Արցախի պաշտոնաթող նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին՝ իր անվերապահ սատարումը հայնելով վերջինիս: Հարությունյանն այս մասին գրել է ֆեյսբուքյան էջում:
«Հարգարժա՛ն պարոն Շահրամանյան,
Ուրախ եմ, որ երեկ, ԱՀ Սահմանադրությանն ու օրենսդրությանն ամբողջապես համապատասխանող ընթացակարգերով, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել եք Հանրապետության նախագահի պաշտոնում, իսկ այսօր՝ երդմնակալությամբ ստանձնել լիազորությունները: Հաջողություն եմ մաղթում Ձեզ՝ Արցախի համար այս ճակատագրական փուլում ստանձնած դժվարագույն լիազորությունների իրականացման հարցում:
Գնահատելի է Ձեր վճռականությունն ու պատրաստակամությունը այսպիսի պայմաններում վերցնելու ծանր պատասխանատվություն և առաջնորդելու Արցախի ժողովրդին դեպի մեր ազգային իղձերն ու սահմանադրական նպատակները:
Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Ես իմ անվերապահ սատարումն եմ հայտնում Ձեզ և պատրաստ եմ առավելագույնս նպաստելու Ձեր նախագահական լիազորությունների արդյունավետ իրագործմանը:
Ընդունե՛ք հարգանացս հավաստիքը և լավագույն բարեմաղթանքներս՝ հանուն Արցախի ժողովրդի անվտանգ ու արժանապատիվ հարատևման և Արցախի Հանրապետության ամրացման», – գրել է Հարությունյանը: