Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսանյութ. Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հանդես են եկել հայտարարություններով

16/09/2024
- Պաշտոնական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել քննարկումների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ստորև ներկայացվում են երկու վարչապետների հայտարարությունները:

Իրակլի Կոբախիձե – Հարգելի պարոն վարչապետ,

Կրկին ողջունում եմ Ձեզ, ողջունում եմ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ներկայացուցիչներին: Շատ հաճելի է Ձեզ հյուրընկալել, հարգելի պարոն վարչապետ:

Հիշեցնեմ մարտին իմ այցելությունը Հայաստանի Հանրապետություն, երախտագիտությունս եմ հայտնում ջերմ ընդունելության և հյուրընկալության համար: Վրաստանի և Հայաստանի միջև մեր հարաբերությունները հիմնված են բազմամյա բարեկամական կապերի վրա, որոնք գոյություն ունեն մեր ժողովուրդների միջև՝ հարյուրամյակների փոխադարձ հարգանքի հիման վրա: Եվ ես շատ ուրախ եմ, որ այս ամենի արդյունքում ռազմավարական գործընկերություն է հաստատվել քաղաքական տեսանկյունից, որը կաջակցի մեր հարաբերությունների հետագա խորացմանը: Շատ ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումը կարևոր դերակատարում է ունեցել և գործնական արդյունքների բերել:

Երախտագիտությունս հայտնեցի իմ գործընկերոջը` վարչապետին, իր այն որոշման համար, որով աջակցություն ցուցաբերվեց ՄԱԿ-ի բանաձևին՝ կապված ներքին տեղահանված անձանց և փախստականների` Աբխազիայի և Ցխինվալի շրջաններ վերադարձի հետ: Այդ որոշումը կնպաստի մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ամրապնդմանը:

Ես նաև երախտագիտությունս հայտնեցի իմ գործընկերոջը՝ աջակցելու մեր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մեր հարաբերությունները շատ դինամիկ են, բարձրաստիճան այցերը հաճախակի են, և մենք պարտավոր ենք այս շարժը մեր հարաբերություններում պահպանել: Մենք զրուցեցինք բոլոր ուղղություններով մեր հարաբերությունների խորացման մասին՝ քաղաքական, տնտեսական, կրթական և այլ բնագավառներում: Այս ոլորտները մեզ համար հավասարապես առաջնահերթ են:

Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանը: Կընդգծեի, որ մեր ջանքերը, մասնավորապես, տարածաշրջանում առկա դժվարությունների հաղթահարման ուղղությամբ շարունակվում են: Վրաստանը ողջունում է դրական ընթացքն Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ, և պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ ապահովելու կայունությունը տարածաշրջանում՝ բնականաբար, մեր ուժերի ներածի չափով:

Եվ վերջում, կրկին ցանկանում եմ գոհունակություն հայտնել մեր այսօրվա հանդիպումների համար: Մենք շատ հետաքրքիր զրույցներ ենք ունեցել, հնարավորություն ունեցանք տեսակետներ փոխանակել Վրաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների, այն գործընթացների մասին, որոնք տարածաշրջանում են ընթանում:

Շատ շնորհակալություն, պարոն վարչապետ, Վրաստան այցելելու համար և շնորհակալություն Վրաստան-Հայաստան հարաբերությունների զարգացմանը Ձեր ներդրման համար:

Շնորհակալություն:


Նիկոլ Փաշինյան – Մեծարգո վարչապետ Կոբախիձե,
Հայաստանի և Վրաստանի կառավարությունների հարգելի անդամներ,
Հարգելի ներկաներ,

Ուրախ եմ հերթական անգամ եղբայրական Վրաստան այցի առիթով։ Թույլ տվեք շնորհակալություն հայտնել ինձ և իմ գլխավորած պատվիրակությանը ցուցաբերված ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության համար։

Վերջին տարիներին Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նկատելի է լուրջ ակտիվություն, որի շնորհիվ մեզ հաջողվել է նաև ընդլայնել բոլոր բնագավառներում մեր երկրների միջև ծավալված բազմաբովանդակ փոխգործակցությունը: Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ այս տարվա հունվարին Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը հասցվեց ռազմավարական գործընկերության մակարդակի: Այդպիսով, մեզ հաջողվել է մշակել արդյունավետ և պարբերական շփումների կենսունակ մի մեխանիզմ, որը հիմնված է փոխադարձ շահերի, մեր երկրների բարեկամ ժողովուրդների որդեգրած սկզբունքների և ժողովրդավարական արժեքների վրա։

Առանձնահատուկ պետք է ընդգծեմ, որ Հայաստանն ու Վրաստանը փոխադարձաբար աներկբայորեն հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Այս փաստը համարում եմ Հարավային Կովկասում կայունության և երկարատև խաղաղության հաստատման կարևոր գործոններից մեկը: Մեր երկրների միջև առկա համագործակցությունը մեր պատկերացումների գործնական արտացոլումն է, թե ինչպիսին պետք է լինեն տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և համընդհանուր զարգացմանը միտված տնտեսական համագործակցության վրա:

Հարգելի գործընկերներ,

Այսօր առիթ ունեցել ենք անդրադառնալ մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը և կայունության ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Պետք է նշեմ, որ Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում մեզ հաջողվել է արձանագրել որոշակի առաջընթաց: Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել սահմանազատման հետագա գործընթացում առաջնորդվել 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներով, ինչը նշանակում է, որ այդ գործընթացի հիմքում պետք է ընկած լինեն Խորհրդային Միության խորհրդային հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները: Ակնկալում ենք, որ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում, ինչի վերաբերյալ արդեն իսկ քննարկեցինք և ունենք ընդհանուր ըմբռնում, որը կարծում եմ՝ շատ կարևոր է :

Կարծում եմ՝ տեղյակ եք, որ շուրջ երկու տարվա բանակցությունների արդյունքում Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են առավելապես համաձայնեցնել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի տեքստը՝ մոտավորապես 80 տոկոսը: Մենք Ադրբեջանին առաջարկել ենք ամենամոտ ապագայում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա և մինչ այս պահն արդեն իսկ համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և շարունակել քննարկումները երկուստեք կարևորություն ներկայացնող բոլոր հարցերը հասցեագրելու ուղղությամբ:

Տարածաշրջանի կայունության և տնտեսական զարգացման համար առանցքային կարևորություն ունի տնտեսական բոլոր ենթակառուցվածքների և կապուղիների ապաշրջափակումն ու լիարժեք գործարկումը, որը համարում ենք մեր Կառավարության առաջնահերթություններից մեկը: Այս հարցում մեր պատկերացումները լավագույնս արտացոլված են Հայաստանի Կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում, որը, ի դեպ, առաջին անգամ միջազգային մեր գործընկերների դատին եմ հանձնել հենց Թբիլիսիում տեղի ունեցած համաժողովի ընթացքում :

Հարգելի պարոն վարչապետ,

Ես իրապես հավատում եմ, որ մենք ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և մեր տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն: Համոզված եմ նաև, որ այդ խաղաղության շահառուն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանն են, այլև դրանից հավասարապես օգտվելու են Վրաստանը, Թուրքիան, Իրանը: Ահա այս է պատճառը, որ չնայած բոլոր բարդություններին, մեր Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր դարձնելու ուղղությամբ, և մենք բարձր ենք գնահատում նաև Վրաստանի Կառավարության ջանքերը՝ իր ներդրումն ունենալ և իր վարած քաղաքականություններով նույնպես նպաստել տարածաշրջանում և միջազգային կայունության և խաղաղության հաստատմանը:

Շնորհակալություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ սուվերենությունը քննարկելի չէ, պետական սահմանները՝ նույնպես. Հայկ Մամիջանյան

Հաջորդ գրառումը

Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի հետ հայոց ամբողջ ազգն է կապված

Համանման Հոդվածներ

Պաշտոնական

Արմեն Գրիգորյանը կմեկնի Կիպրոս

17/11/2025
Պաշտոնական

Փաշինյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպանների հետ

11/11/2025
Պաշտոնական

Փաշինյանը հիմա էլ 2 օրով թռչում է Ֆրանսիա

29/10/2025
Պաշտոնական

Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի գործընկերոջը

19/10/2025
Հաջորդ գրառումը

Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջի հետ հայոց ամբողջ ազգն է կապված

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական