ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգիչ է համարում այն փաստը, որ մինչև հիմա չի գործարկվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով սահմանված միջազգային մեխանիզմը:
Կառավարության նիստի ընթացքում նա հիշեցրեց՝ 7-րդ կետում ասվում է՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո:
«Սա նշանակում է, որ ԼՂ Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտունու և Մարտակերտի շրջանների, Շահումյանի շրջանի, Գետաշենի, Լաչինի և ԼՂ հարակից և այլ շրջանների հայերի վերադարձի միջազգային մեխանիզմներ պետք է գործարկվեն»,- 1lurer-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ ԱԳ նախարարին հանձնարարել է այս թեմայով պաշտոնական բանակցություններ սկսել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ:
«Այս կապակցությամբ պետական մարմինների են դիմում նաև Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներ՝ բողոքելով, թե ինչպես մենք նրանց իրավունքների՝ միջազգային խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ իրենց տները վերադառնալու հարցը չենք բարձրացնում:
Խնդիրն այն է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետը վերաբերում է միայն ԼՂ-ի և նրան անմիջապես հարակից շրջանների փախստականներին և ներքին տեղահանվածներին, բայց սա, իհարկե, խոչընդոտ չէ, որ Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչները ինքնակազմակերպվեն և գույքային, վերադարձի և այլ իրավունքները պաշտպանեն միջազգային ատյաններում»,- ասաց Փաշինյանը: