«Կառավարությունը նոյեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն տրամադրել «գերակա ոլորտում գործունեություն իրականացնող» «ԴՐԻՄԻ ԴՈՄՍ» ընկերությանը. գրում է fip.am-ը։
Ըստ որոշման հիմնավորման՝ ««ԴՐԻՄԻ ԴՈՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում նախատեսում է ներմուծել թվով 23 «դոմս» վրաններ՝ վրանատիպ կառուցվածքներ՝ բնության մեջ զբոսաշրջային նոր ուղղությունների զարգացման նպատակով։
Ընկերությունը, ըստ կառավարության, արդեն իսկ իրականացրել է 19 միլիոն դրամի ներդրում և նախատեսում է, ընդհանուր առմամբ, իրականացնել մոտ 80 միլիոն դրամի ներդրում։
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի տարբեր մարզերում։
«ԴՐԻՄԻ ԴՈՄՍ» ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականի ապրիլին։
Ընկերության 50 տոկոս բաժնետերեր են Շուշաննա Կոստանյանը և Սաթենիկ Ղևոնդյանը։ Ընկերության տնօրենը Շուշաննա Կոստանյանի հայրն է՝ Գագիկ Կոստանյանը։
Շուշաննա Կոստանյանը նախորդ տարվա դեկտեմբերից փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնականն է, իսկ 2020 թվականից աշխատում էր Մաթևոսյանի ղեկավարած Արմավիրի մարզպետարանում` որպես զարգացման, զբոսաշրջության ու վերլուծության բաժնի փորձագետ»։