«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա Կոկաինի գործով ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ էին ուղարկվել, եւ կոնկրետ հարցադրումներ արվել: Հիմա սպասում են կոնկրետ պատասխանների։
Մեզ հատկապես հայտնի է, թե ԱԱԾ-ն կոնկրետ որ երկրների իրավապահներին է դիմում ուղարկել։ Կոնկրետ հարցեր են ուղարկվել Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության իրավապահներին։ Իսկ ինչո՞ւ կոնկրետ այս երկրների իրավապահներին:
Բանն այն է, որ թմրամիջոցը Հայաստան էր ներմուծվել Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով։
Նշենք, որ այս գործով շարունակում են կալանքի տակ մնալ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցները, որոնցից մեկը կին է։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի և պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա Կոկաին ապօրինի իրացնելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հավելենք, որ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով, «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լևոն Աթաջանյանն է։