«Փաստ» օրաթերթը գրում է. «Օկուպացված Շուշիում Ալիևն օրերս նախաձեռնել էր և անցկացրեց «Թյուրքական պետությունների կազմակերպության» ոչ պաշտոնական գագաթաժողովը, որին մասնակցել են Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի նախագահները, Հյուսիսային Կիպրոսի թուրքական օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչը, Թուրքիայի փոխնախագահը, Հունգարիայի վարչապետ Օրբանը:
Վերջինս, ասենք՝ Ալիևի հրավերն ընդունած մյուս բարձրաստիճան հյուրերը ևս, ի շարս այլևայլ հայտարարությունների, արել են նաև գրեթե նույնպիսի արտահայտություններ, ինչ վերջերս արտաբերել էր Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Այո, նա խայտառակ վատ հայտարարություններ էր արել: Հարցն այստեղ, սակայն, այլ է. Լուկաշենկոյի տխրահռչակ հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը նախաձեռնեց միջպետական դիվանագիտական սկանդալ:
Երդվել էր, որ երբեք այլևս ո՛չ ինքը, ո՛չ իր իշխանությունը ներկայացնող որևէ պաշտոնյա ոտք չի դնի Բելառուս: Հիմա, փաստորեն, Շուշի են մեկնել ու նույն արտահայտություններն են արել թյուրքական կամ թյուրքախոս երկրների ղեկավարները, որոնց թրքամետ, ադրբեջանամետ դիրքորոշումները հայտնի են, բայց որոնք նաև Հայաստանի գործընկեր-պետությունների ներկայացուցիչներ են, մասնավորապես՝ ՀԱՊԿ ու հատկապես՝ ԵԱՏՄ շրջանակներում:
Ու այդ ինչպե՞ս է լինում, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես ոչ մի կերպ չի արձագանքում, ասենք, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի ղեկավարների հայտարարություններին, ծպտուն անգամ չի հանում, չի ասում կեսի կեսը այն ամենի, ինչ ասաց Լուկաշենկոյի դեպքում: Ո՞նց է լինում այդպես:Իսկ հնարավո՞ր է, որ ամբողջ հարցն այն է, որ Բելառուսը, ի լրումն ամենի, Ռուսաստանի հետ «միութենական երկրի» անդամ-պետություն է և դրա համար Լուկաշենկոյի արտահայտությունները դիվանագիտական սկանդալի պատրվակ դարձան: Ի՞նչ է ցույց տալիս Փաշինյանի այս ակնհայտ «երկակի ստանդարտով» դիրքավորումը: Իսկ սա, ինքնին, հերթական անգամ թույլ է տալիս նկատել, որ Փաշինյանի մտահոգությունը ո՛չ Հայաստանն է, ո՛չ էլ, առավել ևս, Արցախը, ո՛չ էլ որևէ մեկի՝ արտահայտած թշնամանպաստ կարծիքը կամ հայտարարությունը: Ստացվում է՝ Փաշինյանի հիմնական խնդիրը Արևմուտքի թելադրանքով տվյալ դեպքում՝ Բելառուսի՝ որպես «միութենական պետության» անդամի միջոցով Ռուսաստանին հարվածելու, Ռուսաստանին վնասելու հերթական հնարավորությունն էր:
Ինչն էլ նա արեց կամ դրսևորեց: Հակառակ դեպքում ի՞նչն էր խանգարում, որ Փաշինյանը կամ նրա իշխանության ներկայացուցիչները նույնքան կոշտ արձագանքեին Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, էլ չենք ասում՝ իրենց պաշտելի Եվրամիության անդամ-երկրի ղեկավարի՝ Շուշիում ալիևյան միջոցառման մասնակցելուն, էլ չենք ասում՝ նրանց հնչեցրած հայտարարությունների մասին»: