Սյունիքի մարզում գտնվող «ՏաԹևեր» ճոպանուղին կրկին առաջադրվել է զբոսաշրջության ոլորտում World Travel Awards 2024 միջազգային հեղինակավոր մրցույթի՝ «2024 թվականի աշխարհի առաջատար ճոպանուղի» անվանակարգում: Նախագիծն արդեն երկու անգամ հաղթել է այս անվանակարգը 2021 և 2023 թ․-ին։ Այժմ այն նույնպես մրցում է Բոլիվիայի, Բրազիլիայի, Վիետնամի, Կանադայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և Հարավային Աֆրիկայի ճոպանուղիների հետ:
«ՏաԹևեր» ճոպանուղին աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին է: Այն գրանցվել Է «Գինեսի» ռեկորդների գրքում ոչ միայն իր երկարության շնորհիվ, որը 5752 մ է, այլև որպես աշխարհում այս մասշտաբի միակ ինժեներական կառույց, որը կառուցվել է ընդամենը 10 ամսվա ընթացքում: Ճոպանուղու ստեղծման նախագիծն իրականացրել է ավստրիա-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը, որը ճոպանուղիների շինարարության ոլորտում առաջատարն է:
Այս տարի «ՏաԹևեր» ճոպանուղին կնշի իր գործունեության 14 տարին։ 2010 թ․-ից ի վեր ճոպանուղուց օգտվել է ավելի քան 1,300,000 մարդ: Նրա շնորհիվ Հայաստանում յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկ այցելում է Տաթև։
«Տաթևեր» ճոպանուղու տնօրեն Մարիյա Բուտենկոն կոչ է անում քվեարկել՝ ընդգծելով, թե ինչ ազդեցություն կունենա հաղթանակը․ «Այն կօգնի մեզ շարունակել նպաստել տեղական համայնքի զարգացմանը, մշակութային ժառանգության պահպանմանը և Հայաստանում զբոսաշրջության ոլորտի առաջխաղացմանը։ Ուստի կոչ եմ անում բոլորին քվեարկել և Հայաստանի համար այս կարևոր ձեռքբերման մաս լինել»։
«ՏաԹևեր» ճոպանուղու օգտին քվեարկելու համար անհրաժեշտ է՝
Անցնել մրցանակաբաշխության պաշտոնական կայքի հղումով
Գրանցվել էլեկտրոնային փոստով
Հաստատել ստացված էլ. հաղորդագրությունը
Սեղմել Start Voting կոճակը
Ընտրել World բաժինը
Ընտրել 63-րդ տողը՝ World’s Leading Cable Car Ride 2024
Քվեարկել Wings of Tatev, Armenia -ի օգտին։
Քվեարկության վերջնաժամկետը 2024 թ․-ի հոկտեմբերի 20-ն է:
«ՏաԹևեր» ծրագիրն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակներում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող նախագիծ է, որից ստացված ողջ հասույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանն ու համայնքների զարգացմանը: Ճոպանուղին կառավարվում է Impulse Business Management ընկերության կողմից։
168.am