Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ինչու Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ պետական ահաբեկչությունը Եվրահանձնաժողովի որևէ պատժամիջոցի չի հանգեցրել․ Ֆրանսուա-Քսավյե Բելամի

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պետական ահաբեկչությունը Եվրոպական հանձնաժողովի կողմից որևէ պատժամիջոցի չի հանգեցրել՝ չնայած Արդարադատության միջազգային դատարանի վճիռներին։

Այս մասին մասին Ստրասբուրգում ընթացող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստին՝ «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները և իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում» թեմայով քննարկման ժամանակ, հայտարարել է եվրապատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամին։

«Արդեն վեց ամիս է, ինչ փակ է Լաչինի միջանցքը, և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը փաստացի շրջափակման մեջ է։ Մենք այս խորհրդարանում հստակ դատապարտել ենք այս անհանդուրժելի իրավիճակը, բայց Եվրահանձնաժողովը լուռ է, իսկ Եվրոպական խորհուրդը հովանավորում է բանակցությունները մեղավորի և զոհի միջև»,- ասել է պատգամավորը։

Նա նշել է, որ վճռական գործողություններ է ակնկալում՝ ապահովելու, որ Ադրբեջանը դադարեցնի իր անօրինական գործողությունները։

Բելամիի ելույթին արձագանքել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։ «Անցակետի տեղադրման մասին Ադրբեջանի միակողմանի որոշումն ամբողջությամբ հակասում է վստահության կառուցման ջանքերին»,- նշել է նա, հավելել՝ Լաչինի միջանցքը դուրս է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման աշխարհագրական գոտուց և չի գտնվում նրանց պատասխանատվության կամ մանդատի ներքո։

Հղում անելով Քիշնևում հունիսի 1-ին կայացած հնգակողմ հանդիպմանը՝ Բորելը հավելել է, որ Եվրամիությունը փորձում է կողմերի հետ միասին լուծում գտնել հարցին։