«Ատավոտ»-ի տեղեկություններով՝ քիչ առաջ Երեւանում ձերբակալվել է ամերիկահայ դերասան Քեն Դավիթյանը: Ըստ մեր աղբյուրի, նա կապ ունի բացահայտված 1 մլրդ դրամը գերազանցող դրամաշրջանառությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խմբի հետ:
Դատախազության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն. «Կատարված նախաքննությամբ պարզվել էր, որ մեկ այլ հանցանքի կատարման համար հետախուզվող և արտերկրում մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացի Դ. Ք.-ն թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու նպատակով «Տելեգրամ» սոցիալական ցանցում ստեղծել և 2019-2022թթ. ընթացքում կառավարել է ավելի քան 20.000 հետևորդ ունեցող և թմրամիջոցների վաճառքով զբաղվող 50-ից ավել խանութներից բաղկացած «Կանաչու շուկա» և «Դավիթ Վան Հոկտեմբերյան» ալիքները: Վերջինս վերը նշված նպատակով ստեղծել է կայուն հանցավոր խումբ՝ դրանում ներգրավվելով ավելի քան 10 անձանց, ում միջև կատարել է հստակ դերաբաշխում»:
Aravot.am-ը Քեն Դավիթյանի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից, հետաքրքրվեցինք՝ արդյոք նա վերը նշված գործով է ձերբակալվել: Աբրահամյանը պատասխանեց, որ այս պահին անհատապես Քեն Դավիթյանի մասին տեղեկություն չունի, կփորձի ճշտել եւ ավելի ուշ կպատասխանի: