Month:Հոկտեմբերի 2015

  • ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԱԴԱԳԱՍԿԱՐՆ Է, ՏՈԳՈՆ Է…

    ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

    Հայաստանի Հանրապետությունը աֆրիկյան Տոգոյի Հանրապետության հետ ստորագրել է «Մշակութային համագործակցության մասին» համաձայնագիր: Ավելի վաղ նույն անունով համաձայնագիր ստորագրվել է աֆրիկյան մեկ այլ` Մադագասկարի Հանրապետության հետ:

    Համաձայնագրով (կոնկրետ Տոգոյի հետ կնքված) նախատեսվում է ցուցահանդեսների փոխանակում, նկարիչների, գրողների, երաժիշտների եւ մասնագետների փոխանակում եւ այլն: Այս վերջինի համատեքստում առաջարկում ենք փոխանակել հայաստանցի մի շարք վաստակավոր երգիչների` տոգոցի կարգին երգիչների հետ, «կարեւորն էկզոտիկան է» սկզբունքով: Ի դեպ, եթե Հայաստանում շատերը չեն լսել Տոգոյի մասին, շատ հավանական է, որ Տոգոյում էլ շատերը Հայաստանի մասին չեն լսել:

  • «ԱՆԽԱԽՏԵԼԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ»

    ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

    Սեպտեմբերի 30-ին «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի` «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունները: Զորավարժություններին մասնակցում են կազմակերպության անդամ բոլոր վեց երկրների (Հայաստան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան) խաղաղապահ ստորաբաժանումների ներկայացուցիչները, թվով` 600 զինծառայող, ավելին քան 50 միավոր ռազմական տեխնիկա, ավիացիոն միջոցներ:

    Զորավարժություններին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, որը հայտարարել է. «ՀԱՊԿ ուժերը մարտունակ են, ի զորու ապահովել կազմակերպության տարածքի, ինչպես նաեւ անդամ պետություններից յուրաքանչյուրի անվտանգությունը: Ավելին, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը հասել են զարգացման այնպիսի մակարդակի, որ կարող են ավելի լայնածավալ խնդիրներ լուծել, այդ թվում` ՄԱԿ-ի հովանու ներքո»:

  • 2,2 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ 2016-Ի ԲՅՈՒՋԵՈՒՄ

    Ա. Մ.

    ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծի համաձայն, համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծովՙ 1,183 մլրդ դրամ, ծախսերի գծովՙ 1,373,7 մլրդ դրամ, պակասուրդըՙ 190,7 մլրդ դրամ: Կառավարության երեկվա նիստում հավանության արժանացած փաստաթղթով, եկող տարի կանխատեսվում է, որ Հայաստանի տնտեսական (ՀՆԱ) իրական աճը կկազմի 2,2 տոկոս, գնաճըՙ 4 +/-1.5 տոկոս, դեֆիցիտըՙ 3,5 տոկոս:

  • ՎԱՉԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ»-Ի ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

    Ա. Մ.

    «Երկրում էլեկտրաէներգիա արտադրող ակտիվների պատմականորեն ձեւավորված կառուցվածքն է հիմնական խնդիրը, քանի որ այն ակտիվները, որոնք ձեւավորվում են, ունեն որոշակի կառուցվածք եւ նրանց ձեւավորած արտադրանքով է որոշվում սակագինը: Չնայած ոչ թանկ հիդրո եւ ատոմային էլեկտրաէներգիայի արտադրությանըՙ միշտ կա եզրափակիչ կայանի դերը: Եզրափակիչ կայանը մեզ մոտ հանդիսանում է Հրազդանի ՋԷԿ-ը, որն ունի բարձր ինքնարժեք, ինչի հետեւանքով կան խնդիրներ եւ ի վերջո սակագնի բարձրացում հատկապես այն պարագայում, երբ էժան հիդրոռեսուրսները կամ ատոմակայանն ինչ-ինչ պատճառներով հնարավոր չի լինում ամբողջովին օգտագործել: Երկրորդՙ ի տարբերություն հարեւան երկրների, մենք չունենք խաչաձեւ սուբսիդավորման հնարավորություն, ասենքՙ տրանզիտով գնացող գումարների ուղղում դեպի սակագնի նվազեցում եւ այլն», անդրադառնալով «Դելոյթ ընդ Տուշ» միջազգային խորհրդատվական ընկերության ներկայացրած էլեկտրաէներգիայի սակագներին առնչվող գործընթացի ուսումնասիրության առաջին փուլի հաշվետվությանը, երեկ կառավարության նիստի սկզբում նշեց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

    Փոխվարչապետը փաստեց, որ ի վերջո «Դելոյթ ընդ Տուշ» ընկերությունը եզրակացրել է, որ ՀԷՑ-ում ֆինանսական միջոցների պակասորդն իրենց վրա արդեն զգացել էին էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, ինչը կարճաժամկետ հեռանկարում կառաջացներ սպառնալիք երկրի ողջ էներգահամակարգի կայունության համար: Այս պայմաններում սակագնի բարձրացման վերաբերյալ կարգավորող մարմնի որոշումնՙ ուղղված ոլորտում իրադրության կայունացմանը եւ սպառողների հուսալի էներգամատակարարման պահպանմանը, համարվում է հիմնավորված: «Հիմնական հարցադրված պահանջներըՙ արդյոք հիմնավորվա՞ծ է եւ ի՞նչ կլիներ, եթե չլիներ որոշումը, մենք ստացել ենք հստակ պատասխան առաջին փուլի արդյունքներով», հայտնեց Վաչե Գաբրիելյանը:

  • ՔՐԴԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    ՔՐԴԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

    ՆԻԿՈԼԱՅ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Գիտության վաստակավոր գործիչ

    Քուրդ պատմաբանը քուրդ-հայկական հարաբերությունների բարդ հանգույցի եւ քրդերի Հայոց ցեղասպանությանը մասնակցելու դրդապատճառների մասին

    Քուրդ-հայկական հարբերությունները ներկայացնում են մի վերին աստիճանի բարդ հանգույց, որը պահանջում է համակողմանի քննարկում: Դա անհրաժեշտ է օսմանյան կայսրությունում իրականացված հայոց ցեղասպանության բոլոր գործոնների, այդ թվում եւ քրդական, հաշվի առնելու եւ պարզաբանելու տեսանկյունից: Նամանավանդ այժմ, երբ համաշխարհային մասշտաբով նշվում է քսաներորդ դարի առաջին ցեղասպանության հարյուրամյա տարելիցը:

    Այդ առումով գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում հենց իրենցՙ քրդերի, հատկապաես քուրդ մտավորականության, քուրդ պատմաբանների դիրքորոշումը եւ նրանց տեսակետների պարզաբանումը հայոց ցեղասպանության հարցում, նկատի ունենալով քրդական գործոնի բացասական դերակատարումը երիտթուրքերի կողմից ծրագրավորված հայոց ցեղասպանության իրականացման մեջ: Ճիշտ է, նման քուրդ հեղինակները սակավաթիվ են, ուղղակի կարելի է նրանց մատների վրա հաշվել, բայց, այդուհանդերձ, կան նման պատմաբաններ, որոնք, հայ-քրդական հարաբերությունների եւ Հայոց ցեղասպանության հարցերը քննարկելիս ձգտում են մնալ գիտականության հողի վրա: Դրանց մեջ առաջին հերթին ուշադրության է արժանի պրոֆեսոր Քամալ Մազհար Ահմադը եւ նրա հեղինակած «Քրդստանն Առաջին համաշխարհային պատերազմում» հետաքրքիր աշխատությունը, որը արաբերեն լեզվով լույս է տեսել Բաղդադում դեռեւս 1977 թվականին1: Նա երկար տարիներ եղել է Բաղդադի համալսարանի պրոֆեսոր2, եւ, ի տարբերություն բազմաթիվ քուրդ հեղինակների, ինչպես նաեւ քաղաքական, կուսակցական եւ հասարակական գործիչների, որոնք շրջանցում են այդ սուր հարցը, չի խուսափում ճշմարտացիորեն լուսաբանել քուրդ-հայկական հարաբերությունների բնույթը, այդ բարդ հանգույցի բոլոր բաղադրամասերը, հիմնավորում իր մոտեցումները, խստորեն դատապարտում քուրդ ֆեոդալ-շեյխերի ու ցեղապետների գործողությունները, որոնք մասնակցել են հայկական կոտորածներին, ապա նաեւ Հայոց ցեղասպանությանը:

    Մենք Քամալ Ահմադի վերոնշյալ աշխատության Հայոց ցեղասպանությանը նվիրված հատվածները զետեղել ենք մեր «Հայոց ցեղասպանությունը արաբական պատմագիտության քննական լույսի ներքո» աշխատությունում, որը լույս տեսավ 2004թ. հայերեն լեզվով, որը նաեւ հրատարակվեց անգլերեն (“Arab Historiography on the Armenian Genocide”, Yerevan, 2005 ), պարսկերեն (Թեհրան, 2009 ) եւ արաբերեն (Կահիրե, 2011), որի շնորհիվ քուրդ պատմաբանի տեսակետները հայտնի դարձան տարբեր ազգությունների մասնագետների եւ ընթերցողների ավելի լայն շրջանակներին:

    Քամալ Ահմադի վերոնշյալ ուսումնասիրությունը պարունակում է առանձին ենթաբաժիններ, նվիրված քրդերի մասնակցությանը 1894-1896թթ. հայկական կոտորածներին եւ 1915թ. Հայոց ցեղասպանությանը: Նա քրդական գործոնի ազդեցությունը բաժանում է երկու կատեգորիայիՙ քրդերին եւ հայերին բաժանող եւ նրանց մերձեցնող գործոնների, հանգամանորեն քննարկելով դրանցից յուրաքանչյուրը:

    Քրդերին եւ հայերին բաժանող գործոններից քուրդ պատմաբանն առաջին հերթին նշում է կրոնական գործոնը: «Կրոնը,- գրում է նա,- այն գործոններից մեկն էր, որը բաժանում էր նրանց»: Նա այն կարծիքն է հայտնում, որ կրոնական գործոնն իրեն չէր դրսեւորել, քանի դեռ չէր դրսեւորվել մեկ այլ գործոն, որը, ինչպես նշում է նա, դարձավ քուրդ-հայկական հակասությունների իսկական պատճառը: «Այստեղ կար ուրիշ գործոն,-գրում է Քամալ Ահմադը,- որը երկու ժողովուրդներին բաժանում էր միմյանցիցՙ հայերը համեմատած քրդերի հետ ավելի զարգացած էին»: Բարձր գնահատելով հայերի ստեղծած քաղաքակրթությունը, քուրդ պատմաբանն ընդգծում է, որ «բազմաթիվ պատճառների հետեւանքով Հայաստանը Քրդստանից շատ ավելի վաղ ներգրավվեց կապիտալիստական շուկայի մեջ եւ այդ պատճառով նոր հարաբերությունները հայկական հասարակության մեջ առաջացան ավելի վաղ, քան քրդականում»: Ի հավելումն, նա նշում է, որ արհեստագործական-տնայնագործական արտադրությունը եւ առեւտուրը Քրդստանում գտնվում էր հայերի ձեռքում, որոնց դիմում էին քրդերն անհրաժեշտության դեպքում: Հայերը դառնում են դրամական վարկերի եւ փոխատվությունների գլխավոր աղբյուրը, իսկ քրդական արհեստագործական արտադրությունը չէր կարող մրցել հայերի հետ: Եվ այդ կապակցությամբ, Քամալ Ահմադն ըդգծում է, որ քուրդ ֆեոդալները բռնություններ էին կիրառում եւ հալածում հայ առեւտրականներին, որպեսզի նրանց ետ չվերադարձնեն նրանցից վերցրած պարտքը: Քամալ Ահմադի կածիքով, «Դրա հետեւանքով, տարբեր ժամանակներում, հայ ժողովրդի արդարացի ազատագրական շարժումը պատճառ հանդիսացավ, որ քրդերի մոտ որոշ վախ առաջանա նրա (հայերի ազատագրական շարժման-Ն.Հ.) ապագա հետեւանքների նկատմամբ»:

    Այսպիսով, ըստ քուրդ պատմաբանի, քրդերին եւ հայերին բաժանող գործոնը բաղկացած էր երեք տարրերիցՙ ա/ կրոնական, բ/զարգացման բարձր (հայեր ) եւ ցածր (քրդեր ) մակարդակներ եւ գ/ քրդական ֆեոդալական ավագանու եւ երիտասարդ հայկական բուրժուազիայի միջեւ առաջացած հակասություններ:

    Ինչ վերաբերում է քրդերին եւ հայերին մերձեցնող գործոններին, ապա Քամալ Ահմադն առաջին հերթին մատնանշում է այն պատմական իրողությունը, որ երկու ժողովուրդները դարեր շարունակ ենթարկվել են ճնշումներիՙ սեֆյան իրանական շահերի եւ օսմանյան թուրքական սուլթանների տիրապետության տակ, եւ ընդգծում, որ «կասկած չկա, որ այդ իրավիճակը միավորում էր հայերի եւ քրդերի զգացմունքները»:

    Նա որպես մերձեցնող գործոն է համարում նաեւ այն պարագան, որ ե՛ւ հայ ե՛ւ քուրդ գյուղացին հարկ էին մուծում միեւնույն օսմանական գանձարանը, ինչն ամեն օր դառնում էր ավելի ու ավելի ծանր: Բայց հենց այստեղ էլ նա արդարացիորեն ավելացնում է, որ օսմանյան սուլթանների թողտվությամբ, հատկապես սուլթան Աբդուլ Համիդ II-ի շրջանում, քուրդ ֆեոդալները սաստիկ ճնշում էին հայ գյուղացիներին: Նա խոսում է այն ծանր հարկերի, այդ թվում եւ «անհավատների վրա հարկերի» մասին, որ քուրդ ֆեոդալները եւ աղաները գանձում էին գյավուր հայերից, նրանց դաժանությունների եւ կամայականությունների մասին: Այդ կապակցությամբ Քամալ Ահմադը կատարում է երկու կարեւոր դիտարկում:

    Առաջին, Օսմանյան կայսրությունում «գոյություն ունեցող պայմանները մեծապես նպաստում էին քրդական ֆեոդալների վերոնշյալ գործողություններին, իսկ սուլթան Աբդուլ Համիդը ոչ միայն հրահրում էր նրանց, այլեւ ցույց տալիս ֆինանսական եւ իրավական օգնություն, որպեսզի քրդերը գրավեին հայերի հողերը»:

    Երկրորդ, կրոնական տարբերությունը եւ հայերին անհավատներՙ «գյավուրներ» համարվելու հանգամանքը, քրդական ֆեոդալների, աղաների տեսանկյունից թույլատրելի էր դարձնում բռնությունների կիրառումը հայերի նկատմամբ: Դրա հետ միասին Քամալ Ահմադը կիսում է ռուս ականավոր թուրքագետ Վ. Գորդլեւսկու տեսակետը, որ թուրքերը քրդերին հրահրում էին ընդդեմ հայերի, քանի որ «թշնամությունը հայերի եւ քրդերի միջեւ հօգուտ նրանց շահերի էր, որովհետեւ թուրքական կառավարությունը վարում էր «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը»:

    Այդ բոլորից հետո Քամալ Ահմադը եզրակացնում է, որ «հայկական ջարդերի մեջ քրդերի դերն ուսումնասիրելու համար հարկ է նկատի ունենալ այդ բոլոր գործոնները, այդ բոլոր պատճառները միասին վերցրած», որի հետ դժվար է չհամաձայնվել:

    Անդրադառնալով քրդերի մասնակցությանը 1915թ. Հայոց ցեղասպանությանը, Քամալ Ահմադն առանց դույզն իսկ կասկածելու հաստատում է, որ «Մեծ ցավով պետք է նշել, որ քրդերն այս կամ այն չափով, գիտակցաբար, թե անգիտակցաբար, ուրիշների կողմից հրահրված, թե կանխամտածված, մասնակցել են այդ սպանդին»: Կատարելով այդ կարեւոր եզրակացությունը նա միաժամանակ դատապարտում է թուրք գործիչների ձգտումը հայկական ջարդերի համար ամբողջ պատասխանատվությունը բարդել քրդերի վրա եւ դա կապել քրդերի հետամնացության եւ ֆանատիզմի հետ, թեեւ նա չի ժխտում, որ քրդերը հետամնաց էին եւ ինչ-որ տեղ եւ ինչ-որ չափով նաեւ մոլեռանդ են եղել: Նա ուղղակի գրում է. «Հենց սկզբից պետք է խոստովանել, որ կույր կրոնական մոլեռանդությունը եւ կուլտուրական հետամնացությունն այն երկու գլխավոր պատճառներն էին, որոնք քրդերի մեծամասնությանը մղում էին գյավուրների (իմաՙ հայերի-Ն.Հ.) սպանությանը»:

    Քուրդ հեղինակը կատարում է եւս մեկ կարեւոր դիտարկում, առ այն, որ «հարյուրավոր տարիների ընթացքում հայերի եւ քրդերի միջեւ, քրդերի եւ ասորիների միջեւ չեն եղել արյունալի դրամաներ»: Իսկ ո՞րն էր դրա պատճառը, որ հետագայում ամեն ինչ տակնուվրա եղավ: Քամալ Ահմադն անդրադառնալով այդ հարցին, նկատում է, որ տարիների ընթացքում հանդես էին եկել նոր, կամ, ինչպես ինքն է բնութագրում, «հրահրիչ գործոններ», որոնք վարպետորեն քողարկվում էին «հայերի նկատմամբ քրդերի կույր կրոնական մոլեռանդության » շղարշով: Դրանում նա առաջին հերթին մեղադրում է թուրքական կառավարությանը: Նա նշում է, որ օսմանյան ղեկավարները կեղծ լուրեր էին տարածում հայերի անկախության ձգտումների մասին եւ դրանով «քրդերի մեջ վախ էին հրահրում եւ փչացնում հայ-քրդական հարաբերությունները: Դա ի նպաստ պետության (օսմանյան-Ն.Հ.) էր»: Նա շեշտում է, որ թուրքական կառավարությունն ամեն ինչ անում էր մի կողմից հայերի եւ քրդերի միջեւ հակասությունները բորբոքելու համար, իսկ մյուս կողմիցՙ պատնեշ կանգնեցնելու բոլոր այն ուժերի առջեւ, որոնք կփորձեին նպաստել հայերի եւ քրդերի մերձեցմանը: Դրանով քուրդ պատմաբանը քրդերի պատասխանատվության հարցը չի վերացնում եւ չի ձգտում որեւէ կերպ արդարացնել քրդերի մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը: Մենք արդեն վկայակոչել ենք նրա տեսակետն այդ հարցում եւ մատնանշել, որ նա մեղադրում է քրդերին այդ սպանդին մասնակցելու համար: Սակայն գտնում ենք, որ արժե մեկ անգամ եւս բերել նրա մեկ այլ դիտարկումը: Քամալ Ահմադը գտնում է, որ «Քրդերի մեծամասնությունը, որ մասնակցել է հայերի ոչնչացմանը, համիդիե հեծելազորից էր: Այդ ռազմական կազմակերպությունը ստեղծվել էր նման գործեր կատարելու համար եւ այն վստահվել է քրդերին»:

    Հայերի ցեղասպանությանը քրդերի մասնակցության մյուս դրդապատճառը Քամալ Ահմադը համարում է քրդական ցեղերի ավագանու ընչաքաղցությունը, որը ձգտում էր հարստանալ հայերի հաշվին: Նա նշում է, որ համիդիեի զորքերը եւ քուրդ որոշ ֆեոդալներ, աղաներ, ցեղապետներ, շեյխեր գտնում էին, որ հայերի սպանությունը ամենահարմար հնարավորությունն էր իրենց ձեռքը գցելու հայերին պատկանող հողատարածքները, արոտավայրերը, անասունները, գույքն ու ունեցվածքը եւ այդ պատճառով էլ մասնակցում էին հայերի ցեղասպանությանը: Քամալ Ահմադի այս վկայությունը օգնում է ճիշտ հասկանալու հայերի անկախությանը քրդերի դեմ լինելու մոտիվացիան: Քրդական ավագանին վախենում էր, որ Հայաստանի անկախության դեպքում նրանք կզրկվեն հայերին կողոպտելու, նրանց հաշվին հարստանալու եւ նրանց հողերին տիրանալու հնարավորությունից:

    Եվ, վերջապես, Քամալ Ահմադը գտնում է, որ քրդական զանգվածը, «հայերի սպանությունը դիտում էր որպես սրբազան պատերազմՙ ջիհադ, հանուն Ալլահի»:

    Պրոֆեսոր Ահմադ Քամալի ուսումնասիրության մեջ բերված են նաեւ օրինակները հայ-քրդական բարեկամության պատմությունից, այդ թվում եւ 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ, երբ քրդերը, վտանգի ենթարկելով իրենց կյանքը, հաճախ փորձել են փրկել կամ օգնել հայ բռնագաղթվածներին:

    Ահա այսպիսին է ընդհանուր գծերով քուրդ պատմաբան Քամալ Ահմադի հայեցակարգային մոտեցումը հայ-քրդական հարաբերությունների եւ հայերի ջարդերին ու ցեղասպանությանը քրդերի մասնակցության կնճռոտ խնդրին: Նրա հայեցակարգում անհրաժեշտ է առանձնացնել երեք սկզբունքային մոտեցում:

    Առաջին, քրդական հասարակության ներսում կային որոշակի ազդեցիկ եւ տիրապետող սոցիալական խավեր եւ ուժերՙ ցեղային ավագանին, կալվածատերերը, աշիրաթների առաջնորդները, աղաները, զինվորականները, օսմանյան պետության շահերը սպասարկող պաշտոնյաները, հոգեւորական առաջնորդները եւ այլն, որոնք կիսում էին արյունարբու սուլթան Աբդուլ Համիդ II-ի «Հայկական հարցը հայերին ոչնչացնելու ուղիով լուծելու» տեսակետը եւ գործուն մասնակցություն ունեցան այդ քաղաքականության իրագործման մեջ, նրանում ներգրավելով նաեւ քրդական անասնապահ-քոչվորական զանգվածներին եւ հողագործներին:

    Երկրորդ, ըստ Քամալ Ահմադի, հայ- քրդական հարաբերություններում առկա հակասություններն արդյունք էին զարգացման տարբեր մակարդակներիՙ զարգացման բարձր մակարդակի վրա գտնվող եւ կապիտալիստական հարաբերությունների ոլորտը ոտք դրած հայերի, եւ զարգացման ցածր մակարդակի վրա գտնվող եւ դեռեւս ֆեոդալական-ցեղային հարաբերությունների թավուտներում խարխափող քրդերի: Հաշվից դուրս չպետք է նետել նաեւ նրանց պատկանելությունը տարբեր կրոններիՙ քրիստոնյա հայեր եւ իսլամին պատկանող ու իրենց մոլեռանդությամբ հայտնի քրդերը, որոնց կրոնն խրախուսում է քրիստոնյաների դեմ ուղղված սրբազան պատերազմը:

    Երրորդ, Օսմանյան կառավարությունը եւ վերնախավը, խաղալով քրդական վերնախավի հայերին կողոպտելու, նրանց հաշվին հարստանալու զգացմունքների վրա եւ նրանց վախեցնելով հայկական անկախ պետության ստեղծման հեռանկարով, որը կարող էր առաջանալ միայն այն տարածքներում, որոնք գտնվում էին քրդերի տիրապետության տակ, քրդերին դարձրեցին իրենց ձեռքին հլու-հնազանդ գործիքՙ Հայոց ցեղասպանության իրականացման ճանապարհին:

    Կարծում ենք, որ քուրդ պատմաբանի ուսւմնասիրությունը կօգնի ճիշտ ըմբռնելու քրդական վերնախավի հակահայկական նկրտումները եւ ամբողջական պատկերացում կազմելու արդի քրդական գիտական եւ քաղաքագիտական մտքի միտումների վերաբերյալ, որոնք հակասում են հայոց ազգային-քաղաքական կենսական շահերին: Դա կօգնի նաեւ հասկանալու քրդերի կատարած պատմական խոշոր սխալիՙ օսմանյան դահիճների կողմն անցնելու, Հայոց ցեղասպանությանն ակտիվ մասնակցելու քաղաքական, տնտեսական եւ կրոնական դրդապատճառները: Այդ սխալը հետագայում շատ թանկ նստեց քուրդ ժողովրդի եւ նրա քաղաքական ճակատագրի վրա, երբ հանրապետական Թուրքիայի ղեկավարությունը եւ զինվորականությունը մեկ անգամ չէ, որ արյան մեջ խեղդել են քրդերի հակաթուրքական ընդվզումները: Դա պատմության ամենամեծ ծաղրն էր, երբ օսմանյան դահիճների դաշնակից քուրդը դարձավ այդ նույն դաշնակից դահճի զոհը:

    ***

    Հարյուր տարի է մեզ բաժանում 1915թ. Հայոց ցեղասպանությունից: Դա միանգամայն բավարար ժամանակ էր, որպեսի քրդական էլիտան անհրաժեշտ դասեր քաղեր հայկական հարցում իր գործած ճակատագրական սխալներից, վերանայեր իր մոտեցումները եւ որդեգրեր ավելի իրատեսական քաղաքականություն: Այժմ քրդերը կրկին հայտնվել են հակամարտության մեջ թուրքական իշխանությունների հետ, զինված բախումներ են տեղի ունենում քրդերի եւ թուրքերի միջեւ ոչ միայն Ստամբուլում, այլեւ Արեւմտյան Հայաստանի նահանգներումՙ Խարբերդում, Վանում եւ այլ շրջաններում, որոնք հիմնականում բնակեցված են քրդերով: Խոսվում է թուրքական պետության տրոհման եւ նոր պետությունների, այդ թվում եւ քրդական, կազմավորման հնարավորության մասին: Սակայն քրդական ղեկավարները, կուսակցությունները, այդ թվում եւ Քրդական բանվորական կուսակցությունն ու նրա ղեկավար Օջալանը, ինչպես նաեւ այլ կազմավորումներ, չեն ճշգրտում, թե որտեղ եւ ինչ տարածքներում է քրդական այդ պետությունը կազմավորվելու: Մեր զրույցներից մեկի ժամանակ Քրդական բանվորական կուսակցության քաղբյուրոյի անդամներից մեկի հետ, որը համակարգում էր ՔԲԿ-ի աշխատանքները ԱՊՀ-ի տարածքներում, հատկապես նրա հարավային շրջաններում, մեր այն հարցին, թե դուք եւ ձեր կուսակցությունը ինչպե՞ս եք պատկերացնում քրդական պետության ստեղծումը, ո՞ր տարածքում է նա կազմավորվելու: Նա, կռահելով իմ հարցման ենթատեքստը, պատասխանեց, որ իրենց ղեկավար Օջալանը գտնում է, որ քրդերը եւ հայերը եղբայրներ են եւ երբ որ գա պետություն ստեղծելու պահը, ապա այն ժամանակ ամեն ինչ պարզ կդառնա: Փաստորեն նա խուսափեց ուղղակի պատասխանից: Եվ նա միակը չէ, որ այդպես է վարվում: Քրդական շատ ղեկավար գործիչներ չեն թաքցնում, որ քրդական պետությունը Թուրքիայում կստեղծվի այն տարածքում, որն այժմ գտնվում է նրանց հսկողության տակ, իսկ դա Արեւմտյան Հայաստանն է: Այսպիսով, թուրքական այդ ղեկավարները նման են ֆրանսիական Բուրբոններին, որոնց մասին Թալեյրանը, ֆրանսիական դիվանագիտության ամենակարկառուն դեմքը, ասում էր, որ «Նրանք ոչինչ չեն մոռացել եւ ոչինչ չեն սովորել»: Թեեւ վաղ է Թուրքիայում քրդական պետության մասին խոսելը, սակայն կարծում ենք, որ քրդերը չպետք է թույլ տան երկրորդ ճակատագրական սխալը եւ հակադրվեն հայերին:

    1 Քամալ Մազհար Ահմադ, Քուրդիստան ֆի հարբ ալ-ալամիյա ալ-ավալ, Բաղդադ, 1977- Քրդստանն Առաջին համաշխարհային պատերազմի (արաբերեն):

    2 Մենք հանդիպումներ ենք ունեցել Երեւանում եւ Բաղդադում, երկարատեւ զրույցներ ունեցել տարբեր հարցերի, այդ թվում եւ հայ-քրդական հարաբերությունների շուրջը:Այժմ նա բնակվում է Սուլեյմանիում:

    Նկար 1. Քամալ Մազհար Ահմադ` քուրդ պատմաբանը

  • ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ ՄԱԿ-ՈՒՄ ՊՈՒՏԻՆԻ ԵԼՈՒՅԹԻՑ ՀԵՏՈ

    Պ. Ք.

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ում ընդամենը 15 րոպե ուներ համաշխարհային կարեւորագույն խնդիրների առնչությամբ իր երկրի դիրքորոշումը ներկայացնելու համար: Եվ նա հասցրեց այդ կարճ ժամանակահատվածում կոնկրետ առաջարկություններ անել համաշխարհային մարտահրավերների վերաբերյալ: Այդ են վկայում միջազգային լրատվամիջոցների բազմաթիվ արձագանքները:

    Ամերիկյան գործարար աշխարհի մալուխային եւ արբանյակային նորությունների CNBC հեռուստաալիքը ընդգծել է Արեւմուտքին Պուտինի ուղղած «Դուք հիմա գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ արեցիք» հարցը: CNBC-ն շեշտում է, որ Պուտինը կշտամբեց մերձավորարեւելյան ժողովրդավարական հեղափոխությունների կազմակերպիչներինՙ նշելով, որ հենց դրանք հանգեցրին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստեղծմանը, որի դեմ այժմ աշխարհը ստիպված է պայքարել միացյալ ուժերով:

    Ամերիկացի լրագրողներն ուշադրություն են դարձնում նաեւ «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար հակահիտլերյան կոալիցիայի օրինակով միջազգային լայն կոալիցիա ստեղծելու ՌԴ նախագահի առաջարկությանը:

    Բրիտանական «Թելեգրաֆը» կարեւորում է Պուտինի կոշտ, բայց զուսպ ու բարեկիրթ քննադատությունըՙ ուղղված Արեւմուտքի կառավարություններին, որոնք «սոցիալական գիտափորձեր» են անցկացնում ուրիշ ժողովուրդների վրա: ՌԴ նախագահի խոսքերով, այդ գիտափորձերը մերձավորարեւելյան քաոսի եւ Սիրիայի ու Լիբիայի քաղաքացիական պատերազմների գլխավոր պատճառներն են: Ինչ վերաբերում է «Իսլամական պետության» դեմ պայքարի լայն կոալիցիա ստեղծելու առաջարկությանը, բրիտանական հրատարակության թղթակից Ռոլանդ Օլիֆանտը այն անվանում է արտաքին քաղաքականության «գամբիտ», որը Ռուսաստանին ԱՄՆ-ի մրցակիցն է դարձնում Սիրիայի ճգնաժամի հաղթահարման պայքարում առաջատար լինելու համար:

    «Թելեգրաֆը» նշում է, որ Պուտինը ամենքին եւ առաջին հերթին ԱՄՆ-ին պարզ հասկացրեց, որ ինքը մտադիր չէ «հանձնել» Բաշար Ասադին: Ի դեպ, վերջերս շատ է խոսվում նման սցենարի հնարավորության մասին:

    «Վաշինգտոն փոստը» նույնպես ուշադրություն է դարձնում այն փաստին, որ Սիրիայի նախագահի ապագայի հարցը դառնում է Պուտինի եւ Օբամայի վճռական տարաձայնության թեմա: Ամերիկյան թերթը կենտրոնանում է Սիրիայի առնչությամբ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների կատարած «խորընթաց թռիչքների» վրա:

    «Նյու Յորք թայմսը» նշում է, որ Պուտինին հաջողվեց Սիրիայի հարցում խորամանկությամբ գերազանցել Օբամային եւ մեկ քայլ առաջ անցնել: Խոսքը միջազգային հակաահաբեկչական լայն կոալիցիա ստեղծելու եւ այդ հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկելու առաջարկության մասին է: Միայն պարզ չէ, թե Վաշինգտոնն ինչպես կարձագանքի այդ նախաձեռնությանը, գրում է «Նյու Յորք թայմսը»:

    Թերթն արձանագրում է Օբամայի վարչակազմի զարմանքը Սիրիայում ՌԴ գործողությունների եւ տվյալ հարցում Իրաքի ու Իրանի հետ փոխգործողության կապակցությամբ: Սրանով կարելի է բացատրել այն թեժ բանավեճը, թե Նյու Յորքում Պուտին-Օբամա հանդիպումը երկու նախագահներից որ մեկի խնդրանքով կայացավ:

    Եվրոպայում, իհարկե, առանձնակի ուշադրություն դարձրին ՌԴ նախագահի այն խայթիչ դիտողությանը, թե ինչու ՆԱՏՕ-ն դեպի արեւելք է ընդլայնվում անցյալում իրեն դիմակայած Վարշավյան դաշինքի բացակայության պայմաններում: Գերմանական «Շպիգել» շաբաթահանդեսը համեմատում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների ելույթները եւ դրանք նույնիսկ մենամարտ է անվանում:

    Գերմանական հեղինակավոր հրատարակությունը նշում է, որ ՌԴ նախագահն ուզում է Ռուսաստանին վերադարձնել իր սովորական տեղը համաշխարհային ընկերակցությունում, որպեսզի երկիրը կարողանա մարտահրավեր նետել Վաշինգտոնին:

    «Շպիգելի» կարծիքով, Օբաման ի սկզբանե հայտնվեց պարտվողի վիճակում եւ այն էլ ավելի խորացրեց ՄԱԿ-ում իր ելույթի ժամանակՙ քանիցս ուղղակիորեն մեղադրելով Մոսկվային: Հրատարակությունը նրա ելույթը համարում է չափից ավելի հուզական:

    Նման ուղղագիծ հարձակումների ֆոնի վրա Արեւմուտքի հասցեին Վլադիմիր Պուտինի արած բավական կոշտ քննադատությունն իր ձեւով շատ ավելի զուսպ էր թվում: ՌԴ նախագահը ոչ մի անգամ չհիշատակեց իր ընդդիմախոսների անունները, թեեւ հասկանալի էր, թե ում մասին է խոսքը», նշում է գերմանական հանդեսը:

    Շվեդական «Աֆտոնբլադետ» թերթը համաձայն է «Շպիգելի» հետ: Շվեդները նույնպես համեմատում են Պուտինի եւ Օբամայի ելույթները եւ նրանց մենամարտն անվանում են քաղաքական ծանրքաշայինների մարտ: Ստոկհոլմյան հրատարակությունը ուշադրությունը բեւեռում է ԱՄՆ-ին եւ Արեւմտյան Եվրոպային Պուտինի հասցեագրած այն մեղադրանքի վրա, որ նրանց աշխարհաքաղաքական հավակնությունները հանգեցրին Մերձավոր Արեւելքի ներկայիս քաոսային վիճակին:

    Բրիտանական «Ֆայնենշլ թայմս» թերթը նշում է, որ Վլադիմիր Պուտինը «փոխեց նկարագիրը» եւ վտարակից վերածվեց «գորշ կարդինալի»: Թերթի վերլուծաբանները նաեւ վստահ են, որ ՄԱԿ-ում Պուտինը կատարեց լուրջ դիվանագիտական քայլ: Նրանք նշում են, որ այդ քայլի էությունը օգնության հատկացումն է եւ նույնիսկ առաջատար դերի ստանձնումն է «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում, ինչը Ռուսաստանին վերստին միջազգային ասպարեզ կհանի «գլխավոր դերում»:

  • ԹՐԱՄՊԸ ԱՌԱՋԱՐԿԵՑ ԻՊ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԸ ԹՈՂՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ

    Պ. Ք.

    Հանրապետականների մեջ ԱՄՆ նախագահության առաջատար թեկնածու Դոնալդ Թրամպը գտնում է, որ իր երկիրը պարտավոր է «Իսլամական պետության» դեմ պայքարը թողնել Ռուսաստանին: Նրա խոսքերով, Սիրիայում «կատարյալ աղետ է ու խառնաշփոթ», իսկ ԱՄՆ-ը նպաստում է այդ խառնաշփոթին: Այդ մասին նա հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում: Թրամպն ավելացրել է, որ միաժամանակ «Իսլամական պետության» եւ Բաշար Ասադի վարչակարգի դեմ հանդես գալովՙ ԱՄՆ-ը ԻՊ-ին «խանգարում է որսալ Ասադին»:

    «Ռուսաստանը հիմա այնտեղ է, Ասադի կողմից է եւ ուզում է ԻՊ-ից ազատվել մեզանից ոչ պակաս չափով, գուցեեւ ավելի շատ, քանի որ չի ուզում ԻՊ-ի ներկայություն Ռուսաստանում: Ինչո՞ւ հարվածենք ԻՊ-ին եւ հետո Ասադին: Թող նրանք (Ասադը եւ ԻՊ-ն) կռվեն իրար դեմ, իսկ մենք կստանանք այն, ինչ կմնա: Բայց ավելի կարեւորն այս է. եթե Ռուսաստանն ուզում է կռվել ԻՊ դեմ, թող կռվի: Թող ռուսները կռվեն Սիրիայում եւ Իրաքում», հայտարարել է Թրամպը:

    Միլիարդատեր թեկնածուն նաեւ քննադատել է ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից սիրիական զինված ընդդիմության պատրաստության ծրագիրը: «Մենք որեւէ պատկերացում չունենք, թե դրանք ինչ մարդիկ են: Գուցե նրանք Ասադից էլ վատն են: Մենք ինչո՞ւ ենք դրան մասնակցում», ասել է Թրամպը, ավելացնելով, որ ընդհանուր առմամբ «Ասադը ավելի լավ տպավորություն է գործում, քան հակառակ կողմը»:

    Բացի դրանից, Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամպը շատ բարձր է գնահատել ՌԴ նախագահի պաշտոնում Պուտինի ծավալած գործունեությունը: «Ինչ վերաբերում է ղեկավարմանը, ես նրան «գերազանց» եմ նշանակում: Մեր նախագահը այնքան էլ լավը չէ», հայտարարել է հանրապետականների թեկնածուն:

  • ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ՕԲԱՄԱՅԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՄԱԿ-ՈՒՄ

    ՊՈՒՏԻՆԻ ԵՎ ՕԲԱՄԱՅԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԸ ՄԱԿ-ՈՒՄ

    Պ. Ք.

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում վերջին անգամ ելույp ունեցել էր տասը տարի առաջ: Այս անգամ նա եկել էր աշխարհին բացատրելու ՌԴ արտաքին քաղաքականության տրամաբանությունը, որը Արեւմուտքում սկսել են դժվարությամբ հասկանալ:

    Բնականաբար, աշխարհին առաջին հերթին հետաքրքրում էր Ռուսաստանի կարծիքը Սիրիայի եւ Ուկրաինայի վերաբերյալ: Նախագահներ Պուտինի եւ Օբամայի ելույթները ցույց տվեցին, որ այդ երկու հակամարտությունների հարցում Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը ունեն միմյանց բացառող դիրքորոշումներ:

    Օբաման Ասադին համարում է բռնակալ, որը ռմբակոծում է սեփական ժողովրդին եւ չպետք է տեղի ունենա Սիրիայումՙ անկախ «Իսլամական պետության» դեմ մղվող պատերազմի արդյունքից: Պուտինը կարծում է, որ Ասադը «արիաբար պայքարում է ահաբեկչության դեմ», իսկ նրա բանակը ԻՊ-ին դիմակայող միակ ռեալ ուժն է: Նաեւ կարծում է, որ առանց Ասադի անհնար է հաղթել ահաբեկիչներին, որոնք փորձում են ստեղծել անդրսահմանային իսլամական խալիֆաթ: Իսկ սիրիական ընդդիմությանը Արեւմուտքի մատակարարած զենքը վերջին հաշվով հայտնվում է ԻՊ ձեռքին:

    Պուտինը Ուկրաինայի դեպքերի համար պատասխանատու է համարում «արտաքին ուժերին», որոնք Կիեւում տապալեցին իշխանությունը: Առանց ԱՄՆ-ի անունը տալու, ՌԴ նախագահը «որոշակի ուժերին» մեղադրեց միակողմանի պատժամիջոցների, մրցակիցներին համաշխարհային շուկայից դուրս մղելու փորձերի, գունավոր հեղափոխությունների արտահանման եւ ՆԱՏՕ-ի ընդլայնման մեջ:

    Օբաման իր հերթին Ռուսաստանին մեղադրեց Ուկրաինայի եվրոպամետ քայլերին խանգարելու մեջ եւ հասկացրեց, որ հակառուսական պատժամիջոցները չեն վերացվելու մինչեւ ուկրաինական ճգնաժամի լիակատար դիվանագիտական լուծումը:

    Երկու նախագահները միմյանց ելույթները չլսեցին: «Գազետա.ռու» էլեկտրոնային հրատարակությունը կարծում է, որ ցանկության դեպքում դա կարելի էր հարթելՙ չնայած երկու ղեկավարների լարված ժամանակացույցներին:

    Պուտինը դահլիճում հայտնվեց Օբամայի ելույթի ավարտից տասը րոպե հետո միայն: Արեւմուտքի լրատվամիջոցները նշում են, որ նրա ելույթի պաթոսն ուղղված էր գործող վարչակարգերի պաշտպանությանը, իսկ Օբամայի ելույթի պաթոսըՙ հակաժողովրդավարական վարչակարգերից մարդկանց պաշտպանությանը: Խնդիրն այն է, որ մարդկությանը երբեք չի հաջողվել համաձայնության հասնել ժողովրդավարական արժեքների միասնական ընկալման շուրջը:

    ՄԱԿ-ում ՌԴ նախագահի ելույթից ակնկալում էին ինչ-որ առաջարկություններ, թե Մոսկվան պատրաստ է Արեւմուտքի հետ համատեղ լուծել համաշխարհային հիմնահարցերը այնտեղ, որտեղ կարելի է գտնել շփման կետեր: Նման առաջարկություն իրոք հնչեց. հակահիտլերյան կոալիցիայի օրինակով ստեղծել ԻՊ դեմ պայքարի լայն կոալիցիա: Սակայն նման կոալիցիայի ստեղծումը գրեթե անհավանական է, քանի որ, Ռուսաստանից եւ Իրանից բացի, ոչ ոք չի ուզում իշխանության ղեկի մոտ տեսնել Ասադին:

    Սիրիայում նոր «հակահիտլերյան» կոալիցիան անհնար է հենց այն պատճառով, որ դրա հավանական անդամների մեծամասնությունը «հիտլեր» համարում է Սիրիայի նախագահին եւ նրան ամբաստանում է տասնյակ հազարավոր խաղաղ մարդկանց մահվան համար:

    Ռուսաստանն ինքը դժվար թե ՄԱԿ-ում հավանություն տար ԻՊ դեմ ցամաքային գործողության գաղափարին, եթե դա համակարգեին Ասադի հրաժարականը պահանջող Արեւմուտքի երկրները: Իր հերթին ԱՄՆ-ը դժվար թե Մոսկվային թույլ տա միանձնյա կերպով ղեկավարել ԻՊ դեմ ուղղված ռազմարշավը:

    Ուկրաինայի առնչությամբ «արտաքին ուժերին» մեղադրելուց հետո Պուտինն առաջարկեց կատարել Մինսկի համաձայնագրերը եւ հաշվի առնել «Դոնբասի բնակիչների իրավունքները»:

    Նրա ելույթը քաղաքական սենսացիաներ չէր պարունակումՙ չհաշված Արեւմուտքին եւ ՆԱՏՕ-ին ուղղված կշտամբանքը («Դուք այս ի՞նչ արեցիք»): Ճիշտ է, Պուտինի ելույթը լրիվ չափով չի բացահայտում Մոսկվայի իսկական դիրքորոշումները:

    Ռուսաստանի լիարժեք վերադարձը համաշխարհային քաղաքականություն կարող է կայանալ Սիրիայի եւ Ուկրաինայի ճգնաժամերի կարգավորմանը նրա պարտադիր մասնակցության դեպքում: Դրա համար Մոսկվան պետք է կատարի կառուցողական քայլեր: Վաշինգտոնում եւ Բրյուսելում վստահ են, որ եթե Ռուսաստանը չխանգարի, ապա Ուկրաինայի ճգնաժամը կարելի է հեշտությամբ հաղթահարել:

    Մոսկվայից սպասում են արդյունքներ: Սիրիայի հարցում դա կլինի ռեալ պայքար «Իսլամական պետության» դեմ, Ուկրաինայի հարցումՙ սահմանի վերահսկողության վերադարձը Կիեւին եւ Դոնբասի ինտեգրումը Ուկրաինայի իրավական դաշտին:

    Սակայն հայտնի չէ, թե Մոսկվայում ինչն են համարում վերադարձ համաշխարհային քաղաքականություն: Գուցե կասկածում են, թե 2014-ի գարնանը Ռուսաստանը դուրս չի՞ մղվել աշխարհաքաղաքական լիգայից: Կամ, ընդհակառակը, կարծում են, թե նա աշխարհաքաղաքական լիգա է մտել Ղրիմի վերադարձից հետո: Նաեւ հայտնի չէ, թե Արեւմուտքը որքանով է պատրաստ ընդունելու Պուտինի մոտեցումները:

  • ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՀԱՍԱՆՈՎԻՆ ԶԱՅՐԱՑՐԵԼ Է ՄԱԿ-Ըՙ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆ ԻՆՉՊԵ՞Ս ՉԸՆԴՀԱՏԵՑԻՆ

    ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

    ԼՂ հակամարտության այժմյան ստատուս քվոն անընդունելի է , ըստ ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալության, սեպտեմբերի 30- ին Բաքվում ասել է Եվրոմիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերըՙ Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների, բռնի տեղահանվածների պետական կոմիտեի նախագահ, միջազգային հումանիտար օգնության հանրապետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովի հետ հանդիպման ժամանակ։ Ըստ նույն աղբյուրի, Հասանովը նշել է, թե իր երկրի եւ ԵՄ միջեւ միշտ առկա են եղել լավ հարաբերություններ եւ հավելելՙ «Ադրբեջանի հանդեպ ԵՄ այս կամ այն կառույցի անարդար վերաբերմունքը չի կարող անդրադառնալ մեր հարաբերությունների վրա։ ԵՄ միշտ սատարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, ինքնահռչակ ԼՂՀ «ընտրությունները» համարել հակաօրինական։ Ինչ վերաբերում է սեպտեմբերի 10- ին Եվրոխորհրդարանիՙ Ադրբեջանի վերաբերյալ բանաձեւին, փոխվարչապետն ասել էՙ ԵԽ փաստաթղթին կողմ քվեարկած պատգամավորները դրա լիազորությունը չունեն եւ հայկական սփյուռքի միջոցներով կաշառված են։ «Այդ պատգամավորներն իրենց երկրներում ագրեսիվ պահվածքով են հայտնի, այդ պատճառով էլ այդ պետությունները նրանց Եվրոխորհրդարան են ուղարկում։ Այսինքն կարելի է ասել, թե այդ ժողովուրդները այդպիսիներից ազատվելու համար նրանց ուղարկում են երկրից»։

    Անդրադառնալով Ադրբեջանի հիմնական խնդրին, ինչպես ձեւակերպել է փոխվարչապետը, հայ- ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությանը, ադրբեջանցի պաշտոնյան նշել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը թեեւ զբաղվում է հարցի խաղաղ կարգավորմամբ, սակայն անարդյունավետ։ Նա բողոքել է նաեւ, թե ՄԱԿ- ի ԱԽ, ինչպես նաեւ միջազգային այլ կազմակերպությունների կարգավորման բանաձեւերը դեռեւս ի կատար չեն ածվել, ուրեմնՙ ո՞րն է դրանց իմաստը։ Անդրադառնալով փախստականների խնդրին, Հասանովն ընդգծել էՙ այսօր Եվրոպան չի կարողանում 100- 200 հազար փախստականի տեղավորել, իսկ Ադրբեջանը մեծ աշխատանք է կատարել ավելի քան 1 միլիոն փախստականների ու բռնի տեղահանվածների խնդիրներիՙ մասնավորապես զբաղվածության խնդրի լուծման համար։ Փոխվարչապետն անդրադարձել է Սերժ Սարգսյանի ՄԱԿ- ի ելույթին։ «Չեմ պատկերացնում, ինչպես կարելի է թույլ տալ, որ մի երկրի նախագահ այդպիսի հեղինակավոր կառույցի ամբիոնից այդպիսի վիրավորական արտահայտություններ անի մեկ ուրիշ պետության հասցեին։ Կարծում եմՙ Սարգսյանը հոգեպես առողջ չէ, դրա համար էլ էթիկայի տեսակետից այդպիսի ոչ պատշաճ արտահայտություններ արեց։ Բայց ՄԱԿ-ի վեհաժողովն ինչո՞ւ է նրան այդպիսի հնարավորություն ընձեռում։ Սարգսյանը խախտել է դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերը, արարողակարգի կանոնները։ Ենթադրելի էր, որ նրա աբսուրդ ելույթը պիտի ընդհատեին։ Կարծում եմ, որ Սարգսյանի տեղն այժմ հոգեբուժարանն է։ Սերժ Սարգսյանը ահաբեկիչ է։ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին նրանք ահաբեկչական գործողությունների, ղարաբաղյան հակամարտության ժամանակ ցեղասպանության ուղղակի կազմակերպիչներ են։ Հայաստանի նախագահն իրՙ ավելի վաղ ռուսական «Նիզավիսիմայա գազետային» տված հարցազրուցում ասել էր, թե իր երկիրը Ադրբեջանի համար կարող է վերածվել պատժիչ սրի։ Այս խոսքերը արտասանած մարդը եթե մի ժամանակ Ղարաբաղում թիվ 1 ահաբեկիչն էր, ապա այսօրՙ աշխարհում է առաջինը։ Մեր տվյալներով Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներից մեկըՙ փեսանՙ դստեր ամուսինը զբաղվում է թմրամիջոցների առեւտրով»։

    Ըստ ադրբեջանական հիշյալ գործակալության, եվրոպացի պաշտոնյան ընդգծելով Ադրբեջանիՙ ԵՄ համար միշտ կարեւոր գործընկեր լինելու հանգամանքը, նախ գոհունակություն է հայտնել հանգամանալից տեղեկատվության համար, այնուհետ հավելել, թե ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԵՄ դիրքորոշումն անփոփոխ է, ստատուս քվոն անընդունելի եւ մոտ ապագայում հակամարտությունը լուծում պիտի գտնի։

    Մեր թերթում արդեն նշել ենք, թե «Ազերթաջ»ն ի տարբերություն մերՙ հայերեն, ռուսերեն, անգլերեն թողարկվող «Արմենպրեսի», իր հրապարակումները մայրենիին, ռուսերենին, անգլերենին զուգահեռ տարածում է նաեւ գերմաներեն, ֆրանսերեն, արաբերեն, չինարեն լեզուներով։ Միգուցե այս հարցում հետեւենք Ադրբեջանի՞ օրինակին։

  • ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ

    ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

    Դուք տեսա՞ք, զգացի՞ք, թե որքան անսխալ են գրում մեր երիտասարդ տղաներն ու աղջիկները պատերազմ բառը, որքան համարձակ, կարծես գրեն` ծառ, կամ տուն, կամ սար, կամ շուն: Մեկ շնչով, առանց հուզմունքի, հաստա՛տ առանց հուզմունքի են գրում, քանի որ հակառակ պարագայում, եթե հուզվեին, գոնե մեկ տառասխալ կանեին պատերազմ գրելիս: Իսկ չեն հուզվում, քանի որ չգիտեն, թե ինչ է այդ պատերազմը: Այս հայտնագործությունը վերջին օրերին ամենալավ բաներից մեկն է:

    Բայց վատն, ինչպես միշտ ավելի շատ է: Օրինակ այն, որ շատ հավանական է մեր երիտասարդ տղաներն ու աղջիկները շուտով հուզվեն` պատերազմ բառը գրելիս եւ այլեւս ինքնամոռաց չնետվեն պատերազմի գիրկը. դա, հասկանո՞ւմ եք, բողոքի մասսայական ակցիա չէ, մայրաքաղաքի փողոց փակել եւ ոստիկանական ջրցանի տակ ընկնել չէ, ոչ էլ անգամ քաղմասում մի քանի ժամ մնալ, դա պա-տե-րազմ է, որտեղ գնում են հազարավորները եւ որտեղից հետ են ոչ բոլորը: Որի մասնակիցները միշտ ավելի քիչ են լինում, քան որին մասնակցելու համար պարգեւատրվածները, որտեղ սպանությունը, թալանը, անգամ բռնաբարությունը, ինչպես Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, միակողմանի չեն եւ ամենօրյա տեսարան է: Քչերն են դիմանում պատերազմ կոչվածին, թշնամու գրոհին շատերն են դիմանում, պատերազմի հետեւանքներին` քչերը:

    Պատերազմը սա է, եւ երբ առանձին երիտասարդներ բացականչում են, թե մենք պատերազմ ենք ուզում, գնանք, կռվենք, սպանենք, գրավենք, ջնջենք, վստահաբար չգիտեն, որ պատերազմը սա է:

    Ես պատերազմից էլ, կռվելուց էլ, թշնամուց էլ վախենում եմ. ոչ թե որովհետեւ թշնամիս ինձանից ուժեղ է, կամ ես վստահ չեմ իմ ուժերին, այլ որովհետեւ ես վախենում եմ պատերազմ հիշելուց, ինչն անխուսափելի է պատերազմի բոլոր մասնակիցների համար եւ ավելի վտանգավոր է` բուն պատերազմից: Պատերազմ հիշելը պատերազմի մեծագույն չարիքն է: Նման հիշողությամբ երկրորդ սերունդն ունենալը չափից մեծ շռայլություն է մեզ համար, անթույլատրելի շռայլություն:

    Իհարկե պատերազմը մեզ պարտադրում են, ինչը նշանակում է, որ դրանից խուսափողը դավաճան է կամ դրա պես մի բան: Բայց խաղաղությունը եւս հնարավոր է պարտադրել, ինչպե՞ս, ես չգիտեմ եւ ի տարբերություն ոմանց, պարտավոր էլ չեմ իմանալ:

    Բայց, եթե կա ցանկություն շատ դժվար բան անելու` հանուն պետության եւ ժողովրդի, ապա պետք չէ պատերազմում հաղթել Ադրբեջանին (դա ավելի հեշտ է), պետք է բացառել Ադրբեջանի հետ նոր պատերազմը: