Մայիսի 22-23-ին Հայաստան կատարելիք իր առաջին այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Հայաստան-Ադրբեջան ընթացիկ բանակցությունների համատեքստում կոչ կանի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։
Այս մասին տեղեկանում ենք Երևանում Բրիտանիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նա կհորդորի երկու կողմերին շարունակել բովանդակային բանակցությունները՝ խաղաղ և կայուն կերպով լուծելու առկա խնդիրները, այդ թվում՝ Լաչինի միջանցքի փակումը:
Նա նաև կնշի, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ վերականգնելու ապրանքների և մարդկանց հոսքը Լեռնային Ղարաբաղ։
Այցին ընդառաջ՝ նախարար Դոքերթին ասել է.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր ազդեցությունն է ունենում հազարավոր մարդկանց վրա, ու թեպետ մենք հումանիտար աջակցություն ենք տրամադրում, այս հակամարտության կարգավորման միակ ճանապարհը երկու կողմերի շարունակական և բարեխիղճ կերպով ներգրավվածությունն է բանակցություններում»։