ, դա Ցեղասպանության ոճիրը կանխելու եւ դրա համար պատժելու կոնվենցիան ստորագրած 127 երկրներին կդրդի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ոճրագործությունները կանխելու նպատակով»:

    Ի դեպ, 2015 թ. հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի կառավարությունը համաձայնել էր քննության առնել «Մերձավոր Արեւելքի քրիստոնյաների սպանդը եւ արտաքսումը» իբրեւ ցեղասպանություն ճանաչելու հարցը, թեեւ որոշ նախարարներ հասկացրել էին, որ իրենք այնքան էլ չէին ուզենա օգտագործել այդ եզրույթը:

    Մերձավոր Արեւելքում Իսրայելը իրեն համարում է այն միակ պետությունը, որը պաշտպանում եւ օգնում է տեղի քրիստոնյաներին: Այդ մասին 2015-ի տարեվերջին հայտարարեց Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, հրեական պետությունը բնութագրելով որպես քրիստոնյաների «բարեկամ երկիր» եւ վերջիններիս ներկայացնելով իբրեւ «մահմեդական մեծամասնության խտրականության ու բռնության զոհեր»: Այդ մասին հաղորդեց Վատիկանի Agenzia Fudes լրատվական գործակալությունը: Մերձավորարեւելյան կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ Իսրայելի վարչապետի նկատառումները շարադրվեցին Իսրայելի քրիստոնեական հավաքագրման համաժողովի ամենամյա հավաքի մասնակիցներին ուղղված նրա տեսաելույթում: Այդ կազմակերպությունը, որի ղեկավարը իսրայելցի հույն ուղղափառ հոգեւորական Գավրիիլ Նադդաֆն է, օժանդակում է երկրի բանակում քրիստոնյա նորակոչիկների հավաքագրմանը:

    Նաթանյահուն երախտագիտության խոսքեր ասաց համաժողովի մասնակիցներին, նշելով, որ նրանց գործունեության շնորհիվ Իսրայելի բանակում քրիստոնյա զինվորների թիվը մշտապես ավելանում է: 2015 թվականին հավաքագրվել է 200 քրիստոնյա նորակոչիկ, ինչը էական աճ է նախորդ տարվա համեմատությամբ: «Դուք շատ լավ գիտեք, որ մեր տարածաշրջանը պատերազմի բոցերի մեջ է, Իրաքում, Սիրիայում, եւ, ցավոք, Պաղեստինյան ինքնավարությունում քրիստոնյաները տառապում են արմատական իսլամից: Նրանց համայնքները ենթարկվում են հալածանքների, բազմաթիվ մարդիկ կյանքից զրկվել են հանուն իրենց հավատքի: Արմատական իսլամը որեւէ տարբերություն չի դնում քրիստոնյաների, հուդայականների եւ մահմեդականների միջեւ, որոնք մերժում են ծայրահեղականության այդ դրսեւորումը: Ջիհադիստների համար նրանք բոլորը անհավատներ են, որոնց հարկավոր է սպանել: Այսօր, ավելի քան երբեւիցե, պարզ է դառնում, թե Մերձավոր Արեւելքում փոքրամասնություններին պաշտպանող միակ պետությունը, որտեղ քրիստոնյաներն ապրում են խաղաղության մեջ, եւ որտեղ նրանց համայնքը աճում է: Դա Իսրայելն է», հայտարարեց Նաթանյահուն: (Համաժողովի մասնակիցներից որեւէ մեկը հարց չուղղեց վարչապետին, թե քրիստոնյաների պաշտպանի դերում Իսրայելը ինչո՞ւ իր սահմանները չի բացել Սիրիայի եւ Իրաքի քրիստոնյաների առաջ: Խմբ.:)

    «Արաբական գարնան» սկզբնավորումից եւ նամանավանդ «Իսլամական պետության» ստեղծումից ի վեր մերձավորարեւելյան քրիստոնյաների վիճակը փոփոխվել է «վատից» մինչեւ «սարսափելիի» միջակայքում: Առաջին հարվածն իրենց վրա ընդունեցին Եգիպտոսի բնիկներըՙ քրիստոնյա ղպտիները, բայց հենց նրանք էլ 2013 թ. գեներալ աս-Սիսիի գլխավորությամբ բանակի իրականացրած հեղաշրջման շնրհոիվ առաջինը հասան քիչ թե շատ կայուն վիճակի: Ինչ վերաբերում է դեռեւս ծանր պայմաններում գտնվող Իրաքին, այնտեղ ԻՊ գրոհայինները Նինվեի հարթավայրից արտաքսել են քրիստոնյաներին, որոնք կարողացել են ապաստան գտնել քրդերի մոտ: Եվ եթե Իրաքյան Քրդստանը համարենք դե-ֆակտո կայացած պետություն, ապա Իսրայելից հետո դա երկրորդ պետական կազմավորումն է, որը կրոնական փոքրամասնություններին օգնում է գոյատեւել եւ նույնիսկ առաջարկում է ապագայի ինչ-որ հեռանկար: Առայժմ հույսի շող չի նկատվում Լիբիայի քրիստոնյաների համար: Ավելին, Սիրիայից եւ Իրաքից ջիհադիստների արտաքսմանը զուգընթաց նրանց վիճակը միայն կվատթարանա: Բուն Սիրիայում դրական տեղաշարժ է նկատվում այն բանից հետո, երբ նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ին ռուսական օդուժը սկսեց հարվածներ հասցնել «Իսլամական պետության» զինապահեստներին, ճամբարներին եւ նավթատար մեքենաներին: Ռուսաստանի օրինակին փորձում են հետեւել Ֆրանսիան եւ Գերմանիան, տարածաշրջանում ջանքերն ակտիվացրել է ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված կոալիցիան:

    Սակայն, ինչպես նշում է Ռեգնում գործակալությունը, տագնապ է հարուցում Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ եւ Թուրքիայի մասնակցությամբ այսպես կոչված «Իսլամական հակաահաբեկչական կոալիցիայի» ստեղծումը: Մտահոգության առաջին պատճառն այն է, որ տվյալ կոալիցիայի իսլամական բաղադրիչը սահմանափակվում է հիմնականում սուննիներով, ինչը ապագայում կարող է խորացնել հակամարտությունը բուն մահմեդական միջավայրում: Երկրորդ պատճառը, կաթոլիկ փորձագետների մեծամասնության կարծիքով, այն է, որ սաուդցիների աշխարհաքաղաքական նկրտումները ներկայումս կապված են առավելապես Եմենի հետ: Ավելացնենք եւս մեկ էական պատճառ: Սաուդյան Արաբիան, Քաթարը եւ Թուրքիան հայտնի են որպես Բաշար Ասադի թշնամիներ եւ ահաբեկչական «Իսլամական պետության» աջակիցներ: Հարց է ծագում. նրանց հիմնած կոալիցիան ինչպե՞ս է պայքարելու ահաբեկչության դեմ:

    Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ ԻՊ վայրագությունների ասպարեզ դարձած Սիրիայով եւ Իրաքով ստիպված կլինի զբաղվել ոչ թե «իսլամական կոալիցիան», այլ մեկ ուրիշը: Տվյալ համատեքստում երկու երկրներում ջիհադիստների գործած ոճիրները Արեւմուտքի առանձին երկրների կամ ՄԱԿ-ի մակարդակով իբրեւ Ցեղասպանություն ճանաչելը կունենա կարեւոր հետեւանքներ, ըստ որումՙ ոչ միայն մարդասիրական տեսակետից:

    Հետեւանքները զգալի կլինեն հատկապես Թուրքիայի համար: Երբ Էրդողանի եւ Դավութօղլուի վարչակարգը նոր-նոր էր սկսում զարգացնել «նեոօսմանիզմի» քաղաքականությունը, դա ընկալվում էր որպես նահանջ հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի աշխարհիկ գաղափարախոսությունից եւ կրոնական գործոնի ամրապնդում երկրի կյանքում: Ոմանք ասում էին, թե Թուրքիայում տեղի է ունենում իսլամացում, թեեւ դա տարօրինակ էր հնչում. եթե թուրքերը իսլամ են դավանում, ապա զարմանալի կլիներ դրա համար նրանց մեղադրելը: Բայց հետո կառավարող վարչակարգը բացահայտեց իր իսկական նկրտումները: Անկարան սկսեց խոսել Սայքս-Պիկոյի պայմանագրի սահմաններում Մերձավոր Արեւելքում հաստատված աշխարհակարգի մերժման մասին եւ ի հայտ բերեց տարածաշրջանում նախկին Օսմանյան կայսրության դերը խաղալու հավակնություն: Եվ եթե անցյալում մամուլը Էրդողանին «սուլթան» էր անվանում միայն չակերտներում, ապա ներկայումս թուրք նախագահն իրեն այնպես է պահում, ասես ուզում է դեն նետել չակերտները: Ինչպես գրում է լեհական Polonia Christiana կաթոլիկական կայքէջը, Էրդողանը «պահպանում է անսահմանափակ իշխանություն եւ կառուցում է ամբողջատիրական պետություն, որտեղ կենտրոնական դեր է խաղում իսլամը: Նա քայլ առ քայլ պետությունը դարձնում է պակաս աշխարհիկ, ինչը դուր է գալիս սուննիների մեծ մասին, խուսավարում է Արեւմուտքի եւ «Իսլամական պետության» միջեւ, վերահսկելով Եվրոպայում գաղթականների ճգնաժամի առաջացրած քաոսը, քանի որ այդ ալիքը գալիս է հիմնականում Բոսֆորից… Չէ որ դա դիկտատուրա է, որի պայմաններում ոչ թուրքական ծագում ունեցող եւ սուննիզմ չդավանող քաղաքացիները դուրս են մղվում հասարակության ծայրամաս: Քրդերը, շիաները, հայերը, ասորիները, կաթոլիկները, բողոքականները ենթարկվում են հալածանքների: Կաթողիկե եկեղեցին նույնիսկ իրավաբանական կարգավիճակ չունի»:

    Մինչեւ օրս Անկարան լուրջ եւ զանգվածային քննադատության չի ենթարկվել կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտման համար: Սակայն իրավիճակն ամեն պահի կարող է փոխվել: Թուրքական Hurriyet Daily News ընդդիմադիր թերթը 2015 թ. տարեվերջյան համարներից մեկում հրապարակեց ռեպորտաժ այն մասին, թե ինչպես Սիրիայից եւ Իրաքից Թուրքիա փախած մոտ 45 հազար քրիստոնյաներ ստիպված են թաքցնել իրենց կրոնական ինքնությունը: Այդ հայ, սիրիացի եւ քաղդեացի քրիստոնյաների մեծ մասը ներկայումս ապրում է անատոլիական փոքր քաղաքներում: Ստամբուլում ասորական եւ հայկական պատրիարքարանները, հասարակական կազմակերպությունները օգնություն են ցուցաբերում գաղթականներին, բայց վերջիններիս խնդիրները բնավ չեն սահմանափակվում ֆինանսական դժվարություններով: Հայերի համար իրավիճակն ունի պատմական չափում, քանի որ նրանք վերադառնում են այն տարածքները, որոնք իրենց նախնիները ստիպված եղան լքել 100 տարի առաջ: Սակայն, ինչպես գրում է թուրքական թերթը, ներկայիս գաղթականները օտարների ներկայությամբ եւ հասարակական վայրերում ստիպված են ձեւանալ մահմեդականներ եւ թաքցնել քրիստոնեական խորհրդանշանները:

    Եթե վերոհիշյալ ռեպորտաժի բնույթի հրապարակումները լույս տեսնեն գրեթե ամեն օր, ըստ որումՙ ոչ միայն թուրքական, այլեւ օտարերկրյա հրատարակություններում, եթե իրավիճակն արժանանա միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների եւ իրավապաշտպանների ուշադրությանը, եթե Թուրքիայում ապրող կրոնական փոքրամասնությունների ճակատագիրը քննարկման եւ հայտարարությունների ընդունման առարկա դառնա աշխարհի ազդեցիկ տերությունների խորհրդարաններում, ապա Էրդողանի ու Դավութօղլուի վարչակարգը երկար չի դիմանա, քանզի առանց այդ էլ կենտրոնախույս նոր գործընթացներ են սկսվել Թուրքիայի հարավարեւելյան որոշ շրջաններում: Ինչպես նշում է Ռեգնում գործակալությունը, հատկապես կարեւոր է ՄԱԿ-ի մակարդակով մերձավորարեւելյան քրիստոնյաների ցեղասպանության խնդրի ճանաչումը, ինչը անխուսափելիորեն քննարկման թեմա կդարձնի Օսմանյան կայսրությունում հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանության հարյուրամյա վաղեմության պատմությունը: Այնպես որ այսօր, սիրիացի եւ իրաքցի քրիստոնյաներից հետո, աշխարհաքաղաքական պայքարի առաջին պլան են մղվում Հարավային Կովկասի քրիստոնյաները, նախ եւ առաջ հայերը, որոշակի հանգամանքներում (ըստ Ռեգնումի)ՙ գուցե նաեւ վրացիները:

  • ԻՆՉՊԵ՞Ս ՀԱԿԱԴԱՐՁԵԼ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»

    ԻՆՉՊԵ՞Ս ՀԱԿԱԴԱՐՁԵԼ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆԸ»

    Պատրաստեց Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

    Ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում ի մի են բերված «Իսլամական պետության» (ԻՊ, ISIS) մասին տարբեր հեղինակների (Մարտին Չուլով, Դեյվիդ Շարիատմատարի, Նաֆիս Համիդ, Սկոթ Աթրան: Վերջինս Փարիզի «Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի» մարդաբանության բաժանմունքի տնօրենն է, ավագ գիտաշխատող Օքսֆորդ համալսարանում (Անգլիա): Հեղինակ է ահաբեկչության, բռնության եւ կրոնի թեմաներով բազմաթիվ հոդվածների) կարծիքներից եւ համացանցային կայքերի հաղորդագրություններից վերցված հատվածներ, որոնք մեր կարծիքով ուշագրավ կարող են լինել ներկայիս աշխարհի այդ թիվ 1 հարցով հետաքրքրվողների համար:

    «Աշխարհն այսօր բաժանված է լավի ու վատի, բարու եւ չարի, խալիֆաթի հավատացյալների եւ անհավատների միջեւ», կարդում ենք 2015-ի սկզբներին ԻՊ-ի համացանցային «Դաբիք» (Dabiq) ամսագրում տեղադրված 10-էջանոց խմբագրականում, որի վերնագիրն է «Գորշ գոտին» (The Grey Zone): Այնտեղ մեջբերված է նաեւ Բեն Լադենի խոսքը, որն ասում է. «Բուշը ճիշտ էր, երբ նշում էր, որ կա՛մ մեզ հետ եք, կա՛մ էլ ահաբեկիչների հետ, իսկական «ահաբեկիչները» սակայն արեւմտյան խաչակիրներն են»: Հոդվածի վերջում նշվում է. «Ժամանակն եկել է մեկ այլ իրադարձության… որը կբաժանի աշխարհը եւ կխորտակի գորշ գոտին»:

    Փարիզյան դեպքերն ու Թուրքիայում կատարվող վերջին շրջանի պատահարները վերոնշյալ մարտավարության վառ ապացույցներն են: Եվրոպան է հիմա դարձել թիրախի կենտրոն: Դեռ շատ բաներ են պատահելու: Դրա համար էլ անհրաժեշտ է իմանալ ու հասկանալ, թե իրականում ի՞նչ է տեղի ունենում:

    ԻՊ-ի (ISIS) ներկայիս առաջ մղած արաբ արմատական սուննիների աշխուժացման կամ վերազարթման փորձերը դինամիկորեն զարգացող, հեղափոխական, համաշխարհային համաչափության հակամշակութային, պատմական մի շարժման բաղադրիչ մասնիկներն են, որոնցում ընդգրկված են Երկրորդ աշխարհամարտից հետո ամենամեծ թվաքանակով եւ ամենատարբեր ազգությունների պատկանող կամավորական կռվող խմբավորումներ: Հակառակ ներքին եւ արտաքին թշնամիների կողմից հարձակման ենթարկվելուց, այդ շարժումը ոչ մի չափով չի նվազում եւ շարունակում է իր հսկողության տակ պահել հարյուր հազարավոր քառակուսի մետր տարածքներ եւ ներգրավել միլիոնավոր նոր մարդկանց:

    ԻՊ-ին վերաբերվել որպես «ահաբեկչական» կամ «կատաղի ծայրահեղական» խմբավորման մի ձեւիՙ նշանակում է խորապես չըմբռնել սպառնալիքի ահավորությունը: Դիտել այն որպես «նիհիլիստական» դրսեւորումՙ նշանակում է չտեսնել նրա խիստ գրավիչ առաքելությունըՙ փոխելու եւ փրկելու աշխարհը: Իսկ այն հանգերգը, որ ԻՊ-ն փորձում է մարդկանց ետ տանել դեպի միջին դարեր, պարզապես ծիծաղելի է: Ճշմարտությունը շատ ավելի բարդ է, ինչպես Ռաքքայում տեղակայված ԻՊ-ի լրատվական կենտրոնի ներկայացուցիչ Աբու Մուսան է ասում. «Մենք մարդկանց ետ, դեպի փոստատար աղավնիների դարաշրջանը չենք տեղափոխում: Ընդհակառակը, մենք փորձում ենք օգտվել զարգացումներից, բայց այնպես, որ դրանք չխանգարեն կրոնին»:

    Փարիզյան դեպքերը «փոթորկի առաջին փուլն էր»ՙ հավատացնում են նրանք: Քաոսային վիճակ ստեղծելը նրանց ծրագիրն է: Ինչքան Եվրոպայում մահմեդականների դեմ շարժումը սաստկանա, ինչքան շատ Արեւմուտքը ներգրավվի Մերձավոր Արեւելքի ռազմական գործողություններում, այնքան ավելի երջանիկ են լինելու ԻՊ-ի առաջնորդները, որովհետեւ հենց դա է այդ կազմակերպության գլխավոր մարտավարությունըՙ ստեղծել եւ ապա վերահսկել քաոսը: Գոյություն ունի «Վայրենության/քաոսի կառավարումը» խորագրով մի մանիֆեստ, տրակտատՙ գրված ավելի քան մեկ տասնամյակ առաջ ոմն Աբու Բաքր Նաջիի կողմից Ալ Ղաիդայի միջագետքյան թեւի խմբավորումների համար, որը հետագայում դառնալու էր ISIS-ի կորիզը:

    Հիմնական աքսիոմաները

    Մանիֆեստի հիմնական աքսիոմներից են հետեւյալները.

    – Ընդարձակիր եւ զանազան վայրերում, իսլամական աշխարհում, թե դրանից դուրս, զայրույթի հարվածներ հասցրու խաչակիր-սիոնիստ թշնամուն, որպեսզի ջլատվեն նրա եւ դաշնակից թշնամիների ջանքերը եւ հնարավորինս սպառվեն:

    – Սերմանիր վախ բնակչության շրջանում: Քայքայիր տնտեսություններ: Եթե որեւէ զբոսաշրջիկային տեսարժան վայր է խփվում, բոլոր երկրների տեսարժան վայրերում հավելյալ հսկողություն է սահմանվելու, ինչը նշանակում է, որ հավելյալ զորքեր են ներգրավվելու դրանցում եւ հավելյալ ծախսեր են պահանջելու:

    – Լուրեր տարածիր, որ ասենք ուրբաթ օրվա վայրագություններում ներգրավված էր նաեւ 15 տարեկան մի երիտասարդ: Գրավիր եւ շահագործիր պատանիների ըմբոստությունը, նրանց եռանդը, իդեալիզմը եւ զոհաբերության պատրաստակամությունը, քանի հիմարները «ուասատիյյա» (չափավորություն) եւ ավտանգություն են քարոզում եւ հորդորում ռիսկի չդիմել:

    – Աշխատիր բացահայտել Ամերիկայի կենտրոնացված իշխանության թուլությունները: Մղիր նրան թողնելու զանգվածային լրատվամիջոցներով հոգեբանական պատերազմ մղելը եւ ստիպիր նրան անմիջականորեն, ուղղակիորեն պայքարի մեջ մտնել: Նույնը կատարիր նաեւ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ մյուս դաշնակիցների հետ:

    ԻՊ-ն փորձում է լրացնել դատարկությունը բոլոր այն վայրերում, որտեղ գոյություն ունի «քաոս» կամ «վայրագություն» ( էլ-թաուահուշ կոչվածը) ինչպես, օրինակ, Աֆրիկայում եւ Կենտրոնական Ասիայում: Իսկ այն վայրերում, որտեղ բավականաչափ քաոսային իրավիճակ չկա (այսինքնՙ «պատերազմի տուն» կամ որջ կոչված անհավատների բնակավայրերում), ինքն է ստեղծում այդ քաոսային վիճակը, ինչպես, օրինակ, Եվրոպայում:

    ԻՊ-ն գիտակցորեն շահագործում է վհատեցնող դինամիկան, որ գոյություն ունի արմատական իսլամիզմի առաջացման եւ այլատյացական ոգով էթնո-ազգայնամոլական շարժումների վերակենդանացման միջեւ, ինչը լրջորեն վնասում է միջին դասակարգինՙ կայունության եւ ժողովրդավարության հիմնական հենարանին, Եվրոպայում, հիշեցնելով մեզ 1920-30-ական թվականներին ֆաշիստների եւ կոմունիստների կատարած կործանարար աշխատանքները: Այն փաստը, որ եվրոպական ընտանիքներում վերարտադրողական նորման 1,4 երեխայի սահմաններում է տատանվում եւ դրա հետեւանքով մեծ թվով ներգաղթողների կարիքը միշտ զգացվում էՙ պահպանելու համար կայուն աշխատուժի քանակը, Աստծո կողմից ուղարկված պարգեւ է ԻՊ-ին, քանի որ դրանով պետք եղած քաոսն է ստեղծվում եւ ԻՊ-ին մնում է սոսկ շահագործել իրավիճակը:

    Ինչո՞վ է հրապուրիչ ԻՊ-ն

    Ոչ թե Ղուրանն ու կրոնական ուսմունքն է հրապուրում ԻՊ-ին միանալ ցանկացող երիտասարդներին, այլ այն զգայացունց դատը, գաղափարը, որի համար պայքարում է ԻՊ-ն եւ որը երիտասարդներին խոստանում է փառք ու պատիվ: Ջիհադը նրանց համար համոզիչ է, որովհետեւ եղբայրական մթնոլորտում հավասար հնարավորություններ է ստեղծում: Այն փառավոր եւ անվրդով կյանք է պարգեւում, համոզում են նրանց: 2014-ի հուլիսին անցկացված հարցախույզի արդյունքներով 18-ից 24 տարեկան ֆրանսիացի երիտասարդների չորսից մեկը «նպաստավոր» կամ «շատ նպաստավոր» կարծիք ունի ԻՊ-ի նկատմամբ, չնայած, որ Ֆրանսիայում ապրող մահմեդականների թիվը չի գերազանցում բնակչության 7-8 տոկոսը: Խմբավորումներին միացած պատանիների մեծ մասը կյանքի անցումային փուլում են, կա՛մ ուսանողներն են, կա՛մ ներգաղթյալներ, որոնք հեռացել են իրենց ծննդավայրից եւ ընտանիքներից, եւ նոր «ընտանիք» են փնտրում իրենց համար:

    ԻՊ նախկին իմամներից մեկի բնութագրմամբՙ «Պատանիները, որ մեզ միանում են, կարիք չունեն դասախոսությունների: Նրանք հիմնականում հասկացող են եւ կարեկցող, բայց մոլորված»: Խմբավորումը կարող է հարյուրավոր ժամեր հատկացնել մեկ անձի հավաքագրման համար: Ուսումնասիրվում են նրանց անձնական կյանքը եւ խնդիրները: Իսկ խնդիրներ նրանք ունեն անպայման: Կամ բյուրոկրատներն են ծնողներին ստորացրել, կամ ծնողներն են իրենց ստորացրել, կամ էլ իրենց քույրերին ու մայրերին են փողոցում վիրավորել գլխաշոր կրելու համար: Նրանց մեծ մասը հոգնել, ձանձրացել է կեղծ, կոռումպացված «դեմոկրատական լիբերալիզմի» ընձեռած հնարավորություններից, եւ պարզապես արկածներ որոնելու հետաքրքրությունից մղված ու փառքի արժանանալու երազանքներով մուտք են գործում ԻՊ-ի խմբավորումները: Իդեալների բացակայությունն ու արժեհամակարգերի խաթարվածությունը մեծապես նպաստում են այդ գործընթացին: Ի՞նչ ենք մենք արեւմտյան երկրներում հրամցնում մեր երիտասարդներին. հանգստություն, ապահովություն, ցավերից ու ռիսկերից խուսափում, անգործունեություն, անտարբերություն: Մինչդեռ պատանին, երիտասարդը «հերոսների» կարիք ունի, երեւույթները իդեալականացնելու կարիքը ունի: Այդ պատճառով էլ զույգ աշտարակների փլուզումը կամ գլխատումների ցուցադրումը նրանցից ոմանց կողմից դիտարկվում է ոչ թե որպես «ահաբեկչական գործունեություն», այլ «հանուն վեհ գաղափարի հաղթանակի» դրսեւորում:

    Դասեր անցյալից

    Աստծո հանդեպ ակնածանքն ու արվեստում եւ ազգային ծիսակատարություններում դրա բյուրավոր դրսեւորումները մի ժամանակ Արեւմուտքում վեհ գաղափարներ էին, որոնց եկան միանալու ազատության, հավասարության եւ արդարության բարձրարժեք կարգախոսները: Անգլիացի մեծ պատմաբան եւ սոցիոլոգ Առնոլդ Թոյնբին պնդում էր, որ քաղաքակրթությունները զարգանում են եւ անկում ապրում իրենց մշակութային իդեալների կենսունակության համապատասխան եւ ոչ թե իրենց նյութական արժեքների գոյության կամ չգոյության հետեւանքով:

    Գիտությունների ազգային հաստատության եւ Մ. Նահանգների պաշտպանության քարտուղարության (նախարարության) համագործակցությամբ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ հասարակությունների մեծ մասն ունի որոշակի «սրբազան արժեքներ», որոնց համար քաղաքացիները պատրաստ են կռվել, լուրջ կորուստներ տալ եւ նույնիսկ իրենց կյանքը զոհաբերել:

    Պետք է մտածել այս մասին ապագա սերունդները փրկելու համար հետագա աղետալի սպառնալիքներից: Արեւմուտքը չի՞ հասկանում, թե՞ չի ցանկանում հասկանալ ճշմարտության այս փոքրիկ «հատիկը»: Վերջիվերջո հակաահաբեկչական ամենահզոր զենքը այլընտրանքային «հերոսներ» եւ «հույսեր» մատակարարելն է երիտասարդներին, հատկապես Եվրոպա ներխուժած հուսահատ ու անգործունյա ներգաղթյալներին, նրանց զբաղվածությունը ապահովելու միջոցով: Կարեւոր է նաեւ ստեղծել այլընտրանքային տեղական շարժումներ, կամ երիտասարդական արտադպրոցական կազմակերպություններՙ հար եւ նման մեկ դար առաջ կազմավորված սկաուտական շարժմանը, բայց նոր, 21-րդ դարի պահանջներին համապատասխան միջոցառումներով եւ նպատակադրումներով: Պետք է աշխատել պատանիների, երիտասարդների հետ, անմիջական կապ հաստատելով նրանց հետ, տալով նրանց այն, ինչ հետաքրքրում է նրանց: Դեռադիկալացումը, ինչպես ռադիկալացումը ինքը, կարելի է իրականացնել միայն ներքեւից վերեւ, եւ ոչ թե վերեւից ներքեւ: Մասնագետները պարզել են, որ որեւէ գաղափարի, դատի համար պայքարելու ձգտումը վեր է ամեն մի նյութական արժեքից: Սա պետք է ամրագրել երիտասարդների շրջանում:

  • ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԸ ՄԻ ՎԵՊՈՒՄ

    ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՆ ՈՒ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԸ ՄԻ ՎԵՊՈՒՄ

    Հ. Ծ.

    «Հիշողությունները մեր հասարակական կյանքի անբաժանելի մասն են կազմում եւ կրնկակոխ հետապնդում են մեզ ամենուրեք», գրում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում Քլիվելենդի (ԱՄՆ) պետական համալսարանի նախկին դասախոս եւ վարչական անդամ Պաուլա Բլոկը, գրախոսելով «Ուեսթ ըվ Ուեսթ Բուքս» հրատարակչատան լույս ընծայած Դանիել Մելնիքի «The Ash Tree» (Հացենին) վեպը, որն իր բնութագրմամբ պատմական իրադարձությունների եւ գեղարվեստական արձակի նրբագույն համամասնությամբ հյուսված մի պատմություն է Արարատ ազգանունը կրող մի ընտանիքի, որտեղ Արմեն (ծնված Թուրքիայում) եւ Արտեմիս Հարության (ծնված Կոնեկտիկուտում, ԱՄՆ) զույգը տարբեր խառնվածքների եւ հայացքների տեր մարդիկ են: Իրադարձությունները ծավալվում են 1915-1972 թվականներին: Արմենը Թուրքիայում մտավորականության սպանդին ականատես լինելուց մի քանի տարի անց հայտնվում է Մ. Նահանգներում եւ ընդունվում Բարքլի համալսարանը: Հետագայում դառնում է ճանաչված պոետ, ով չի կարողանում ձերբազատվել անցյալի հիշողություններից: Նոր աշխարհում ծնված Արտեմիսը, ով չէր ցանկանում տառապել անցյալի մղձավանջներով, ճակատագրի բերումով սիրահարվում է Արմենին եւ ընտանիք կազմում: Այստեղ է, որ անցյալն ու ներկան, հին ու նոր աշխարհները բախվում են միմյանց: Հարաբերությունները բարդանում են, երբ իրենց երեք զավակներըՙ Տիգրանը, Կարոն եւ Ջուլիետը մեծանում են, եւ Ջուլիետը ամուսնանում է հրեա Սեմի Ուայզբերգի հետ: Ջուլիետն ու Սեմին մարմնավորում են, ըստ գրախոսի, հեղինակին եւ կնոջըՙ Ժանետ Արաքս Մելնիքին, որի գեղանկարը դրոշմված է գրքի շապիկին: Բայց վեպը մի ընտանիքի կյանքը ներկայացնելուց անցնում է առավել լայն, սփյուռքյան կյանքի վերլուծությանը, որն էլ առավել արժեւորում է ստեղծագործությունը: Դանիել Մելնիքը միաժամանակ պատվում է ե՛ւ այն հայերին, ովքեր կորուստներ են տվել պատմական հայրենիքում եւ դարձել տարագիրներ, ե՛ւ բոլոր նրանց, ովքեր կիսում են մեր ցավը եւ փորձում ինչ-որ ձեւով ամոքել այն:

  • ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՅՈՍՍԻ ՍԱՐԻԴԸ

    ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՅՈՍՍԻ ՍԱՐԻԴԸ

    Հ. Ծ.

    Յոթանասուհինգ տարեկանում անցյալ դեկտեմբերին վախճանվել է Իսրայելի Քնեսեթի պատգամավոր, կրթության նախկին նախարար Յոսսի Սարիդը : «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հաղորդմամբ, Ամերիկայի Հայկական համագումարում հիշել են նրա հարատեւ եւ չթուլացող ջանքերը Հայոց ցեղասպանության թեման ընդգրկելու դպրոցական ուսումնական ծրագրերում եւ պահանջը, որ կառավարությունը պաշտոնապես ճանաչի այն: Հատկանշական էր, նշել են Համագումարում, Սարիդի ելույթը Երուսաղեմի Հայկական թաղամասում 2000 թվի ապրիլի 23-ինՙ Եղեռնի 85-ամյակի առթիվ: Այնտեղ էր, որ նա վստահեցրեց, թե ներառելով ուսումնական ծրագրերում Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը, ծրագրում է իսրայելցի երեխաներին ծանոթացնել հայերի Ցեղասպանության փաստի հետ: «Մենք որպես հրեաներ եւ մահացու ատելության զոհեր կրկնակի պարտավորություն ունենք կարեկից լինելու այլ ազգերի հետ պատահած ողբերգությունների հանդեպ», ասել էր նա: Հակառակ գործադրած ջանքերին, նրան չհաջողվեց իրականացնել իր երազանքը: «Այդ պատճառով էլ իսրայելցի աշակերտներն ու ուսանողները ոչինչ չգիտեն հրեաներից բացի նացիստների կողմից բնաջնջված այլ ազգությունների ներկայացուցիչների մասին: Խոսքս գնչուների, քաղբանտարկյալների, հիվանդանոցային հոգեկան հիվանդների, ֆիզիկական թերություններ ունեցողների, լեհերի, ռուս ռազմագերիների մասին է: Բայց միայն նրանք չէ, որ մոռացված են: Այստեղ հետաքրքություն չկա նաեւ հայերի, բոսնիացիների եւ ռուանդացիների ցեղասպանությունների վերաբերյալ», հետագայում գրել էր նա «Հաարեց» թերթի 2003 թվի ապրիելի 16-ի համարում: Նա Երեւան էր այցելել 2005 թվին մասնակցելու Ցեղասպանության 90-ամյակի միջոցառումներին եւ այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:

    «Նրա ջանքերը, այդուհանդերձ, շարունակվելու են», հավաստիացրել է Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

  • «ԿԱՄԱՐ» ՀԱՆԴԵՍԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

    «ԿԱՄԱՐ» ՀԱՆԴԵՍԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ

    ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

    Ներկա պայմաններում, առավելաբար սփյուռքյան իրականության մեջ գրական -գեղարվեստական հանդեսների կանոնավոր տպագրությունը հուսադրող է, անգամ նվազագույն տպաքանակի պարագայում: Բեյրութում լույս տեսնող «Կամար» հանդեսը բարեհաջող շարունակում է իր գործունեությունըՙ Հայաստան – Սփյուռք մշակութային կամարող առաքելությամբ: Վերջին երկու համարները (23, 24) «Ազգի» խմբագրության ստացած, բովանդակում են հայրենի եւ սփյուռքի գրողների արձակ եւ չափածո գործեր, գրականագիտական, արվեստաբանական, հրապարակախոսական բնույթի հոդվածներ, արխիվային նյութերի հրապարակումներ, մշակութային կարեւոր նկատված իրադարձությունների մասին տեղեկություններ:

    «Կամարի» ընթերցողն արդեն գիտի եւ սպասում է նախընտրած հեղինակի նոր գործերին, մանավանդ որ մի քանի անուններ գրեթե բոլոր համարներում ներկա ենՙ Նորայր Ադալյան, Հրաչյա Թամրազյան, Արա Արծրունի, Համբիկ Մարտիրոսյան, Խաչիկ Խաչեր, Խաչիկ Տետեյան: Հետաքրքրականը անշուշտ երիտասարդ տաղանդավոր մարդկանց հայտնաբերումն ու հրապարակումն է նաեւ: Հանդեսն իր էջերը պարբերաբար տրամադրում է արաբ գրողների. նախորդ համարում ներկայացված է Աբդուլ Ռահման Մունիֆի «Աղին քաղաքները- Մոլորումը» վեպից հատվածներՙ Հուրի Ազիզյանի թարգմանությամբ:

    Կարեւոր հրապարակում է Հարություն Իսկահատյանի կողմիցՙ Հայոց ցեղասպանությանն առնչվող տարբեր հրատարակություններից ընտրված եւ հանրամատչելի ներկայացված հատվածը, որը մաս է կազմում հեղինակի հրատարակելիք 6-րդ գրքիՙ համալրելով «Վկայարան հայկական ցեղասպանութեան» նրա նախորդ հնգհատորյակը:

    Գեղարվեստի բաժնում հիմնականում անդրադարձներ արվում են կերպարվեստին: Հայ ժամանակակից գեղանկարչության վարպետիՙ Էդուարդ Իսաբեկյանի 100-ամյա հոբելյանի առիթով Արամ Սեփեթճյանը ներկայացնում է Իսաբեկյան նկարչին, գրողին, հայրենասեր հային ու քաղաքացունՙ նրա նկարագրի, խառնվածքի, արվեստի հետաքրքրական ու հարուստ շերտերով:

    Ուշագրավ հրապարակում է Ալեքսան Պերեճիքլյանի երկու հոդվածներըՙ 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչ Էմիլ Բերնարին նվիրված, որ հեղինակը սկսում է այսպեսՙ «Տասնեամեակներ տեւող անտեսումէ, ստորագնահատումէ եւ մինչեւ իսկ թշնամական վերաբերմունքէ յետոյ, 2014-ի ընթացքին Փարիզի մէջ Էմիլ Պերնարին (1868- 1941) պիտի յատկացուի յետահայեացք մը, որուն այսքան ուշացումը կարծիք մը կու տայ այն խափանման մասին, որուն երկար տասնամեակներ զոհը եղաւ այս վաղահաս անսովոր տաղանդը, ըմբոստ նկարագիրով, յանդուգն երկերով, եւ վիճայարոյց արտայայտութիւններով ու գրութիւններով հանդէս եկող այս անխոնջ արուեստագէտը»: Այս հետաքրքրական նախաբանին հետեւում են առավել հետաքրքրական մանրամասներ նկարչի կյանքի ոդիսականի եւ ստեղծագործության մասինՙ եղած կարծիքների վերանայման, նորովի վերագնահատման ակնկալիքով: Երկրորդ հոդվածըՙ խորագրված «Էմիլ Պերնար եւ Արմէն(ուհի) Օհանեան», ներկայացնում է դրվագներ ֆրանսիացի նկարչի եւ հայ պարուհի, դերասանուհի Արմեն(ուհի) Օհանյանի մտերմության ու սիրային պատմության:

    Գրականագիտական վերլուծումներ, նոր, հետաքրքրական տեղեկություններ են պարունակում Կոստան Զարյանի 130-ամյակի առիթով Թորոս Թորոսյանի եւ Վահե Մելեմեթճյանի «Չարենց առասպելին մասին…» հրապարակումները: Ծագումով հայաստանցի, Միացյալ Նահանգներ տեղափոխված բանաստեղծուհի Թամարա Հովհաննիսյանի պոետական ներաշխարհին ու ներշնչումներին է անդրադառնում Սարգիս Վահագնըՙ «Լինելության բանաստեղծը» հրապարակման մեջ: Բարձր գնահատելով հանգուցյալ բարեգործ Կարպիս Նազարյանի գործունեությունը, համարելով նրան հայ գրողի եւ կրթական մշակի մեծ բարեկամ, «Կամարի» խմբագիր Ժիրայր Դանիելյանը ներկայացնում է «Նազարյան» հիմնադրամի հրատարակած գրականության ցանկը: Պարույր Աղբաշյանի անդրադարձը նվիրված է 2011-ին Երեւանում լույս տեսած արժեքավոր հրատարակությանՙ «Սեւ գիրք» խորագրով, կազմված եւ խմբագրված Ալբերտ Իսոյանի կողմից, որտեղ առաջին անգամ համահավաք ներկայացվում են Թուրքիայում հայկական կոտորածների մասին օտարազգի նշանավոր պետական ու քաղաքական գործիչների, դիվանագետների, ականատեսների, ճանապարհորդների, պատմաբանների, գրողների, լրագրողների, միսիոներների հոդվածներ, ելույթներ, նոթեր, վկայություններ:

    Հանդեսի երկու համարները ցավալիորեն փակվում են տխուր էջերով, ի հիշատակ լիբանանահայ նշանավոր բանաստեղծներՙ Պեպո Սիմոնյանի եւ Սարգիս Կիրակոսյանի: Վերջին համարի խմբագրականիՙ «Կրկին տերեւաթափ է աշունը չեկած…» գուժող տողերը արձագանք են նախորդ 2 տարիներին կյանքից հեռացած լիբանանահայ գրողներիՙ «Մեկնողներուն ցաւը կը կրծէ մեր էութիւնը: Իսկ վաղուան անստուգութիւնը կը սարսափեցնէ մեզ…»:

    Տեղի գրչակից ընկերներիՙ Ժիրայր Դանիելյանի, Պարույր Աղբաշյանի, Արամ Սեփեթճյանի հիշատակի խոսքերին միանում են հայաստանցի բանաստեղծներ, մտավորականներ Հենրիկ Էդոյանը, Հակոբ Մովսեսը, Երվանդ Տեր-Խաչատրյանը, արաբ գրող Աբդո Լաբաքին, որոնց տողերում հայտնի ու սիրված բանաստեղծ Սարգիս Կիրակոսյանի նկարագիրը, ստեղծագործությունը վերապրվում, ցավ ու ափսոսանք է արթնացնում. «Ինձ համար ամենակարեւորը Սարգիս Կիրակոսյանի ազատ եւ անկաշկանդ լեզվամտածողությունն է, արեւմտահայերենի հարուստ եւ ինքնաբուխ արտահայտությունը, որը նրա բանաստեղծություններին հաղորդում է անառարկելի ուժ եւ հմայք: Այս ամենով հանդերձ, նա իմ ընկերն էր, իմ մտերիմ բարեկամը: Նրա հետ յուրաքանչյուր հանդիպում ինձ համար նշանակալից երեւույթ էր, որովհետեւ դա հոգեկան շփում էր տաղանդավոր բանաստեղծի, գրական, ազգային նվիրյալ գործչի, ազնիվ ու մտածող մարդու հետ, որի անժամանակյա հեռացումը Սփյուռքիՙ հետզհետե նվազող գրական- մշակութային աշխարհում պարզապես անհնար է պատկերացնել»:

    Եվ դարձյալ ցավալի մահագրական, Պետրոս Թերզյանի խոսքըՙ հայ հրապարակագրության անվանի դեմքերից մեկի, «Յառաջ» օրաթերթի բազմավաստակ խմբագիր Արփիկ Միսաքյանի հիշատակին:

    Առավել հետաքրքրականը գրականագիտական եւ գրախոսական բաժիններն ենՙ Վահան Թոթովենցի ծանոթ ու անծանոթ հինգ նամակներըՙ Վարդան Մատթեոսյանի ներկայացմամբ, Լեւոն Շառոյանի անդրադարձը ֆրանսահայ արձակագիր Վազգեն Շուշանյանին, Հ. Էդոյանի գրախոսությունը Վեհանուշ Թեքյանի պոեզիային նվիրված, Պ. Աղբաշյանի հրապարակումը մատենագետ – բանասեր Արտաշես Տեր- Խաչատուրյանի մատենագիտական հավաքածոների հրատարակման առիթով եւ ուրիշներ: Եվ վերջումՙ գեղեցիկ անդրադարձ ՙ Անթիլիասում գործող AYP to ZED արվեստի ակադեմիայի տասնամյա հոբելյանին:

  • ՊԱՀՊԱՆԵՆՔ ՉԱՓԻ ԶԳԱՑՈՒՄԸ

    ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

    Օսմանյան կայսրությունում քրիստոնեական փոքրամասնությունների նկատմամբ վարված «հանդուրժողական» (տոլերանտ) քաղաքականության մասին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ամանորյա հայտարարությունը հիվանդագին ընդունվեց Հայաստանում: Մինչդեռ պարզ է, որ քաղաքական լրագրող Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցում ինտելեկտուալ կրոնապետի կողմից արտահայտված այդ միտքը ոչ մի կապ չունի պատմության հետ եւ իր ողջ էությամբ ներքաղաքական բնույթ է կրում: Հատկապես ռուս-թուրքական ներկա լարված փոխհարաբերությունների ֆոնի վրա:

    Հանրահայտ է, որ ամեն մի կրոնական առաջնորդ նաեւ պետական-քաղաքական գործիչ է եւ նրա հայտնած շատ մտքեր ու գործողություններ դուրս են հոգեւոր ոլորտից: Այդ նույն ուղղափառ եկեղեցին, ի դեպ, առիթը բաց չի թողնում Վատիկանին հիշեցնելու նրա երբեմնի «նացիստամետ» առնչությունները Հիտլերի հետ: Իսկ այս անգամ նա ինքն է հանդուրժողականություն դրսեւորում օսմանյան «ֆաշիզմի» նկատմամբ:

    Դժվար է ասել, թե ինչ չափով կարելի է Կիրիլի խոսքերը դիտել որպես թուրքերին ուղղված հաշտության ակնարկ թե փնտրտուք: Բայց կարելի է համոզված ասել, որ պատրիարքի օսմանամետ հայտարարությունը գերազանցապես ուղղված է ներքին լսարանինՙ ռուսաստանաբնակ մուսուլմանությանը: Եթե հիշում եք, Պուտինի տարեվերջյան մեծ ասուլիսի ժամանակ թաթար լրագրողը բացարձակ դժգոհություն հայտնեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունների սրման բերումով Թաթարստանը լուրջ խնդիրների առջեւ է կանգնում, քանզի այդ «միացեղ» երկրի հետ սերտորեն կապված է տնտեսական, մշակութային, կրոնական եւ շատ այլ թելերով: Եվ սա կարելի է ընդհանրացնել, նկատի առնելով Ռուսաստանի ողջ թյուրքալեզու մուսուլմանությանը:

    Ռուսներն իրենք են սիրում հիշատակություններ անել, որ տակավին ռուսական կայսրության ժամանակներից քրիստոնեա-մուսուլմանական հարաբերություններն իրենց երկրում աչքի են ընկել ներդաշնակությամբՙ գրեթե Կիրիլի ներկա հայտարարության նմանակությամբ: Սակայն անցյալ դարի վերջին Հյուսիսային Կովկասում բռնկած «հուզումները» ու հատկապես ռուս-չեչենական զինված հակամարտությունները, բազմաթիվ ահաբեկչական գործողությունները ցույց տվեցին, որ ռուսաստանյան մուսուլմանությունը այնուամենայնիվ պայթուցիկ նյութ է ռուսների համար եւ ոչ մի երաշխիք չկա, որ նա չի կարող նորեն արմատականանալ: Թաթարստանի նախկին ղեկավար Մինտիմեր Շայմիեւը այսօր էլ հաճախ է հիշում, թե իրեն ինչ մեծ դժվարությամբ հաջողվեց չեզոքացնել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Թաթարստանը անկախ պետություն հռչակելու կողմնակիցների նկրտումները:

    Ներկայումս Ռուսաստանում մոտ 20 միլիոն մուսուլման է ապրում, հիմնականումՙ թյուրքալեզու: Ընդ որում, բնակչության աճի տեմպերը մուսուլմանական տարածաշրջաններում այնքան բարձր են, որ ըստ բազմաթիվ կանխատեսումների, եթե ոչինչ չփոխվի, ներկա դարի կեսերին մուսուլմանները կկազմեն Ռուսաստանի բնակչության կեսը: Խիստ կարեւոր է նաեւ այն պարագան, որ եթե մուսուլմանները, ասենք, Եվրոպայում բուն են դրել եվրոսոդոմականների ոչխարային «հանդուրժողականության» շնորհիվ, ապա Ռուսաստանի մուսուլմանները տեղաբնիկ են: Ուրեմն, համատեղ համերաշխ գոյությունը օբյեկտիվ անհրաժեշտություն է եւ ռուսները այն չեն կարող անտեսել: Այդ թվում նաեւ կրոնական առաջնորդը: Այս ամենը չի ասվում Կիրիլին արդարացնելու համար: Բնավ: Պարզապես անիմաստ է պահանջել, որ նա իր երկրի շահերը ստորադասի հայերի շահերին:

    Այդուհանդերձ, նկատի ունենալով միջադեպը, թերեւս իմաստ ունի քննության առնել մի հարց, որն ամենայն հավանականությամբ կարող է նույնպես հիվանդագին ընդունվել Հայաստանում: Այդյո՞ք մենք նույնիսկ մեր երկրում, առավել եւս օտար պետություններում միշտ տեղին ու նպատակային ենք անդրադառնում մեր Ցեղասպանության թեմային: Դեմագոգիայի ինչ տոկոս են պարունակում անկախ Հայաստանի հին ու նոր բոլոր ղեկավարների ելույթները ցեղասպանության առիթով, երբ նրանց իսկ աչքի առաջ եւ ավելի շատ իրենց մեղքով ամայանում է Հայաստանը: Ներկա Հայաստանում քննության համար առաջին առարկան պիտի լինի ոչ թե 15 թվականի Ցեղասպանությունը, այլ նորօրյա շարունակվող սպիտակ ցեղասպանությունը, որը կարող է նույնքան կործանարար լինել ազգի համար: Նզովում ենք Կիրիլին, թե նա ինչու է մոռացության տալիս Հայոց ցեղասպանության փաստը, բայց Հայաստանում ո՜վ է գոնե անհանգստություն հայտնում 1,5 միլիոն արտագաղթածների կապակցությամբ: Համենայն դեպս ոչ չինովնիկները: Գիտեք ինչ մտայնություն է ձեւավորվում կոնկրետ ռուսների մոտՙ անընդհատ խոսում եք ձեր եղեռնի մասին, բայց դա ձեզ բնավ էլ չի խանգարում լքել հայրենիքն ու անկոչ հյուրի պես լցվել Ռուսաստան: Երբ հոծ հայկական համայնքներ են ստեղծվում անգամ սառցաշունչ Մագադանում կամ Նորիլիսկում:

    Գերմանիայում անցկացվող տարաբնույթ սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ գերմանացիները սարսափելի հոգնել են, եթե չօգտագործենք ավելի կոպիտ բառ, Հոլոքոսթից: Թեեւ ընդունել են իրենց մեղքը եւ առ այսօր հրեաներին հատուցում են նյութապես ու բարոյապես: Եվ կարծում եք պատահականությո՞ւն է, որ բառացիորեն օրերս այդ երկրում վերահրատարակվեց անցյալ դարի մեծագույն հանցագործիՙ Հիտլերի ինքնակենսագրությունըՙ «Մայն Կամպֆը»: Եվ ովքեր ավելի շատ անհանգստացան այդ կապակցությամբ: Իհարկե հրեաները, որոնք էլ իրենց ցեղասպանության ագրեսիվ տարփողողներն են: Կարդում ես այդ գրքի ռուսերեն թարգմանությունը ու սարսափում, թե այդ մարդատյացը ի՜նչ ցինիզմով ու հետեւողականությամբ է ձեւակերպում իր անտիսեմիտիզմական տեսակետները, չխորշելով նույնիսկ նշելու հրեաների «մարմնական գարշահոտությունը»: Եվ ինչ ստացվեց. «Մայն Կամպֆը» անհամեմատ մեծ պահանջարկ ունի, քան հրատարակված մոտ 5000 օրինակը: Սա մեզ ոչինչ չի՞ հուշում: Ինչու է օր-օրի ուժեղանում հրեաների արտահոսքը Եվրոպայից:

    Մոսկվա

  • ՍԻՐԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎՃՌՈՒԵԼ ՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

    ՍԻՐԻԱԿԱՆ ՌԱԶՄԱՃԱԿԱՏՈՒՄ ԿԱՐՈՂ Է ՎՃՌՈՒԵԼ ՄԵՐՁԱՒՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

    ՄՆԱՑԱԿԱՆ Ռ. ԽԱՉԱՏՐԵԱՆ, Ռազմական պատմաբան

    Կամ Ռուսաստանը Մերձաւոր Արեւելքում ձգտում է փոխարինել ԱՄՆ-ին

    Մասն 1-ին

    Սիրիական ռազմաճակատը մերձաւորարեւելեան վիթխարի ռազմաբեմի բազմաթիւ իրական եւ հաւանական ռազմաճակատներից միայն մէկն է: Այստեղ 2011 թուականից առայսօր մղւում են արիւնահեղ գործողութիւններ:

    Սիրիական պատերազմի առանձնայատկութիւններից մէկն այն է, որ իրականում ընթանում են դրսից հրահրուած լայնածաւալ ռազմագործողութիւններ: Այնինչ դրանք Արեւմուտքն ու նրա մերձաւորարեւելեան դաշնակիցները` Թուրքիան, Իսրայէլը, Սաուդեան Արաբիան, Քաթարը, Յորդանանը եւ այլք, անուանում են «քաղաքացիական պատերազմ»` քողածածկելով իրականութիւնը…

    Միւս առանձնայատկութիւնն այն է, որ այդՙ այսպէս կոչուած «քաղաքացիական պատերազմն» ուղեկցւում է օտարերկրեայ զինուած ուժերի, փաստօրէն, բացայայտ ներխուժմամբ (ինտերվենցիա): Դա էլ նոյն այդ Արեւմուտքն ու նրա վերոյիշեալ մերձաւորարեւելեան դաշնակիցներն անուանում են «պատերազմ ահաբեկիչների դէմ», մինչդեռ իրականում պատերազմում են Սիրիայի օրինական իշխանութիւնների` նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալման, իսկ վերջնարդիւնքում` Սիրիայի պետականության ոչնչացման ու տարածքների բաժանման համար:

    Յաջորդ առանձնայատկութիւնը «դասական» ռազմաճակատի գծի բացակայութիւնն է: Հոծ ճակատային գծի փոխարէն, ռազմագործողութիունների քարտէզի վրայ երեւում են մի քանի ռազմաճակատներ եւ նոյնիսկ` «անկլաւ» -ներ, որտեղ Սիրիայի պետական բանակի զօրքերը լրիւ շրջապատուած վիճակում պայքարում են մէկ կամ աւելիՙ այսպէս կոչուած «ընդդիմադիր» ուժերի ու ԴԱԻՇ (ԻԼԻՊ) ահաբեկչական կազմաւորում-ինքնահռչակ պետութեան դէմ… Երբեմն էլ կատարւում հակառակը` Սիրիայի պետական բանակի զօրքերն են շրջապատել հակառակորդի ուժերը եւ ամէն կողմից փորձում են ոչնչացնել այդ «պատերազմող անկլաւը»…

    Բազմաթիւ առանձնայատկութիւններից մէկը եւս նշենք. Սիրիական ռազմաճակատի այս տարբեր հատուածներին ու անկլաւներին միանում է նաեւ թուրք-սիրիական սահմանը… Այն եւս ռազմաճակատի գծի, ինչպէս նաեւ հակաասադական ուժերի համար երկրորդ պաշտպանական գծի, վերջապէս կարեւորագոյն թիկունքային բազայի դեր է խաղում…

    Հաշուի առնելով, որ ուղղակի Թուրքիայից, հենց թուրքական տարածքից, ինչպես նաեւ մի շարք այլ պետութիւններից `

    ա. պարբերաբար կամ նոյնիսկ անընդհատ մարդուժի համալրումներ են ստացւում հակաասադական ռազմական խմբաւորումների, այդ թւում` ԻԼԻՊ-ի համար,

    բ. պարբերաբար կամ նոյնիսկ անընդհատ գալիս է զէնքի, զինամթերքի, ռազմանիւթերի, նիւթատեխնիկական ու թիկունքային բազմաբնոյթ մատակարարումների հոսքը, ակնյայտ է դառնում, որ նախագահ Բաշար Ասադի ուժերը պատերազմում են բազմագլուխ հիդրայի դէմ, որի ամէն կտրուած գլխի փոխարէն նորերն են աճում…

    ԸՆԴ ՈՐՈՒՄ, այս ամէնը միայն թուրքական սահմանից չէ, որ գալիս է Սիրիա… Չմոռանանք, օրինակ, Յորդանանի եւ Իսրայէլի մասին… Այդ երկու պետութիւնն էլ հակաասադական դիրքորոշում ունեն … եւ ընդհանուր սահման Սիրիայի հետ …

    Դեռ 1997 թուականի յունուարին իմ հրապարակած «Դրանգ նախ օսթեն. ՆԱՏՕ-ի գրոհը դէպի Արեւելք» յօդուածում անդրադարձել եմ ՆԱՏՕ-ի դէպի արեւելք ծաւալման հաւանական պատճառներին ու դրա ակնկալուող հետեւանքներին… Կարծում եմ, ճիշտ էր իմ այն ենթադրությունը, թէ ՆԱՏՕ-ն ուզում է ստեղծել ցամաքային սահման Իսրայէլի հետ (եւ ոչ միայն նրա)…

    Ահա եւ պարզ են դառնում Սիրիական պատերազմի սցենարի հիմնական գծերը…

    Քանի որ ՆԱՏՕ-իՙ միակ մերձաւորարեւելեան անդամը ներկայումս Թուրքիան է, ակնյայտ է, որ Իսրայէլի հետ ՆԱՏՕ-ի ցամաքային սահմանի ստեղծումը նշանակում է ոչնչացնել Սիրիան եւ, ինչու չէ, նաեւ Լիբանանը…

    Այստեղ Թուրքիան ունի իր սեփական` նոր օսմանական եւ հին պանթուրքիստական նպատակները, որոնց թւում` Սիրիայի տարածքների զաւթման հետ միասին, վերջին տեղում չէ նաեւ Մերձաւոր Արեւելքի հայութեան` մասնաւորապէս սիրիահայութեան ու լիբանանահայութեան ոչնչացումը… Հայկական հարցի վերջնական լուծման թուրքական պլանները շարունակւում են իրականացուել…

    Իսրայէլը եւս մաս կունենայ Սիրիայի ոչնչացումից… Երկու դաշնակիցները` Թուրքիան ու Իսրայէլն իրար մէջ կբաժանեն Սիրիան (գուցէ նաեւ Լիբանա՞նը) …

    Սա մեծ հարուած կլինի թէ՛ Իրանի, թէ՛ Ռուսաստանի, թէ՛ Իրաքի, թէ՛ ամբողջ արաբական աշխարհի, թէ՛ նաեւ Հայաստանի ու հայութեան համար…

    Յաջորդ զոհը կդառնայ Իրաքը… Յետագայում նախատեսուած են նաեւ այլ զոհեր…

    Ահա ինչու Ռուսաստանը եւ նրա դաշնակիցները փորձում են Մերձաւոր Արեւելքում ԱՄՆ-ի գերիշխանութիւնը փոխարինել շատերի համար աւելի ընդունելի ռուսական գերիշխանութեամբ…

    Այս օրերին Սիրիական ռազմաճակատում կարող է վճռուել ամբո՛ղջ Մերձաւոր Արեւելքի եւ, ինչու չէ, ո՛չ միայն Մերձաւոր Արեւելքի ճակատագիրը…

    Մեզ համար ակնյայտ է, որ Հայաստանի բնական դաշնակիցներ են ընդդէմ թուրքական եւ պանիսլամական իրական ու ահեղագոյն սպառնալիքի առնուազն հետեւեալ երկրները.

    ա. Ռուսաստանը, բ. Իրանը, գ.Սիրիան, դ.Չինաստանը, ե.Իրաքը, զ.Հնդկաստանը, է.Եգիպտոսը, ը.Յունաստանը, թ.Կիպրոսը, որը Յունաստանի «Արցախն» է…

    Կան նաեւ այլ երկրներ եւ ժողովուրդներ, սակայն առայժմ այդ հարցը չենք քննարկում…

    Այժմ անդրադառնանք այն երկրներին ու նրանց զինուած ուժերին, որոնք մասնակցում են մերձաւորարեւելեան ռազմաբեմում եւ մասնաւորապէս դրա այսպէս կոչուած` Սիրիական ռազմաճակատում մղուող ռազմագործողութիւններին: Դրանց թւում են Թուրքիան, Ռուսաստանը, Իսրայէլը, Սիրիան, այսպէս կոչուած «Իսլամական պետութիւն» ինքնահռչակ կեղծ, այսինքն` «քուազի» պետութիւնը եւ այլք…

    Բայց նախ եւ առաջ անդրադառնանք այն երկրին եւ նրա զինուած ուժերին, որն այժմ կասեցնում է համաթուրանական եւ իսլամական ծայրայեղականութեան հետ դաշինք կնքած միջազգային ծաւալապաշտական ուժերի կողմից սանձազերծուած բազմամեայ արիւնահեղ պատերազմի ծանր «գրոհները»: Դա Սիրիան է եւ նրա զինուած ուժերը:

    Նկար 1. «Սիրիական պատերազմը». 2015 թուականի դեկտեմբերի դրութեամբ ցոյց են տրուած Ասադի, հակաասադական ուժերի եւ պրո-ասադական ուժերի վերահսկած տարածքները

  • ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸՙ ՃԱՊՈՆԵՐԵՆ

    ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸՙ ՃԱՊՈՆԵՐԵՆ

    Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

    Հայ ժողովրդի պատմության վերաբերյալ գրված ու երբեւէ թերեւս ամենից մեծ տարածում ստացած գիրքը ամերիկահայ երախտաշատ պատմաբան Ջորջ Բուռնությանի «Հայ ժողովրդի համառոտ պատմություն» անգլերեն հատորն է: Բնագրով վեց հրատարակություններից եւ իսպաներեն, թուրքերեն, արաբերեն, հայերեն եւ ռուսերեն թարգմանություններից հետո Բուռնությանի գիրքը հրատարակվել է նաեւ ճապոներեն («Արումենիա-ձին նո ռեկիսի»): Հրատարակիչն է Տոկիոյի «Ֆուձիվարա-շոտեն» հրատարակչությունը, կազմում է 528 էջ, եւ արդեն իսկ տրամադրելի է Ամազոն կայքի ճապոնական տարբերակում: Թարգմանությունն իրանակացրել է Դաիսակու Վատանաբենՙ Կոմակի Շոհեիի համագործակցությամբ:

    Ջորջ Բուռնությանը ծնվել է 1941-ին, Սպահանում (Իրան), հայրը եղել է բաքվեցի հայ, մայրըՙ լեհուհի: Թեկնածուական աստիճանը ստացել 1976-ին, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանումՙ որպես հայոց, իրանական եւ ռուսական պատմության մասնագետ: Հայոց եւ իրանական պատմություն է դասավանդել Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանում, Քոլոմբիա համալսարանում, Թաֆթս համալսարանում, Քոնեքթիքութի համալսարանի երեք կամպուսներում, Նյու Յորք համալսարանում, Կալիֆոռնիայի նահանգային համալսարանում, Ռաթգերս համալսարանում, Ֆրեզնոյի Կալիֆոռնիայի նահանգային համալսարանում, Ռամապո քոլեջում եւ Գլենդեյլի համայնքային քոլեջում: 1989 թվականից Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Արեւելքի պատմության ավագ դասախոս է Նյու Յորքի Այոնա քոլեջում: Վարժ տիրապետում է հայերեն, ռուսերեն, պարսկերեն եւ լեհերեն լեզուներին: Դասախոսություններով հանդես է եկել ԱՄՆ-ի, Կանադայի, Իրանի եւ Ավստրալիայի քաղաքներում:

    Բուռնությանի գիտական հետաքրքրությունները ներառում են 17-19-րդ դարերի հայ ժողովրդի, մասնավորապեսՙ Արեւելյան Հայաստանի պատմությունը: Հեղինակ է առանձին գրքերով լույս տեսած անգլերեն մենագրություններիՙ «Արեւելյան Հայաստանը պարսից տիրապետության վերջին տասնամյակներին. 1807-1828» (1982), «Երեւանի խանությունը Ղաջարական տիրապետության ներքո, 1795-1828» (1992), «Հայ ժողովրդի պատմություն, I. նախապատմությունից մինչեւ 1500 թ.» (1993, երեք հրատարակությունՙ մինչեւ 2000-ը), «Հայ ժողովրդի պատմություն, II. 1500 թ. մինչեւ ներկան» (1994, երեք հրատարակություն մինչեւ 2000), «Ղարաբաղի պատմությունը» (1994, նույնըՙ պարսկերեն (2003), նաեւ բազմաթիվ հոդվածների եւ գրախոսությունների, որ լույս են տեսել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հայագիտական, իրանագիտական, կովկասագիտական հանդեսներում: Կազմել եւ հրատարակել է «Ռուսաստանը եւ Անդրկովկասի հայերը, 1797-1889. վավերական փաստաթղթեր» (1998) եւ «Հայերը եւ ռուսները, 1626-1796. վավերական փաստաթղթեր» (2003) ժողովածուները: Անգլերեն է թարգմանել 17-18-րդ դարերի հայ պատմագրության կարեւոր երկերըՙ Աբրահամ կաթողիկոս Կրետացու «Ժամանակագրությունը» (1999), Աբրահամ Երեւանցու «Պատերազմների պատմությունը» (1999), Զաքարիա Ագուլեցու «Օրագրությունը» (2003), Զաքարիա Քանաքեռցու «Ժամանակագրությունը» (2004), Առաքել Դավրիժեցու «Պատմությունը» (երկու հատորովՙ 2005-2006, մեկ հատորովՙ 2010), Սիմեոն Լեհացու Ուղեգրությունը (2007), Սիմեոն կաթողիկոս Երեւանցու «Ջամբռը» (2009), Եսայի կաթողիկոս Հասան-Ջալալյանի «Աղվանից աշխարհի համառոտ պատմությունը» (2009), ռուսերենիցՙ «Ղարաբաղ նահանգի ռուսական հաշվետվությունը 1823 թ.» (երկու հրատարակություն, 2011-2012): Բուռնությանի մյուս հետաքրքրությունները ներառում են դասական դաշնամուրային երաժշտությունը եւ կինոն, որոնց վերաբերյալ հոդվածներով հանդես է եկել տարբեր հայկական եւ ոչ հայկական թերթերում եւ ամսագրերում:

    Մի քանի տարի առաջ Տոկիոյում հանդես գալով դասախոսություններովՙ Ջորջ Բուռնությանը պայմանագիր է ստորագրել «Ֆուձիհարա-շոտեն» հրատարակչության հետՙ իր աշխատությունը ճապոներեն հրատարակելու համար: Թարգմանչիՙ երիտասարդ հայագետ Դաիսակու Վատանաբեի հետ նա ծանոթացել է 2012-ին, Երեւանում: Տոկիոյի օտար լեզուների համալսարանի շրջանավարտ Դաիսակու Վատանաբեն հաճախել է հայոց լեզվի դասընթացների Տոկիոյում, Վենետիկում եւ Երեւանում, դիպլոմային աշխատանք գրել «Հայ հասարակությունը Րաֆֆու «Խենթը» վեպում» վերնագրով, նաեւ հրատարակել ճապոներեն հոդված Րաֆֆու մասին: 2011-2013 թթ. Վատանաբեն ուսումնառությունը շարունակել է Հայաստանում: Մեր խնդրանքով անգլերենից ճապոներեն է թարգմանել Հովհաննես Փիլիկյանի «Ծովանկար իմ մոր օրվա մասին» հայապատում բանաստեղծությունը, որ ընդգրկվել է 2012-ին Երեւանումՙ այդ ստեղծագործության բազմալեզու հրատարակության մեջ: Դաիսակու Վատանաբեն մեր խնդրանքով նաեւ ճապոներենից հայերեն է թարգմանել Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության արխիվում պահվող նյութերը ճապոնաբնակ հանրային գործիչ եւ գրող Դիանա Աբգարի վերաբերյալ:

    Ավելացնենք, որ Ջորջ Բուռնությանի «Հայ ժողովրդի համառոտ պատմության» վերջինՙ վեցերորդ հրատարակությունից վաճառվել է ավելի քան քսան հազար օրինակ: ԱՄՆ-ի բարձրագույն կրթության բազմաթիվ հաստատություններում այն գործածվում է որպես դասագիրք: Այս տարի լույս կտեսնի գրքի պարսկերեն թարգմանությունը:

  • ԳՅՈՒՏԵՐԻՆՙ ԱՆԸՍՏԳՅՈՒՏ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ

    ԳՅՈՒՏԵՐԻՆՙ ԱՆԸՍՏԳՅՈՒՏ ԱՐՀԱՄԱՐՀԱՆՔ

    ՆԱԻՐ ՅԱՆ

    Հենց լսում ենք համաշխարհային նշանակության այս կամ այն գյուտի մասին, անմիջապես հետաքրքրվում ենքՙ հեղինակը հա՞յ է: Մեր ինքնագնահատականն ու առհասարակ բոլոր գնահատականները մեր երկրում են ցածր. հենց ոտքներս դուրս ենք հանում, ամեն ինչ փոխվում է:

    Տարիներ առաջ մի ֆիզիկոս-կենսաբան, թղթապանակը թեւի տակ դրած, լրատվամիջոցների դռներն էր թակում, թեՙ այնպիսի գյուտ եմ արել, ըստ որիՙ միրգ-բանջարեղենն առանց սառնարանային պայմանների կարող եմ պահպանել գրեթե մեկ տարի: Որոշ լրագրողներ անդրադարձան այդ թեմային: Գյուտի հեղինակն, իհարկե, չմանրամասնեց իր աշխատանքի նրբություններն ու գաղտնիքները. հեղինակային իրավունք կոչվածն այդ ժամանակ մեզանում ընդհանրապես ընդունված չէր, բայց գյուտարարն ամեն դեպքում աշխատում էր իր հայտնագործությունը սրա-նրա ձեռքը չգցել ու ամբողջովին չբացահայտել հանրության առաջ: Հետո ֆիզիկոս-կենսաբանը մի օր զանգեց ու հայտնեց, որ արտասահման է մեկնում: Հանդիպեցինք. պատմեց, որ ամիսներ շարունակ գյուղնախարարության ու այլ գերատեսչությունների դռներն է թակել. ֆուտբոլի գնդակի պես իրար են փոխանցել գյուտարար մարդուն, վերջում էլ ծաղրել ու ճանապարհել: Մի քանի չինովնիկներ էլ առաջարկել են թղթապանակը թողնել իրենց մոտ, որպեսզի իրենք մանրամասնորեն ծանոթանան, տեսնեն գյուտն իրո՞ք գյուտ է, թե խաբեբայություն: Գյուտարարն, իհարկե, այդքան միամիտ չէր. առաջարկը քաղաքավարությամբ մերժել է ու դուռը դրսից փակել: Դրանից հետո ինչ-ինչ ճանապարհով նրան հաջողվել է գյուտը ներկայացնել արտասահմանում. արձագանքը չի ուշացելՙ ինքնաթիռի միակողմանի տոմսՙ ամբողջ ընտանիքի համար, իսկ գյուտիցՙ ցմահ տոկոսներ մինչեւ թոռներ ու ծոռներ: Ի դեպ, գյուտարարը պատմեց, որ գյուղնախարարության պետերից մեկն ասել է. «Խելքդ հացի հե՞տ ես կերել, այ մարդ: Էս երկրի սառնարանների տերերը գիտե՞սՙ քեզ ու մեզ ինչ օրը կգցեն: Գլխներիս սարքում ե՞ս, գիտե՞սՙ գյուղացիք ի՜նչ փողեր են մուծում իրենց միրգ-բանջարեղենն էդ սառնարաններում պահելու համար»:

    Սա ընդամենը մեկ օրինակ է. պաշտոնական ու ոչ պաշտոնական բազմաթիվ տեղեկություններ կան մեր տասնյակ գյուտարար-հայրենակիցների մասին, որոնք իրենց սենսացիոն հայտնագործությունները կիրառում են դարձյալ դրսումՙ օգուտ բերելով թե՛ իրենց, թե՛ այն երկրին, որտեղ ապրում են իրենք:

    Նորագույն տեխնոլոգիաների ոլորտում եւս մեր փոքրիկ երկիրը շոշափելի հաջողություններ ունի. միջազգային մրցույթներում մեր պատանիներն ու երիտասարդները մասնակցում ու մրցանակներ են բերում. ի դեպ, պետք է հաշվի առնել, որ նրանք բարձր տեխնոլոգիաներին տիրապետում են մեծամասամբ ինքնուրույնՙ ինքնուսուցման արդյունքում:

    Անի եւ Լեւոն Ասատրյանները քույր ու եղբայր են: Անին ապագա կիբեռնետիկ է, Լեւոնըՙ մաթեմատիկոս: Դեռ մանկությունից նրանք հետաքրքրվել են ծրագրավորմամբ ու վաղ պատանեկության տարիներին հաջողությունների հասել: Անին ռոբոտիկայի լաբորատորիաներ է ստեղծում, եղբոր հետ մասնակցում DigiTec Expo- ներին, ստեղծել է ապակի մաքրող, տորթ կտրող ռոբոտներ: DigiCamp-ին ներկայացրել է «Սահմանապահ Տուռել»ՙ սահմանին զինվորներին փոխարինող ավտոմատ կամ հեռակառավարվող ռոբոտի նախագիծը, որը դուրս է մնացել մրցույթից, քանի որ այն իրականացնելու համար մեծ գումար է հարկավոր: Այս ռոբոտն Անին ստեղծել է եղբոր հետ: Քանի որ նրանց ունեցածն ընդամենը վեբ-տեսախցիկ է, չեն կարող ճշգրտել, օրինակ, թշնամու կողմից մեր սահմանին մոտեցող օբյեկտը զինված մա՞րդ է, մոլորված գյուղացի՞, թե՞ շուն կամ կատու: Իրենց ձեռքի տակ եղած պարզ սարքավորումները թույլ չեն տալիս լիարժեք աշխատել ու շոշափելի արդյունքի հասնել: Սահմանապահ ռոբոտն ընդամենը նախագիծ է: «Եթե որեւէ մեկին ուզում ես գյուտդ ներկայացնել, ասում էՙ սարքի, բեր, տեսնենք: Բայց չէ՞որ դրա համար ֆինանսական միջոցներ են պետք: Սա մեծ աշխատանք է, համակարգված մոտեցում է պահանջում: Գիտենք, որ Պաշտպանության նախարարությունը չի ֆինանսավորում նման նախագծերը: Բոլորը մեկ սկզբունքով են շարժվումՙ ցույց տվեք պատրաստի, շոշափելի, տեսանելի արդյունքը, հետո միայն կորոշենք դա մեզ պե՞տք է, թե ոչ: Սրտիցս արյուն է գնում, որ գիտենքՙ չենք կարողանալու մեր գյուտերը մեր հայրենիքում իրականացնել ու, բնականաբար, մի օր էլ հնարավորությունների լայն դաշտ փնտրելովՙ օտար երկիր ենք գնալու»,-ասում է Լեւոնը:

    Նա DigiCamp մրցույթին ներկայացրել է լցնովի պաղպաղակ վաճառող իր ռոբոտին, որի անունը «Ճպըզզզ» է դրել: Գյուտի համար նրան մրցանակ են տվելՙ 100 հազար դրամ: Փաստորեն, պաղպաղակ լցնող, գնորդին հրամցնող ռոբոտի գյուտը գնահատվում է այնքան, որքան ձմռան ամիսներին երեք-չորս հոգանոց շարքային հայ ընտանիքի մեկ ամսվա կոմունալ ծախսը: Գիտե՞քՙ ամենից շատ ինչն է վրդովեցնում, որ երիտասարդ գյուտարարները ժպիտով են վերաբերվում այս զավեշտին ու մեր աննորմալ, հիվանդ իրականությանը: Նրանք համակերպվել են այն մտքի հետ, որ իրենց գյուտերը մեր երկրին պետք չեն, ու առհասարակ արհամարված են երիտասարդական ներուժը, գաղափարները, հայտնագործությունները, բարձրագույն մակարդակով արհամարված:

    Լեւոնն առաջին կուրսում է, բայց արդեն աշխատում է կապի եւ հաղորդակցման ինստիտուտումՙ որպես Labview ծրագրավորող: Զարմանա՞լ, թե՞ օրինաչափ համարել, որ անգամ հայրենական պաղպաղակ արտադրողներին չի հետաքրքրել նրա գյուտը: Իսկ միջազգային կառույցների կողմից դրամաշնորհ ստանալու եւ գյուտը կյանքի կոչելու նպատակով ստացված գումարն օգտագործելու համար հարկ է, որ գյուտը ներկայացվի որեւէ կազմակերպության կողմից: Կազմակերպություն ստեղծել մեր պատանիներն ու երիտասարդները դեռ պատրաստ չեն: Դրա համար էլ գումար, թղթաբանություն, տարածք, աշխատողներ են հարկավոր: Անին, օրինակ, ինքնադրսեւորման ճանապարհն այլ կերպ է գտել. իր փորձն ու հմտությունները տարբեր լաբորատորիաներում ու դասընթացների ժամանակ հաղորդում է երեխաներին, առայժմ մանկավարժությամբ է զբաղվում:

    Մեր երիտասարդները նաեւ մասնագիտական գիտելիքների, ուսումնառության պակաս են զգում: Այն, ինչ գիտեն, սովորել են ինքնուրույն, պրպտելով, փորփրելով համակարգչային ոլորտը: Քաջատեղյակ են, որ դրսում բազմաթիվ դասընթացներ են կազմակերպվում, որոնց կուզենային մասնակցել ու ավելի հմտանալ իրենց գործում: Կասկածից վեր է, որ նման գյուտարար երիտասարդների այլ երկրներում ուղղակի կփայփայեին, ներդրումներ կարվեին թե՛ պետության, թե՛ մասնավոր հատվածի կողմից, որպեսզի նրանք միջազգային առաջատար կազմակերպություններում հմտություններ ձեռք բերեին ու վերադառնային իրենց երկիրՙ նոր գիտելիքներն ու փորձառությունը կիրառելու համար:

    Մեկ այլ երիտասարդ ծրագրավորողՙ Արշակ Խաչատրյանն, աշխատում է Google ընկերության ստեղծած polimer նախագծում: Նա նաեւ ծրագրավորման գիրք է գրում: Համահեղինակն է մի գյուտի, ըստ որիՙ սենսորի միջոցով կարելի է ցանկացած տարածքում ստուգել հողի խոնավությունը, ջրի ջերմաստիճանը, քամու արագությունը, օդի ջերմաստիճանը: Արշակն ինքանկամ դուրս է եկել պոլիտեխնիկ ինստիտուտիցՙ համարելով, որ իզուր ժամանակ է վատնում, միեւնույն է, այդ բուհն իրեն մասնագիտական գիտելիք չի տալիս:

    Մեր գյուտարարներն աշխատում են, սովորում ինքնուրույն ու չեն թաքցնում, որ հնարավորության դեպքում ուրիշ երկիր կգնան, որտեղ իրենց գիտելիքն ու ունակությունները կգնահատեն ու կօգտագործեն:

    Մեր խնդիրն է հետ կանգնեցնել նրանց. գործնակա՛ն աջակցությամբ: