Day:Հոկտեմբերի 9, 2013

  • ԱՐՄԱՆ ՇԵՐԵՖԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԸ

    ԱՐՄԱՆ ՇԵՐԵՖԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԸ

    ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

    Զարմանալի ժամանաշրրջանում ենք ապրում. մի կողմից դժգոհում ենք արժեքների ոտնակոխից, բարձր ու հայեցի բաների մոռացությունից, մյուս կողմից` իրար հետեւից այնպիսի կոթողային աշխատանքների ստեղծման ականատեսն ենք դառնում, որոնց նախորդ տասնամյակները կնախանձեին: Ոմանք, այո, ազդված ներկա անհոգի բարքերից` դեգրադացվում են, ուրիշները շարունակում են ջանքեր գործադրել` հաջորդ սերունդներին ինչ-որ արժանի բան փոխանցելու: Ամեն մեկին` իր Գողգոթան, իսկ մենք պատմենք մի հետաքրքրական նախաձեռնության մասին, որը կարող է բան ասել հաջորդ սերնդի ականջին:

    Արման Շերեֆ, այս անունը լսած չեք լինի: Լիոնում ապրող հայ է, Ռամկավար Ազատական կուսակցության անդամ: Ընտանիքով մի երեսունհինգ տարի առաջ է դուրս եկել Պոլսից եւ հաստատվել Ֆրանսիայում: Նրա ընտանիքի անվան հետ է կապվում Լիոնում հայտնի «Թամար» հայկական ճաշարանի անունը, ուր մտնում էր Լիոն այցելած ամեն հայ, նաեւ քաղաք այցելած օտարերկրացի բարձրաստիճան հյուր: Նրա ծնողներին բաժին է ընկել այն ճակատագիրը, ինչ ցեղասպանություն տեսած ամեն հայի` իրենց բնակավայրերից մի կերպ հեռացած նրա ծնողները ի վերջո միացել են Պոլսում. «Մեր գերդաստանը Վանի 1915-ի պատերազմին մեծ կորուստներ տված է»: Հայրը սեբաստացի էր, մայրը` երեւանցի: Շերեֆ ազգանունը թուրքերից մնաց. «Թրքերեն` պատիվ է նշանակում. ունին-չունին, չեմ գիտեր, բայց հայրիկս ստիպված եղած է Պոլսում իր ազգանունը փոխել, մենք եղած ենք Բերբերյան», ասում է Լիոնից եկած եւ մեր խմբագրությունում իր զարմանալի աշխատանքը ներկայացրած Արման Շերեֆը:

    Արման Շերեֆը 35 տարեկան էր, որ Պոլսից նրա ընտանիքը Ֆրանսիայի Լիոն քաղաքում է հաստատվել: Ռամկավար դարձավ Ֆրանսիայում, ավելի վաղ` ՀԲԸՄ անդամ, Թեքեյան մշակութային միության տեղական կառույցի փոխնխագահն է եղել:

    Սովորական հայկական ճակատագիր: Հիմա գլխավորի` տարիների նրա ջանքի ու, կարելի է ասել, նրա ունիկալ աշխատանքի մասին:

    Արման Շերեֆը միջազգային ֆիլատելիստ է: Տարբեր երկրներում միջազգային ֆիլատելիստական ցուցահանդեսների է մասնակցել, ճանաչում ունի դեռ Պոլսից: Թոշակի անցնելուց հետո էլ ֆիլատելիստական հիվանդությունը «մեջից չի պակսած», եւ որոշել է հայկական հարուստ պատմությունը ֆիլատելիայի միջոցով արտացոլել. «Մատս անանկ տեղ մտցուցի, որ վերջ չունի», սրամտում է նա` քանի որ վերջ չունեն հայ պատմությունը վկայող ֆիլատելիայի, փաստաթղթային բնօրինակների, դրամների, այցեքարտերի եւ այլ խորհրդանշային բնույթի վավերագրերը:

    Այդ կարգի նյութեր ներառող մի ողջ հանրագիտարանային հատոր է Շերեֆը պատրաստել` 356 էջով, որն, իհարկե, առկա նյութի սահմանը չէ: Եթե շարունակի` եւս այդքան նյութ կա, այնքան որ հարուստ է ֆիլատելիայի միջոցով արտացոլված մեր պատմությունը: Նամականիշների եւ այլ վավերագրերի պատկերներին կցված են ծանոթագրություններ, որտեղ կան ինչպես դրանց ստեղծման կամ ի հայտ գալու, այնպես էլ բուն նյութի մասին պատմություններ:

    Օրինակ` Շերեֆի հանրագիտարանի Կոմիտասի հավաքածուն երկու հոգի ունեն երեւի: Այնտեղ Կոմիտասի առաջին ձայնասկավառակներն են, որոնց նկարները եւ դրանց վերաբերյալ նամականիշները հանրագիտարանում են (բնականաբար` օրիգինալները Արման Շերեֆին են պատկանում): Սկավառակներից մեկում Կոմիտասն է նվագում, եւ Արմենակ Շահմուրադյանը երգում է: Հանրագիտարանում, որ ֆրանսերեն եւ անգլերեն լեզվով է, երկու էջով բացատրված է, թե Շահմուրադյանն ով է, Կոմիտասն` ով:

    1918-ին Բաքվի քաղաքապետարանը հինգ ռուբլի արժեքով թղթադրամ է տպել, իսկ վրան մի քանի տեղ նշված 5 թվերից մեկը հայերեն Ե տառով է նշված եղել: Հայերը շատ էին Բաքվում, իսկ այդ փաստը վկայում է Բաքվում հայերի ունեցած հսկայական ուժի եւ ազդեցության մասին: Դրամը Շերեֆի հավաքածուում է, պատկերն ու վկայությունըՙ նրա ստեղծած հանրագիտարանում: Նույն կերպ` 1920 Ադրբեջանը (ավելի շուտ` Բաքվի թաթարները) հազար ռուբլիանոց թղթե դրամ են տպել` վրան հայերեն նշումով:

    Մի առանձին պատմություն է Զեյթունի ինքնապաշտպանությանն առնչվող մի փաստաթուղթ: 1895-ին Պոլսի Իզմիրլյան պատրիարքը Զեյթունի ապստամբության առիթով հանդիպում է սուլթանին` կանգնեցնելու արյունահեղությունը: Իզմիրլյանը, մտահոգված հայերի ջարդերով, սուլթանին խնդրում է զորքը հետ քաշել Զեյթունից: Սուլթանը խորամանկորեն պատասխանել է` դու զսպի քո ազգին, ես հետ կկանչեմ զինվորներիս: Պատրիարքը, խաբվելով, հրովարտակ կամ, ավելի ճիշտ, կոնդակ է պատրաստում եւ ուղարկում բոլոր հայկական գյուղերը, թե` հանուն Աստծո եւ Քրիստոսի զենքը վայր դրեք, սուլթանը կների եւ այլն, երբ արդեն ջարդերն սկսվել էին: Եվ այդ կոնդակն իզուր կամ պարզապես միամտութուն է լինում արդեն: Կոնդակի բնօրինակը Շերեֆի մոտ է, պատկերն ու գրագրությունը` հանրագիտարանում:

    Երբ Շերեֆին ասացի, թե ամեն մի բնօրինակ գուցե հազարավոր դոլարների արժեք ունի, հակադարձեց. «Անանկ բան մը ըսիք, որ իմ պատմությանս վերջը դրիք»: Գիրքը եթե անգամ տպվի, նրա հասույթը բարեգործական նպատակների է տրամադրվելու: Տպագրության ծախսի փողը որոնվում է: Հայ օլիգարխները եւս կարող են մասնակից լինել, եւ հատկապես` գրքի վաճառքը միայն բարեգործական նպատակների է ծառայելու: Օրինակ` գրքում Գյուլբենկյանների եւ նրանց ընտանիքի մասով էլ հիշատակում կա` նամականիշի պատմությամբ, ընտանիքի պատկերով: Գուցե «Գյուլբենկյան» հիմնարկությունը հետաքրքրվի այս անգին գրքի տպագրությամբ:

    Նապոլեոն Բյուլուկյանի մասին կա հիշատակում, ով Սարդարապատի զանգերից մեկն է ուղարկել Լիոնից (հուշահամալիրի վեց զանգերից մեկը): Դրա վերաբերյալ նամակագրությունն է հրապարակել Շերեֆը` «Բյուլուկյան» ֆոնդի օգնությամբ:

    Մեծահարուստ Մելգոնյան եղբայրները գործել են Եգիպտոսում: Այդ շրջանում Պողոս Նուբար Փաշան, որ հայ որբերի եւ գաղթականների խնդիրներով էր զբաղվում, դիմում է Եգիպտոսում ծխախոտի ֆաբրիկա ունեցող Մելգոնյան եղբայրներին, որոնք հայ որբերին կրթություն տալու համար հիմնադրում են Կիպրոսի Մելգոնյան վարժարանը: Այդ առթիվ հանրագիտարանում գրագրություն է ներկայացված:

    Նամականիշներով եւ այլ նյութերով ներկայացված են հայ գրականության մեծերը` Ավետիք Իսահակյան, Ռուբեն Սեւակ, Դանիել Վարուժան, Հովհաննես Թումանյան եւ այլք:

    Հանրագիտարանի 300 կտոր նյութերից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ, որպեսզի ընկալել լինի, թե ինչ մեծածավալ աշխատանքի մասին է խոսքը: Եվս մի քանի օրինակ` պարզապես հետաքրքրական է:

    Առաջին նավթավառի եւ նավթալամպի հեղինակ, բոլոնիացի դեղագործ Իգնասի Լուկաշեւիչը նույնպես հայկական ծագում ունի: 1856-ին կերոսինով նավթալամպ է պատրաստել, այդ մասին վկայում է նամականիշը:

    Ռումինացի Միքայել Էմինեսկուն, որ ծնվել-մահացել է 1850-1889թթ., գրականության պրոֆեսոր է եղել: Ռումինիայում նրա հիշատակին նամականիշներ են տպագրվել: Հավաքածուում ներկայացված է նաեւ հանրահայտ Աննա Ասլանը (1897-1988): Աննա Ասլանը Ռումինիայում եւ աշխարհում հայտնի գիտնական էր, ծերաբան, ով ժամանակին ծերությունը կանխելու նպատակով նովոկայինի ներարկումներ էր առաջարկում, իսկ ավելի ուշ երեխաների դանդաղ զարգացման բուժման պատրաստուկներ է ստեղծել:

    Աշխարհի գիտնականներից կազմված միացյալ խումբը, որ Մարսի խնդիրների վրա է աշխատում, Մարսը խորհրդանշող դրոշակ է առաջարկել` կարմիր-կանաչ- կապույտով, որը, պարզվում է, 1880-ին Ղեւոնդ Ալիշան վարդապետի առաջարկած հայկական դրոշն է: Փաստորեն` դրոշների նմուշօրինակներից Մարսի խումբը հավանել է հենց այն դրոշը, որը ժամանակին Ալիշանի առաջարկածն է: Խումբը բարձրաձայնել է, որ դա հին հայկական դրոշ է:

    Գրքում կգտնեք Անդրանիկ զորավարի մի հազվագյուտ լուսանկարը, որ ուրիշները չունեն: Լուսանկարիչ Պետրոս Փափազյանը Վառնայից նվեր է ուղարկել Փարիզ` Վռամշապուհ Քիպարյանին 1913-ին: Անդրանիկը լուսանկարի հետեւում մակագրել է. «Արժանապատիվ Վռամշապուհ քահանա Քիպարյանին. սիրելի եղբայր, ընդունեցեք իմ այս լուսանկարս իբրեւ իմ նվեր: Անդրանիկ Օզանյան»

    «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հեղինակ Ֆրանց Վերֆելի վերաբերյալ Հայաստանն իր նամականիշն է հանել, այդ առիթով Շերեֆը հանրագիտարանում պատմում է Մուսա լեռան հերոսական պաշտպանության, Ֆրանց Վերֆելի, նրա կնոջ մասին: Ընդհանրապես` Հայոց ցեղասպանության թեման տարբեր նյութերով հանրագիտարանում լայնորեն ներկայացված է:

    Հանրագիտարանը պատրաստ է տպագրության, միայն մի քանի էջ կավելանա, քանի որ Շերեֆը խորհուրդներ է ստացել Հայկական հանրագիտարանի անձնակազմից` գրքի սկզբում Հայաստանի պատմությունը ճիշտ թվականներով ներկայացնելու, եւ ընդունել է օգտակար խորհուրդը: Իսկ ողջ գիրքն արդեն իսկ թղթե դրամներով, նամականիշներով եւ այլ փաստաթղթերով ժամանակաշրջան առ ժամանակաշրջան երկլեզու ներկայացնում է Հայաստանի, հայ ժողովրդի պատմությունը:

    Իսկ թե որքան ժամանակում է այս ամբողջը ստեղծվել` Շերեֆը կատակում է. «Գիշերը տուն մտնամ նե, կինս կըսե` գնա, երկրորդ կնիկդ ներսն է, քեզի կսպասե»: Յոթ-ութ տարի աշխատել է վրան: Իսկ տպագրելուց հետո նոր գիրք հավաքելու համար եւս այդքան նյութ ունի:

    Գիրքն անուն դեռ չունի` մենք պայմանականորեն մեր վերնագրում անվանեցինք Շերեֆի հանրագիտարան, սա իր տեսակի մեջ առաջին գիրքն է: Մնում է, որ արվեստին ու գրականությանը ֆինանսներ հատկացնող մեր բարեգործները նկատեն ահռելի աշխատանքը եւ ամեն աղբի տպագրության համար փող տալու փոխարեն ֆինանս հատկացնեն հայերիս օգտակար այս գիրքը տպելու համար:

  • ԹՈՒՐՔԻԱՆ ՍԻՐԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՊԱՐԻՍՊ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ

    ԹՈՒՐՔԻԱՆ ՍԻՐԻԱՅԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՊԱՐԻՍՊ Է ԿԱՌՈՒՑՈՒՄ

    Թուրքիան սկսել է պարիսպ կառուցել Սիրիայի սահմանի այն հատվածներում, որոնցով անօրինական անցումներ առավել հաճախ են պատահում: Տեղական իշխանություններին վկայակոչելովՙ այդ մասին հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

    Շինարարությունը սկսվել է Նուսայբին քաղաքի շրջակայքում, սիրիական Կամիշլի քաղաքից ոչ հեռու, որտեղ ապրում են շատ քրդեր եւ հաճախ տեղի են ունենում քաղաքացիական պատերազմի մասնակից տարբեր ուժերի բախումներ: Թուրքական իշխանությունների տվյալներով, սահմանն անցնելը անչափ հեշտ է հենց այդ մասում:

    Պարսպի բարձրությունը երկու մետր է, իսկ վերեւում փշալար է ամրացվում, գրում է Hurriyet Daily News-ը: Թե որքան է լինելու տվյալ հատվածի երկարությունը, առայժմ չի հաղորդվում:

    Ավելի վաղ Անկարան որոշել էր պարիսպ կառուցել սահմանի մեկ ուրիշ հատվածումՙ Հաթայի նահանգում: Այստեղ պարսպի երկարությունը կկազմի 2,5 կիլոմետր: Թուրք-սիրիական սահմանի ընդհանուր երկարությունը 800 կիլոմետրից ավելի է:

    Սահմանամերձ շրջաններում իրադրությունը լարված է 2011-ից Սիրիայում ծավալված քաղաքացիական պատերազմի պատճառով: Հակամարտության գոտուց Թուրքիա են անցել մոտ 500 հազար փախստականներ: Նրանց հետ սահմանը հաճախ անօրինական կերպով հատում են սիրիացի ապստամբներն ու գրոհայինները, ինչպես նաեւ մաքսանենգները: Ավելին, Սիրիայում մարտեր են մղվում երբեմն Թուրքիայի սահմանի անմիջական մոտակայքում: Անկարայում կարծում են, որ այդ ամենը լուրջ սպառնալիք է ստեղծում երկրի անվտանգության համար:

  • ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՀՆԱՐԱՎՈՐ ԲՈԼՈՐԸ» ՏԱՐԵԼ ԷՐ ԲՐՅՈՒՍԵԼ

    ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՀՆԱՐԱՎՈՐ ԲՈԼՈՐԸ» ՏԱՐԵԼ ԷՐ ԲՐՅՈՒՍԵԼ

    Վ. Պ.

    Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Բրյուսելում հանդիպել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ:

    Մամուլի հաղորդագրության համաձայնՙ ողջունելով Հայաստանի արտգործնախարարինՙ ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ այս հանդիպումը լավ առիթ է մտքեր փոխանակելու Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերությունների հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերի շուրջը:

    Նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը ցանկանում է հնարավոր բոլոր ուղղություններով առաջ տանել համագործակցությունը Եվրոպական միության հետՙ հիմնվելով այն համատեղ ձեռքբերումների եւ առաջընթացի վրա, որոնք վերջին տարիներին գրանցվել են Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններում:

    Էդվարդ Նալբանդյանը նաեւ նշել է, թե ԵՄ-ի հետ իր հարաբերությունները կառուցելիս, նաեւ Արեւելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում, Հայաստանը ձգտում է ունենալ սերտ, խոր եւ ընդլայնված համագործակցություն` նկատի ունենալով, միաժամանակ, Հայաստանի շահերից բխող մասնակցությունն այլ ինտեգրացիոն գործընթացներին:

    «Հայաստանը, ԵՄ աջակցությամբ, անցել է բարեփոխումների կարեւոր ճանապարհ: Մենք հաստատակամ ենք շարունակելու բարեփոխումների գործընթացըՙ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ամրապնդմանը, արդյունավետ կառավարմանը, դատաիրավական համակարգի կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարին: Այս գործընթացում մենք ակնկալում ենք ԵՄ շարունակական աջակցությունը», հանդիպմանը շեշտել է նախարար Նալբանդյանը: Նա կարեւորել է ԵՄ-Հայաստան համագործակցությունը շարժունակության բնագավառումՙ ընդգծելով, որ արդեն երկու տարի է, ինչ ստորագրվել է Եվրոպական միության հետ «Շարժունակության շուրջ գործընկերություն» հռչակագիրը, իսկ անցյալ դեկտեմբերինՙ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը:

    Էդվարդ Նալբանդյանի խոսքերով` լուրջ ներուժ կա ոլորտային համագործակցության բնագավառում, որը ներառում է տասնյակ ուղղություններ: Հայաստանի արտգործնախարարի խոսքերովՙ անցյալ դեկտեմբերին ստորագրված Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Շրջանակային համաձայնագրի արձանագրությամբ Հայաստանին հնարավորություն է ընձեռվում մասնակցություն ունենալու ԵՄ տարբեր ծրագրերում:

    Քեթրին Էշթոնը հավաստել է, որ Եվրոպական միությունը ցանկանում է շարունակել համակողմանի փոխգործակցության զարգացումը Հայաստանի հետ բոլոր ուղղություններով, որոնք համատեղելի կլինեն Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ:

    Հանդիպմանն անդրադարձել են Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին:

  • ԵՐԲ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ, «ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԶԱՏ ԵՎ ԹԱՓԱՆՑԻԿ ԵՆ»

    ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

    Այսօր Ադրբեջանում նախագահ են «ընտրում»: Քվեարկության արդյունքները կարելի է կանխորոշված համարել. Իլհամ Ալիեւը «կստանա» ձայների ավելի քան 80 տոկոսը: Փաստացի քարոզարշավ, որպես այդպիսին, չի իրականացվել: Նախ, ընտրական օրենսգրքում կատարվել է փոփոխություն, որով նախընտրական քարոզչության ժամկետները գրեթե 3 անգամ կրճատվել, 60 օրից հասցվել են 22-ի: Երկրորդ, իշխող կուսակցությունը հայտարարել է, որ իրենց թեկնածուն «քարոզչություն իրականացնելու կարիք չունի»: Երրորդ, առաջադրված թեկնածուներից 9 պայքարել են մեկի` Ջամիլ Հասանլիի դեմ:

    Այս իրավիճակում խոսել ընտրությունների մասինՙ նշանակում է ծաղրել նախ ադրբեջանական, ապա եւ միջազգային հանրությանը: Բաքվում իշխող վարչախումբն անցել է նաեւ այդ սահմանը: Հոկտեմբերի 7-ին Իլհամ Ալիեւը հրավիրել է կառավարության նիստ եւ մի քանի կոշտ հայտարարություն արել «Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության» թեմայով: Մեկնաբանների կարծիքովՙ «դա ուղղված էր Արեւմուտքին, քանի որ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը չեն անդրադարձել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին»:

    Ռուսաստանի դեպքում բանը ոչ միայն չանդրադառնալու, այլեւ փաստացի ռեժիմին աջակցելու քայլերի մեջ է: Քվեարկությունից մեկ օր առաջ Բաքվում «Եդինայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչը «մեծ մասամբ դրական» է գնահատել «ընտրությունների նախապատրաստական փուլը»: Նույն օրը Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակը բոլորին հորդորել է «խաղաղ մասնակցել ընտրական գործընթացին, զսպվածություն ցուցաբերել եւ մինչեւ քվեարկությունը, քվեարկության ընթացքում ու դրանից հետո կանխել բռնությունները»:

    Ի՞նչ է նկատի ունեցել ԱՄՆ պետդեպարտամենտը մանավանդ «բռնությունները կանխելու» հորդոր անելիս, դժվար է գուշակել: Նախօրեին ընդդիմությունը հայտարարել էր, որ «եթե քվեարկության արդյունքները կեղծվեն», ապա իրենք «բոլոր օրինական միջոցներով պայքարելու են, որպեսզի արդարությունը վերականգնվի», ինչն ադրբեջանական իրավապահները համարել էին «զանգվածային անկարգություններ հրահրելու անոնս»: Մի քանի ընդդիմադիր գործիչներ հրավիրվել էին ոստիկանություն, որտեղ նրանց հետ «պրոֆիլակտիկ զրույցներ» էին անցկացվել:

    Ըստ երեւույթին, իրավապահներն սպառնացել են դաժան հաշվեհարդար տեսնել: Այս ենթադրության օգտին է խոսում «ընտրությունները չեղյալ համարելու» նախագահի ընդդիմադիր թեկնածու Հասանլիի հայտարարությունը, որ տարածվել է երեկ: Միաժամանակ, իշխող կուսակցությունը դիմել է ԿԸՀ-ին եւ ընդդիմությանը մեղադրել «լռության օրը խախտելու» մեջ: Կողմերն, այսպիսով, նախապատրաստվում են հետընտրական զարգացումներին:

    Միաժամանակ, կառավարության նիստում Իլհամ Ալիեւը վստահություն է հայտնել, որ նախագահական «ընտրությունները կանցնեն ազնիվ եւ ազատ եւ կարտահայտեն ադրբեջանական ժողովրդի կամքը»: Ուշագրավ է, սակայն, որ քարոզարշավի 22 օրերի ընթացքում Իլհամ Ալիեւն ադրբեջանական ժողովրդի հետ ուղղակի շփման որեւէ քայլ չի ձեռնարկել: Այս կամ այն շինության բացման առիթով այցելելով Ադրբեջանի մի քանի քաղաք եւ շրջան, նա, ինչպես միշտ, հաղորդակցվել է բացառապես տեղական իշխանության եւ իր կուսակցության ներկայացուցիչների հետ:

    Ավելին, չնայած ավելի վաղ արված հավաստիացումներին, որ իշխող կուսակցությունը «բազմահազարանոց հանրահավաքներ կկազմակերպի», իշխող վարչախումբն այդպես էլ որեւէ զանգվածային միջոցառում չի անցկացրել ոչ Բաքվում, ոչ էլ Ադրբեջանի այլ քաղաքում կամ գյուղական բնակավայրում: Մարդկային քիչ թե շատ աջակցության ցույցեր կազմակերպել է ընդդիմությունը: Ջամիլ Հասանլիի վերջին հանրահավաքին Բաքվում ներկա է գտնվել շուրջ 15 000 մարդ:

    Ընտրությունների «ազատության եւ թափանցիկության» մասին Իլհամ Ալիեւի ասածը կարելի է բացատրել միայն իրական ընտրության բացակայության համար իշխող վարչախմբի գործադրած ջանքերի մասին նրա ունեցած տեղեկությամբ: Ադրբեջանում ամեն ինչ արվել է, որպեսզի ընտրություններ չլինեն: Իշխող վարչախումբը պահուստում 1,5 մլն ձայն ունի: Ճիշտ այդքան է ընտրողների թվաքականակի մասին ԿԸՀ եւ պետական վիճակագրական ծառայության տվյալների տարբերությունը:

    «Ադրբեջանում հաստատվել է ոստիկանական ռեժիմ»,- այսպիսին է միջազգային իրավապաշտպան կառույցների վերջին գնահատականը: Այդ ռեսուրսով, ընտրողների թվաքանակի մանիպուլյացիայով, իհարկե, Իլհամ Ալիեւը «կվերընտրվի» նախագահի պաշտոնում: Բայց, ինչպես ճիշտ նկատել է «Թուրան»-ի վերլուծաբանը, «այս անգամ Ադրբեջանում ընտրություններով ոչ թե ինչ-որ բան ավարտվում, այլ միայն սկսվում է»: